Կարեն Աբազյան. In Memoriam

8425

44-օրյա աղետալի պատերազմից շաբաթներ անց զանգահարեց Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը: Ասաց, որ հաջորդ օրը Նոյեմբերյան է գալիս Արցախի Մարտունի քաղաքի համայնքապետ Էդիկ Ավանեսյանը: Ասաց, որ հրավիրում է ճաշի:

2020 թվականի նոյեմբերի 23-ի վաղ առավոտյան, Նոյեմբերյան համայնքի 12 մասնագետներ մեկնել էին Արցախի Մարտունի քաղաք՝ վերականգնելու փողոցային լուսավորությունը, որը պատերազմի օրերին ամբողջովին շարքից դուրս էր եկել:

Կարճ ժամանակում համայնքը քաղաքապետ Կարեն Աբազյանի ղեկավարությամբ որոշում կայացրեց օգնության ձեռք մեկնել Արցախի ավերված բնակավայրերից մեկին: Լուսավորությունը վերականգնելու գումարը հանգանակեցին Հայաստանում և արտերկրում բնակվող նոյեմբերյանցիները:

Խումբը վերականգնեց Մարտունի քաղաքի էլեկտրականության ներքին ցանցը (քաղաքի բոլոր՝ 13 կայանները եղել էին հոսանքազրկված), փողոցային լուսավորությունը, բարեկարգեց մշակույթի պալատը, վերանորոգեց և տեղադրեց քաղաքի լուսակիրները:

Այսօր, ստանալով Կարեն Աբազյանի մահվան տխուր լուրը, հիշեցի նոյեմբերի 23-ի այդ առավոտը: Կարենը եկել էր ճանապարհելու նոյեմբերյանցիների մասնագետների խմբին: Հիշեցի նաև Մարտունու քաղաքապետի այցը Նոյեմբերյան: Հատուկ եկել էր Նոյեմբերյան՝ շնորհակալություն հայտնելու:

Կարենի եղբայրը 1994-ին զոհվել էր Արցախյան առաջին պատերազմում: Նա Արցախի հետ կապված էր նաև եղբոր մահվամբ:

Գործի բերումով բազմաթիվ անգամներ հանդիպել եմ Կարենի հետ: Եթե անգամ անհնար էր որևէ գործ գլուխ բերել, ոչ չէր ասում և շփման դուռը երբեք չէր փակում:

Այսօր, ստանալով Կարեն Աբազյանի մահվան տխուր լուրը, ցավ ապրեցի ու հիշեցի նրա հետ իմ հանդիպումները՝ հատկապես նոյեմբերի 23-ի վաղ առավոտը՝ Նոյեմբերյանի քաղաքապետարանի մոտ:

Կարեն Աբազյանը երկրային կարճ կյանք ունեցավ: Նա 47 տարեկան կդառնար:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:

Թաթուլ Հակոբյան