Հայաստան/ԽՍՀՄ-Թուրքիա սահմանի վերագծումը. դեկտեմբեր, 1973թ

5620

«Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսը 2008 թվականի թիվ 1 համարում, պատմաբան Ավագ Հարությունյանի նախաբանով, հրապարակեց արխիվային մի փաստաթուղթ (ռուսերենով), որը որպես գաղտնի զեկուցագիր 1973 թվականին ներկայացվել է Խորհրդային Հայաստանի Կոմկուսի ղեկավարությանը:

Զեկուցագիր փաստաթղթի հեղինակը խորհրդահայ գնդապետ Գուրգեն Նալբանդյանն է, ով Խորհրդային Հայաստանի կողմից ԽՍՀՄ պատվիրակության կազմում մասնակցել է ԽՍՀՄ-Թուրքիա սահմանի վերագծման աշխատանքներն իրականացնող խորհրդա-թուրքական խառը հանձնաժողովի աշխատանքներին:

Գնդապետ Նալբանդյանը հրաժարվել է մասնակցել 1973-ի դեկտեմբերի 29-ին Անկարայում ԽՍՀՄ-Թուրքիա սահմանի վերագծման փաստաթղթերի ստորագրության արարողությանը, այդպիսով իր անհամաձայնությունը հայտնելով արարողության ընթացքում արվելիք քաղաքական հայտարարության հետ:

Զեկուցագրի ընթերցումից պարզվում է, որ սկզբում նախատեսված չի եղել, որ ստորագրման արարողության ընթացքում պետք է հուշագիր-հռչակագրով հայտարարվի ԽՍՀՄ-ի և Թուրքիայի «անկախության, ինքնիշխանության, իրավահավասարության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքների» մասին, ինչպես նաև` նման բովանդակությամբ հաղորդագրություն տարածվի մամուլի համար:

ԽՍՀՄ-ի և Թուրքիայի շուրջ յոթ տասնամյակների հարաբերությունների ընթացքում տեղի ունեցած այցերի, փաստաթղթերի ստորագրման արարողությունների ժամանակ, Անկարայի պնդումով, երբեմն` պահանջով, կողմերը բանավոր կամ հուշագրով վերահաստատել են երկու պետությունների «տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները»:

Նույնը թուրքերը պնդել են նաև 1973-ի դեկտեմբերի 29-ի փաստաթղթերի ստորագրման արարողության դեպքում: Ու թեև ստորագրված փաստաթղթերը զուտ տեխնիկական էին, թուրքերին հաջողվել է ԽՍՀՄ-Թուրքիա «սահմանների անխախտելիության» հերթական խոստումը կորզել Մոսկվայից: Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչ, գնդապետ Նալբանդյանը ԽՍՀՄ պատվիրակության անդամների միջև Անկարայում ներքին քննարկումների և բանավեճերի ընթացքում պատվիրակության ղեկավար, դեսպան Պավել Երմոշինին բացատրել է, թե ինչու ինքը ներկա չի գտնվելու փաստաթղթերի ստորագրման արարողությանը:

«Թուրքերը մտադիր են իրենց ձեռքում ունենալ քաղաքական մի նոր փաստաթուղթ, որով, փաստացի, ընդունվում է հայկական հողերի զավթումը… Թուրքերը իրենց մյուս հարևան երկրների հետ ևս լուծում են և փորձում են լուծել շատ հարցեր, այդ թվում` սահմանային, սակայն նրանցից չեն պահանջել և չեն ստացել «սահմանների անխախտելիության» մասին հավաստիացումներ»,- դեսպան Երմոշինին ասել է գնդապետ Նալբանդյանը:

Խորհրդային Վրաստանի պատվիրակ Օթարի Գիգինեյիշվիլին և ԽՍՀՄ պատվիրակության մյուս բոլոր անդամները ներկա էին փաստաթղթերի ստորագրման արարողությանը, բացառությամբ Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչ, գնդապետ Գուրգեն Նալբանդյանի:

Լուսանկարում՝ Հայաստան-Թուրքիա սահմանային Մարգարա-Ալիջան սահմանադուռը թուրքական կողմից