Մեղրիի վրա Զանգելանից և Օրդուբադից զինված հարձակման սպառնալիքը 1992-ին

1762

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ հատորից

1992թ. մայիսի 28-ին թուրք-նախիջևանյան սահմանում` Արաքսի ձախ ափին, վարչապետ Դեմիրելը հավաքված հազարավոր ադրբեջանցիներին դիմում, բացականչում էր. ՙՍիրելի’ ադրբեջանցի թուրքեր, սիրելի’ նախիջևանցի թուրքեր: Մենք այստեղ ենք` ձեզ ասելու, որ միայնակ չեք: Արազի վրայով այսօր մենք բացում ենք հույսի կամուրջը, որն Էգեյան ծովից մինչեւ Չինաստան ճանապարհ բացելու առաջին քայլն է՚:

Ամերիկացի լրագրող Թոմաս Գոլցն ականատեսի աչքերով գրում է. ՙՕդանավի դուռը բացվեց, երևաց Դեմիրելն իր նշանավոր ֆեդորայով: Նա իջնում էր աստիճաններով` դեպի Հեյդարի գիրկը: Տասնյակ լուսանկարչական ապարատներ և տեսախցիկներ արձանագրում են պատմական պահը. վերջապես Դեմիրելն ու Ալիևը միասին են:

Կան համառ ասեկոսեներ, թե Ադրբեջանի իշխանական ու անվտանգության համակարգում Ալիևի վերելքը նախատեսված էր ՊԱԿ-ի ՙԿապույտ աչքեր՚ գործողության իրականացման հեռանկարով` 1960-70-ական թվականներին Թուրքիայի քրդերի շրջանում հրահրել ապակայունություն: Նայելով Հեյդարի կոկորդիլոսի անթարթ աչքերին` հասկանալի է, թե որտեղից է գալիս ՙԿապույտ աչքեր՚ անվանումը: Եվ ահա այստեղ` Արարատ լեռան ստվերի տակ, Դեմիրելն ու Ալիևը կազմակերպել էին պանթուրքական տոնակատարություն՚:

Աշոտ Մանուչարյանը եղել է ազգային անվտանգության հարցերով Հայաստանի նախագահի խորհրդականը: Նա բազմիցս մասնակցել է Երևան-Նախիջևան բանակցություններին:

ՙԱլիևն ինչ-որ իմաստով այդ տարածքի արքան էր: Էլչիբեյը շատ կուզենար նրան հեռացնել, բայց անհնար էր, քանի որ Ալիևը վայելում էր ժողովրդի հարգանքը: Ալիևը շահագրգռված էր, որ Նախիջևանում չլինի պատերազմ, մենք զգացինք այդ շահագրգռությունը: Բացի այդ, Նախիջևանը խոցելի էր, պատերազմ սկսվելու դեպքում ամբողջ շրջանը կվերածվեր ռազմադաշտի: Մեզ էլ պետք էր զերծ մնալ երկրորդ ճակատ բացելուց: Գնալով խոր առճակատման Նախիջևանում, մեծ վտանգ էր ստեղծվում Թուրքիայի հնարավոր միջամտության իմաստով, մանավանդ, որ նման միջամտության քայլեր Թուրքիան արել է: Տարբեր կարգի օգնությունների հետ Նախիջևանն ստանում էր նաև Թուրքիայի ռազմական օգնությունը, այնտեղ սկսեցին տեղափոխվել Թուրքիայի պահեստայինները` կամավորների տեսքով՚,- ասում է Մանուչարյանը:

1992թ. մայիսի 10-ին Հայաստանի արտգործնախարարությունը մտահոգություն էր հայտնել ղարաբաղյան հակամարտության սրման և Թուրքիայի կառավարության ու քաղաքական ղեկավարների այն հայտարարության կապակցությամբ, թե չի բացառվում Թուրքիայի ռազմական միջամտությունը:

Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Արա Սահակյանը 1992թ. ընթացքում մասնակցել է հայ-նախիջևանյան հանդիպումներին: Նա ասում է, որ սահմանի այդ հատվածում խաղաղությունը ձեռնտու էր Հայաստանին, և հնարավոր եղավ խուսափել երկրորդ ճակատից: ՙԱյս հանդիպումների նախաձեռնությունը Տեր-Պետրոսյանինն էր, իսկ մանրամասնումը և մշակումը կատարում էր Մանուչարյանը: Հայաստանի իշխանությունները նախիջևանյան ուղղությունը չէին անտեսում: Համարվում էր, որ ինչ-ինչ հանգամանքներում այդ ճակատում պատերազմը կարող է պարտադրվել: Այս հարցում խանգարող մի խութ կար. Թուրքիան ու Նախիջևանի իրավական կարգավիճակը: Մենք հասկանում էինք, որ ռազմական գործողությունները Նախիջևանի տարածք փոխադրելով` Թուրքիային կներքաշեինք հակամարտության մեջ: Մեր հիմնական քաղաքական ուղղությունը Թուրքիային չեզոքացնելն էր և թույլ չտալը նրա ներքաշումը հակամարտության մեջ՚:

1992թ. մայիսի 20-ին հատուկ հայտարարություն է անում Հայաստանի նախագահը. ՙՆախիջևանի տարածքից անընդհատ փորձեր են արվում ապակայունացնելու իրադրությունը սահմանի վրա, և առաջ է քաշվում այն մտացածին վարկածը, թե Հայաստանը ռազմական գործողություններ է սկսել Նախիջևանի դեմ: Ակնհայտ է, որ սա տեղի է ունենում երրորդ ուժերի դրդմամբ և նպատակ է հետապնդում ստեղծել քաղաքական պատրվակ` ուղղակի միջամտության համար: Հայաստանը հայտարարում է, որ հենց այսօր էլ պատրաստ է Նախիջևանի հետ կնքել համակողմանի համագործակցության պայմանագիր` Հայաստանի և Նախիջևանի սահմանը լիակատար անվտանգության և կայունության գոտու վերածելու նպատակով՚:

Եղե՞լ է պահ, երբ պաշտոնական Երևանի կամ հայկական քաղաքական շրջանակների մոտ առաջանար գայթակղություն նոր ճակատ բացել Նախիջևանում` համարելով, որ դա բնիկ հայկական տարածք է, և ժամն է Ղարաբաղի հետ այդ հարցն էլ լուծել: Սահակյանն ասում է, որ 90-ական թթ. սկզբներին հստակ ձևակերպված քաղաքական նման պահանջ չկար, բայց կային տրտունջներ մասնավոր, անձնական զրույցներում. ՙԱյսօր է դա ներկայացվում քաղաքական մեծ վրիպում, թե Տեր-Պետրոսյանը չգրավեց Նախիջևանը, երբ կար հարմար պահ: Ինձ ուրախացնում է նման քննադատությունը, որովհետև դրանից կարելի է գոնե եզրակացնել, որ Ադրբեջանի դեմ ռազմական գործողությունների ուղղությունը, տեմպերը որոշում էր Տեր-Պետրոսյանը՚:

Մանուչարյանը նշում է, որ Նախիջևանից խորհրդային բանակի և սահմանապահների դուրս գալուց հետո եթե որևէ մեկի մտքով նման բան անցել է, ապա դա արկածախնդրություն է. ՙԹուրքիան, հենվելով գոյություն ունեցող պայմանագրերի եւ չհրապարակված իր մտադրությունների վրա, կարող էր լուրջ վտանգ ներկայացնել Հայաստանին` իր կործանարար հետևանքներով: Պատմական ամեն մի պտույտ հնարավորություն է ընձեռում կամ չի ընձեռում լուծել կամ չլուծել առանձին խնդիրներ: Որևէ կասկած չկա մեր պատմական տարածքների մասին, բայց ամեն հարց ունի իր պահը, ժամը, ձևը՚:

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչները 1992-ի հունիսի 19-ին հրավիրվեցին արտգործնախարարություն, որտեղ նրանք տեղեկացվեցին Զանգելանից և Օրդուբադից սպառնացող հավանական զինված հարձակման մասին: Նույն օրը երեկոյան Տեր-Պետրոսյանը հեռուստատեսությամբ հայտարարեց. ՙԱդրբեջանի առավել արմատական քաղաքական շրջանակները սկսել են իրականացնել Հայաստանի հարավային սահմանների գրավման եւ Հայաստանի ու Իրանի միջև ընդհանուր սահմանի վերացման վաղօրոք մշակված ծրագրերը: Ադրբեջանի աննախադեպ ռազմական ակտիվությունը ԼՂ-ում, Մեղրիի սահմաններում կենտրոնացած ուժերը և ռազմական միջոցները վկայում են, որ նման ծրագրերը բարձրացվում են պետական քաղաքականության աստիճանի՚:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2011թ. ապրիլին հայտարարեց, որ ՙհայկական պետականությունը ծագել է ադրբեջանական պատմական հողերի վրա՚, պնդելով, թե ՀՀ հարավում գտնվող Սյունիքի մարզը, որը բաժանում է Ադրբեջանը Թուրքիային սահմանակից Նախիջևանից, ՙարհեստականորեն հայերին փոխանցված հին ադրբեջանական տարածք է՚: ՙՍա շատ բացասական հետևանքներ ունեցավ: Այն բաժանեց ողջ թյուրքական աշխարհը: Ճիշտ է` մենք ջանում ենք, և հետագայում էլ անելու ենք ամեն հնարավորը` քաղաքական քայլերով, տնտեսական նախաձեռնություններով, թյուրքալեզու պետությունների հանդիպումների միջոցով միավորելու ողջ թուրքական աշխարհը: Սակայն աշխարհագրական տեսանկյունից թուրքական աշխարհն այսօր մասնատված է՚,- ասել է Ալիևը:

—-

Հայացաք Արարատից. արևելեահայերնՀայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ: