Արամ Սիմոնյան. In Memoriam

4853

Կյանքից հեռացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Նրա հետ ուղղակի կամ անուղղակի շփվելու մի քանի առիթ եմ ունեցել։

1990-ի օգոստոսին ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվելիս՝ Հայոց պատմություն առարկան հենց նա էր ընդունում, այն ժամանակ՝ երիտասարդ դասախոս։ Թեև ես շատ լավ էի պատրաստվել, բայց մի քիչ խառնվեցի։ Արամ Սիմոնյանը ինձ օգնեց։ Մարդկայնորեն ես երախտապարտ էի նրան, քանի որ կարող էր ինձ «կտրել» բանավոր այդ քննությունից։ Հենց նրա մեծահոգության և դիմորդի հոգեբանությունը զգալու շնորհիվ ես ոտքի դրեցի Մայր բուհ ու դա երբեք չեմ մոռանում։

Առաջին կուրսում Հայոց պատմություն առարկան հենց Սիմոնյանն էր դասավանդում։ Թեև արդեն 32 տարի է անցել, բայց ես հիշում եմ նրա՝ լսարանում անցկացրած շատ օրեր։ Օրինակ, նա մեզ՝ ապագա լրագրողներիս, խորհուրդ էր տալիս թուրքերեն սովորել։ Ափսոսում եմ, որ կարգին թուրքերեն չսովորեցի։ Հիշում եմ, հիացմունքով էր պատմում Կիլիկիո թագավորներից Մլեհի մասին։ Երբեմն պատմում էր իր մոսկովյան ուսման շրջանից և իր ընկեր Շելով-Կովեդյաևից, ով նորանկախ Ռուսաստանի փոխարտգործնախարարն էր մի կարճ ժամանակ։

Ես ցավ ապրեցի՝ լսելով Արամ Սիմոնյանի մահվան տխուր լուրը:

Թաթուլ Հակոբյան