Շուշիի պաշտպանության վերջին օրերի փաստացի հրամանատարը Սեյրան Օհանյանն էր. Վարագ Սիսեռյան

1505

Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը, ով հրաժարական էր տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020թ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո արված Ֆեյսբուքյան գրառումից հետո («Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»), անդրադարձել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը:

Ամենայն հարգանքով Սեյրան Օհանյանի անցած ճանապարհի նկատմամբ՝ ստիպված եմ արձագանքել 168.am-ին տված նրա հարցազրույցին։

  1. Վերահաստատում եմ, որ Շուշիի վերջին օրերի փաստացի հրամանատարը Սեյրան Օհանյանն էր, որը փաստացի համակարգում էր տեղի պաշտպանությունը։ Դա կարող են վկայել բոլորը, ովքեր այդ ժամանակ գտնվել են Շուշիում կամ տեղյակ են ինքնապաշտպանության կազմակերպման մանրամասներին։
  2. Անշուշտ, Օհանյանի անձնական որոշումն էր գտնվել Շուշիում կամ դուրս գալ քաղաքից, ինչը այնքան հարցական չէր, որքան ստորաբաժանումներին այդ մասին չտեղեկացնելը։ Խնդիրը, հետևաբար այն է, որ նա քաղաքը լքեց առանց Շուշիում գտնվող ստորաբաժանումներին զգուշացնելու, ինչի արդյունքում՝ ստորաբաժանումների կապը հրամանատարության հետ շատ տարօրինակ ձևով կտրվեց։
  3. Իմ բերած ստորաբաժանումը Քարին տակի կամավորականների ստորաբաժանումն էր։ Սեյրան Օհանյանն այդ ստորաբաժանմանը հանձնարարեց բարձրանալ և զբաղեցնել դեպի Քարին տակ նայող դիրքերը՝ կանխելու համար հակառակորդի շարժը։ Ստորաբաժանման հետ դիրքեր եմ բարձրացել նաև ես: Հարց է ծագում՝ եթե նա չգիտեր, թե ի՞նչ ստորաբաժանում էր, ապա ինչո՞ւ նրանց վստահեց այդ դիրքերի պաշտպանությունը: Ավելին այդ ո՞ր լիազորության շրջանակում է նման բան հանձնարարել, ի՞նչ իրավունք ուներ։
  4. Ես Սեյրան Օհանյանի հետ երբեք չեմ հանդիպել։ Ընդամենը ունեցել ենք մի քանի րոպեանոց 1-2 հեռախոսազրույց։
  5. «Ինքը ո՞նց է հայտնվել Շուշիում» հարցին ի պատասխան` վստահ ասում եմ, որ Շուշիում հայտնվել եմ որպես կամավոր։
  6. Պնդում եմ, որ իմ արտահայտած բոլոր մտքերը համապատասխանում են իրականությանը։ Ինքս պատրաստ եմ ներկայանալ ԱԺ Քննիչ հանձնաժողով ու վկայություն տալ, նաև` Սեյրան Օհանյանի ներկայությամբ։

Հիշեցնենք, որ Վարագ Սիսեռյանը նույն պնդումը, այն է՝ Շուշիի վերջին օրերի փաստացի հրամանատարը Սեյրան Օհանյանն էր, որը փաստացի համակարգում էր տեղի պաշտպանությունը, արել է Ազատություն ռադիոկայանի՝ Շուշիի անկման մասին պատրաստված ֆիլմում:

Լուսանկարում՝ Վարագ Սիսեռյանը 2020թ նոյեմբերի 7-ին՝ Ստեփանակերտ-Շուշի հատվածում