Սեղմված Արցախ

609

44-օրյա աղետալի պատերազմի ավարտից եւ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո երեք անգամ եղել էի Արցախում, սակայն օրերի քանակը եւ ժամանակը թույլ չէին տվել Ստեփանակերտից դուրս ժամանակ անցկացնել, ման գալ գյուղերով, հանգիստ զրուցել մարդկանց հետ:

Արցախը տարածքով այնքան է փոքրացել ու սեղմվել, որ մեկ օրը բավարար է այցելելու համար հայ-ռուսական համատեղ վերահսկողության տակ գտնվող շրջաններ՝ Մարտակերտ, Ասկերան եւ Մարտունի: Նախկին ԼՂԻՄ-ի մաս կազմող Հադրութն ամբողջությամբ, Շուշիի շրջանը մասամբ (Շուշի քաղաքն ու Քարին Տակ գյուղը) ադրբեջանական զինուժի տիրապետության տակ են, ինչպես նախկին՝ մարզից դուրս 7 շրջանները:

Հատկապես ինձ հետաքրքրում էր Շոշ-Կարմիր Շուկա գյուղերի միջեւ ընկած տարածությունը, բնակավայրերը եւ զուգահեռ ձգվող ճանապարհը, որով ադրբեջանցիները Ֆիզուլիից Հադրութի շրջանի Մեծ Թաղեր եւ Մարտունու Շեխեր գյուղերով կապվել են Քարին Տակի ու Շուշիի հետ:

Նախքան Շուշի հասնելը Քարին Տակի բարձունքից պարզ երեւում է այն ճանապարհը, որն ադրբեջանցիները կառուցել են մոտավորապես այն գծով, որով 2020-ի հոկտեմբեր-նոյեմբերի օրերին հարյուրավոր հատուկջոկատայիններով եւ զորքով հասել ու գրավել են Շուշին: Անզեն աչքով երեւում են երկու թունելների մուտքերը եւ կամրջի շինարարությունը: Նման երկու թունելների մուտքեր տեսանելի են Թաղավարդ գյուղի հատվածում՝ դեպի Մեծ Թաղեր ուղղությամբ:

Պատերազմի ավարտից հետո՝ 2021 թվականի ամռանը, Ադրբեջանը Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի 82 կմ երկարությամբ ճանապարհ է կառուցում, որն անցնելու է 7 թունելներով՝ 6,5 կմ ընդհանուր երկարությամբ:

Շոշից Կարմիր Շուկա ճանապարհի երկայնքով՝ մի քանի կիլոմետր հեռավորության վրա, պարզ երեւում է ադրբեջանցիների կողմից կառուցվող ճանապարհը, որոշ տեղերում հողային աշխատանքներն ընթացքի մեջ են: Ճանապարհն անցնում է գրավյալ եւ օկուպացիայի տակ գտնվող Մոշխմհատ, Թաղավարդ (գյուղի փոքր մասը, որ մոտ է Կարմիր Շուկային, մնացել է Արցախի կազմում), Զարդանաշեն, Սարգսաշեն, Ակնաղբյուր, Մադաթաշեն, Ավետարանոց, Ջրաղացներ, Սղնախ գյուղերով եւ մոտակա տարածքներով:

Ճանապարհին կարճ կանգառներ ունեցա եւ գյուղացիների հետ զրուցեցի Շոշում, Սարուշենում, Թաղավարդում եւ Կարմիր Շուկայում: Թաղավարդում բնակիչներից մեկը պատմեց, որ երբ Արցախի դրոշը բարձրացնում է տան դարպասի վրա, ռուս խաղաղապահները պահանջում են այն իջեցնել՝ պատճառաբանելով, թե մոտակա ադրբեջանական դիրքից եռագույնի ուղղությամբ կրակում են: Շատ տեղերում, որոնք դիրքային են ու տեսանելի ադրբեջանական կողմի համար, արցախցիներից պահանջում են հանել դրոշները: Սկզբում առաջարկում էին արցախյանի փոխարեն դնել հայկական դրոշը, սակայն այսօր դա էլ ցանկալի չէ:

Արցախցիների համար, սա, անշուշտ, ցավալի իրականություն է, բայց չեն ուզում հակաճառել ռուս խաղաղապահներին՝ նրանց համարելով իրենց անվտանգության երաշխավորը: Եվ այդպես էլ կա: Անկախ որեւէ մեկի վերաբերմունքից՝ ռուս խաղաղապահների հանդեպ Արցախում մեծ վստահություն եւ հարգանք կա: Դա արտահայտվում է նաեւ Ստեփանակերտում բարձրացված պաստառների գրություններով: Որոշ շրջանակներ արդեն խոսում են Ռուսաստանի կազմ մտնելու ցանկության մասին:

Արցախահայերի մեծամասնությունն այսօրվա իրավիճակի համար մեղադրում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանի գործող իշխանություններին: Արցախահայերի մի մեծ հատված հավասարապես մեղադրում է նաեւ նախագահ Արայիկ Հարությունյանին, ռազմաքաղաքական ղեկավարությանը, ճիշտ է, դա այնքան էլ բարձրաձայն չեն անում: Քիչ չեն նաեւ արցախահայերը, որոնք համոզված են, որ պատերազմում մեր պարտության եւ մարդկային, տարածքային կորուստները պայմանավորված էին Ռուսաստան-Թուրքիա պայմանավորվածություններով:

Կարմիր Շուկայից Ստեփանակերտ վերադարձա ավելի երկար, բայց համեմատաբար բարեկարգ ճանապարհով՝ Ճարտար-Գիշի-Ննգի: Շոշ-Կարմիր Շուկա ճանապարհը խայտառակ վիճակում է, ուղղակի քարուքանդ: Պատերազմից հետո այն չի վերանորոգվել: Բավականին երկար ժամանակ այս ճանապարհից օգտվել են նաեւ ադրբեջանական շարասյուները՝ Ֆիզուլիից Շուշի հասնելու համար:

Կառավարամերձ մի քանի աղբյուրներ ինձ տեղեկացրին, որ Ադրբեջանի ուժային կառույցների բարձրաստիճան ղեկավարները Շուշիում Արցախի ղեկավարության հետ շփումների ընթացքում առաջարկել են վերանորոգել Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհը, որն ամբողջությամբ հայկական վերահսկողության տակ է: Ադրբեջանցիներն առաջարկել են նաեւ ֆինանսական միջոցներ, սակայն Ստեփանակերտը մերժել է:

Պետք է ասել, որ ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Արցախի խոշոր բնակավայրերում աշխուժությունն ու երթեւեկությունը ավելին է, քան նախքան պատերազմը: Եվ դա բնական է: Նախ՝ Արցախը 12 հազար քառակուսի կիլոմետրից դարձել է 3,2 հազար: Երկրորդ՝ ռուսական խաղաղապահների ներկայությունն ինքնին աշխուժություն է բերել, եւ երրորդ՝ բազմաթիվ բնակավայրերում ընթանում է բնակարանաշինություն: Ստեփանակերտում առավոտյան եւ երեկոյան ժամերին ոչ երկարատեւ խցանումներն առօրյայի մաս են:

Ivanyan villageԱրցախում գտնվելու հինգ օրերին ժամանակ գտա այցելելու նաեւ Ասկերան եւ Իվանյան, որտեղ «Հայաստան» համահայկական հիմնադրամը տասնյակ բազմաբնակարան շենքեր է կառուցում: Այն գտնվում է օդանավակայանի հարեւանությամբ՝ ռուսական խաղաղապահների կենտրոնակայանի դիմաց:

Եթե մինչեւ պատերազմը Արցախում բազմաթիվ էին ուղղություններն ու տեսարժան վայրերը, ապա 2020-ի նոյեմբերից հետո մեկ օրում կարելի է լինել բոլոր 5 քաղաքներում՝ Ստեփանակերտ, Ճարտար, Մարտունի, Ասկերան եւ Մարտակերտ, այցելել Գանձասար եւ Ամարաս:

Եթե մինչեւ 44-օրյա աղետալի պատերազմը Արցախն ընդարձակ հանրապետություն էր, եւ երկու-երեք օր էր պահանջվում կտրելու Օմարից մինչեւ Քիրս ու Արաքս, Կովսականից Մարտակերտ ու Քարվաճառ, Հադրութից Մարտունի եւ Գանձասար, Դադիվանքից Տիգրանակերտ ու Դիզափայտ, ապա այսօր այն առավել քան է սեղմվել ու պարփակվել հարթավայրային, խոցելի հողակտորի վրա՝ ատամ կրճտացնող ադրբեջանական զինուժի փողերի թիրախում:

«Ալիք Մեդիա»-ի թիմով Արցախում էինք հարցազրույցներ վարելու նպատակով: Մեր 9 հարցազրույցներն առաջիկայում հասանելի կլինեն «Ալիք Մեդիա»-ի կայքում, Ֆեյսբուքի եւ Յութուբի էջերում: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը եւ պետնախարար Արտակ Բեգլարյանը նպատակահարմար չգտան հարցազրույց տալ՝ ակնարկելով նաեւ Հայաստանի ներքաղաքական վիճակը:

Tatul Hakobyan

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։