Ադրբեջանի կառավարության կազմում հայերի մասնակցության պայմանները. 1919-ի աշուն

12186

1919թ. մարտին հրաժարական տվեց Ֆաթալի Խան Խոյսկու կառավարությունը: Ադրբեջանի վարչապետ դարձավ Նասիբ Բեկ Ուսուբբեկովը, որի կոալիցիոն կառավարության նախարարներից երկուսը ազգությամբ հայ էին՝ Խորեն Համասփյուռը և Աբրահամ Դաստակյանը (Դաստակով): Երկուսն էլ ներկայացրել են ՀՅԴ-ն: Դաստակյանը, որ ծնվել է Շուշիում, զբաղեցրել է առողջապահության նախարարի աթոռը, իսկ Համասփյուռը եղել է նախարար՝ առանց պորտֆելի: Համասփյուռը եղել է նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր։

Ադրբեջանի խորհրդարանում եղել են ազգությամբ հետևյալ հայ պատգամավորները՝ մի մասը անկուսակցական, մյուս մասը` ՀՅԴ-ական: ՀՅԴ-ական պատգամավորներն էին՝ Արշակ Մալխասյան, Խորեն Համասփյուռ, Պողոս Չուբարյան, Աբգար Պապյան, Ալեքսանդր Տեր-Ազարյան, Բոգդան Բալայանց, անկուսակցականներ՝ Արշակ Պարոնյան, Երվանդ Թաղիանոսով (Թաղիանոսյան), Իսահակ Խոջաև (Խոջայան), Ստեփան Թաղիանոսով, Գեորգի Շահնազարով:

1919-ին Երևանում լույս տեսնող Ժողովուրդ օրաթերթը՝ Հայ ժողովրդական կուսակցության պաշտոնական օրգանը, ներկայացնում է Ադրբեջանի կառավարության կազմում հայերի մասնակցության պայմանները

ԱՆԻ կենտրոն

—-

Մուսաֆաթ կուսակցությունը դիմել է Ադրբեջանի խորհրդարանի հայկական խմբակցությանը՝ առաջարկելով նրան կանգնել պետական տեսակետի վրա, որի համար նրան կտրվի մեկ պորտֆել կառավարության մեջ:

Հայկական խմբակցության պարագլուխներ Արշակ Պարոնյանը [անկուսակցական] և Արշակ Մալխասյանը [ՀՅԴ], ի պատասխան այս գրության հայտնել են այն պայմանները, որոնց իրագորուծմով հայերը կհամաձայնեն մտնել կառավարության մեջ:

Ահա այդ պայմանները.

Հայերի նշանակումը վարչական պաշտոններում, թե բարձր և թե ցածր: Խառը տեղերում բարձր ոստիկանական պաշտոնյաների օգնականները պիտի լինեն հայերը:

Հայերը կարող են տալ պետական հիմնարկություններին պատրաստված մարդիկ:

Դատի պետք է ենթարկվեն և պատժվեն նրանք, որոնք մեղավոր են հայկական մասայական ջարդեր կազմակերպելու մեջ:

Մահմեդականների կողմից գերված հայերը պետք է ազատվեն:

Հայ գյուղացիները պետք է վերադառնան իրենց տեղերը, ըստ որում՝ նրանց կյանքը և ինչքը պիտի ապահովվի:

Մարտի և սեպտեմբերի դեպքերի համար հալածանքները պետք է դադարեցնեն:

Հանրապետության կիսապաշտոնական մամուլը պետք է դադարեցնի հակահայկական պրոպագանդան:

Հայերին պետք է տրվի ազգային կուլտուրական ավտոնոմիայի մինիմումը, համապատասխան թվով դպրոցներ տալով հայերին:

Որովհետև բոլոր պատերազմական գործողությունները հարևան հանրապետությունների միջև՝ միջազգային վեճերը լուծելիս կարող են սոսկալի արյունահեղություն առաջ բերել և խախտել հասարակական -պետական հիմունքները, այդ պատճառով՝ բոլոր վիճելի հարցերը նրանց միջև պիտի վճռվեն խաղաղության ճանապարհով:

Ժողովուրդ, թիվ 124, երեքշաբթի, 11 նոյեմբերի, 1919թ