Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է Արցախում ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցու նկատմամբ «վանդալիզմի և սրբապղծման գործողությունները»։
«Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված կերպով իրականացվող այս գործողությունները՝ ուղղված ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելուն և ինքնությունը կեղծելուն, Ադրբեջանի՝ էթնիկ և կրոնական անհանդուրժողականության հերթական դրսևորումն է և Արցախն առանց հայերի ու հայկական հետքի թողնելու հետևողական քաղաքականության շարունակությունը», – ասվում է Հայաստանի ԱԳՆ խոսնակի տարածած հայտարարությունում:
Արցախում հայկական եկեղեցիների, մշակութային և կրոնական այլ հուշարձանների «դեմ վայրագությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը»: «Նշյալ դեպքը ևս մեկ անգամ վերահաստատում է հայկական կողմի պնդումներն առ այն, որ հրատապորեն անհրաժեշտ է իրականացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ»,- նշել է ԱԳՆ խոսնակը։
Ավելի վաղ ադրբեջանական իշխանամերձ լրատվական գործակալությունները գրել էին, որ ապրիլի 27-ին «Հադրութում նշվել է Զատիկը»՝ հրապարակելով նաև Հադրութ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցուց նոր լուսանկարներ։
«Լուսանկարների ուսումնասիրությունը հստակ ի ցույց է դնում, որ եկեղեցուց հանվել է խաչը։ Բացի այդ, ադրբեջանցիները՝ հետևելով Ադրբեջանի նախագահի՝ հայկական եկեղեցիների գրությունները ջնջելու հորդորին, ջնջել են եկեղեցու մուտքի արձանագրությունը առ այն, որ եկեղեցին վերանորոգվել է Միխայիլ Բաղդասարովի ֆինանսական աջակցությամբ»,- գրում է karabakhrecords.info կայքը։













