Թուրքը վատ է, թե՝ լավ, մեր ճակատագիրն է․ Ռուբեն Տեր-Մինասյան

4243

Ռուբեն Տեր-Մինասյանը (1882 – 1951) եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության երրորդ ռազմական նախարարը՝ ՀՅԴ նշանավոր գործիչ, Բյուրոյի անդամ։ Ներկայացնում ենք հատված նրա Հայ Յեղափոխականի մը Յիշատակները բազմահատոր աշխատությունից։ Ռուբենը գրել է արևմտահայերեն, մեսրոպյան ուղղագրությամբ։ ԱՆԻ կենտրոնը այն վերածել է արևելահայերենի և աբեղյանական ուղղագրության։

_______________

Վառնայի ՀՅԴ Ընդհանուր ժողովը [Հինգերորդ Ընդհանուր Ժողով, 1909 Օգստոս-Սեպտեմբեր, Վառնա, Պուլկարիա – խմբ․ ԱՆԻ-ի] ավարտվեց․․․ Այդ ժողովը դարձակետ պիտի համարել հետագա հայ-թուրք և հայ-ռուս փոխհարաբերությունների․․․

Թուրքիայի վիճակը երեք դրությամբ էր ներկայանում․

Ա․ Թուրքիայի բաղկացուցիչ ազգերը՝ հույները, մակեդոնացիները, ալբանացիները, սերբերը, արաբները, նույնիսկ՝ քրդերը, ձգտում էին արտաքին օգնությամբ բաժանվել Թուրքիայից։

Բ․ Թուրք հեղափոխականները ձգտում էին Օսմանյան հայրենիքի ամբողջացման։ Որքան որ դեմ են ազգերի ինքնորոշմանը, սակայն կողմնակից են բարեկարգումների՝ առանց օտար միջամտության։

Գ․ Հետադիմականները, հին ռեժիմը, դեմ են բարենորոգումներին։ Համիսլամական են, բայց զիջող՝ օտար միջամտության։

Թուրքիայի այս երեք դրություններից մեկի վրա պետք էր հենվել [հայությունը- խմբ․ ԱՆԻ-ի], երեք ուղղություններից մեկը պետք էր որդեգրել։

Հետադիմականների հետ լինելու հարց չէր կարող լինել, քանի որ նրանց նպատակը համիսլամությունը և Սուլթանի գահի լրիվ վերահաստատումն էր։ Սուլթան Համիդը այնքան էր հայերին հալածել, որ Դաշնակցությունից դուրս եղած տարրերի մեջ էլ համակիրներ չուներ։ Մնում էր մեր ընտրությունն անել երկու հիմնական ուղղությունների միջև․ լինել Օսմանյան փոքրամասնության հետ և օտար պետությունների աջակցությամբ ձգտել Թուրքիայի բաժանմանը կամ, հակառակը, լինել թուրք հեղափոխության հետ, դեմ լինել անջատողականությանը, դեմ լինել օտար միջամտությանը, լինել կողմնակից ապակենտրոնացման, բարենորոգումների և ձգտել Բալկաններից Իրան ազգերի դաշնակցության՝ թեկուզ Օսմանյան դրոշի տակ։

Դժվար էր այդ ընտրությունը կատարել, որովհետև մի կողմից անհրաժեշտ էր համարվում վերջ տալ պարապ հույսերին։ Եվրոպական միջամտության հետևանքները, Սան Ստեֆանոյից մինչև այդ թվականը վնասակար էին եղել։ Մյուս կողմից, դժվար էր անձնատուր լինել թուրք հեղափոխությանը, որի հետագա ընթացքը անորոշ էր։

«Սոխը չի կարող քաղցր լինել, թուրքը միշտ թուրք է»,- գոչում էին ոմանք․․․

Բայց մեկ այլ ծանրակշիռ մտահոգություն նույնպես իրական հիմքեր ուներ․ «Ռուսները Հայաստան են ուզում, բայց առանց հայության։ Իսկ եթե անգլիացիներն են ուզում, նրանք էլ Կիպրոս և Եգիպտոս մտնելուց հետո հայտնում են, թե իրենց նավերը չեն կարող Արարատ բարձրանալ»։

Այս մթնոլորտում նկատելի էր երկու բաժանում։ Առաջինը կազմված էր գլխավորապես երկրի գործիչներից [հեղինակը նկատի ունի Արևմտյան Հայաստանը- խմբ․ ԱՆԻ-ի], որոնք թեև երիտասարդ, բայց իրենց կաշվի վրա էին փորձառություն ձեռք բերել։ Սրանց մեջ առաջնորդող դեր ուներ Սարգիսը, ես էլ նրա հետ էի, մեզ զգուշությամբ թև էր տալիս Ռոստոմը։ Մյուս կողմը՝ գլխավորապես գաղութների ընկերներն էին, որոնք գրքեր կարդացած լինելով, ավելի լավատես էին, բայց կտրված էին մեր ժողովրդի իրականությունից։

Առաջին խմբի ընկերները պաշտպանում էին հետևյալ տեսակետը․ թուրքը լավ է, եթ՝ վատ, մեր ճակատագիրն է, ուզենք, թե՝ չուզենք, նրանց և քրդերի հետ պիտի ապրենք։ Երբ չուզենանք ապրել նրանց հետ, կամ մենք պիտի նրանց դուրս քշենք մեր հայրենիքից, ինչ որ մեր ուժերից վեր է, կամ պիտի նրանք մեզ դուրս քշեն, ինչ որ իրենց ուժերից վեր չէ։ Արդեն եթե Սահմանադրությունը ուշանար, մեկ տասնյակ տարի հետո Հայաստանում [հեղինակը նկատի ունի Արևմտյան Հայաստանը- խմբ․ ԱՆԻ-ի] հայ չպիտի մնար։ Հույս ունենալ ազատվելու օտար միջամտությամբ՝ ցնորք է, կամ առնվազն՝ անհիմն։ Ռուսաստանն է մեզ հետ սահմանակից, բայց նա է, որ ամենից շատ է հալածում հայ ազատագրությունը։ Եթե Ռուսաստանը սրտացավ է հայության հանդեպ, թող նախ ապացույց տա՝ Կովկասի հայության վիճակը բարելավելով։ Վեց պետությունների հանձնառությունները քաղաքական դավերի աղբյուր են միայն՝ մեզ թշնամացնելու քրդերի, չերքեզների և թուրքերի դեմ, միշտ առիթ ունենալու միջամտել իրենց շահերի համար, թեկուզ մեր շահերը ոտնակոխ արվեն և մենք բնաջնջվենք, ինչպես եղել է 1878-ից մինչև 1896-ը ու մինչև օրս։ Արդ, մի կողմ պիտի թողնել Եվրոպայի ուշադրությունը գրավելու ցուցական ամեն գործողություն․․․ Եվրոպան փարիսեցի է, ոչ մի շահ չկա «հայասերների» գեղեցիկ խոսքերից, որոնք մեր դեմ են գրգռում մեր ապրած միջավայրը․․․

Օսմանյան հեղափոխությունը բաղկացած է երկու գլխավոր հոսանքից։ Առաջին հոսանքի մեջ են անջատողականները՝ հույները, որ ուզում են բաժանվել և միանալ Հունաստանին, բուլղարները, որ ուզում են միանալ Բուլղարիային, սերբերը՝ Սերբիային․․․ Լինել այդ անջատողականների հետ, նշանակում է աջակցել այդ ժողովուրդների պետությունների շահերին, առանց մեր շահը ապավինելու, որովհետև մենք միանալու պետություն չունենք․․․

Իբրև եզրակացություն, այսպես մտածողները առաջարկում էին․

Ա․ Գրգռիչ և անօգուտ արտասահմանյան միջամտություններ չհրահրել և վերջ տալ նման աշխատանքներին։

Բ․ Անջատողականությունը մեր և այլոց մեջ՝ չհրահրել և դեմ լինել այս հոսանքին։

Գ․ Հրահրել ապակենտրոնացումը և օսմանյան բոլոր տարրերի միացումը։

Դ․ Լինել օսմանյան հեղափոխության և սահմանադրության հետ և ջանալ այդ սահմանադրությունը լայնացնել ու խորացնել։

Ե․ ՀՅԴ-ն ունի առաքելություն՝ Մերձավոր Արևելքի բարեփոխման մեջ, ուստի նա պիտի դառնա միջազգային և իր Հ (Հայ) տառը պիտի ջնջի և գործի Հեղափոխական Դաշնակցություն անունով․․․

Մեր կարծիքներին դեմ եղող հոսանքը ավանդության պահպանման կողմանակից էր։ Նա վաղաժամ էր համարում իսպառ անտեսել արտաքին ազդակները, որովհետև, ի վերջո, նրանք ավելի ուժեղ են, քան օսմանյան հեղափոխությունը։ Միաժամանակ, այդ հոսանքը չէր ժխտում արտաքին հոսանքների կորստաբեր քայլերը․․․ Բնական էր համարում հույն, բուլղար և այլ անջատողականությունը, ուստի՝ նրանց դեմ լինելը մեր ուժերից վեր և մեզ չվերաբերվող հարց էր համարում։

Ռուբէն, Հայ Յեղափոխականի մը Յիշատակները, Է. հատոր, Բ. հրատարակութիւն, Պէյրութ-1979, էջ 9-19:

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2015/03/24/ruben-turkey-vs-russia/

https://www.aniarc.am/2015/03/09/ruben-ter-minayan-russia-turkey/