Ղարիբջանյան (Ալեքսանդրովկա, Ղարաքիլիսա Ռսի) գյուղի բնակչությունը 1904-1989 թթ. Շիրակի մարզ

2991

Ղարիբջանյան գյուղը գտնվում է մարզկենտրոն Գյումրիից 6 կմ հարավ-արևմուտք, Շիրակի դաշտում, Ախուրյան գետի ձախ ափից ոչ հեռու, մեղմաթեք հարթավայրում՝ ծովի մակարդակից 1472 մետր բարձրության վրա։

Սահմանակից է Ոսկեհասկ, Ախուրիկ, Գետք և Ազատան գյուղերին:

Ղարիբջանյանը ունեցել է Ալեքսանդրովկա, Ղարաքիլիսա Թազա, Ղարաքիլիսա Նոր, Ղարաքիլիսա Ռսի անվանումները։

Ղարիբջանյան է վերանվանվել 1935 թ-ին՝ ի պատիվ բոլշևիկ Բագրատ Ղարիբջանյանի, ով սպանվել է 1920 թվականին՝ մայիսյան ապստամբության ճնշումից հետո:

Այսօր գյուղի բնակչությունը 1000-ից պակաս է:

Նախախորհրդային և խորհրդային շրջանում, մինչև 1950 թվականը, Հայաստանում Ղարաքիլիսա անունով մի քանի բնակավայր է եղել:

Որպեսզի շփոթ չլինի, ներկայացնենք դրանք՝ նշելով նաև այսօրվա անունները.

Ղարաքիլիսա – Հարթավան, Ապարանի շրջանում,

Ղարաքիլիսա Թուրքի – Ախուրիկ, Ախուրյանի շրջանում,

Ղարաքիլիսա Մեծ – Կիրովական, ապա՝ Վանաձոր,

Ղարաքիլիսա Փոքր– Ազատան, Ախուրյանի շրջանում,

Ղարաքիլիսա 3-րդ – Ձորաշեն, Ղուկասյանի, այսօր՝ Աշոցքի շրջանում:

Շիրակի մարզի Ղարիբջանյան (Ալեքսանդրովկա, Ղարաքիլիսա Ռսի) գյուղի բնակչության մասին առաջին անգամ տվյալ նշվում է 20-րդ դարի սկզբին:

Գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1904 թվական202 հոգի

1914 թվական – 248 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 222 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 253 հոգի

1919 թվական – 836 հոգի

1922 թվական – 232 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 345 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 344-ը՝ հայ, 1-ը՝ ռուս

1931 թվական – 508 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային տարիներին Ղարիբջանյանը ունեցել է.

1939 թվական – 539 հոգի

1959 թվական – 667 հոգի

1970 թվական – 674 հոգի

1979 թվական – 595 հոգի

1989 թվական – 954 հոգի:

Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։ 

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝

https://www.aniarc.am/2021/10/25/akhurian-region-population-1831-korkotian/