Հայաստանը փախչելու տեղ չունի. Ալեքսանդր Լուկաշենկո

1525

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել է, որ առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ Ուկրաինան, Հայաստանը, Ղազախստանը և կենտրոնասիական այլ պետություններ։

Անդրադառնալով հարցին, թե որ երկրները կարող են մաս կազմել Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը, Լուկաշենկոն ասել է. «Բելառուսն արդեն այնտեղ է։ Կարծում եմ, Ղազախստանի համար լավ դաս էր։ Եթե ասում եք ժամկետը 15 տարի է, վստահ եմ, որ Ուկրաինան այնտեղ կլինի, եթե սխալներ թույլ չտանք… Հայաստանը փախչելու տեղ չունի… ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են… իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է։ Ադրբեջանը դուրս է մնում այդ կոհորտայից, որովհետև մենք նույնպես շատ սխալներ ենք թույլ տվել։ Առանձին խոսակցություն է, և այնտեղ, իհարկե, Թուրքիան շատ լուրջ կերպով սատարում է Ադրբեջանին. Թուրքիայի միջոցով են հոսում [ադրբեջանական] գազը, նավթը… Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը, կարծում եմ, տնտեսական նպատակահարմարությունից ելնելով, նույնպես կմիանան»։