Հայաստանի 2021 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշը` 5,8 տոկոս

688

Անցած տարին՝ 2021 թվականը, Հայաստանը փակել է 5,8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշով, հաղորդում է Ազատությունը։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները փաստում են, որ տնտեսությունը ամբողջովին չի վերականգնվել 2020-ի 7,4 տոկոս անկումից։

2021-ին աճ գրանցվել է ոլորտների մեծ մասում՝ արտահանումն ավելացել է 19,1 տոկոսով, ներմուծումը՝ 16,9, շինարարությունը գրեթե 7,4 տոկոսով։ Փոխարենը անկում է արձանագրվել գյուղոլորտում՝ 1,1 տոկոս, և էլեկտրականության արտադրության գծով` 0,6 տոկոս։

Վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն, միջին ամսական աշխատավարձը անցած տարի Հայաստանում աճել է 7,6 տոկոսով, պետական հիմնարկներում ավելի քիչ՝ 5,2 տոկոսով՝ դառնալով, համապատասխանաբար, ավելի քան 204 հազար և գրեթե 180 հազար դրամ։

Վիճակագրական կոմիտեն փաստում է, որ անցած տարի սննդամթերքը Հայաստանում թանկացել է 11,5 տոկոսով՝ էականորեն ավելի աշխատավարձի աճից։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեռ 2021-ի ապրիլին երկնիշ տնտեսական աճ էր կանխատեսել։

2021 թվականի օգոստոսին ընդունված կառավարության հնգամյա ծրագրի համաձայն, ՀՆԱ-ի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը պետք է կազմի 7 տոկոս, իսկ բարենպաստ արտաքին տնտեսական պայմանների դեպքում՝ անգամ 9 տոկոս։