1991-ից ի վեր՝ Ղարաբաղյան հակամարտության հետևանքով, անհետ կորած է գրեթե 5000 հայ և ադրբեջանցի

187

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարել է, որ 2020-ին ԼՂ-ում ռազմական գործողություններից հետո մոտ 300 հայ եւ ադրբեջանցի դեռեւս անհետ կորած են համարվում:

Հետպատերազմական իրավիճակում տարվող աշխատանքներն ու դրանց արդյունքներն ամփոփելիս Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նշել է, որ 2020-ի նոյեմբերին հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման պահից հետո հայտնաբերվել է ավելի քան 1700 մարդու մասունք։

Դրանից հետո, ըստ ԿԽՄԿ-ի, սկսվել է մասունքների նույնականացման եւ նրանց ընտանիքներին վերադարձնելու գործընթացը: «Կարմիր խաչը» ռուս խաղաղապահների եւ տեղական փրկարարական խմբերի հետ համատեղ աջակցել է աճյունների որոնման աշխատանքներին։

ԿԽՄԿ-ի՝ պատերազմի պայթյունավտանգ մնացորդների եւ հրաձգային զենքի տարածաշրջանային մասնագետների ղեկավար Քրիստոֆեր Փուլը հայտնել է, որ փրկարարական խմբերի աշխատանքի պայմանները չափազանց վտանգավոր են, քանի որ տեղանքը ականներով եւ չպայթած զինամթերքով է լեցուն։ Դրան գումարվում են նաեւ եղանակային պայմանները. ձմռանը տեսանելիությունը գրեթե զրոյի է հասնում:

«Մարդկանց մասունքները հանելու համար փրկարարական թիմերը մահացու վտանգի առաջ են հայտնվում։ Խոսքը ոչ միայն մասունքների հետ «արժանապատիվ վերաբերմունքի, այլեւ նրանց հետ անվտանգ վարվելու մասին է»,- ասել է Փուլը։

«Կարմիր խաչը» նշել է նաեւ, որ 1990-ականների հակամարտության հետեւանքով անհետ կորած են համարվում ավելի քան 4500 հայ եւ ադրբեջանցի:

aliqmedia