Հայաստանի կառավարությունը 2022 թ հունվարի 14-ին 10 անձից կազմված հատուկ խումբ է ստեղծել՝ Հայաստանն Ադրբեջանին կապող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման համար: Խումբը կղեկավարի վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը:
2021-ի ավարտին՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների նախ Սոչիում, ապա՝ Բրյուսելում կայացած հանդիպումներից հետո հայտարարվեց, որ կողմերը համաձայնել են գործարկել Հայաստանն ու Ադրբեջանն իրար կապող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը: Ադրբեջանի հետ կապը վերականգնելու համար Հայաստանը Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցի, կառավարության հաշվարկով սա մոտ 200 միլիոն դոլար կարժենա, շինարարությունը կտևի շուրջ երեք տարի, թե կոնկրետ երբ կմեկնարկի երկաթգծի կառուցումը, դեռ հայտնի չէ, հաղորդում է Ազատությունը:
Ադրբեջանն իր կողմում շինարարությունը դեռ անցած տարվա փետրվարին է սկսել, Բաքուն նախատեսում է աշխատանքներն ավարտին հասցնել հաջորդ տարվա առաջին եռամսյակում։













