ԱՆԻ կենտրոնը պարբերաբար ներկայացնում է տարբեր միջնորդների կողմից տարբեր ժամանակներում ներկայացված Արցախյան կարգավորման առաջարկները: Այսօր ներկայացնում ենք Ժելեզնովոդսկի հուշագիրը, որը ստորագրել են Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Հայաստան, Այազ Մութալիբովը՝ Ադրբեջան, Նուսուլթան Նազարբաևը՝ Ղազախստան, Բորիս Ելցինը՝ Ռուսաստան: Արցախյան կողմը բանակցություններին մասնակցել է դիտորդի կարգավիճակով, ընդ որում՝ երկազգ. հայկական կողմից՝ Ռոբերտ Քոչարյանն ու Լեոնարդ Պետրոսյանը, ադրբեջանական կողմից՝ Շուշիի քաղաքապետ Վագիֆ Ջաֆարովը:
ԱՆԻ կենտրոն
Նախագահներ Բորիս Ելցինի և Նուրսուլթան Նազարբաևի միջնորդական առաքելության արդյունքների համատեղ հուշագիր
23 սեպտեմբեր, 1991թ., Ժելեզնովոդսկ
1991թ. սեպտեմբերի 20-23-ը Ռուսաստանի Դաշնության նախագահ Բ. Ելցինի և Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևի գլխավորած միջնորդական առաքելությունը գտնվում էր Բաքվում, Գյանջայում, Ստեփանակերտում և Երևանում: Հակամարտության լուծման գործում կողմերը ղեկավարվում են ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքով` անշեղորեն պահպանելով բոլոր քաղաքացիների իրավունքները անկախ նրանց ազգությունից, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:
Միջնորդական ջանքերի ընթացքում քննարկվել են հակամարտության փուլային կարգավորման որոշ հարցեր: Քննարկումների հիմնական արդյունքները հետեւյալն են.
- Կողմերը կարծում են, որ մինչև1992թ. հունվարի 1-ը հակամարտության կարգավորման անհրաժեշտ և պարտադիր պայմաններն են. դադարեցնել կրակը, չեղյալ համարել Ադրբեջանի և Հայաստանի` ԼՂԻՄ-ի վերաբերյալ ընդունած հակասահմանադրական բոլոր ակտերը, ճանաչել իշխանության օրինական մարմինների լիազորությունները, հակամարտության շրջանից դուրս հանել բոլոր զինված ստորաբաժանումները` բացառությամբ ԽՍՀՄ ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներքին ստորաբաժանումների: Այս ժամկետը լրանալուց հետո զինված բոլոր ստորաբաժանումների ներկայությունը և նրանց գործողությունները ճանաչվում են ապօրինի և կխափանվեն ԽՍՀՄ ներքին զորքերի կողմից, իսկ մասնակիցները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:
Դիտորդների աշխատանքային խմբին հանձնարարել միջոցառումներ մշակել` դադարեցնելու կրակը, չեզոքացնելու բոլոր սպառազեն կազմավորումները, որոնք նրա կողմից կբնորոշվեն որպես անօրինական, անվտանգության երաշխիքներ ստեղծելու հակամարտության գոտում ապրող բոլոր քաղաքացիների համար:
- Հակամարտության շրջանում իրավիճակի կարգավորմանն ուղղված համատեղ գործողություններն իրականացնելու նպատակով կազմվում է դիտորդների ժամանակավոր աշխատանքային խումբ, որի մեջ մտնում են Ռուսաստանի և Ղազախստանի լիազոր ներկայացուցիչները: Աշխատանքային խումբն իր գործունեությունն սկսելու է հոկտեմբերի 1-ից:
- Ադրբեջանը և Հայաստանը ապահովում են տեղահանված բնակչության փուլ առ փուլ վերադարձը` սկսելով ամայի գյուղերից: Կողմերը երաշխավորում են նրա անվտանգությունը մշտական բնակեցման վայրերում: Այդ հարցով բանակցություններն սկսել 1991թ. հոկտեմբերի 1-ից:
- Հակամարտության մեջ ներգրավված կողմերն անհապաղ ձեռնամուխ են լինում են պատանդների ազատ արձակմանը: Այս գործընթացը պետք է ավարտվի երկու շաբաթում, որը լրանալուց հետո պատանդներ պահելուն մեղսակից անձինք պատասխանատվության կենթարկվեն ըստ օրենքի:
Այս կետի իրագործման վերահսկողությունն իրականացնում են միջնորդ կողմերի լիազոր ներկայացուցիչները:
- Միութենական մարմինների հետ համատեղ կողմերը երկշաբաթյա ժամկետով ապահովում են երկաթուղային տրանսպորտի, օդային հաղորդակցությունների, կապի և հաղորդակցության համակարգերի աշխատանքը:
Կողմերը միջնորդների մասնակցությամբ բանակցություններ են սկսում ավտոճանապարհների ազատ և փոխշահավետ գործունեությունն ապահովելու համար:
- Քննարկման ընթացքում կողմերը հանգեցին միահամուռ կարծիքի, որ անհրաժեշտ է ապահովել հակամարտության շրջանից ստացվող լրատվության անաչառությունը: Որոշված է ստեղծել լրատվության խումբ` կազմված Ռուսաստանի և Ղազախստանի ներկայացուցիչներից, որոնք լիազորված են նախապատրաստել հակամարտության շրջանի իրադարձությունների մասին պաշտոնական լրատվություն:
- Ադրբեջանի և Հայաստանի պետական իշխանության բարձրագույն մարմինները հաստատում են լիազոր պատվիրակություններ, որոնք անհապաղ ձեռնամուխ կլինեն մշտական հիման վրա բանակցությունների երկկողմ գործընթացին:
- Կողմերն այն կարծիքին են, որ բանակցությունների սկսվող գործընթացին կնպաստեն մոտ ժամանակներում երկկողմ պայմանագրերի նախապատրաստումն ու կնքումը Ռուսաստանի և Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի, Ղազախստանի և Հայաստանի միջեւ:
- Դիտորդների աշխատանքային խմբին հանձնարարված է մեկամսյա ժամկետում առաջարկություններ նախապատրաստել հակամարտության կարգավորման հաջորդ փուլերի համար:
- Դիտորդների աշխատանքային խումբը չորս հանրապետությունների բարձրաստիճան ղեկավարներին պարբերաբար տեղեկացնելու է ներկա հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի մասին:
Ներկա հուշագրի դրույթները չեն կարող դիտվել որպես ինքնիշխան պետությունների` Ադրբեջանի և Հայաստանի ներքին գործերին միջամտելու միջնորդների իրավունք:
Հուշագիրը ստորագրել են.
Ռուսաստանի կողմից` Բ. Ն. Ելցինը,
Ղազախստանի կողմից` Ն. Ա. Նազարբաևը,
Ադրբեջանի կողմից` Ա. Ն. Մութալիբովը,
Հայաստանի կողմից` Լ. Հ. Տեր-Պետրոսյանը:
Հուշագրի քննարկմանը մասնակցել են` Ե. Ի. Շապոշնիկովը, Վ. Պ. Բարաննիկովը, Ս. Ոսկանյանը, Մ. Գ. Գյոզալովը, Վ. Դ. Ջաֆարովը, Ռոբերտ Քոչարյանը, Լեոնարդ Պետրոսյանը, Մ. Ռադաևը:
Լուսանկարում՝ Լեոնարդ Պետրոսյանը, Բորիս Ելցինը և Նուրսուլբան Նազարբաևը Ստեփանակերտում, 21 սեպտեմբեր, 1991 թ.
Դիտել նաև՝
Ռուսաստանը Արցախյան պատերազմներում ու կարգավորման գործընթացում․ Թաթուլ Հակոբյանը՝ Ինֆոկոմի եթերում