Սովը և արևմտահայ գաղթականները Խորհրդային Հայաստանում. 1922թ

1476

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ հատորից

ՙՑնցոտիներ հագած երեխաներն ու կանայք ձյուների մեջ փնտրում են իրենց սնունդը: Հայաստանում սարսափելի սով է՚,- 1922թ. փետրվարին գրեց ‎‎ֆրանսիական պարբերականներից մեկը:

Ամերիկյան Նպատամատույց կոմիտեի հեռագրերում նկարագրվում էր Հայաստանի ՙդժնդակ կացությունը՚` ՙօրական հարյուր հոգի է մեռնում՚, ծանր է հատկապես վիճակը Երևանում, իսկ Ալեքսանդրապոլի շրջանին, ՙորտեղ բավական թվով գաղթականություն կա, սպառնում է սովը՚: ՙԱհավոր են պայմանները գաղթականների և որբերի համար, սննդի բոլոր պաշարները սպառված են, հացը պատրաստվում է այնպիսի նյութերից, որոնք ստամոքսի և աղիքների համար հիվանդություն են առաջ բերում: Ամենափոքր գյուղերում որբերից շաբաթական տասը զոհ է լինում՚:

Խորհրդային Հայաստանը ևս լցվեց որբերով ու գաղթականներով: 1926թ. հանրապետությունը գրեթե 900 հազար բնակիչ ուներ, որոնց մի հատվածը արևմտահայությունն էր: Արտգործժողկոմ Ալեքսանդր Բեկզադյանի տվյալներով` ՙՀայաստանում ապաստանել է 250 հազար թուրքահայ գաղթականություն՚:

1922թ. գարնանը Պոլսի հայոց պատրիարքարանի նախաձեռնությամբ և Զավեն արք. Տեր-Եղիայան պատրիարքի ներկայությամբ Ստամբուլի հայկական Ազգային Մատենադարանի սրահում Հայաստանի քաղաքական և տնտեսական վիճակի մասին զեկուցում է Ամերիկյան Նպաստամատույց կոմիտեի Կովկասի ընդհանուր ներկայացուցիչ Յարոն: ՙԵրևանում ունենք 4000 որբեր, Էջմիածնում` 600-1000, Ալեքսանդրապոլի շրջանում` 14 000, իսկ քաղաքում` 2000 որբեր, Ջալալօղլիում` 4000, Ղարաքիլիսայում` 2000: Եվս 10 000 հայ կանայք և երեխաներ ենք կերակրում Թիֆլիսում՚:

Հայ որբերն ամենուր էին` Խորհրդային Հայաստանում, Արևելյան Հայաստանի` քեմալականներին անցած մասում, Արևմտյան Հայաստանում, Ստամբուլում:
Խորհրդային Հայաստանի այս օրերի մամուլը կարդալը և ոչ էլ խորհրդային պատմաբանների ու ժամանակագիրների հատորները չեն կարող անգամ մոտավոր տեղեկություններ տալ երկրում տիրող ներքին իրավիճակի մասին: Պոլսահայ մամուլն ու միջազգային լրատվամիջոցներն էին անդրադառնում երկրում տիրող սոսկալի չքավորությանը:

Հայ բոլշևիկները` տարված համաշխարհային հեղափոխության հաղթանակի սին պատրանքներով, քեմալականներին համարում էին գործընկեր` իմպերիալիզմի դեմ պայքարում:

1922թ. հունվարի 30-ին Հայաստանի բանվորների, գյուղացիների և կարմիր զինվորների պատգամավորական խորհուրդների առաջին համագումարի անունով ՙեղբայրական դիմում՚ է հղվում ՙԹուրքիայի աշխատավորներին՚, որում մասնավորապես ասվում էր, թե ՙերկու հարևան ժողովուրդների միջև դարավոր գժտություններն ու անհամաձայնությունները այլևս գոյություն չունեն՚, ինչպես նաև` ՙհիացմունքով է հետևում տաճիկ ժողովրդի վարած հերոսական պայքարն ընդդեմ եվրոպական իմպերիալիզմի վարձկանների՚:

Համագումարում Ալեքսանդր Մյասնիկյանի զեկույցի մեջ ասվում էր, որ Խորհրդային Հայաստանը կարողացել է ՙմեկ տարվա ընթացքում խաղաղություն հաստատել իր երկրում` դաշինք կապելով հարևանների հետ և պահպանելով Հայաստանի ժողովրդի ֆիզիկական գոյությունը՚: ՙԱյս տեսակետն ունենալով մենք գնացինք Կարս, դաշն կապեցինք թուրքերի հետ, որոնք համարվում էին Հայաստանի դարավոր թշնամիները: Արտասահմանյան թերթերը շարունակ գրում էին, որ Հայաստանի համար սա խայտառակ դաշնագիր է, բայց հայ աշխատավորությունը լավ հասկանում էր, որ այդ դաշինքը երաշխավորեց իր խաղաղ կյանքը: Մինչդեռ Դաշնակցությունը մտածում էր մի անկախ Հայաստանի մասին, որ տարածվում էր ծովից ծով: Մենք հրաժարվեցինք այդ հիմարությունից, իմանալով, որ այդ երազները առաջ կբերեն միայն ազգակործան կռիվներ, ինչպես եղել է անցյալում: Կարսի դաշնագրով մենք ապացուցեցինք, որ մեր հարևանների հետ կարող ենք ապրել՚:

1922թ. ապրիլի 9-ին Երևանում բացվեց Անդրկովկասի արևմտահայ աշխատավորների համագումարը, որը նույնպես համերաշխության կոչ ուղղեց թուրք աշխատավորներին:

Քեմալականները ևս, բառերով ու հայտարարություններով միայն, համակրանքով էին վերաբերվում հայ բոլշևիկներին, իսկ Կարսի պայմանագրին տալիս վիթխարի նշանակություն: Անկարայի ներկայացուցիչ Լյութֆի բեյը Հայկական հեռագրական գործակալության հետ զրույցում ասում էր. ՙՄեր կառավարությունը համոզված է, որ Կարսի պայմանագրով կարելի է Արևելքի ժողովուրդները միավորել: Եթե իմ կառավարությունը չկամենար իր հարևանների հետ հաշտ ապրել, այդ պայմանագիրը չէր կնքի՚:

Երևանում 1922թ. սեպտեմբերի 12-ին կայացավ Կարսի պայմանագրի վավերացված օրինակների փոխանակումը: Հայաստանի կողմից մասնակցում էր արդարադատության և բանվորա-գյուղացիական տեսչության ժողկոմ Ալ. Շահվերդյանը, ով, որպես տանտեր առաջինը խոսք առավ փաստաթղթերի փոխանակման արարողությունից հետո. ՙԱրևելքի ժողովուրդների համար բացվում է կյանքի նոր դարաշրջան՚:

Թիֆլիսում քեմալական լիազոր Մուխթար բեյը հավելեց. ՙՑանկանում եմ, որ այս մեր կապը լինի հավիտենական և անքակտելի, որպեսզի մեր մեծ եղբայր Ռուսաստանի առաջնորդությամբ Արևելքի ժողովուրդներին ազատություն բերենք ընդդեմ բոլոր երկրների իմպերիալիստների՚:

1922թ. դեկտեմբերի 30-ին Վրաստանի և Ադրբեջանի հետ Հայաստանը դե յուրե մաս կազմեց ԽՍՀՄ-ին: Այդուհանդերձ, Հայաստանն ու Թուրքիան դեռ մի քանի տարի միմյանց մոտ պահեցին դիվանագիտական ներկայացուցչությունները: Հայաստանը քեմալականների մոտ` Կարսում, ինչպես նաև Ստամբուլում, իսկ Անկարայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը Երևանում և Գյումրիում, ունենին դիվանագիտական ու հյուպատոսական առաքելություններ:

Պաշտոնական հայտարարությունների և մամուլի հրապարակումների համաձայն` հայ-թուրքական հարաբերությունները բարեկամական էին: 1923թ. հոկտեմբերի 29-ին, երբ պաշտոնապես հռչակվեց Թուրքիայի Հանրապետությունը, Հայաստանը ՙանկեղծ եղբայրական ուրախությամբ ընդունեց և ողջունեց՚ այն: Հայաստանի մամուլը գրեց, որ հանրապետությունում պետք է թուրքերենով թերթ հրատարակել, որպեսզի Խորհրդային Հայաստանի թուրք ազգաբնակչությունը տեղեկանա, թե ինչ է կատարվում դրսում և մասնավորապես ՙվերածնվող Թուրքիայում՚:

Հայ պաշտոնյաները յուրաքանչյուր առիթի դեպքում շնորհավորում էին թուրքերին, նույնն անում էին թուրքերը: Առնվազն մինչև 1924 թվականը Խորհրդային Հայաստանը շնորհավորում էր Թուրքիայի հիմնադրումը, իսկ թուրքերը` Խորհրդային Հայաստանի հռչակումը: Պետական գլխավոր տոներին շնորհավորական ուղերձներ հղելու սովորությունը վերականգնվեց 2010 թվականին, երբ նախագահ Աբդուլլահ Գյուլը շնորհավորեց սեպտեմբերի 21-ը` Հայաստանի անկախության, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը` հոկտեմբերի 29-ը` Թուրքիայի Հանրապետության հռչակման օրը:

Հայացաք Արարատից. արևելեահայերնՀայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ:

Դիտել նաև՝