Հայաստանն ու Թուրքիան փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն, կվերականգնվեն Երևան-Ստամբուլ չվերթերը

592

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը ուղղված քայլերի շրջանակում շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն»,- դեկտեմբերի 13-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ, հաղորդում է Ազատությունը:

Չավուշօղլուն, սակայն, չի մանրամասնել` երբ են սկսելու աշխատել այս ուղղությամբ, և ովքեր են լինելու այդ ներկայացուցիչները: Նա նաև շեշտել է, որ այս հարցում խորհրդակցել է Ադրբեջանի հետ, և հետագայում էլ այս գործընթացում միասին են առաջ շարժվելու: Թուրք նախարարը նաև նշել է, որ առաջիկայում Ստամբուլ-Երևան չարթերային թռիչքներ են գործարկվելու: Չավուշօղլուի այս հայտարարությունը մեջլիսում ծափահարություններով է ընդունվել:

Այսօր, դեկտեմբերի 14-ին, ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է թուրքական կողմի հայտարարությանը.

Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։

Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։