Անկարան խոստովանում է՝ Թուրքիայի ազգային անվտանգությունը լուրջ ներգրավվածություն է ունեցել 44-օրյա պատերազում

792

Թուրքական իշխանությունները հրապարակավ խոստովանում են, որ երկրի ազգային անվտանգությունը լուրջ ներգրավվածություն է ունեցել Ղարաբաղյան պատերազում՝ աջակցելով ադրբեջանական զինված ուժերին, հաղորդում է Ազատությունը:

Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը անցած շաբաթ խորհրդարանում 2022 թ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ամփոփելով տարբեր գերատեսչությունների նախորդ տարվա աշխատանքը, հայտարարել է, որ Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպությունը կարևոր դեր է ունեցել 44-օրյա պատերազմում:

Գովելով հետախուզական և պաշտպանական ուժերի երկրի ներսում և արտերկրում կատարած ծառայությունը՝ Օքթայը հայտարարել է՝ Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում, վերջերս էլ Աֆղանստանում ազգային անվտանգության կազմակերպությունը պատմական կարևորության օպերացիաներ է իրականացրել՝ սպասարկելով Թուրքիայի շահերը:

Այս համատեքստում նա ընդգծել է անցած տարվա պատերազմում ադրբեջանական զինված ուժերին ցուցաբերած աջակցությունը և Ադրբեջանի հաղթանակի գործում Անկարայի ներդրման գործոնը։

«Մեր սահմանների ներսում և սահմաններից այն կողմ պատմության ամենահաջող գործողությունները իրականացնելով հանդերձ տարածաշրջանում ձեռքբերումների մաս ենք կազմել՝ Լիբիայում հեղափոխականների դեմ մղված պայքարից մինչև Ղարաբաղի հաղթանակ», -ասել է Օքթայը:

Ռազմական գործողություններին թուրքական հետախուզական ուժերի մասնակցության մասին պաշտոնապես նախկինում չէր հայտարարվել:

Արխիվային լուսանկար՝ Էրդողանը և Ալիևը Շուշիի ճանապարհին