Վլադիմիր Պուտին. հաջողվել է համաձայնության գալ երեք առանցքային հարցերի շուրջ

810

Նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունները, հաղորդում է Ազատությունը։

«Ուզում եմ շատ կարճ ձեզ տեղեկացնել իմ քննարկումների արդյունքների մասին՝ ղարաբաղյան կարգավորման և այն համաձայնությունների շուրջ, որոնք ձեռք են բերվել այսօր մեր գործընկերների հետ»,- նիստի մեկնարկին ասել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը հայտարարել է, որ հաջողվել է համաձայնության գալ երեք առանցքային հարցերի շուրջ։ Դրանցից մեկը, ըստ Ռուսաստանի նախագահի, վերաբերում է տարածաշրջանի ապաշրջափակմանն ու տրանսպորտային կապերի բացմանը, որի մանրամասները կհայտարարեն այս հարցով զբաղվող փոխվարչապետերը՝ հաջորդ շաբաթ Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ։ Բացի այդ, ըստ Պուտինի, համաձայնություն է ձեռք բերվել նաև հումանիտար հարցերով, ինչպես նաև՝ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի համար մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ։

Երեք երկրների ղեկավարները բանակցությունների ավարտին նոր եռակողմ հայտարարություն են ընդունել։