«Երևանում Ռուսաստանից ավելին են ակնկալում». ռուսական մամուլը՝ Հայաստան-Ադրբեջան բախումների մասին

704

Ռուսական մամուլը գրում է՝ Երևանում Ռուսաստանից ավելին են ակնկալում։

«Կսատարի՞ արդյոք Ռուսաստանը հայկական կողմին՝ Ադրբեջանի դեմ», – հարցնում է “Ведомости”-ն ու միանգամից պատասխանում՝ Մոսկվան կփորձի մարել սահմանային բախումները բանակցությունների միջոցով։

Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փորձագետ Մաքսիմ Շեպովալենկոյի խոսքով՝ ՀԱՊԿ-ը, ակնհայտորեն, ամեն ինչ կանի, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանային այդ հակամարտության մեջ ներգրավված չլինի, իսկ Ռուսաստանը բոլոր ուժերը կներդնի այդ հարցի քաղաքական կարգավորման համար:

Հղում անելով ռազմական գերատեսչության իր աղբյուրներին՝ “Ведомости”-ն գրում է, թե Ադրբեջանը պատահական չէ հենց հիմա սրում իրադրությունը․ Մոսկվայի և Արևմուտքի ուշադրությունն այսօր կենտրոնացած է Ուկրաինայի և բելառուսա-լեհական սահմանին լարվածության վրա: Բայց կարծել, որ Ադրբեջանն իր առջև լայնածավալ ռազմական խնդիրներ է դնում, ինչպես նախորդ աշնանը, վաղաժամ է՝ խոսքը կարծես մարտավարական դիրքերի ամրապնդման մասին է, գրում է ռուսական հեղինակավոր պարբերականը;

Ռուսական մեկ այլ պարբերական՝ “Московский комсомолец”-ը, խոսել է ռազմական փորձագետ Ալեքսանդր Միխայլովսկիի հետ, ով կարծիք է հայտնել, թե Ադրբեջանը նոր պատերազմ կարող է սկսել ցանկացած պահի։

«Ես շատ կուզենամ սխալվել, բայց ամեն ինչ նման է նրան, որ Ադրբեջանը հայկական պաշտպանության թույլ տեղերն է փնտրում, որպեսզի մեկ հարվածով վերջնականապես լուծի Սյունիքի միջանցքի հարցը», – ասել է Միխայլովսկին։

Իսկ “Коммерсантъ”-ը, ի տարբերություն ռուսական մյուս, այդ թվում՝ պաշտոնական աղբյուրների, երեկվա իրադարձությունները որակում է որպես լայնամասշտաբ մարտեր։ Ռուսական պարբերականը գրում է, որ դրանք հիշեցնում էին անցած տարվա պատերազմը՝ հրետանու և զրահատեխնիկայի կիրառմամբ:

“Коммерсантъ”-ը հիշեցնում է, որ երեկվա մարտերին նախորդել էր ադրբեջանական մաքսակետերի տեղադրումը Սյունիքից Երևան ճանապարհին, որի որոշ հատվածներ անցնում են Ադրբեջանի տարածքով։ Ռուսական պարբերականը շեշտում է՝ դատելով այն հանգամանքից, որ այդ մաքսակետերը հայտնվել են ճիշտ այն պահին, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին այլընտրանքային ճանապարհի կառուցումն ավարտելու մասին, կարելի է ասել, որ մաքսակետերի տեղադրումը նախապես համաձայնեցված էր Երևանի և Բաքվի միջև։

Ազատություն