Ռուսաստանը Սյունիքում երեկ տեղի ունեցած մարտերից հետո հորդորում է Հայաստանին ու Ադրբեջանին շուտափույթ սկսել սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա։
«Վերջին իրադարձությունները ապացուցում են այդ գործընթացի կարևորությունը, այդ թվում՝ համապատասխան հանձնաժողովի աշխատանքի անհրաժեշտությունը՝ ռուսական կողմի ներկայացրած առաջարկների հիման վրա»,- նոյեմբերի 17-ին, ըստ Ազատության, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը։
Զախարովան շատ հակիրճ անդրադարձել է նաև օգնության հարցով Մոսկվային դիմելու՝ Երևանի հայտարարությանը, ընդգծելով, թե այս համատեքստում Ռուսաստանը խորհրդակցություններ է անցկացնում Երևանի հետ և իր դաշնակցային պարտավորություններին լուրջ է վերաբերվում։
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը նաև ընդգծել է, որ Մոսկվան շարունակում ակտիվ աշխատանքը նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ, վերստին պնդել, որ Մոսկվան կարևորում է համանախագահների այցը տարածաշրջան և հավելել, թե նրանք Վիեննայում են և շարունակում են իրենց միջնորդական գործունեությունը։
Մարտերը հայ-ադրբեջանական սահմանին լրջորեն անհանգստացրել էին Կրեմլին․ Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն էլ այսօր հայտարարել է, թե հայ-ադրբեջանական երեկվա մարտերը հնարավոր է եղել կանգնեցնել Ռուսաստանի նախագահի միջնորդական ջանքերի շնորհիվ։ Կրեմլի խոսնակը միաժամանակ ակնարկել է, թե կողմերից մեկն առայժմ համաձայն չէ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական եռակողմ հանդիպմանը։
«Հաստատ ինչ-որ փուլում նման եռակողմ շփումներ պետք կլինեն, բայց որպեսզի դրանք հնարավոր լինեն, անհրաժեշտ է երեք կողմերի համաձայնությունը և պատրաստակամությունը», – նշել է Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի խոսնակը շեշտել է, թե սահմանին ռազմական գործողությունների վերսկսումը լրջորեն անհանգստացրել էր Կրեմլին, և ընդգծել, թե նախագահ Պուտինն է առաջին հերթին ակտիվ ջանքեր գործադրել կրակը դադարեցնելու համար։
Սրա հետ մեկտեղ, Կրեմլի խոսնակը նշել է՝ նման զարգացումներից խուսափելու համար անհրաժեշտ է, որ բոլոր կողմերն իրականացնեն ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները․ – «Իրավիճակը կայունացնելու միակ ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների կատարումն է։ Մենք կարծում ենք, որ բոլոր երկրները նախ և առաջ պետք է ստանձնած պարտավորությունները կատարեն՝ դա հենց կլինի նման միջադեպերը կանխելու գրավականը»։
Հայաստանը դիմում է Ռուսաստանին՝ «ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով»
Երեկ պաշտոնական Երևանը՝ ի դեմս Անվտանգության խորհրդի քարտուղարի, հայտարարեց, թե դիմում է Ռուսաստանին դիվանագիտական ու ռազմական օգնության հարցով՝ 1997 թվականի պայմանագրի համաձայն։ Հայաստանը Ռուսաստանից ակնկալում է օգնություն տարածքային ամբողջականությունը վերականգնելու նպատակով, ասել էր Արմեն Գրիգորյանը։
Հայտարարությունից ժամեր անց հաղորդվեց, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել հայաստանցի և ադրբեջանցի գործընկերների հետ։
Սերգեյ Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հեռախոսազրույց է կայացել նաև Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև՝ հայկական կողմի նախաձեռնությամբ։ Կրեմլը բավական սուղ հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով միայն, որ «Պուտինն ու Փաշինյանը քննարկել են իրադրությունը, որը ստեղծվել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մի շարք միջադեպերից հետո»։
Հայկական կողմը հայտարարել էր, թե զրույցի ընթացքում կրկին ընդգծել է, որ ադրբեջանական զինուժն ագրեսիայի է դիմել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, և ստեղծված իրավիճակում հույժ կարևորել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը:
Պուտինը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի շուրջ հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ
Հայաստանի արտգործնախարարությունն այսօր նոր մանրամասներ է հրապարակել զրույցից։ Նախարարության խոսնակը, մասնավորապես, ասել է, թե «այս համատեքստում, երկու երկրների ղեկավարները քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ է դաշնակցային հարաբերություններին»։ Խոսնակը, սակայն, չի հստակեցրել՝ արդյոք պաշտոնական Երևանը նաև գրավոր դիմում է ուղարկել Ռուսաստանին։












