Ադրբեջանը սադրանքների է դիմում Թուրքիա՞յի ցուցումով. 1 զոհ, 3 վիրավոր Շուշիի մոտ

1449

Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումը` Շուշիի մոտ այսօր տեղի ունեցած միջադեպը, հաղորդում է Ազատությունը:

«Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի նախօրեին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Շուշի այցի օրը, որտեղ վերջինս իր ելույթում հանդես է եկել հերթական հայատյաց հռետորաբանությամբ լի հայտարարությամբ և ուժի կիրառման սպառնալիքներով»,- նշված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ։

Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը այսօր հայտնել էր, որ ադրբեջանցիները կրակ են բացել Շուշիի մոտակա խաչմերուկում Արցախի տարածքում ջրատար խողովակների շինաշխատանք կատարող 4 արցախցիների ուղղությամբ, 22-ամյա Մարտին Երեմյանը մահացել է, 31, 41 ու 43 տարեկան քաղաքացիներն այժմ Ստեփանակերտի հիվանդանոցում են։

Հայկական կողմը հիշեցնում է, որ սա ադրբեջանական զինված ուժերի կողմից վերջին մեկ ամսվա ընթացքում խաղաղ բնակիչների վրա հարձակման երկրորդ դեպքն է, որի արդյունքում արձանագրվում են մարդկային զոհեր։ Ըստ ԱԳՆ-ի` Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության շարունակական «հայատյաց հռետորաբանությունը և հրադադարի ռեժիմի խախտմամբ կրկնվող միջադեպերը» բացահայտորեն ի ցույց են դնում Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ պաշտոնական Բաքվի կողմից հնչող հայտարարությունների սին բնույթը։

«Կրակել են շատ մոտ տարածությունից և կրակել են թեթև զենքով, այսինքն՝ շատ փոքր տրամաչափի զենքով, այսքան տեղեկատվություն ունեմ: Բոլոր ավտոմեքենաները Շուշիի տակից վերադարձան քաղաք, և մենք սպասում ենք, տեսնենք՝ ճանապարհը կբացվի՞, թե՞ չի բացվի»,- Ազատության թղթակից Սուսան Բադալյանին ասաց «Անի» կենտրոնի փորձագետ, «Ալիքմեդիա»-ի ներկայացուցիչ Թաթուլ Հակոբյանը:

Հակոբյանը նույն ժամերին՝ ցերեկը 3-ին, ճանապարհի այդ հատվածից հետ է վերադարձել Ստեփանակերտ: Նա մեզ պատմեց, որ նախորդ օրն է Արցախ մեկնել ու ճանապարհին հայկական կողմը լուսավորության աշխատանք էր կատարում։ Այն, ինչ այսօր է տեղի ունեցել, նա համարում է ակնհայտ սադրանք, որն, ըստ նրա, կապ ունի առաջիկա եռակողմ հայտարարության հետ:

«Ռուսական կողմը երեկ հաստատել է, որ տեղի է ունենալու հանդիպում՝ տեսակոնֆերանսի ձևով, երեք երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, և իմ տպավորությամբ, սա ուղղված է այդ հայտարարությունը վիժեցնելուն», – ընդգծեց փորձագետը:

Թաթուլ Հակոբյանի կարծիքով՝ միֆ է, թե Ադրբեջան-Թուրքիա՝ մեկ են, Թուրքիան այսօր բավարարված չէ տարածաշրջանային զարգացումներում իր դերակատարումից:

«Թուրքիայի կողմից սադրանք՝ վիժեցնելու այս գործընթացը, որովհետև թուրքերն ակնհայտորեն դժգոհ են, գուցե այդ մասին դեռևս չեն բարձրաձայնում, ակնհայտորեն դժգոհ են այն իրավիճակից, այն ստատուսից հետո, որ իրենք ունեն: Իրենք ի՞նչ ունեն հիմա այստեղ՝ հակամարտության գոտում, իրենք ունեն ընդամենը մի քանի տասնյակ մոնիտորինգի խմբում ռուսների հետ միասին ներկայություն և վերջ: Սա, բնականաբար, թուրքերի սրտով չէ»,- ընդգծեց «Անի» կենտրոնի փորձագետը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների բարձր մակարդակով հանդիպման մասին «Ալիքմեդիա»-ն էր գրել: Ըստ Թաթուլ Հակոբյանի, սպասվող այդ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, պետք է եզրափակվեր երկու հայտարարությունների ստորագրմամբ՝ տարածաշրջանային ապաշրջափակման և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու դեմարկացիայի, դելիմիտացիայի վերաբերյալ: Փորձագետի խոսքով՝ առաջին տեքստերը հայանպաստ չէին, սակայն վերջին ամիսներին կային դրական միտումներ հայկական կողմի համար:

«Ամիսների ընթացքում այդ փաստաթղթի վրա կատարվել է հսկայական աշխատանք, այդ փաստաթուղթը համեմատաբար որոշակի դրական միտումներ է պարունակել հայկական կողմի համար, ինչից դժգոհ է նաև ադրբեջանական կողմը: Ես սրանով ոչ մի կերպ չեմ ուզում ասել, որ այո, այս փաստաթուղթը, որի գոյությունը չգիտեմ ինչ-ինչ պատճառներով հետևողականորեն Հայաստանի իշխանությունները հերքում են, ես չեմ հասկանում՝ ինչու են հերքում, և դրանք կան իրականում: Ես չեմ ասում, որ այդ փաստաթղթերը լավ են, բայց այդ փաստաթղթերը ունեցել են որոշակի դրական միտումներ հայկական կողմի համար», – ասաց Հակոբյանը:

Ի՞նչ սպասել այս միջադեպից հետո, Թաթուլ Հակոբյանը ոչինչ չի բացառում: Ըստ նրա, այսօր տեղի ունեցածը ակնհայտ է ցույց տալիս, թե որքան խոցելի է Արցախը։