Արդենիս գյուղի բնակչությունը 1886-1931 թվերին և խորհրդային տարիներին. Ամասիայի շրջան

3599

Արդենիս գյուղը գտնվում է Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Ամասիա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից՝ 46կմ հեռավորության վրա: Նախկինում մտել է Կարսի մարզի Կարսի օկրուգի Աղբաբայի ենթաշրջանի մեջ և ունեցել է Գյոլլի անունը: Արդենիս է վերանվանվել 1991թ. ապրիլի 3-ին:

Արդենիսը գտնվում է Աշոցքի սարավանդում, Ախուրյան գետի վերին հոսանքում` ծովի մակարդակից 2050մ բարձրության վրա, մտնում է Արփի համայնքի կազմ: 2013թ. հունվարի 1-ի դրությամբ Արդենիսն ունեցել է 188 բնակչություն:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն՝ 1886 թվականին Գյուլլին ունեցել է 204 բնակիչ, բոլորը սուննի կարափափախ կամ այլ անվանումով՝ օսմանյան թուրք:

Գյուլլին Աղբաբայի շրջանի կազմում եղել է Կարսի մարզում: Կարսի մարզը Ռուսաստանին է միացվել 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո: 1919թ. ապրիլից մինչև 1920թ. հոկտեմբեր Կարսի մարզը եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության մաս: Երբ 1920-21 թթ. Կարսի մարզը անցավ Թուրքիային, մարզից միայն Աղբաբայի շրջանը մնաց Խորհրդային Հայաստանի մաս:

1897 թվականի ցարական Ռուսաստանի մարդահամարի համաձայն՝ Գյուլլին ուներ 284 բնակիչ, բոլորը՝ իսլամ կամ ավելի ճիշտ՝ սուննի կարափափախ:

1908 և 1914 թվականների մարդահամարների համաձայն՝ գյուղն ունեցել է 313 և 403 բնակիչ, բոլորը՝ կարափափախ:

1922-ին Գյուլլին ունեցել է 248 բնակիչ, որից 242-ը՝ թրքո-թաթար, 6-ը՝ հայ: Առաջին անգամ Գյուլլիում հայ բնակիչ նշվում է հենց 1922-ին:

1926 թվականին անցկացված Խորհրդային Միության առաջին մարդահամարի համաձայն, Գյուլլին ուներ 316 բնակիչ, որից 10-ը՝ հայ, 306-ը՝ օսմանյան թուրք կամ ավելի ճիշտ՝ կարափափախ:

Զավեն Կորկոտյանը իր գրքում ներկայացնում է նաև 1931 թվականի տվյալներ, ըստ որի Գյուլլին ուներ 342 բնակիչ, որից 8-ը՝ հայ, 334-ը նշված է “թուրքական խումբ” դասակարգման տակ:

Քանի որ մարդահամարների մեթոդաբանությունը վերոնշյալ մարդահամարների կամ հաշվառումների ժամանակ տարբեր է եղել, այդ պատճառով՝ Գյուլլի գյուղի բնակչության հիմնական ազգային խմբի համար օգտագործվում է մի քանի բնորոշում՝ իսլամ, կարափափախ, թրքո-թաթար, թուրքական խումբ:

Խորհրդային Միության հաջորդ՝ 1939, 1959, 1970, 1979 և 1989 թվականների մարդահամարների ժամանակ արդեն օգտագործվել է ադրբեջանցի անունը:

1939-ին Գյուլլին ուներ 416, 1959-ին՝ 470, 1970-ին՝ 698, 1979-ին՝ 757, իսկ 1989-ին՝ 358 բնակիչ:

Խորհրդային Հայաստանում բնակվող մուսուլմանները, այդ թվում՝ կարափափախները, դասակարգվեցին ադրբեջանցի ընդհանուր անվան տակ: 1922-ին Խորհրդային Հայաստանում կային մեկ տասնյակից ավելի պարսկական, ավելի ճիշտ՝ թաթական գյուղեր, որոնք նույնպես դարձան ադրբեջանական: Դրանցից ամենահայտնին Մեղրու շրջանի Նյուվադին էր՝ Արաքսի ափին:

Իսկ ովքեր էին կարափափախները: Բառացի թարգմանաբար՝ “սև գլխարկ” կրողները թյուրքալեզու են, դավանում են սուննի ուղղությանը (Օսմանյան կայսրության տարածքում բնակվողները): 1897 թվականի մարդահամարի տվյալներով՝ Կարսի մարզում կարափափախները կազմում էին ընդհանուր բնակչության 10 տոկոսը՝ շուրջ 30 հազար, և թվաքանակով զիջում էին միայն հայերին, թուրքերին, քրդերին և հույներին:

Խորհրդային Հայաստանից ադրբեջանցիները, այդ թվում Գյուլլիի բնակիչները, հեռացան հիմնականում 1988-ի վերջերին:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝