Շաղիկ գյուղի բնակչությունը 1886-1931 թվերին և խորհրդային տարիներին. Ամասիայի շրջան

3707

Շաղիկ գյուղը գտնվում է Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոնից՝ 41 կմ հեռավորության վրա՝ դեպի հյուսիս-արևմուտք: Նախկինում մտել է Կարսի մարզի Կարսի օկրուգի Աղբաբայի ենթաշրջանի մեջ և ունեցել է Աղբաբա, ապա՝ Ղարաբուլաղ անվանումները: Շաղիկ է վերանվանվել 1991թ. ապրիլի 3-ին:

Շաղիկը գտնվում է Արփի լճի հյուսիս-արևմտյան մասում`ծովի մակարդակից շուրջ 2000մ բարձրության վրա, մտնում է Արփի համայնքի կազմ:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն՝ 1886 թվականին Աղբաբան ունեցել է 185 բնակիչ, բոլորը սուննի կարափափախ կամ այլ անվանումով՝ օսմանյան թուրք:

Աղբաբան նույնանուն շրջանի կազմում եղել է Կարսի մարզում: Կարսի մարզը Ռուսաստանին է միացվել 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո: 1919թ. ապրիլից մինչև 1920թ. հոկտեմբեր Կարսի մարզը եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության մաս: Երբ 1920-21 թթ. Կարսի մարզը անցավ Թուրքիային, մարզից միայն Աղբաբայի շրջանը մնաց Խորհրդային Հայաստանի մաս:

1897 թվականի ցարական Ռուսաստանի մարդահամարի համաձայն՝ Աղբաբա գյուղն ուներ 302 բնակիչ, բոլորը՝ իսլամ կամ ավելի ճիշտ՝ սուննի կարափափախ:

1908 և 1914 թվականների մարդահամարների համաձայն՝ գյուղն ունեցել է 352 և 382 բնակիչ, բոլորը՝ կարափափախ:

1922-ին, ըստ Կորկոտյանի, գյուղը եղել է ավերակ և մշտական բնակչություն չի ունեցել:

1926 թվականին անցկացված Խորհրդային Միության առաջին մարդահամարի համաձայն, Աղբաբան կրկին մշտական բնակչություն չի ունեցել, ինչը հավանաբար նշանակում է, որ շարունակել է մնալ ավերակ:

Կորկոտյանը իր գրքում ներկայացնում է նաև 1931 թվականի տվյալներ, ըստ որի Աղբաբան ուներ 179 բնակիչ, որից 108-ը՝ հայ, 9-ը նշված է “թուրքական խումբ” դասակարգման տակ, ինչպես նաև՝ 62 ռուս:

Այս տվյալներից դատելով կարող ենք եզրակացնել, որ հայ-թուրքական/թաթարական/մահմեդական բախումների ժամանակ՝ 1918-ից 1921 թվականների միջնակայքում, Աղբաբան ավերվել է, իսկ վերաբնակեցումը տեղի է ունեցել 1926 թվականից հետո: Թե ովքեր են եղել ռուսները և որտեղից են բերվել Աղբաբա, դժվարանում ենք ասել: Չպետք է բացառել, որ ռուսները մոլոկաններ եղած լինեն:

Քանի որ մեթոդաբանությունը մարդահամարների կամ հաշվառումների ժամանակ տարբեր է եղել, այդ պատճառով՝ Աղբաբա գյուղի բնակչության հիմնական ազգային խմբի համար օգտագործվում է մի քանի բնորոշում՝ իսլամ, կարափափախ, թրքո-թաթար, թուրքական խումբ:

1959-ին Ղարաբուլաղն ուներ՝ 145, 1970-ին՝ 217, 1979-ին՝ 239, իսկ 1989-ին՝ 180 բնակիչ:

Խորհրդային Հայաստանի ժամանակներում Ղարաբուլաղ անվանված Աղբաբան Չիվինլի (այսօր՝ Եղնաջուր) գյուղի հետ մաս է կազմել Կուզիքենդի (այսօր՝ Գառնառիճ) գյուղական խորհրդի:

Խորհրդային Հայաստանում բնակվող մուսուլմանները, այդ թվում՝ կարափափախները, դասակարգվեցին ադրբեջանցի ընդհանուր անվան տակ: 1922-ին Խորհրդային Հայաստանում կային մեկ տասնյակից ավելի պարսկական, ավելի ճիշտ՝ թաթական գյուղեր, որոնք նույնպես դարձան ադրբեջանական: Դրանցից ամենահայտնին Մեղրու շրջանի Նյուվադին էր՝ Արաքսի ափին:

Իսկ ովքեր էին կարափափախները: Բառացի թարգմանաբար՝ “սև գլխարկ” կրողները թյուրքալեզու են, դավանում են սուննի ուղղությանը (Օսմանյան կայսրության տարածքում բնակվողները): 1897 թվականի մարդահամարի տվյալներով՝ Կարսի մարզում կարափափախները կազմում էին ընդհանուր բնակչության 10 տոկոսը՝ շուրջ 30 հազար, և թվաքանակով զիջում էին միայն հայերին, թուրքերին, քրդերին և հույներին:

Լուսանկարում՝ Արփի լիճը և Ամասիայի (Աղբաբա, Սողանլու) լեռները

Կարդալ և դիտել նաև՝