Հայաստան-Ադրբեջան. դիվանագիտական հարաբերությունների պատմությունից, 1918-1920թթ

2118

1918-1920 թթ. Հայաստանն ու Ադրբեջանը անկախ պետություններ էին: Չնայած երկու երկրների միջև տարածքային վեճերին ու հավակնություններին, որոնք նաև վերածվում էին սահմանային ընդհարումների և հայ-թաթարական արյունալի բախումների, Բաքվում գործում էր Հայաստանի դիվանագիտական առաքելությունը, իսկ Երևանում՝ Ադրբեջանինը, այսինքն՝ երկու երկրները միմյանց մայրաքաղաքներում ներկայացված էին դեսպանների մակարդակով:

Հայաստանում իշխող ուժը ՀՅԴ-ն էր, Ադրբեջանում՝ Մուսավաթը:

Ներքոշարադրյալ հոդվածը արտատպություն է ՀՅԴ Բյուրոյի ՅԱՌԱՋ օրաթերթից: 

___________________________________

Ադրբեջան

Հայ հանրապետության մեջ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչություն

Ինչպես հայտնի է, կառավարությունների կողմից որոշված միջազգային մի դրություն կա, որի համաձայն՝ մի կառավարության կողմից ուրիշ մեկ կառավարության մոտ նշանակված դիվանագիտական ներկայացուցչության ամբողջ գոյությունը, ազատությունն ու իրավունքները հարգվում են ու ապահովվում այն կառավարության կողմից, որի մոտ են իրենը:

Այս հիման վրա Եվրոպայի և Ամերիկայի մեջ եղածին պես մեր Ադրբեջանի մայրաքաղաքում էլ գոյություն ունեն թե դրացի, թե հեռավոր կառավարությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, որոնց շարքին մեջ և հայ հանրապետության ներկայացուցիչը:

Մենք, ինչպես որ օրենքն է պահանջում, միջազգային որոշումները կետ առ կետ հարգում ենք, որ բնական է, պիտի հարգենք, սակայն հայ հանրապետության մեջ, հայոց մայրաքաղաք Երևանի մեջ, այդպես չէ կացությունը մեր վերաբերմամբ:

Երևանի մեջ գտնվող մեր՝ ադրբեջանյան դիվանագիտական ներկայացուցչության միջազգային իրավունքները չեն հարգվում:

Հաճախ պատահում է, որ Երևանի ադրբեջանական ներկայացուցչության վերաբերմամբ հայերի կողմից ոտնձգություններ և անարգանքներ են տեղի ունեցել: Երևանի փողոցներով անցնելու ժամանակ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության խորհրդականի հանդեպ եղել են սպառնալիքներ և կողոպուտներ՝ երեսի դեմ մաուզեր հանելով:

Հայոց մայրաքաղաք Երևանում հայերն ու հայոց կառավարությունը Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության հետ վարվում են այնպես, ինչպես վարվում են իրենց հպատակ հասարակ իսլամների հանդեպ:

Մեր ներկայացուցչության անդամները անարգվում, հալածվում և ահաբեկվում են այնպես, ինչպես մյուս իսլամներն առհասարակ: Ադրբեջանի կառավարության ուղարկած պաշտոնական հեռագրերն անգամ օրերով պահվում են ու վար գրվում:

Հայերի և հայոց կառավարության այս տեսակ դժվարությունների և արգելքների պատճառով մեր կառավարության դիվանագիտական ներկայացուցչության միջոցով եղած բոլոր պաշտոնական հաղորդագրությունները և կառավարական գործերը հապաղումի են ենթարկվում:

Վերջապես, այս կացության պատճառով, մեր դիվանագիտական ներկայացուցիչը ստիպված է լինում կամ սուրհանդակներ ուղարկել և կամ ինքը անձամբ գալ: Մինչդեռ այս տեսակ դժվարություններ, արգելքներ ու սպառնալիքներ Ադրբեջանի մայրաքաղաքի՝ մեր Բաքվի մեջ, տեղի չեն ունեցել հայ դիվանագիտական ներկայացուցչության որևէ մեկ անդամի հանդեպ և այսուհետև էլ չպիտի տեղի ունենան:

Յառաջ, ՀՅԴ պաշտոնաթերթ, Երևան, 13 հունվարի, 1920, թիվ 9

Լուսանկարում՝ Երևանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության շենքը