Նախիջևանը՝ Հայաստանին, Արցախում և Զանգեզուրում՝ ստատուս քվո. Խատիսյանի հեռագիրը Խան Խոյսկուն

1685

Հայաստանի պատասխան հեռագիրը Ադրբեջանին՝ կոնֆերանս հրավիրելու առաջարկի մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Խատիսյանը հետևյալ պատասխան-հեռագիրն է ուղարկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Խան Խոյսկուն:

Ի պատասխան Ձեր մարտի 4-ի թիվ 1462 հեռագրի, պատիվ ունեմ Ձեզ հաղորդելու հետևյալը.

Հայաստանի կառավարությունը հունվար ամսին գումարված հայ-ադրբեջանական կոնֆերանսը չի համարում ավարտված:

Իմ կառավարությունը մինչև այժմ սպասում է Ձեր կառավարության պատասխանին՝ Թիֆլիս քաղաքում Ձեզ հետ ունեցած տեսակցությանս ժամանակ Ձեզ հայտնած կոնկրետ առաջարկություններիս, որոնք Դուք ընդունեցիք Ձեր կառավարությանը զեկուցելու համար: Այդ առաջարկությունները, որոնք պիտի լինեին որպես հիմք ժամանակավորապես ընդհատված հայ-ադրբեջանյան կոնֆերանսի աշխատանքները շարունակելու համար, կրում էին հետևյալ բնույթը՝

  1. Երկու կողմից պիտի ճանաչվեն նախ Ղարաբաղի (ստատուս քվոն)՝ խստիվ պաշտպանելով Ադրբեջանի կողմից Ղարաբաղի Հայոց ազգային խորհրդի հետ կնքված համաձայնության պայմանները:
  2. Ստատուս քվո Զանգեզուրում:
  3. Երևան-Ջուլֆա երկաթուղագծի բացում:
  4. Շարուր-Նախիջևանի շրջանների ճանաչումը որպես Հայաստանի անբաժան մաս:

Եռակի փորձը կոնֆերանս հրավիրելու գործում կատարյալ պարզությամբ ապացուցեց, որ առանց կանխապես ընդունելու վերոհիշյալ պայմանները և նրանց կատարյալ ճշտությամբ գործադրելու՝ վերացնում է հնարավորությունը իրական համաձայնության գալու և երկու հանրապետությունների ժողովուրդների աչքում վարկաբեկվում է կոնֆերանսի գաղափարը, իբրև մի օրգանի, որ պետք է երկու կողմերը համաձայնեցնի և գտնի ընդհանուր լեզու երկու ժողովուրդների հետագա սերտ համագործակցության համար:

Հայաստանի կառավարությունը, խորապես գիտակցելով հարևան հանրապետությունների ավելի սերտ գործակցության կենսական անհրաժեշտությունը և գնալով ընդառաջ Ձեր ցանկությանը կոնֆերանս հրավիրելու մասին, իմ կառավարությունը խնդրում է Ձեզ չմերժել, ի նկատի ունենալով իր պատգամավորության լիազորությունների կատարելության, նախօրոք հաղորդել, թե Ադրբեջանի կառավարությունը Ձեր հեռագրով արված առաջարկին նայում է որպես նոր առաջարկի և եթե այո, խնդրում եմ հայտնել այն հարցերի ցուցակը և առաջարկվող կոնֆերանսի կոնկրետ ձևը, ինչպես որ պատկերացնում է Ձեր կառավարությունը:

Ժողովուրդ, թիվ 35, 11 մարտի, 1920 թ                                                                                http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/1920%2835%29.pdf