Զորական և Հաղթանակ գյուղերի բնակչությունը 1831-1931 թվերին. Նոյեմբերյանի շրջան

5989

Այս երկու գյուղերը՝ Զորականն ու Հաղթանակը, գտնվում են Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում՝ Երևան-Իջևան-Թբիլիսի մայրուղու վրա: Գյուղերի նախկին անունները եղել են Վերին Քյորփլու և Ներքին Քյորփլու:

Երկու գյուղերը գտնվում են միմյանցից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա: Ամենայն հավանականությամբ, Հաղթանակ/Ներքին Քյորփլուն հիմնվել է Զորական/Վերին Քյորփլուի հաշվին:

ԶՈՐԱԿԱՆ

Այսօրվա Զորական/Վերին Քյորփլու գյուղի բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկատվությունը հանդիպում ենք 1831 թվականին: Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է, որ 1831-ին գյուղը ունեցել է 43 բնակիչ, բոլորն էլ հայեր:

Այսպիսով, Վերին Քյորփլուն, որ հետագայում պետք է դառնար Հայաստանի ամենախոշոր ադրբեջանաբնակ գյուղերից մեկը, եղել է մաքուր հայաբնակ:

Վերին Քյորփլուի մասին հաջորդ՝ 1886 թվականի մարդահամարն ասում է, որ գյուղը ունեցել է 361 բնակիչ, բոլորն էլ՝ թաթար: Սա նշանակում է, որ հայերը, ինչ-ինչ պատճառով հեռացել են և նրանց փոխարեն հաստատվել են թաթարներ, այսօրվա եզրաբանությամբ՝ ադրբեջանցիներ:

1897 թվականի Համառուսական մարդահամարի տվյալներով, Վերին Քյորփլուն ունեցել է 403 բնակիչ, որից 402-ը՝ իսլամ, 1-ը՝ հայ քրիստոնյա:

1922 թվականին գյուղն ունեցել է 537 բնակիչ, որից 523-ը՝ թրքո-թաթարներ, 14-ը՝ հայեր:

1926 թվականի ԽՍՀՄ մարդահամարի տվյալներով, Վերին Քյորփլուն ուներ 544 բնակիչ, որից 530-ը՝ թուրք, 14-ը՝ հայ:

1931 թվականի տվյալներով, գյուղը այլևս չի ունեցել հայ բնակչություն, բոլոր 630 հոգին պատկանել են թուրքական խմբին:

Խորհրդային Միության տարիներին գյուղը ավելի մեծացավ: 1988-ին գյուղի ադրբեջանցիները իրենց տները փոխանակեցին Ադրբեջանի Շամխորի շրջանի հայկական Չարդախլու գյուղի բնակիչների հետ:

Այդ պատճառով, այդ գյուղին տեղացիները տալիս են Չարդախլու անունը, թեև պաշտոնական անունը Զորական է:

ՀԱՂԹԱՆԱԿ

Հաղթանակ/Ներքին Քյորփլու գյուղը հավանաբար հիմնադարվել է 20-րդ դարի սկզբին: Առաջին անգամ այդ գյուղի բնակչության թվաքանակի տվյալները  վերաբերում են 1922-ին՝ 253 մարդ թրքո-թաթարական խմբից:

1926 թվականի ԽՍՀՄ մարդահամարի տվյալներով, Ներքին Քյորփլուն ուներ 274 թուրք բնակիչ:

1931 թվականի տվյալներով, գյուղը ունեցել է 329 բնակիչ, որից 319-ը՝ թուրք, 10-ը՝ հայ:

Նախքան Նոյեմբերյանի շրջանի ձևավորումը, Զորական/Վերին Քյորփլուն և Հաղթանակ/Ներքին Քյորփլուն մաս են կազմել Խորհրդային Հայաստանի Ալավերդու շրջանի:

Ներքին Քյորփլուն որպես համայնք ձևավորվել է նույնանուն կոլտնտեսության բազայի վրա 1949 թվականին:

Լուսանկարում՝ Զորականը 

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝

 

https://www.aniarc.am/2021/04/29/alaverdi-region-1831-korkotian/