Ադրբեջանի և Նախիջևանի/Թուրքիայի միջև Սյունիքում միջանցք կլինի մի դեպքում, երբ Ռուսաստանը վերահսկի այն

722

«Անի» կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը չի բացառում, որ վաղը՝ հոկտեմբերի 12-ին Մոսկվայում Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպման օրակարգում նաև միջանցքի հարցը լինի։

«Ազատության» դիտարկմանը, թե Հայաստանում միջանցք ստեղծելու մեջ Ռուսաստանը կարող է մեկ հետաքրքրություն ունենալ, այն է ստանձնել, այդ միջանցքային ճաապարհի անվտանգությունը, այսինքն՝ անվտանգային ուժեր տեղակայել Ադրբեջանից Սյունիքի տարածքով դեպի Նախիջևան տանող ճանապարհների երկայնքով, Հակոբյանն այսպես արձագանքեց․

«Ես համարում եմ, որ եթե իրոք լինելու է միջանցք, ապա այն լինելու է միայն մի դեպքում, եթե այդ միջանցքի ամբողջական անվտանգությունը վերապահվում է Ռուսաստանի խաղաղապահ ասեմ, թե ինչ ասեմ, թե իրենց Անվտանգության դաշնային ծառայությանը պատկանող սահմանապահ ուժեր ասեմ, չգիտեմ, ինչ կլինի, միայն այդ դեպքում եմ ես պատկերացնում նման միջանցքի գոյությունը, նման միջանցքի հնարավորությունը»։

Փորձագետն ընդգծեց՝ դեռ ամիսներ առաջ է մտահոգություն հայտնել՝ չբացառելով, որ Ռուսաստանը շահագրգռված լինի որպեսզի միջանց լինի նաև Նոյեմբերյանի հատվածում։

«Ասենք՝ Ոսկեպարի հատվածում։ Դա այն հատվածն է, որտեղ Ադրբեջանի հայտնի անկլավներից մեկն է, և ճանապարհը տանում է դեպի Վրաստան։ Այսինքն՝ կարծում եմ, որ Ռուսաստանը խնդիր չունի ապահովելու այդ մեկ-երկու, գուցե երեք, չգիտեմ, հիմա նաև խոսվում է հայտնի Տիգրանաշենի մասին, իհարկե, պաշտոնյաները հերքում են։ Այսինքն՝ Ռուսաստանն այսօր ունի հնարավորություն Հայաստանի տարածքում երկու, երեք, չորս, քանի միջանցք ասեք, իր վերահսկողության տակ պահել և դրանով իսկ ազդեցության իր լծակներն ունենալ ոչ միայն Հայաստանի վրա։ Մենք այսօր Ռուսաստանի ափերի մեջ ենք, սա է դառը իրականությունը։ Մենք ամեն Աստծո օր կորցնում ենք և կորցրել ենք մեր ինքնիշխանությունն ու անվտանգությունը, և նման միջանցքներով, եթե կա իրոք նման նախագիծ, Ռուսաստանն ազդեցության լծակներ է ունենալու և օգտագործելու մի կողմից Ադրբեջանի, մյուս կողմից՝ Թուրքիայի վրա»,- ասաց Հակոբյանը։

Դիտել նաև՝