Շուշիի քրեական գործերով 150 անձ է հարցաքննվել, այդ թվում՝ Արցախի նախագահը

739

2020 թվականի պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի և Արցախի պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների փաստերի առթիվ հարուցվել և քննվում է ավելի քան 2 հազար քրեական գործ, հայտնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը:

Ըստ հաղորդագրության՝ քննվում են ինչպես, օրինակ, զորահավաքային զորակոչի, զորահամալրման գործընթացներում թույլ տրված հնարավոր խախտումները, պատերազմի ընթացքում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններն, այնպես էլ Արցախի հարավային՝ Մեխակավանի, Հորադիզի, Հադրութի ուղղություններով զորքերի և ստորաբաժանումների գործողությունների ղեկավարման, հակառակորդի կողմից հարավային ուղղությամբ դեպի Հայաստանի սահմաններ և դեպի Արցախի կենտրոն՝ Շուշի քաղաք առաջխաղացման, բնակավայրերի գրավման հանգամանքները:

Գլխավոր դատախազությունը նաև տեղեկացնում է, որ քննության առարկա են «Նժդեհ» կոչվող բարձունքի («Լելե-Թեփե») Մեխակավանի, Հադրութի, Մեծ Թաղերի, Թաղավարդի, Սղնախի, Քարին Տակի և Շուշիի ուղղություններով իրականացված ռազմական գործողություններին առնչվող՝ հրապարակայնորեն տարբեր հարթակներով ներկայացված և իրավապահ մարմինների տեսադաշտում հայտնված, ինչպես նաև զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողներից, հարազատներից ստացված՝ հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող բոլոր տվյալները՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական անփութության և հրաման չկատարելու հանգամանքները պարզելու նպատակով։

Դեռ մայիսի սկզբին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել էր, որ հարցաքննվել է պատերազմին վերաբերող քրեական գործի շրջանակներում։