Կաթնառատ գյուղի բնակչությունը 1897-1922 թվականներին և այսօր. Քաջարանի շրջան

1481

Հայաստանում Կաթնառատ անունով երկու գյուղ կա՝ մեկը Լոռու Տաշիրի շրջանում, մյուսը՝ Սյունիքի Քաջարանի խոշորացված համայնքի կազմում:

Սյունիքի Կաթնառատ գյուղը գտնվում է Փուխրուտ գետակի վերին ավազանում, ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա, Լեռնաձոր գյուղից 6․5 կմ դեպի հարավ։ Այսօր, ըստ մարզպետարանի տվյալների, ունի 16 բնակիչ:

Խորհրդային տարիներին Կաթնառատը Ղովշուտ, Մուսալլամ և Փուխրուտ բնակավայրերի հետ Լեռնաձոր գյուղի վարչական մաս էր կազմում Կապանի շրջանի գյուղերի հետ:

Այսօր Կաթնառատը Քաջարան խոշորացված համայնքի կազմում է, որն ընդգրկում է Քաջարան քաղաքը և հետևյալ 20 գյուղական բնակավայրերը՝ Անդոկավան, Աջաբաջ, Բաբիկավան, Գեղավանք, Գեղի, Գետիշեն, Լեռնաձոր, Կաթնառատ, Կավճուտ, Կարդ, Կիցք, Ձագիկավան, Ներքին Գիրաթաղ, Նոր Աստղաբերդ, Ոչեթի, Վերին Գեղավանք, Վերին Գիրաթաղ, Փուխրուտ, Քաջարանց, Քարուտ: Ընդհանուր բնակչության թիվը ավելի քան 8 հազար է:

Աղբյուրներում Կաթնառատը հանդիպում է նաև Փիրմազրա և Փուխրուտ Մազրա  անուններով: 1949 թվականի հունիսի 29-ին ստացել է այսօրվա անունը՝ Կաթնառատ:

Կաթնառատի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – չի նշվում, 

1873 թվական – չի նշվում, 

1886 թվական – չի նշվում, 

1897 թվական – 125 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1914 թվական – 65 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1919 թվական – 203 հոգի, բոլորը՝ հայ,

1922 թվական – 203 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 191 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – նշվում է Փուխրուտ գյուղի կազմում:

Կաթնառատում առաջին բնակիչները հաստատվել Վերին Հանդ, հարևան Փուխրուտ գյուղերից, նաև՝ Արցախից: 1959 թվականին գյուղն ուներ 177 բնակիչ, այստեղ  գործել է ութամյա դպրոց: Գյուղում գործել է «Նոր Արևիկ» կոլտնտեսությունը: Ժամանակին  շրջանային «Պղնձի համար» թերթը հաճախ էր անդրադառնում Կաթնառատին՝ որպես առաջատար կոլտնտեսություն: Մեծ հայրենականին ևԱրցախյան ազատամարտին իրենց ներդրումն են ունեցել նաև կաթնառատցիները: Մեծ հայրենականում նահատակված 23 կաթնառատցիներին նվիրված հուշաքար է  կանգեցված գյուղում, տեղեկացնում է Սյունքի Զանգեզուր TV կայքը:

Կաթնառատը ամառանոցային բնակավայրերի շարքում է դասվում: Ձմռան ամիսներին այստեղ գրեթե մարդ չի մնում:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Դիտել և կարդալ նաև՝