Զանգեզուրի բաժանումը Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև

3209

Նախքան Հայաստանի Հանրապետության հիմնադրումը, որ սկիզբ դրվեց 1918 թվականի մայիս-հունիսին՝ 10-12 հազար քառակուսի կիլոմետրով, Զանգեզուրի գավառը Ելիզավետպոլի նահանգի կազմում Ռոմանովների ռուսական կայսրության մաս էր կազմում: Գավառի կենտրոնը Գորիսն էր:

Զանգեզուրի գավառը ձևավորվել է 1868 թվականին, տարածքը կազմել է 7.3 հազար քառակուսի կիլոմետր: Սյունիքը Զանգեզուրի մի մասն է, որ Խորհրդային, ապա անկախ Հայաստանի մաս է կազմել շուրջ 4.5 հազար քառակուսի կիլոմետր տարածքով: Այսպիսով, 2.8 հազար քառակուսի կիլոմետրը մնացել է Խորհրդային Ադրբեջանի կազմում և այսօր այն համապատասխանում է Հակարի և Աղավնո գետերի ավազանին` կազմելով Լաչինի, Ղուբաթլուի և Զանգելանի շրջանների մի մասը:

1991-1994 թթ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական ուժերը ամբողջական վերահսկողություն հաստատեցին Զանգեզուրի այն տարածքների վրա, որոնք 1920թ. Ադրբեջանի խորհրդայանցումով անցել էին այդ երկրին: 2020թ. 44-օրյա պատերազմի և նոյեմբերի 9/10 եռակողմ հայտարարությամբ, այդ տարածքները կրկին անցան Ադրբեջանին:

1897 թ. ռուսական առաջին և վերջին մարդահամրի տվյալներով՝ Զանգեզուրի գավառում բնակչության թիվը 137.871 էր, որից 63.622-ը՝ հայեր, 71.206-ը՝ կովկասյան թաթարներ, 1807-ը՝ քրդեր, 1.006-ը՝ ռուսներ, 143-ը՝ հույներ, 26-ը՝ պարսիկներ, 18-ը՝ լեհեր, 16-ը՝ մոլդովացիներ, 9-ը՝ գերմանացիներ, 7-ը՝ լեզգիներ, 3-ը՝ ավարներ, 2-ը՝ վրացիներ, 6-ը՝ այլ ազգեր:

Մինչև Հայաստանի և Ադրբեջանի հիմնադրումը՝ ռուսական տիրապետության շրջանում, Անդրկովկասում հայերն ու մուսուլմանները, Դաշնակցական գործիչ Միքայել Վարանդյանի խոսքերով «հաշտ ու խաղաղ» էին ապրում, իսկ գավառներում` պահպանում «բարեկամական պարզ, անկեղծ հարաբերություններ»:

1905-1906թթ հայ-թաթարական բախումները, որոնք համընկան հեղափոխության շրջանի հետ, ծավալվեցին հայերով ու թաթարներով բնակեցված գրեթե բոլոր շրջաններում, այդ թվում՝ Զանգեզուրում:

1918 թվականի վերջերին, երբ Օսմանյան կայսրությունը իրեն պարտված էր ճանաչել, սկսել էր զորքերի դուրս բերումը գրավյալ արևելահայկական հողերից, Զանգեզուրում տեղական հայկական վարչության և ոստիկանության համագործակցությամբ զորավար Անդրանիկը և նրա կամավորները իրենց ձեռքն էին վերցրել իշխանությունը, գրում է պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը:

1918 թվականի օգոստոսից մինչև 1919-ի մարտը զորավար Անդրանիկի ներկայությունը Զանգեզուրում կարևոր գործոն էր: Թեև բրիտանացիները 1919-ի հունվարին Խոսրով բեկ Սուլթանովին նշանակել էին Լեռնային Ղարաբաղն ու Զանգեզուրը շրջանն ընդգրկող ժամանակավոր ընդհանուր նահանգապետ, Զանգեզուրը, ի տարբերություն Արցախի, երբեք չհպատակվեց և Ադրբեջանի մաս չկազմեց:

Բրիտանացիները կարծում էին, որ եթե Նախիջևանն ու Կարսը միացվեն Հայաստանին, ապա հայերը կհրաժարվեն Լեռնային Ղարաբաղից և Զանգեզուրից: Դեռ Անդրանիկը և իր շուրջ 3000-անոց կամավորական զորագունդը չէր հեռացել Գորիս-Սիսիանից, երբ Հայաստանի կառավարությունը փոխգնդապետ Արսեն Շահմազյանին նշանակեց գավառային կոմիսար: Մյուս կողմից, Հայաստանի կառավարությունը չէր ցանկանում բացահայտ հակադրվել իր դաշնակից Մեծ Բրիտանիային, այդ պատճառով՝ ո՛չ վարչապետ Հովհաննես Քաջազնունին, ոչ էլ նրան հաջորդած Ալեքսանդր Խատիսյանը պաշտոնապես չհաստատեցին Շահմազյանի նշանակումը, թեև վերջինիս գլխավոր առաքելությունը Զանգեզուրը Հայաստանի մեջ ներառելու մեջ էր:

Մինչ այդ, 1919 թվականի փետրվարին, Ներքին գործերի նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքով, Հայաստանում կատարվեց վարչական առաջին բաժանումը: Հանրապետության տարածքը բաժանվեց հետևյալ գավառների՝ Երևան, Էջմիածին, Սուրմալու (Արաքսի աջ ափը, մոտավորապես համապատասխանում է այսօրվա Իգդիրի շրջանին, որ Թուրքիայի տարածքում է), Դարալագյազ (Վայոց Ձոր), Զանգեզուր, Նոր Բայազետ (Գավառ, այսօրվա Սևանա լճի ավազան), Դիլիջան, Ղարաքիլիսա (այսօր՝ Լոռու մարզ), Ալեքսանդրապոլ (այսօր՝ Շիրակ) և Կարս:  Կարսը, ինչպես և Նախիջևանը, ՀՀ մաս դարձան դաշնակից բրիտանացիների զորքերի աջակցությամբ: Եթե Կարսը ՀՀ կազմում մնաց մինչև 1920թ. հոկտեմբերի 30-ը, ապա Նախիջևանը ընդամենը երկու ամիս մնաց ՀՀ կազմում: Նախիջևանի շարունակությունը՝ Շարուրը, ՀՀ-ն կորցրեց Կարսի հետ գրեթե միաժամանակ:

Հայաստանում վարչական երկրորդ բաժանումը տեղի ունեցավ 1920-ի մայիսին: Ընդարձակված հանրապետությունը բաժանվեց ավելի մեծ միավորների՝ 4 նահանգների՝ Արարատ, Շիրակ, Վանանդ, Սյունիք:

Մինչ այդ, 1919թ ապրիլի վերջերին բրիտանացիները ևս մեկ փորձ էին արել, որպեսզի Զանգեզուրը ընդունի Սուլթանովի ժամանակավոր կառավարումը, սակայն հայերը մնացին անդրդվելի: Խատիսյանը, բրիտանացիների խոսքերով, երկակի խաղ էր խաղում: Մի կողմից Հայաստանի վարչապետը հայտարարում էր, որ կապ չունի Զանգեզուրի հայերի՝ բրիտանացիների պահանջներին չենթարկվելու և ընդվզելու հարցում, մյուս կողմից ֆինասնսավորում և աջակցում էր Շահմազյանին՝ ընդդեմ դաշնակից բրիտանացիների և հակառակորդ Ադրբեջանի:

Ապրիլ-նոյեմբեր ամիսներին Զանգեզուրում տեղի էին ունենում հայ-թաթարական տեղային կռիվներ, որոնց արդյունքում գավառի կենտրոնական և արևմտյան հատվածները մաքրվեցին մուսուլման բնակչությունից: Սիմոն Վրացյանը գրում է. «Հայերի և թուրքերի միջև մի շարք լուրջ բախումներ տեղի ունեցան Երիցաթումբի, Զեյվա-Հագարիի, Ներքին Հանդ, Նյուվադիի, Նորս-Գոմրիի, Մազրայի, Բազարչայ-Ղուշչի-Բիլագի, Մինքենդ-Խոզնավուրի և այլ ուղղություններում: Ամեն անգամ կռիվներին մասնակցում էին երկու կողմից 1500-3000 զինված ուժեր: Համարյա բոլոր դեպքերում էլ նախահարձակը թուրքերն էին. նրանք էին և չարաչար պարտվողը: Թուրքերի ձգտումն էր միացնել Զանգեզուրը Ադրբեջանին»:

Հայաստանի և Ադրբեջանի միջև արյունալի պատերազմը կանխելու մտահոգությամբ՝ բրիտանացիները 1919թ. նոյեմբերին Թիֆլիսում հրավիրեցին հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպում վարչապետներ Խատիսյանի և Ուսուպբեկովի մասնակցությամբ:

Նոյեմբերի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվեց համաձայնության, ըստ որի՝ երկու կառավարությունները պարտավորվում էին դադրեցնել տեղի ունեցող ընդհարումները և նոր ընդհարումների չդիմել, բացել Զանգեզուր տանող ճանապարհները՝ խաղաղ երթևեկի համար, բոլոր վիճելի հարցերը, այդ թվում սահմանավեճերը, լուծել խաղաղ համաձայնությունների ճանապարհով:

Վրացյանը գրում է. «Այս համաձայնությամբ վերջ գտավ Զանգեզուրի արյունահեղությունը, որ քիչ մնաց պատճառ դառնար հայ-ադրբեջանյան պատերազմի: Ճիշտ է, կռիվները փաստորեն շարունակվեցին, բայց այս անգամ արդեն նախահարձակը զանգեզուրցիներն էին: Նոյեմբերի վերջերին, ղափանցիները, Երևանից նոր հասած Նժդեհի գլխավորությամբ, մաքրվեցին Օխչի չայի ապստամբ շրջանը… Զանգեզուրն այլևս մաքրված էր ներքին թշնամուց»:

Այսպես, Զանգեզուրը Ադրբեջանին հպատակեցնելու փորձերը ձախողվեցին:

Ռիչարդ Հովհաննիսյանը գրում է, որ 1919թ աշնան ամիսների ընդհարումներից և անկանոն կռիվներից հետո, Հայաստանը և Ադրբեջանը տիրացան սահմանաբաժան գծի այն հակադիր կողմերին, որոնց սահմանները անփութորեն գծվել էին 1918թ դեկտեմբերին՝ բրիտանացի զորավար Թոմսոնի կարգադրությամբ, որպեսզի Անդրանիկը Ղարաբաղից հետ քաշվեր Զանգեզուր:

1918 թվականի հունիսից մինչև 1920-ի ապրիլ Հայաստանը և Ադրբեջանը չունեցան փոխադարձաբար ընդունելի սահմանագիծ, այդ թվում՝ Զանգեզուրի հատվածում:

Իրավիճակը փոխվեց, երբ 1920թ ապրիլին Ադրբեջանը խորհրդայանացվեց: Հունիս-հուլիսին, արդեն բոլշևիկյան Ռուսաստանի քաջալերանքով և մասնակցությամբ, ադրբեջանական զորքերը ներխուժեցին Զանգեզուր: Օգոստոսի 8-ին բոլշևիկյան ուժերը գրավեցին Գորիսը, երկու օր անց՝ Սիսիանը: Օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրով, որ ստորագրվեց Թիֆլիսում, խորհրդային զորքերի կողմից «վիճելի մարզերը՝ Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը, համարվում էին գրավված, սակայն խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների գրավումը չէր կանխալուծում այդ տարածքների հանդեպ Հայաստանի կամ Ադրբեջանի իրավունքի հարցը»:

1920 թվականի նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին իրավիճակը փոխվեց Հայաստանում: Բոլշիկների և քեմալականների հարվածների տակ իշխող ուժը՝ ՀՅԴ-ն, իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցեց Հայհեղկոմին, որը Բաքվում ձևավորվելով, նոյեմբերի 29-ին Իջևանով մտավ Հայաստան և այն հայտարարեց բոլշևիկյան: Դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված հայ-ռուսական համաձայնագրի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը խորհրդայնացվեց: Համաձայնագրի երրորդ հոդվածով՝ Խորհրդային Ռուսաստանը Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության (ՀՍԽՀ) մաս հանդիսացող տարածքներ էր ճանաչում նախկին Ռուսական կայսրության Երևանի ամբողջ նահանգը (այդ թվում՝ Նախիջևանը), Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի ողջ գավառը և Ղազախի գավառի արևմտյան և հարավային մասերը:

Իրականում, սակայն, համաձայնագրի դրույթները, որոնք վերաբերում էին տարածքներին, մասամբ իրականություն դարձան: Նախիջևանը անցավ Խորհրդային Ադրբեջանին, իսկ Զանգեզուրի և Ղազախի գավառները բաժանվեցին Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև: Ղազախի գավառի բաժանման վերաբերյալ փաստաթուղթ հայտնի չէ: Բաժանման հիմք է ընդունվել այն սահմանագիծը, որը միմյանցից բաժանում է գավառի հայկական և մուսուլմանական գյուղերը:

Զանգեզուրը բաժանելու, այն է՝ այս գավառում երկու խորհրդային հանրապետությունների միջև սահմանագիծ տանելու խնդիրը պատվիրակվեց հայ և ադրբեջանցի կոմունիստներին, գրում է այս շրջանը ուսումնասիրող պատմաբաններից Համո Սուքիասյանը: 1921 թ հոկտեմբերի 12-13-ին տեղի ունեցավ հայկական Զանգեզուրի և ադրբեջանական Ղուբաթլուի գավառների 43 «պատասխանատու գործիչների» խորհրդակցություն, որը որոշեց. «Ընտրել հանձնաժողով՝ պարզելու համար, թե որ գյուղերում են գյուղխորհուրդներ եղել, որոնց ներկայացուցիչները մայիսի 1-ին մասնակցել են համադարբեջանական խորհուրդների առաջին համագումարին, այդտեղ պետք է տարածվի Ղուբաթլուի գործադիր կոմիտեի իշխանությունը,  են  համաադրբեջանական խորհուրդների առաջին համագումարին, այդտեղ պետք է տարածվի  իսկ Զանգեզուրի հեղկոմի տարածք համարել այն, որը 1921թ հուլիսին մաքրվել է Նժդեհի բանդաներից»:

1921 թ ամռանը Զանգեզուրը շուրջ 4.5 հազար քառակուսի կիլոմետր տարածքով դե յուրե Խորհրդային Հայաստանի մաս կազմեց: Ալեքսանդր Մյասնիկյանի ստորագրությամբ Զանգեզուրի՝ Խորհրդային Հայաստանին կցված մասից կազմվեց գավառ Գորիս կենտրոնով, որն իր հերթին բաղկացած էր հետևյալ գավառակներից՝ Գորիսի, Տեղի, Սիսիանի, Ղափանի և Մեղրիի:

Պատմաբան Ջորջ Բուռնությանը իր «Հայ ժողովրդի համառոտ պատմություն» կոթողային հատորում գրում է. «Մյասնիկյանին հաջողվեց խաղաղեցնել Զանգեզուրը, որը Լենինի աջակցությամբ, մնաց Հայաստանի կազմում: Մոսկվան, հավանաբար, ի վերջո հասկացավ, որ Զանգեզուրը միակ բուֆերն է Թուրքիայի և Խորհրդային Միության թյուրքական ժողովուրդների միջև»:

1921 թ օգոստոսի 15-ին ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոն խորհրդայնացված Վրաստանին, Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել էր սահմանագծման վերաբերյալ ընդհանուր պայմանագիր ստորագրել: 1921-1922 թվականներին, երբ դեռ չէր ձևավորվել Անդրկովկասյան Դաշնությունը, Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև սահմանազատման մասին վերջնական համաձայնագիր չստորագրվեց, հայ-ադրբեջանական սահմանագիծը մնաց անորոշ և վիճելի:

1922-1936 թվականներին անդրկովկասյան երեք հանրապետությունները Թիֆլիս կենտրոնով ձևավորեցին Անդրկովկասյան Դաշնությունը և ԽՍՀՄ մաս կազմեցին:

Այս տարիներին մի քանի փորձեր արվեցին, այդ թվում Զանգեզուրում, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծ տանելու համար, քանի որ սահմանային շերտերում գտնվող հողատարածքների, անտառների, աղբյուրների պատկանելության և օգտագործման ժամանակ առաջ եկած վեճերը երբեմն ընդհարումների էին հանգեցնում, գրում է Սուքիաասյանը:

1923 թ փետրվարին Անդրկովկասյան Դաշնության Կենտրոնական գործադիր կոմիտեի (Կենտգործկոմ) նախագահությունը ձևավորեց Հողային հանձնաժողով, որը գործեց մինչև 1930 թվականի աշուն: Հանձնաժողովն ուներ 9 անդամ՝ նախագահ և երկու տեղակալ, որոնց նշանակում էր Կենտգործկոմը, և երկուական անդամներ երեք հանրապետություններից:

Այս տարիներին Հայաստանը և Ադրբեջանը տարածքային-սահմանային սուր վեճեր ունեին Շինիխ-Այրումի շրջանի, Ալ լճերի (Ալագյոլլար), Կապանի շրջակայքի 21 գյուղերի (Ողջի գետի ավազանի 20 գյուղ-գյուղակներ՝ 412 տուն, 1552 անձ և Ծավ գետի ավազանի մեկ գյուղ՝ 25 տուն, 100 անձ) և Մեղրու երեք գյուղերի (Նյուվադի, Էյնաձոր, Թղութ՝ միասին 175 տուն, 664 անձ) պատկանելության, Զանգեզուրի և Ադրբեջանի Քուրդիստանի գավառների տարբեր բնակավայրերի միջև, նաև որոշակի հակասություններ Խորհրդային Հայաստանի և Նախիջևանի սահմանագծման հարցերում:

Հողային հանձնաժողովը 1929 թ հունվարի 29-ից մինչև փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում գումարած նիստերի ընթացքում քննարկեց և որոշում կայացրեց նաև Խորհրդային Հայաստանի և Նախիջևանի միջև 9 բնակավայրերի (Դարալագյազի գավառի Կուրթղուլաղ, Հորադիս, Օղբին, Աղխաչ, Դիգին-Ալմալու, Ալմալու, Իթղռան, Սուլթանբեկ, Մեղրու գավառի Կարճևան գյուղերի) վիճելի համարվող հողատարածքների վերաբերյալ:

Անդրկովկասյան Դաշնության ղեկավարությունը, տեսնելով, որ հանրապետությունները չեն կարողանում հասնել համաձայնության, որոշեց Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող սահմանային խնդիրները «մեկ փաթեթով» լուծել, գրում է Սուքիասյանը: 1929 թ. փետրվարի 18-ին Անդրկենտգործկոմի նախագահությունը մանրամասն քննության առավ դաշնության մեջ մտնող հանրապետությունների սահմանային գավառների միջև գոյություն ունեցող հողային և անտառային վեճերի թեման՝ կուտակված և անընդհատ հետաձգվող հարցերին վերջնական լուծումներ տալը համարելով խնդիր:

Չնայած այս հանգամանքին՝ նիստի ընթացքում ընդունված որոշումները հետագայում միանշանակ չընդունվեցին: Մասնավորապես, Շինիխ-Այրումի վիճելի տարածքի դեպքում, հողատարածքի երեք քառորդը միացվեց Ադրբեջանին, որով և Հայաստանի տարածքում հայտնվեց Ոսկեպարի հարևանությամբ գտնվող անկլավը: Արծվաշեն գյուղը նեղ հողաշերտով կապվելու էր Խորհրդային Հայաստանի հետ. հետագայում այդ հողաշերտն անցավ Ադրբեջանին, և Արշվաշենը վերածվեց անկլավի: Ալ լճերի դեպքում որոշվեց ամբողջ վիճելի տարածքը հանձնել Քուրդիստանի գավառին: Կապանի 21 գյուղերը միացվեցին Ադրբեջանին, իսկ Նյուվադին, Էյնաձորը և Թղութը՝ Հայաստանին: Մանրամասն նկարագրությամբ հաստատվեց Զանգեզուրի և Քուրդիստանի գավառների սահմանագիծը՝ ըստ 1928 թ.-ի օգոստոսի 24–28-ին կողմերի միջև կայացած համաձայնության: Որոշվեց նաև ՀՍԽՀ կազմում թողնել Նախիջևանի հավակնության առարկա դարձած 9 գյուղերը: Մեղրու գավառի Կարճևան և Օրդուբադի գավառի Քիլիտ գյուղերի սահմանային վիճելի համարվող հողամասը գրեթե հավասարապես բաժանվեց երկու գյուղերի միջև:

1929 թ.-ի ամռանը և աշնանը, ինչպես նաև 1930 թ.-ի ընթացքում սահմանագծման և սահմանային նշանների տեղադրման աշխատանքներ իրականացվեցին հայ-ադրբեջանական սահմանագծում:

Թաթուլ Հակոբյան

22 սեպտեմբեր, 2021թ