Փաշինյան. Էյվազլի և Չայզամի կետերը գտնվում են Հայաստանի տարածքից դուրս

1507

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ 2020 թվականի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի երկու հատվածներ, որոնք դուրս են գալիս Հայաստանի Հանրապետության կամ Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից, անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ-ի տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար:

«Քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել օտարերկրյա բեռների տարբերակը, տվյալ իրավիճակում Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը, թերևս ի պատասխան մեր այն հայտարարությունների, որ թե՛ նոյեմբերի 9-ի և թե՛ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ հիշատակված չէ ՀՀ-ի տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթ, և Հայաստանի Հանրապետությունն, ընդունելով, որ տարածաշրջանի կոմունիկացիաները պետք է բացվեն, այնուամենայնիվ արձանագրում է, որ օտարերկրյա բեռները ՀՀ տարածքը հատելիս, այդ թվում` Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախիջևանի ինքնավար հանրապետություն գնալիս պետք է հատեն մաքսային, անձնագրային և այլ կետեր, ինչպես սահմանված է ԱՊՀ երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունն ապահովող իրավապայմանագրային բազայում»,- ասաց նա:

Փաշինյանը, ըստ Ազատության, անդրադարձավ նաև մեկ այլ հարցի, թե ինչու է կառավարության նիստում ինքը նշել և հաղորդագրությունների մեջ նշվել ադրբեջանական տեղանունները՝ Էյվազլի և Չայզամի:

«Դա արվել է մի պարզ պատճառով, որ ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի, որ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքում»,- ասաց Փաշինյանը: