1925-ին Խորհրդային Հայաստանում՝ 123 քրդական, թուրքական, ասորական, հունական և ռուսական դպրոցներ

2279

Այս գրությունը տեղ է գտել Հալեպի Սուրիական մամուլ օրաթերթում՝ 1925 թվականի օգոստոսի 19-ի համարում՝ վերջին՝ 4-րդ էջում: Սուրիական մամուլը եղել է ՍԴՀԿ-ի Սիրիայի շրջանակի օրգանը: Լույս է տեսել 1922-1927 թթ: Արտոնատերը եղել է Հ. Թորոյանը, խմբագիրները՝ Վարդ Մեխակը (Վ․ Գարանֆիլյան), Ս. Տխրունին: Օրաթերթը անդրադարձել է Խորհրդային Հայաստանի մշակութային, տնտեսական իրադարձություններին:

Սարգիս Քէտէրեանը ծնվել է 1898 թվականին, Սիսում: Սովորել է Սսի Ազգային քոլեջում, այնուհետև 1912 թվականին ընդունվել է Այնթափի քոլեջ: Հաճընի գրավումից հետո անցել է Հալեպ, որտեղ խմբագրել է Սուրիական մամուլը: 1929 թվականի հունվարի 17-ին, Բեյրութում, սպանվել է իր քաղաքական հակառակորդների կողմից:

Ծանոթագրություն ԱՆԻ կենտրոնի

—–

Կրթական գործը Հայաստանի փոքրամասնութիւններուն մէջ

Քիւրտերը.- 1920ի Նոյեմբերէն սկսեալ կառավարութիւնը քիւրտերու համար բացած է 7 դպրոց եւ մէկ կայան կարդալ չգիտցողներու համար:

Թուրքերը.- Թուրքերու մէջ կրթական աշխատանքը շատ յառաջադիմած է: ներկայիս 105 դպրոցներ կան եւ 42 կայաններ: 1924 Սեպտեմբերէն սկսեալ նոր այբուբէնի գործածութիւնը յաջող արդիւնքներ տուած է:Երեւանի մէջ բացուած է մէկ մանկապարտէզ, մէկ մանկատուն, Ա. եւ Բ. աստիճանի դպրոցներ, բանուորական ֆաքիւլթէի թրքական բաժին եւլն: Ուսումը երկսեռ է դպրոցներու մէջ: Թուրք կինը իր մասնակցութիւնը կը բերէ մամուլին, միթինկներուն եւ բեմին:

Ասորիները.- Հայաստանի հանրապետութեան սահմաններուն մէջ կը գտնուին 5 ասորաբնակ գիւղեր որոնք ունին իրենց դպրոցները:

Յոյները.- Հայաստանի խորհրդայնացումէին յետոյ հոն ապրող յոյն փոքրամասնութիւնը նկատելի կերպով թօթափելու վրայ է իր ռուսացումը: Ներկայիս չորս յունական դպրոցներ գոյութիւն ունին:

Ռուսերը.- Ռուսական դպրոցներու թիւը 2 է եւ 3 հատ ալ մանկապարտէզ բացուած է:

Ազգային փոքրամասնութեանց այս դպրոցներուն մէջ դասերը կը տրուին իրենց մայրենի եւ (հայերէն) լեզուներով:

Սուրիական մամուլ, 19 օգոստոս, 1925թ, թիւ 453

Լուսանկարում՝ Երևան, Երվանդ և Իսահակ Տեր-Ավետիքյան եղբայրների առանձնատունը Հանրապետության փողոցում, 1920-ականներ