Երազգավորս գյուղը գտնվում է Ախուրյան գետի ձախ կողմում, ծովի մակերևույթից մոտ 1500 մետր բարձրության, մարզկենտրոն Գյումրիից 11 կմ հարավ-արևմուտք հեռավորության վրա, Ախուրյանի ջրամբարի հարևանությամբ:
Ախուրյանի ջրամբարը ունի 525 մլն մ³ ծավալ։ Կառուցվել է Խորհրդային Միության և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում: Ախուրյան գետի ջրօգտագործումը, հետագայում՝ նաև Ախուրյանի ջրամբարինը, կատարվում է Թուրքիայի հետ համատեղ՝ 50/50 սկզբունքով՝ 1927 թվականին ձեռք բերված միջպետական համաձայնագրի հիմքով:
Երազգավորսը մինչև 1945 թվականի դեկտեմբերի 7-ը կրել է Արալըխ անունը:
Երազգավորսը սահմանակից է Բայանդուր և Գետք համայնքներին, ինչպես նաև՝ ժամանակակից Թուրքիային:
20-րդ դարի նշանավոր հայ ազգագրագիր Զավեն Կորկոտյանի հատորում գյուղի բնակչության թվաքանակի տվյալներ նշվում է 1886-ի մարդահամարում, իսկ դրան նախորդող՝ 1873-ի մարդահամարում չի նշվում, ինչից կարելի է ենթադրել, որ այստեղ բնակչություն է հաստատվել 1873-ից հետո կամ բնակիչները վերադարձել են այդ թվականից հետո, եթե Արալըխը ավերված բնակավայրերից է եղել:
Կորկոտյանի մոտ ազգային դասակարգումն այսպիսին է՝ հայ, իսլամ/թաթար/թրքո-թաթար, այլ:
Երազգավորսի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1886 թվական – 300 հոգի, բոլորը՝ այլ
1897 թվական – 397 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ
1904 թվական – 441 հոգի
1914 թվական – 510 հոգի, հիմնականում՝ կարափափախ, ըստ Կովկասյան օրացույցի
1919 թվական – 586 հոգի, հիմնականում՝ թուրքեր
1922 թվական – 534 հոգի, բոլորը՝ հայ
1926 թվական – 925 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 912-ը՝ հայ, 13-ը՝ այլ
1931 թվական – 1168 հոգի, բոլորը՝ հայ:
Ախուրյանի շրջանը կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։ Այն այսօր մաս է կազմում Շիրակի մարզի:
Կարդալ և դիտել նաև՝
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը












