Թուրքիայից ներգաղթ Խորհրդային Հայաստան. 1927 թ

3513

Նախաբան. այս տեղեկությունը մեջբերում է ԱՄՆ-ում լույս տեղնող ՀՅԴ Հայրենիք ամսագրից, որն իր հերթին մեջբերել է “Խ. Հ.”, այսինքն՝ “Խորհրդային Հայաստան” թերթի հրապարակումը: Այս հրապարակումից պարզվում է, որ Արևմտյան Հայաստանի գավառներում մնացած հայության մի հատվածը 1927-ին ներգաղթել է Խորհրդային Հայաստան:   

Այս տեսութեան երկրորդ մասում ընթերցողը կը կարդայ ներգաղթային այն լայն ձեռնարկութիւնների մասին, որ սկսել է Քեմալի կառաւարութիւնը իր երկրի զանազան մասերը եւ մասնաւորապէս Հայաստանի նահանգները թուրքերով լեցնելու համար:

Կովկասից եկող թուրք գաղթականների համար տաճկահայկական վիլայէթներում ծրագրւում է 500 նոր գիւղեր կառուցել: Եւ դրա կողքին՝ “մեր կառավարութեան” կատարած ներգաղթը:

Առանց ամաչելու եւ նոյնիսկ կարծես թէ մի քիչ պարծենալով հայ կոմունիստ թերթերը գրում են, որ ծրագրուած է սոյն տարուան ընթացքում Հայաստան ընդունել 300 ծուխ (1500 հոգի) “աշխատաւոր գաղթականներ”: Միա՜յն 300 ծուխ:

Այդ “մեծ” գործի համար “մեր կառավարութիւնը” նախատեսել է 176,535 ռուբլի: Հողային կոմիսարիատին առաջարկուած է “անմիջապէս անցնել տեղափոխման եւ տեղաւորման աշխատանքներին այն հաշուով, որ այսպիսիներն աւարտուեն ոչ ուշ, քան նոյեմբեր մէկը”:

Որ մինչ այդ ժամանակ այդ 300 ծուխն անգամ Հայաստան չպիտի մտնի ու տեղաւորուի, մենք վստահ կարող ենք պնդել այսօր եւս, երբ նոյեմբերը այնքան մօտ է եւ երբ Հայաստան է գնացել միայն մի խումբ, իսկ երկրորդ խմբի տեղափոխութեան մասին դեռ ոչ մի խօսք չկայ:

Այդ առաջին խումբը, որ օգոստոսի 29-ին Պոլսից Հայաստան է գնացել, բաղկացած է եղել 126 ընտանիքից կամ 400 անձնաւորութիւնից: Այս թուից 9 ընտանիք մնացել են Սոխում, 2 ընտանիք՝ Սեվաստոպոլ եւ մէկ ընտանիք՝ Թիֆլիս, թուով 24 հոգի: Դրանք բոլորը պատսպարուել են իրենց բարեկամների մօտ: Հայաստան գնացածներից 105 հոգի մնացել են Լենինականում, քաղաքի վերաշինութեան գործում աշխատելու, իսկ մնացածը գնացել է Երեւան եւ Երեւանի գաւառը, այնտեղ տեղաւորուելու համար: Այդ գաղթականները Տաճկաստանի զանազան շրջաններից են եւ բոլորն էլ որակեալ գործաւորներ – անասնաբուժներ, մետաքսագործներ, ծխախոտագործներ, որմնադիրներ եւայլն:

“Խ. Հ.” յայտնում է, որ Երեւան հաստատուածների տնտեսական վիճակը լաւ է եւ ոչ ոք կարիք ունի պետական օգնութեան:

Հայրենիք ամսագիր, Զ տարի, թիւ 1 (61), նոյեմբեր, 1927, էջ 166-167:

Լուսանկարում՝ Արաքսը, լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի

Դիտել նաև՝