Լեռնահովիտ գյուղի բնակչությունը 1886-1931 թվականներին. Տաշիրի շրջանի հայ կաթոլիկները

4289

Լեռնահովիտ գյուղը գտնվում է Լոռու մարզի Տաշիրի (նախկինում՝ Վորոնցովկա, Կալինինո) տարածաշրջանում, ծովի մակարդակից 1650 մետր բարձրության վրա, Տաշիր քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից` 62 կմ հեռավորության վրա:

Հայաստանի ամենամեծ կաթոլիկ գյուղերից է: 

Նախկինում ունեցել է Փոքր Ղարաքիլիսա և Ղարաքիլիսա անունները: Լեռնահովիտ է վերանվանվել 1978 թվականից:

Գյուղը հիմնադրվել է 1822-1823 թվականներին: Գյուղի բնակիչները գաղթել են Մուշից և Էրզրումից:

Այս գյուղը այսօր առավել հայտնի է նրանով, որ այստեղ է ծնվել ու մեծացել աշխարհի ամենահարուստ հայը` ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանը: Մյուս եղբայրը` Կարեն Կարապետյանը, Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարն էր, այսօր՝ Ազգային ժողովի պատգամավոր:

новый-коллаж80

Լեռնահովիտ գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1886 թվական – 500 հոգի, որից 496-ը՝ հայ, 4-ը՝ այլ

1897 թվական – 715 հոգի (ցարական մարդահամար), որից 713-ը՝ հայ կաթոլիկ, 2-ը՝ եզդի

1908 թվական – 725 հոգի

1922 թվական – 1088 հոգի, որից 1086-ը՝ հայ, 7-ը՝ այլ

1926 թվական – 1411 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 1406-ը՝ հայ, 5-ը՝ եզդի

1931 թվական – 1632 հոգի, որից 1625-ը՝ հայ, 7-ը՝ եզդի

Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”

Պատմությունը

Այսօրվա Տաշիրի շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու աղկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր: 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:

Ահա այդ պատճառով՝ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Տաշիրի շրջանի նկատմամբ, այն համարելով վրացական հող: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Տաշիրի՝ Վորոնցովկասյի շրջանը, Լոռու «Չեզոք գոտու» կազմում էր:

Ահա մի քանի կարճ հաղորդագրություն, թե ինչպես է խորհրդահայ մամուլը անդրադարձել Տաշիրի՝ Հայաստանի միացմանը:

Վարանցովկան կցվում է Խորհ. Հայաստանին 

Արտժողկոմ ընկեր Մռավյանից ստացված հեռագրի համաձայն Լոռու շրջանի հեղկոմի նախագահ ընկ. Օհանջանյանը ամսի 11-ին մեկնել է Վարանցովկայի շրջանը, որպեսզի այդ շրջանը Խորհ. Հայաստանի հողամասին կցվելու համար պահանջվող ձևականությունները կատարի: «Խորհրդային Հայաստան», թիվ 12, 14 հունվար, 1922թ.

Հունվարի 18-ին գավառային հեղկոմի ներկայացուցիչ ընկ. Օ. Օհանջանյանը Վրաստանից բաժանված շրջանն ընդունեց: «Խորհրդային Հայաստան», թիվ 19, 25 հունվար, 1922թ.

Խորհրդային տարիներին

Տաշիրի շրջանը, որ Խորհրդային Հայաստանում կոչվում էր Կալինինոյի շրջան, կազմավերվել է 1937-ին: Կալինինոյի շրջանի վարչական կենտրոնը Կալինինո (Տաշիր) քաղաքն էր։ Ուներ 1 քաղաք (Կալինինո), 1 քաղաքային և 13 գյուղական խորհուրդ։

Բնակավայրերն էին. 

Բլագոդարնոյե, նախկինում՝ Կիրիլովկա

Գետավան

Դեմուրչիլար, այսօր՝ Գոգավան

Էվլու, այսօր՝ Ձորամուտ

Իլմազլու, այսօր՝ Դաշտադեմ

Լեռնհովիտ

Կաթնառատ

Կրուգլայա Շիշկա

Ղարաիսա, այսօր՝ Մեղվահովիտ

Ղարաղալա, այսօր՝ Նորամուտ

Ղզըլդաշ, այսօր՝ Արծնի

Ղզըլշաֆակ, այսօր՝ Ձյունաշող

Մեդովկա

Շահնազար, այսօր՝ Մեծավան

Միխայելովկա

Նորաշեն

Նովոսելցովո

Պետրովկա

Պրիվոլնոյե

Սարատովկա

Սարչապետ

Սարիար

Սոյուղբուլաղ, այսօր՝ Պաղաղբյուր

Դիտել նաև՝

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը