Աֆղան վարձկանները Արցախյան պատերազմում. 1993-1994 թթ արյունոտ ձմեռը

4025

Պատերազմի տարիներին, հատկապես 1993-ի աշնանը, ոչ միայն Ադրբեջանն էր հաշվի նստում ԼՂ-ի հետ, այլ` միջազգային հանրությունը: Ռուսաստանի արտգործնախարար Կոզիրևի (ռուս միջնորդ Կազիմիրովի ներկայությամբ) հեռախոսազրույցները Ալիեւի, Քոչարյանի և Տեր-Պետրոսյանի հետ նաև դրա մասին էին խոսում: Կոզիրևը նոյեմբերի 9-ին Տեր-Պետրոսյանի հետ զրույցում ընդգծում է, թե առանց Հայաստանի օգնության ՙղարաբաղյան զինված կազմավորումների զավթողական գործողություններն անհնար կլինեին՚: Ռուսաստանի արտգործնախարարը հիշեցնում է, որ Հայաստանը հակամարտության անմիջական մասնակից է, որին հետեւում է Տեր-Պետրոսյանի պատասխանը. ՙԴա` մեր մեջ՚:

Նույն օրը Քոչարյանի հետ զրույցում Կոզիրևը հորդորում է զորքերը հետ քաշել հոկտեմբերի 20-ի դիրքերը կամ խորհրդանշական ձև ով մեկ շրջան ազատել: ՙԵս քարտեզի վրա որոշ ժամանակ կաշխատեմ: Տարածքները թույլ են տալիս՚,- հետևում է պատասխանը Ստեփանակերտից: Ալիևը Կոզիրևի հետ հեռախոսազրույցում սրտնեղում է, թե ինքը Ադրբեջանը դեմքով դեպի Ռուսաստան է դարձրել, սակայն դժվար պահին օգնություն չստացավ: Նա ընդգծում է, որ ԼՂ ղեկավարների հետ շփումների մեջ է մտել, սակայն Քոչարյանը փորձում է իր պայմանները թելադրել:

ՄԱԿ-ի ԱԽ-ն հոկտեմբերի 14-ին ընդունել էր ղարաբաղյան երրորդ` թիվ 874 բանաձև ը, որը կողմերին կոչ էր անում Ռուսաստանի աջակցությամբ` ուղիղ բանակցությունների միջոցով հաստատված զինադադարը դարձնել արդյունավետ և մշտական: Կոչ էր արվում զինուժի դուրսբերում գրավյալ տարածքներից, հաղորդակցությունների վերականգնում, թշնամական գործողությունների դադարեցում:

Ադրբեջանը մերժեց բանաձև ը, ավելի ճիշտ` ՙԱնհետաձգելի միջոցառումների հարմարեցված ժամանակացույցը՚, քանի որ դա, թեև նախատեսում էր ղարաբաղյան ուժերի` գրավյալ տարածքներից դուրսբերում, բայց մյուս կողմից ենթադրում Ադրբեջանի` Հայաստանի և ԼՂ-ի շրջափակման վերացում: Բաքվում գանգատվեցին, թե իրենց հետ վարվում են իբրև ՙպարտված կողմի՚:

Բաքուն կրկին ստացավ բանաձև, որի ընդունման նախաձեռնողն էր, սակայն չէր ձգտում, որ կյանքի կոչվի: Ալիևը պատրաստվում էր ռազմական նոր հարձակման` ճակատի ողջ երկայնքով, մինչդեռ բանաձևը հորդորում էր ռազմական և թշնամական գործողությունների անհապաղ դադարեցում: Հոկտեմբերի 21-ին աֆղան մոջահեդների գումարտակը ղեկավարում էր ղարաբաղյան ուժերի դեմ անակնկալ գրոհը Ջեբրայիլի ուղղությամբ:

Հրադադարը կրկին խախտվեց, և օգտագործելով առիթը` ղարաբաղյան ուժերն Արաքսի ափի ադրբեջանական ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ ձեռնարկեցին նոր գրոհներ: Ռուսաստանի ջանքերով հաստատված հրադադարը պահպանվեց ամբողջ 50 օր, սակայն, ինչպես ընդունել է Ալիևը Կոզիրևի հետ հեռախոսազրույցում, ադրբեջանական կողմի մեղքով այն խախտվեց:

1993թ. դեկտեմբերին Վիեննայում ԵԱՀԽ ամենշաբաթյա հանդիպմանը, առաջին անգամ պաշտոնապես հայտարարվեց, որ պատերազմում աֆղան մոջահեդներ են հայտնվել: ՙԵԱՀԽ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Կոռնբլյումը, դատապարտելով աֆղան մոջահեդների մասնակցությունը, դա որակեց վտանգավոր զարգացում: Հետագայում պարզվեց, որ մոջահեդներին Աֆղանստանից Ադրբեջան բերելուն օժանդակել են ամերիկյան հետախուզության հետ կապ ունեցող ամերիկացիներ՚,- ասում է ԵԱՀԽ-ում 1993-94թթ. Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Այվազյանը:

Հոկտեմբերին դեպի Արաքս հակագրոհն սկսելուց առաջ, ղարաբաղյան կողմը ռադիոյով դիմում է ադրբեջանական բնակչությանը` պահանջելով հեռանալ շրջանից: Նրանք, ովքեր հնարավորություն ստացան և լսեցին նախազգուշացումը, կարողացան փախչել դեպի Իրան` օգտվելով Հորադիզի կամրջից: Որոշ ժամանակ անց կամուրջը պայթեցվեց, և ադրբեջանցիները փրկվելու համար ստիպված եղան լողալով կտրել Արաքսը: Նրանց մի մասը խեղդվեց գետում:

Հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում ղարաբաղյան ուժերը գրավեցին Հորադիզը, Մինջևանը և  Զանգելանի շրջանն ամբողջությամբ: Հայերի կողմից զոհերի և վիրավորների թիվը մի քանի տասնյակ էր, ինչը ցույց է տալիս, որ լուրջ դիմադրություն չի եղել: Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդռաֆի Մամեդովն ասել է. ՙՍեպտեմբերի վերջերին ես գնացի Զանգելան: Տեղում ծանոթանալով իրավիճակին` հասկացա, որ տեխնիկայի և զինուժի պակաս կա: Այդ ժամանակ Զանգելանին շրջակա բոլոր շրջանները գրավման տակ էին: Հայերը պահի էին սպասում` գրավելու Զանգելանը: Եվ երբ նման հնարավորություն ստեղծվեց, նրանք գրավեցին: Նկատեմ, որ մեր զորքերն այդ ժամանակ պատրաստ չէին հարձակողական գործողությունների: Զանգելանի և մյուս շրջանների բնակչությունը չպետք է փախչեր հարազատ վայրերից, այլ մնար և պարտիզանական պատերազմ մղեր՚:

Դեկտեմբերի 11-ին Ալիևը ղարաբաղյան ուժերի գրաված ադրբեջանական շրջանների ղեկավարների և զինվորական հրամանատարության հետ հանդիպմանը, որը ցուցադրվում էր հեռուստատեսությամբ, յուրաքանչյուրից առանձին բացատրություն էր պահանջում, թե ինչո՞ւ են փախել` առաջ ընկնելով բնակչությունից: Խոսելով Ֆիզուլիի և Ջեբրայիլի կորստից` Ալիևը հրամանատարներին մեղադրեց, որ ռազմաճակատը պաշտպանելու փոխարեն Բաքվում առանձնատներ են կառուցում: Ալիևը դառնությամբ նշում էր, որ Զանգելանի շրջանը պաշտպանելիս ընդամենը 27 զինվոր է զոհվել:

Ղարաբաղյան ուժերի` դեպի Արաքսի ջրեր դուրս գալու գործողությունները տեղի էին ունենում այն օրերին, երբ ԵԱՀԽ գործող նախագահ Մ. աֆֆ-Ուգլասը և նրան ուղեկցող դիվանագետները այցելում էին Թբիլիսի, Բաքու և Երևան: Մինչ այդ Հռոմում տեղի էր ունեցել Մինսկի խմբի հանդիպումը, պետքարտուղար Քրիստոֆերը ժամանել էր Մոսկվա: Վիեննայում նոյեմբերի առաջին շաբաթը կայացավ Մինսկի խմբի նոր հանդիպում. կողմերին հանձնվեց ՙԱնհետաձգելի միջոցառումների ժամանակացույցի՚ նոր տարբերակը: Ադրբեջանը կրկին մերժում է:

Դավիթ Շահնազարյանը պնդում է, որ զինադադարի հասնելու համար պետք էր ընդամենը մեկ բան՝ Ադրբեջանի ցանկությունը. ՙԱլիևն իշխանության գալուց անմիջապես հետո իր առաջ ռազմական խնդիր դրեց, սկսեց պատրաստվել դեկտեմբերյան հարձակմանը: Ադրբեջանը ծախսեց 100 մլն դոլար, այն ժամանակվա համար` աստղաբաշխական թիվ: Այսօր ադրբեջանցիները խոսում են Ռուսաստանից Հայաստանին օգնելուց, իրականում` Ռուսաստանից զենք են ձեռք բերել և’ Հայաստանը, և’ Ադրբեջանը: Ռուսաստանը միշտ փորձում էր պահել հավասարակշռությունը: Զինադադար չհաստատելու հարցում միակ խոչընդոտը Ադրբեջանի դժկամությունը և հարցը ռազմական ճանապարհով լուծելու նրանց քաղաքականությունն էր՚:

1993թ. նոյեմբերի 12-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունում է ղարաբաղյան հակամարտության իր չորրորդ և  վերջին` թիվ 884 բանաձևը, որում տագնապով նշվում էր ռազմական գործողությունների ծավալումը և, ի պատասխան այդ խախտումների, ուժի չափից ավելի կիրառումը, մասնավորապես` Զանգելանի շրջանի և Հորադիզ քաղաքի գրավումը: Բանաձևը Հայաստանի կառավարությանը հորդորում էր օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի ԼՂ-ն  կատարի նախորդ երեք բանաձևերի դրույթները:

Անվտանգության խորհրդի բանաձևերում, ինչպես հետագայում գրեց Վաֆա Գուլուզադեն, ադրբեջանական կողմի համար միակ մխիթարական պահն այն էր, որ ճանաչվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: ՙԱյսօր, վերընթերցելով այդ բանաձևերը, ես ամաչում եմ նրանց փոխարեն, ովքեր շարադրել են դրանք: Ես նկատի չունեմ մեր դիվանագետներին, որովհետև նրանց խնդրանքներն ու աղաչանքները` դատապարտել Հայաստանի ագրեսիան, մնում էին ձայն բարբառո անապատի: ՄԱԿ-ի ԱԽ-ում ամեն բան արվում էր, որպեսզի հարվածը Հայաստանից հեռու պահվի, նրան ազատի ագրեսիայի պատասխանատվությունից՚:

Պատերազմի վերջին ամիսներն ամենաանողոքն էին. դեկտեմբերից մինչև մայիսյան զինադադար հայկական կողմերը տվեցին երկու հազարից ավելի սպանված, ադրբեջանցիները՝ ավելի քան հինգ հազար: 1993-ի նոյեմբերի17-18-ը Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի միջնորդությամբ Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ հանդիպում Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի և Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի միջև, որը, սակայն, չկանխեց արյունահեղությունը:

Հրադադար հաստատելու նպատակով Բաքվի իշխանությունների հետ բանակցում էր Կազիմիրովը: Ցամաքային ճանապարհով ադրբեջանա-հայկական սահմանը անցնելուց առաջ տեղի ունեցավ տհաճ միջադեպ: Նոյեմբերի 20-ին Աշաղը Աքսիպարա գյուղի մոտ, հավանաբար հայկական դիրքերից, գնդակոծվեց Կազիմիրովին ուղեկցող մեքենաներից մեկը, երկու զինվոր վիրավորվեց: Մոսկվայի արձագանքը խիստ էր, Ռուսաստանը պահանջեց հրապարակավ ներողություն խնդրել: ՙԱնկախ հանգամանքներից, հայտնում եմ իմ ափսոսանքը կատարվածի առիթով, չնայած պետք է խոստովանել, որ ինձ համար հասկանալի չէ միջադեպի բոլոր մանրամասնությունները պարզելուց առաջ արված ձեր հայտարարության կտրուկ հնչերանգը՚,- Կոզիրևին գրում է Փափազյանը:

Հայկական կողմի պնդումներով, սահմանային միջադեպից հետո Ռուսաստանը ադրբեջանական բանակին օգնություն է ուղարկում 200 ռազմական խորհրդատուների: Վահան Շիրխանյանը 1993-94թթ. ձմռանը ղարաբաղյան կողմի ձախորդության պատճառներից մեկը կապում է ռուսների միջամտության հետ: Իր հերթին Թուրքիան օժանդակում էր սպառազինման և ուսուցման խնդիրներում. 1992թ. վերջին Ադրբեջան գործուղվեցին 100 թուրք զինվորական խորհրդականներ:

Մամեդռաֆի Մամեդովը պատերազմի վերջին, բայց ամենաարյունալի փուլն այսպես է մեկնաբանում. ՙՄեր առաջ դրված էր առաջադրանք` ազատագրել գրավյալ տարածքները: Առաջին հերթին մենք ծրագրել էինք առաջ շարժվել մոտ 50 կմ ու ազատագրել Աղդամի և Ֆիզուլիի շրջանները: Ինչո՞ւ չկարողացանք: Պատճառը պարզ է. ուժերը չբավարարեցին: Բացի այդ, Հորադիզի և Բեյլագանի ուղղությամբ 25 կմ առաջ շարժվելով` զինվորներն ու սպաները սկսեցին լքել դիրքերը, և ստիպված էինք կանգ առնել՚:

Ադրբեջանական բանակին պարտությունից չփրկեց նաև աֆղան վարձկանների ներգրավումը, թեև ՙՀորադիզ՚ կայարանը վերագրավելու հարցում նրանց դերակատարությունը եղել է առանցքային: Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը 1993թ. նոյեմբերի 8-ին հաղորդել էր, որ ԼՂ-ի դեմ կռվում են մոտ 1000 աֆղան մոջահեդներ: Նույն օրը ՙԲոստոն գլոբը՚ գրել էր, որ օգոստոսից մոտ 1500 աֆղան մոջահեդներ վարչապետ Գյուլբուդդին Հեքմաթյարի կարգադրությամբ ուղարկվել են ղարաբաղյան ճակատ: Օգոստոսի կեսերին Ալիևը գաղտնի Աֆղանստան էր գործուղել ներքգործնախարարի տեղակալ Ռովշան Ջավադովին` Հեքմաթյարի հետ պայմանավորվելու վարձկաններ ուղարկելու հարցում: Մի քանի շաբաթ անց մոջահեդները տեղավորվել էին Մինգեչաուրում:

Աֆղան վարձկանների թիվը եղել է 1500-2500, նրանց կենտրոնատեղին Աղդամից հյուսիս, Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում էր: 1994թ. մարտ-ապրիլ ամիսներին` ՙՀյումըն ռայթս ուոչ՚-ի ներկայացուցիչները մոջահեդներին տեսել են Բաքվի ՙԱդրբեջան՚ հյուրանոցում, պաշտպանության նախարարության շրջակայքում և Բարդա քաղաքում:

ՙՂարաբաղում ռազմական գործողությունների թեժ շրջանը եղավ 1993-ին: Արդեն ոչ թե տեղական մարտեր էին, այլ գործնականում համընդհանուր ճակատի գիծ և զանգվածային մարտական գործողություններ` ժամանակակից զենքերի կիրառումով, ընդարձակ տարածքների զավթմամբ: Նախաձեռնությունն անցավ հայերին. ղարաբաղցիներից և տարբեր երկրների կամավորներից բացի այնտեղ մարտնչում էին Հայաստանի կանոնավոր զորքերը: Մյուս կողմը հավաքագրել էր տարբեր վարձկաններ, այդ թվում շատ սպաներ Ռուսաստանի մի շարք մարզերի զինկոմիսարիատների միջոցով և շուրջ երկու հազար աֆղան մոջահեդներ՚,- գրում է Կազիմիրովը:

1993թ. դեկտեմբերի 22-ին Հայաստանի նախագահը նամակներ է հղում Աֆղանստանի նախագահ Բրհան Էդ-Դին Ռաբանիին և վարչապետ Գոլբ Էդ-Դին Հեքմաթյարին, որոնցում մտահոգություն է արտահայտում ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական ստորաբաժանումների կազմում աֆղան մոջահեդների մասնակցության վերաբերյալ: Տեր-Պետրոսյանը հույս է հայտնում, որ դա կատարվում է առանց Աֆղանստանի ղեկավարության գիտության և այդ փաստերը կարժանանան նրանց ուշադրությանը: Ռաբանին պատասխան ուղերձում գրում է. ՙԵս ստացա և ուսումնասիրեցի Ձեր ուղերձը որոշ անպատասխանատու աֆղանցիների մասին, ովքեր մասնակցում են ղարաբաղյան պատերազմին: Աֆղանական կողմը գիտակցում է Հայաստանի ղեկավարության մտահոգությունը: Մենք հավանություն չենք տալիս ԼՂ-ում ռազմական գործողություններին աֆղանցի քաղաքացիների մասնակցությունը… Մոջահեդների անվան տակ մի քանի վարձկանների մասնակցությունը չի կարող վատացնել բարեկամական հարաբերությունները Աֆղանստանի և Հայաստանի միջեւ՚:

Դեկտեմբերի կեսերից հետո իրավիճակը սրվել էր Բեյլագանի շրջանում: Ռուս միջնորդ Կազիմիրովը կրակը դադարեցնելու շուրջ դեկտեմբերի 17-ից համաձայնություն էր ձեռք բերել Ալիևի և Քոչարյանի հետ: Ստեփանակերտից փաստաթուղթը ստացվում է ժամանակին, Բաքուն միայն երեք օր հետո Մոսկվա է ուղարկում կասկածելի ստորագրություններով անպետք մի բառաշար: Փարիզում Ռուսաստանի դեսպանը Ֆրանսիայում այցով գտնվող Ալիևին տեղեկացնում է, որ չնայած պայմանավորվածություններին, Բաքվից Մոսկվա պատշաճ փաստաթուղթ չի հասել: Ալիևը խոստանում է Բաքու վերադառնալուց հետո պարզել:

Դեկտեմբերի 23-ին Աշգաբադում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում, Սափարմուրադ Նիյազովի միջնորդությամբ տեղի ունեցավ Տեր-Պետրոսյանի հանդիպումն Ալիևի հետ: Տարեվերջին Ռուսաստանը հակամարտության կողմերին առաջարկեց Ամանորը դիմավորել առանց կրակի: Ստեփանակերտը կրկին համաձայնություն տվեց, Բաքուն անգամ չպատասխանեց:

Հունվարի առաջին օրերին ադրբեջանական բանակը հարձակում սկսեց երեք ուղղություններով` Մարտակերտ- Քելբաջարի, Աղդամ-Մարտունիի և Հորադիզի հատվածներում: Հակառակորդը հետ բերեց ՙՀորադիզ՚ երկաթուղային կայարանը: Հունվարի առաջին շաբաթվա ընթացքում ադրբեջանական ուժերին հաջողվեց ճեղքել և մոտ 15 կմ խորությամբ և 5 կմ լայնությամբ առաջանալ հարավարևելյան` Հադրութի ուղղությամբ: Դրան նպաստեց Իրանի տարածքով ադրբեջանական դիվերսիոն խմբավորման անցումը ղարաբաղյան ուժերի թիկունք:

Հունվարի երրորդ տասնօրյակում ադրբեջանական բանակը անցնում են Օմարի լեռնանցքը և  անակնկալի բերում հայկական զորքերին: Քելբաջարում հայկական ուժերը տալիս են մոտ 100 զոհ: ՙՄեր կողմից պաշտպանությունը շատ անկազմակերպ էր, բարձիթողի: Վանաձորի բրիգադն էր այնտեղ: Օմարից իջել և դիմել էին փախուստի և իբր պաշտպանական գիծ բռնել Սեյիդլարում: Մեր զինվորները նահանջել էին խուճապով, շատ դժվար էր նրանց կանգնեցնել: Խուճապն ավելի մեծ էր, քան ադրբեջանցիների հաջողությունը: Հին տղաներին նորից հավաքեցինք, հետ վերցրինք կորցրածը: Ադրբեջջանցիները խուճապի մատնված փախչում էին, նրանց հետդարձի ճանապարհը փակեցի կրակով: Մոտ 15 տանկ էին թողել, տարբեր տրամաչափի թնդանոթներ: Օմարի գագաթին մի ՙԳրադ՚ կայանք էր կանգնած, չխփեցինք, այլ ուղղակի գնացինք և վերցրինք՚,- ասում է ԼՂ պաշտպանության բանակի հրետանու պետ Գեորգի Գասպարյանը:

ՙՓայլուն օպերացիա էր. ցավոք մոտ երկու տասնյակ զոհ տվեցինք, սակայն, հաշվի առնելով գործողության ծավալներն ու բարդությունները` մեր կորուստները կարող էին ավելին լինել: Հակառակորդին մնում էր երկու ճանապարհ՝ կա’մ հանձնվել, կա’մ մնալ ձյան մեջ: Մի մասին գերի ենք վերցրել, մյուս մասը ձյան մեջ է մնացել կամ փախել: Քելբաջարում դիրքավորված ադրբեջանական բրիգադը 2500-ից ավելի զինվոր ուներ: Թե ո՞ր մասն է փրկվել, կարող են ասել Բաքվի իշխանությունները՚,- ավելացնում է Բաբայանը:

Փետրվարի 18-ին ղարաբաղյան ուժերը դուրս եկան Օմարի լեռնանցք` կրկին վերահսկողության տակ առնելով Քելբաջարի շրջանը: Ռազմական գործողությունների ընթացքում ականի պայթյունից զոհվեց 77-րդ առանձնակի գումարտակի հրամանատար, ղարաբաղյան պատերազմի հերոսներից Պետրոս Ղևոնդյանը` լայն ժպիտով Պետոն:

Տիգրան Խզմալյանը քելբաջարյան գործողություններից որոշ ժամանակ անց վերադառնում է Երևան: Մինչեւ այսօր սարսուռով հիշում է. ՙԻնձ հանձնեցին մի պարկ, որ բերեմ Երևան: Այդ պարկը լցված էր սպանված ադրբեջանցիների զինվորական գրքույկներով: Մինչև հանձնելը բացեցի, նայեցի: Զինվորական գրքույկները մի քանի հարյուր էին, մի մասն արյունոտ, որոշների վրա կային փամփուշտների հետքեր: Դրանք 18-19 տարեկան ադրբեջանցի տղաների փաստաթղթեր էին: Մանկական դեմքեր: Տեսնել միանգամից տասնյակ դիակներ ծանր բան է, բայց կարճ ժամանակ անց սովորում ես դրան: Ես տեսել էի տասնյակ դիակներ, բայց զինվորական գրքույկներն ինձ վրա ահավոր ազդեցին, ամեն մեկը մի պատմություն էր, որոնք միմյանցից տարբերվում էին, դիակները չէին տարբերվում՚:

Ադրբեջանական գրոհը, ժամանակավոր հաջողությունը, իսկ մի քանի շաբաթ անց` անհաջողությունն ու պարտությունը Մամեդռաֆի Մամեդովը բացատրել է. ՙ1994թ. հունվարին Մռավում էի, ամենագագաթին: Չորս կողմը ձյուն էր, անանցանելի ճանապարհներ: Նման տեղանքում ինչպե՞ս է հնարավոր վարել մարտական գործողություններ: Ես դեմ էի, սակայն որոշ ղեկավարներ կարողացան համոզել Քելբաջարում գրոհի հաջողությունը: Շատերի ներկայությամբ հայտարարեցի, որ գրոհը  դատապարտված է ձախողման: Իմ փաստարկներն ուշադրության չարժանացան: Որքա՞ն էին կորուստները` ասել դժվարանում եմ, բայց հոգիս ցավում և մինչև կյանքիս վերջը ցավելու է զոհված զինվորների և սպաների համար՚:

Լուսանկարում՝ Մոհամմադ Յունասը, որը 1990-ական թթ եղել է հազարավոր աֆղան վարձկաններից, լուսանկարը՝ https://www.rferl.org/

Հատված ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ հատորից