Ունենանք դաշնակիցներ և ոչ թե հովանավորներ. Վազգեն Մանուկյան

3780

Ծանոթ.- Ղարաբաղ կոմիտեի համակարգող, Երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը այս ելույթը ունեցել է 1989թ. սեպտեմբերին՝ Մատենադարանի հարթակից: Առիթը Զորի Բալայանի ելույթն էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջանի ժամանակ: Ինչպես  այսօր Բալայանը նամակ է գրում Վլադիմիր Պուտինին, այնպես էլ քառորդ դար առաջ մեռնող կայսրության առաջնորդներին նա փորձում էր հասկացնել, որ առանց Հայաստանի ԽՍՀՄ-ը կորած է և Մոսկվայի շահը պահանջում է պաշտպանել ու ափի մեջ պահել Հայաստանը:

Այսօր՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջանի ժամանակ, Զորի Բալայանը կարդաց ազգային քաղաքականության մի հայեցակարգ, որը ոչ մեկի համար նորություն չէ: Բայց պետք է հասկանալ՝ ճի՞շտ է այն և ի՞նչ է տալիս մեզ: Ըստ այդ հայեցակարգի՝ գոյություն ունի մի պանթուրքիստական դավադրություն՝ ուղղված հայերի դեմ, ուղղված ռուսների դեմ: Ռուսները գիտակցելով  ու հասկանալով, որ հայերը այդ պայքարի առաջին գոտում են, պետք է ամեն կերպ ուժեղացնեն Հայաստանը: Մասնավորապես Ղարաբաղը տան Հայաստանին: Այս պարզ տեսության մասին է խոսքը: Ես նորից եմ կրկնում. այդ տեսությունը նորություն չէ, տասնյակ տարիների ընթացքում այն անընդհատ շոշափվել է:

Իսկապես, գոյություն ունի՞ այժմ պանթուրքիստական դավադրություն: Եկեք նախ այս հարցին պատասխանենք: XIX դարի վերջում և XX դարի սկզբում գոյություն ունեին որոշ տեսություններ, քաղաքական հոսանքներ, որոնց նպատակն էր էթնիկական հիմքի վրա ստեղծել պետություններ. օրինակ՝ պանսլավոնական, այսինքն՝ կար սլավոնական ազգերը միավորող և միասնական պետության ստեղծման ձգտող քաղաքական հոսանք: Գոյություն ուներ պանթուրքիստական գաղափարախոսություն, այն է՝ բոլոր թրքախոս ժողովուրդները մի պետություն էին ստեղծում՝ Թուրքիայից մինչև Յակուտիա: Կար արաբական միասնություն, այսինքն՝ բոլոր արաբները միավորվում էին մի պետության մեջ: Փորձեր են արվել այդ գաղափարախոսությունները դարձնել իրականություն: Բայց ապարդյուն:

Ամեն մի գաղափարախոսություն ունի իր ազդեցության գագաթնակետը, որից հետո անկում է ապրում: Պանթուրքիստական գաղափարախոսությունն իր գագաթնակետին հասավ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Այդ տեսությունը չհաջողվեց իրականացնել պատերազմի ընթացքում: Դրանից հետո այն թուլացավ: Ինչո՞ւ: XX դարի ամենահզոր ուժը անկախության ձգտումն է: Ամեն մի փոքրաթիվ ժողովուրդ, ամեն մի ազգ ձգտում է ստեղծել անկախ պետություն: Ստեղծվեցին հարյուրավոր նոր պետություններ: Եթե XIX դարում, XX դարի սկզբին թրքախոս ժողովուրդները միգուցե համաձայն լինեին համախմբվել մի ընդհանուր պետության մեջ, ապա այժմ նրանցից ամեն մեկը ձգտում է իր սեփական պետությունը, իր անկախությունն ունենալ: Դա վերաբերում է ոչ միայն թրքախոս ժողովուրդներին: Դա մի ընդհանուր միտում է ամբողջ աշխարհում:

Հարց է առաջանում՝ այժմ կա՞ այդ պանթուրքիստական գաղափարախոսությունը: Այո, կա, բայց փոխել է իր բնույթը, թույլ քաղաքական ուժ ունի: Թուրքիայում կան կազմակերպություններ, որոնք ձգտում են կապեր հաստատել մյուս թրքախոս ժողովուրդների հետ հիմնականում մշակութային, էթնիկական և այլ սկզբունքներով: Իհարկե, կան մարդիկ, որոնք ուզում  են ստեղծել այդպիսի թուրանական պետություն: Բայց, ինչպես ասացի, մեր ժամանակներում այդ միտումը որոշիչ լինել չի կարող: Թուրքիան ուրիշ ավելի հզոր միտում ունի: Նրա նպատակն է մուտք գործել եվրոպական ընդհանուր շուկա: Այժմ սա ավելի կենսական խնդիր է, քան թուրանական պետություն ստեղծելու  անիրական ձգտումը: Ասածներիս ճշտությունը կարելի է ապացուցել բազմաթիվ օրինակներով (թեկուզ այն, որ Միջին Ասիայում իրար դեմ պատերազմում են թրքախոս ժողովուրդները):

Այդ դեպքում ինչու՞ է անընդհատ արծարծվում պանթուրքիստական տեսությունը: Զորի Բալայանն ի՞նչ նպատակով առաջ քաշեց այդ շինծու տեսությունը: Կարելի է մտածել, որ քաղաքականության մեջ դավադրություն փնտրելը (ասենք՝ պանթուրքիստական) նման է հոգեկան հիվանդության: Սառը հաշվարկ է ուղղակի ռուսներին խաբելու համար: Խաբել` ասելով, որ մենք ունենք ընդհանուր թշնամի,  առաջին գոտում ենք, վտանգի տակ, ուժեղացրեք մեզ: Այդպես մտածողները քաղաքականապես խակ են: Քաղաքականության մեջ այդպիսի ստի վրա կառուցել որևէ քաղաքական շարժում, ինչ ասեմ, գավառական, 19-րդ դարի մակարդակի տգիտություն է, ուրիշ ոչինչ: Չնայած կան այս խնդրի ուրիշ կողմեր, որոնց մասին  կուզենայի խոսել: Մանավանդ երբ հայը համոզում է ռուսին… 200-300 տարի է՝ ռուսներին համոզում ենք, որ մենք իրենց ամենից ավելի նվիրված ազգն ենք, որ իրենց շահը պահանջում է մեր թիկունքին կագնել և ամեն ինչով օգնել մեզ, որպեսզի մենք հզորանանք:

Ես գտնում եմ, որ հայ ժողովրդի պատմության ամենասև էջը Իսրայել Օրու առաքելությունն է: Ամեն մի ազգ, կորցնելով պետականությունը, ձգտում է ստեղծել անկախ պետություն: Հայերը փորձում էին այդ անել հարյուրավոր տարիների ընթացքում: Բայց հայտնվեց Իսրայել Օրին, որը դռնեդուռ ընկավ և սկսեց փնտրել հովանավոր  ազգ, որը պահի-պահպանի մեզ ու ընծաներ տա: Դրանից հետո մենք անընդհատ կորցրել ենք, կորցրել ենք բազում հայերնակիցներ ու հողային տարածքներ: Եվ այսքանից հետո շարունակում ենք հույս տածել, թե Ռուսաստանին կխաբենք, ու նա կսկսի մեզ օգնել: Դա ուղղակի ծիծաղելի է:

Ռուսը աշխարհի ամենահզոր ազգերից մեկն է հիմա և շատ լավ գիտի իր շահը:

Իսկ ի՞նչ անենք: Այն, ինչ անում էիք մեկուկես տարի շարունակ: Հիմա կբացատրեմ: Ուրեմն, ինչպես ասացի, հույս ունենալ, թե մենք կկարողանանք մոլորեցնել ռուսներին, անիմաստ է: Նման փորձ արվել է բազմիցս, և միշտ վերջում ասել ենք, թե ռուսները մեզ դավաճանեցին: Ոչ, ռուսները մեզ չեն դավաճանել: 1889 թվականին ասում էինք, թե Անգլիան մեզ դավաճանեց: Ոչ, Անգլիան մեզ չի դավաճանել: Հետո, թե Ֆրանսիան մեզ դավաճանեց: Ոչ, Ֆրանսիան մեզ  չի դավաճանել, թե 1918-ին՝ վրացիները մեզ դավաճանեցին: Ոչ, վրացիները մեզ չեն դավաճանել: Պարզապես ամեն մի ազգ, ժողովուրդ, պետություն մտածում էր իր շահի մասին: Իսկ մենք ուզում էինք, որ մեզ հովանավորեն: Չէ՞ որ մենք քրիստոնյա, լավ ժողովուրդ ենք: Դա ստրկամտություն է, քաղաքական մուրացկանություն: Այդ ճանապարհով կարող ենք կորցնել արյուն, կորցնել հողային տարածքներ և մնալ ձեռնունայն:

Ի միջի այլոց, ասեմ, որ մի նոր տեսություն էլ է առաջացել և կամաց-կամաց երևի թափ կառնի: Ջոն Կիրակոսյանը, հասկանալով, որ պանթուրքիզմով էլ ռուսներին չես խաբի, մի նոր բան հնարեց՝ սիոնիզմը: Համոզված լինելով, որ Ռուսաստանը պայքարում է սիոնիզմի դեմ, սկսեց ապացուցել, որ սիոնիզմը նաև հայության դեմ է, դե, ուրեմն, մենք միասին ենք, Ռուսաստան, օգնիր մեզ, միասին պայքարենք սիոնիզմի  դեմ: Նման գաղափարախոսությունների հետևանքով ձեռք ենք բերում թշնամիներ և չենք գտնում բարեկամներ:

Թշնամացնում ենք մեր դեմ մեր հարևան բոլոր ժողովուրդներին: Հարց է առաջանում. պանթուրքիզմի մասին անընդհատ խոսվում էր, ժողովուրդն էլ էր խոսում, բայց հրապարակավ ոչ ոք համարձակություն չունեցավ արտահայտվելու, որովհետև դա դիպչում էր Խորհրդային Միության արտաքին քաղաքականությանը: Ինչու՞ դա թույլ տվեցին, որպեսզի մեզ ստրուկ  պահեն, որովհետև պանթուրքիզմի գաղափարախոսությունը, որը թելադրում է Զորի Բալայանը, չխաբելով Ռուսաստանին, մեզ ստրուկ է դարձնում: Այդ տեսությունն է, որ խանգարում է մեզ մտածել անկախության մասին: Այդ գաղափարախոսությունով տոգորված՝ որոշ ազգային գործիչներ մինչև 1988թ. փետրվարը նամակներ էին գրում Մոսկվա՝ խնդրելով, որ Ղարաբաղը միացնեն Հայաստանին: Նրանք, ովքեր հույս էին փայփայում, մի անգամ ևս հասկացան և ասացին՝ ռուսները մեզ դավաճանեցին, Ղարաբաղը չտվեցին, հասկացան, որ այդ ճանապարհով ոչ մի բանի հասնել չի լինի:

Ղարաբաղ կոմիտեն առաջարկեց երկրորդ ճանապարհը՝ ժողովուրդը պետք է հույսը դնի իր ուժերի վրա և փնտրի ոչ թե հովանավորներ, այլª դաշնակիցներ: Մեծ տարբերություն կա հովանավորի և դաշնակցի միջև: Երբ քեզ թվում է, թե հովանավոր ունես, թուլանում ես, ամբողջ հույսդ դնում  ես հովանավորի վրա, նրա ձեռքում խաղալիք ես դառնում: Եվ նա քեզ օգտագործում է իր քաղաքական շահերի համար: Իսկ եթե ինչ-որ մեկի դաշնակիցն ես լինում, ունենում ես պարտավորություններ: Դաշնակցության մեջ միշտ գոյություն ունի մրցակցություն, որը լարում, կրկնապատկում է ժողովրդի ներքին ուժերը, պայքարի է մղում և, ի վերջո, արդյունք է տալիս:

Ղարաբաղյան շարժումը սկսվեց գործադուլներով, ցույցերով: Որո՞նք էին նպատակները: Առաջին հերթին՝ մենք հասկացանք, որ այս պետությունում ստեղծվել է մի իրավիճակ, որ, իր շահերից ելնելով,  պետք է ինչ-որ չափով թույլ տա դեմոկրատական շարժում, գոնե կեղծ ձևով պետք է գործի սահմանադրությունը: Եվ մենք գործադուլներով, ցույցերով  ուզեցինք գործի դնել սահմանադրությունը: Ղարաբաղի հարցը միջազգային հարց է. ազգերի ինքնորոշման սկզբունքն է՝ ամբողջ աշխարհի համար ընդունելի: Մենք ուզեցինք այդ ճանապարհը բացել: Ինքնախաբեությամբ չէինք զբաղվում, հույս չունեինք, թե 2-3 տարուց հետո այս երկիրը դեմոկրատական կդառնա և հաշվի առնելով միջազգային օրենքները՝ Ղարաբաղը կմիացնի Հայաստանին: Ոչ: Գործադուլները նաև այլ նպատակ էին հետապնդում:

Մենք հասկացանք, որ Խորհրդային Միությանը, Ռուսաստանին ձեռնտու չէ Ղարաբաղը միացնել Հայաստանին, որովհետև կան բազմաթիվ այդպիսի հարցեր: Ռուսաստանի տարածքը կազմված է ուրիշ ժողովուրդներից խլված տարածքներից, և Ռուսաստանի ամբողջ քաղաքականությունը ստատուս քվո պահպանելն է: Այսինքն՝ ով ինչ վերցրել է, թող իրեն մնա: Ամեն մի խախտում նրա համար վտանգավոր է: Այ, դա է Ռուսաստանի հիմնական վախը: Ուրեմն Ղարաբաղը մեզ տալը նրա համար վտանգավոր է: Մենք որոշեցինք ստեղծել մի այնպիսի կացություն, որ Ղարաբաղը չտալը նրա համար ավելի վտանգավոր լինի: Երբ գործադուլներ, ցույցեր էինք անում, բացի այն որոշակի պահանջները, որ դնում էինք նստաշրջանների, Մոսկվայի առջև, գիտակցում էինք, որ դրանց ալիքը կծավալվի սոցիալիստական երկրներում, ազգային ազատագրական շարժումներ կսկսվեն: Կայսրությունը կսկսի ներսից ճաքեր տալ, և դա շատ ավելի վտանգավոր կլինի Մոսկվայի համար, քան Ղարաբաղը Հայաստանին տալն ու ստատուս քվոն փոխելը:

Մենք գնացինք այդ ճանապարհով և հույս ունեինք, որ Մոսկվան կհասկանա, թե ինչ է իրեն սպասում: Բայց կարծես թե չէր հասկանում: Փորձում էինք բացատրել, բայց ապարդյուն: Շարժումը թափ առավ, արագացրեց իր ընթացքը, և դուք նկատեցիք,  որ բոլոր սոցիալիստական երկրներով անցավ այդ ալիքը, շատ ազգեր ստեղծեցին դեմոկրատական միավորումներ, իշխանությունը մասամբ վերցրեցին իրենց ձեռքը, և եթե փետրվարին մենք չունեինք դաշնակիցներ, այժմ ունեցանք: Իսկ ո՞վ է մեր դաշնակիցը. Խորհրդային Միության դեմոկրատական շարժումը, ինչպես Մերձբալթիկայի, այնպես էլ Մոսկվայի և Լենինգրադի: Դեմոկրատական դաշնակիցների շարժումներ կլինեն և՛ Միջին Ասիայում, և՛ Սիբիրում, ամենուր, սրանք են մեր բնական դաշնակիցները: Մենք իրենց ենք պետք, իրենք՝ մեզ: Սա ամենաբնական քաղաքական կապն է: Ուրեմն՝ փուլը փոխվեց: Մենք արդեն պիտի կարողանանք դառնալ դաշնակից: Որպեսզի արժանի դաշնակից լինենք, պետք է դեմոկրատիան զարգացնենք Հայաստանում: Այսինքն՝ նոր հարց առաջացավ:

Դեմոկրատիայի զարգացումը Հայաստանում երկու ուղղությամբ է ընթանում: Ինքնըստինքյան ժողովրդավարության զարգացումը ձեռնտու է մեր ժողովրդին, պետք է լուծել հայերի կենսական խնդիրները: Սակայն, բացի դրանից, ժողովրդավարական հանրապետություն ստեղծելով՝ ամրապնդում ենք մեր դաշնակցական կապը մյուս ժողովրդավարական շարժումների հետ:

ԳԽ նստաշրջանը կարող է ընդունել մի որևէ որոշում: Նստաշրջանը ընդ որում կախարդական փայտիկ չէ, եթե որոշում է ընդունվում, որ Իսպանիան պատկանում է Հայաստանին, Իսպանիան չի պատկանի Հայաստանին: Չի կարելի դեպուտատին խնդրել. “Ձեռք բարձրացրու՝ Իսպանիան մեզ տան”: Մենք պետք է գիտակցենք, թե ինչ ենք սպասում նստաշրջանից: Նախ` ժողովրդավարություն: Սա է մեր նպատակը: Կան բազմաթիվ հարցեր, բազմաթիվ նպատակներ, որոնք կլուծվեն միայն  այն դեպքում, երբ հասնենք ժողովրդավարության: Ես դարձյալ ուզում եմ կրկնել` ժողովրդավարությունն անհրաժեշտ է մեր ժողովրդին ներքին կյանքի սոցիալական և այլ հարցեր լուծելու, միաժամանակ նաև ամուր դաշնակիցներ ունենալու համար:

Սակայն միայն դաշնակցով գործն առաջ չի գնա: Ազգը պետք է հզորանա ներքուստ: Ո՞րն է հզորության աղբյուրը, ինչն է մեզ դարձնում ազգ, ինչո՞վ ենք մենք ազգ և ինչո՞վ է մեր ազգը տարբերվում մյուսներից: Կան մեր անցյալ և ապագա սերունդներին իրար շաղկապող անտեսանելի թելեր, որոնցից ամենաէականը լեզուն է: Այն մեր հզորության աղբյուրն է: Առանց լեզվի գոյություն չէր ունենա մեր ազգը:

Հայ ազգը, հարյուրավոր տարիներ զրկվելով անկախությունից, շատ հիվանդություններ է ստացել, շատ բան խաթարվել է: Լեզվի պահպանության և մաքրության խնդիրը առաջնային է, բայց պետք է վերադարձնել նաև մեր ազգային դիմագիծը: Դա առանձին խոսակցության նյութ է:

Բացի անտեսանելի թելերից, անհրաժեշտ են նաև տեսանելի թելեր, այսինքն՝  կազմակերպվածություն, կազմակերպություն, որն ընդգրկի ողջ հայությունը: Դա կարող է բաղկացած լինել բազմաթիվ փոքրիկ կազմակերպություններից, բայց մենք բոլորս պետք է լինենք միասնական: Այդ միասնության մեջ, իհարկե, կարող են լինել հակասություններ, բայց դրանք պետք է լինեն ավելի թույլ, քան մեր միասնական ուժն է: Մենք, ի դեմս այդ կազմակերպության, տեսնում ենք Հայոց համազգային  շարժումը: Ո՞րն է լինելու ՀՀՇ-ի նպատակը: Մենք ասում ենք՝ հայ ազգի իղձերի կատարումը: Մի օր մենք կունենանք անկախ պետություն, դա մեր առաջնահերթ իղձերից մեկն է: Այն կիրականանա: Մենք բազմաթիվ  խնդիրներ ունենք, որոնք կլինեն նաև անկախ պետություն ունենալուց հետո: Այդ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել, եթե կապված լինեն և՛ տեսանելի, և՛ անտեսանելի թելերով:

Ունենանք դաշնակիցներ և ոչ թե հովանավորներ: