Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ կառավարության միջև. 1920թ

6889

10 օգոստոս, 1920թ.

1920թ. օգոստոսի 10-ին ՌԽՖՍՀ (Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետություն)-ը` հանձին լիազոր ներկայացուցիչ  Լեգրանի` մի կողմից, և Հայաստանի ներկայացուցիչներ Ջամալյանի ու Բաբալյանի` մյուս կողմից, ելնելով Հայաստանի անկախության և լրիվ ինքնուրույնության ճանաչումից, ստորագրեցին սույն համաձայնագիրը.

  1. 1920 թ. օգոստոսի 10-ի ցերեկվա ժամը 12-ից ՌԽՖՍՀ և Հայաստանի զորքերի միջև ռազմական գործողությունները համարվում են դադարեցված:
  2. Հայաստանի զորքերը գրավում են հետեւյալ գիծը. Շահթախթի-Խոք-Ազնաբյուրտ-Սուլթանբեկ և այնուհետև Կուկիից դեպի հյուսիս ու Բազարչայից (Բազարքենդ) դեպի արևմուտք ընկած գիծը, իսկ Ղազախի նահանգում` ս.թ. հուլիսի 30-ին նրանց գրաված գիծը:

ՌԽՖՍՀ զորքերի կողմից գրավվում են վիճելի մարզերը` Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը, բացառությամբ այն շերտի, որը սույն համաձայնագրով որոշված է Հայաստանի զորքերի տեղակայման համար:

  1. Խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների գրավումը չի կանխալուծում այդ տարածքների հանդեպ Հայաստանի կամ Ադրբեջանի իրավունքի հարցը: ՌԽՖՍՀ-ն այս ժամանակավոր գրավումով մտադիր էր բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առկա տարածքային վեճերը խաղաղ լուծելու համար այն հիմքերով, որոնք սահմանվելու են ՌԽՖՍՀ և Հայաստանի միջև ամենամոտ ապագայում ստորագրվելիք խաղաղության պայմանագրով:
  2. Ռազմական գործողությունների դադարեցման հետ միասին կողմերը դադարեցնում են ռազմական ուժերի կենտրոնացումը ինչպես վիճելի, այնպես էլ սահմանային տարածքներում:
  3. Առաջիկայում` մինչև ՌԽՖՍՀ և Հայաստանի միջև պայմանագրի ստորագրումը, Շահթախթի-Ջուլֆա հատվածի երկաթգծի շահագործումը հանձնվում է Հայաստանի երկաթուղու վարչությանը, սակայն այն հաշվով, որ այն չի կարող օգտագործվել ռազմական նպատակներով:
  4. ՌԽՖՍՀ-ն երաշխավորում է Հայաստանի կառավարության այն բոլոր զորամասերի ազատ մուտքը (զենքով և հանդերձանքով) Հայաստան, որոնք հայտնվել են խորհրդային զորքերի գրաված գծից այն կողմ:

Սույն համաձայնագիրը ստորագրվում է երկու օրինակից, որոնցից մեկը հանձնվում է Հայաստանի ներկայացուցիչներին, մյուսը` ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցչին:

Հայաստանում ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ` Բորիս Լեգրան,

Հայաստանի պատվիրակներ` Արտաշես Բաբալյան, Արշակ Ջամալյան:

Լուսանկարում՝ Հայաստանի երրորդ վարչապետ Համո Օհանջանյան