Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը մերժեց Շենգեն վիզա տրամադրել

2604

Իմ լրագրողական/փորձագիտական երեք տասնամյակների գործունեության ընթացքում այցելել եմ շուրջ 50 պետություններ, որոշ երկրներում եղել եմ տասը, քսան և ավելի անգամներ: Որևէ պետություն, լինի արևմտյան ժողովրդավարական կամ ասիական ավտորիտար, ինձ չի մերժել մուտքի վիզա տրամադրել և որևէ պետություն ինձ չի ներառել իր անցանկալի անձանց, այսպես կոչված՝ սև ցուցակում:

Այսօր Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը ինձ հրաժարվեց տրամադրել մուտքի վիզա՝ պատճառաբանելով Կովիդ-19-ի հետ սահմանափակումներն ու իմ տուրիստական նպատակները:

Հյուպատոսական բաժնի հայ աշխատակցուհի տիկինը ոչ բարյացակամ դեմքով ինձ դիմավորեց ապակյա պատուհանի այն կողմից: Նախ հարցրեց, թե ինչ նպատակով եմ մեկնում: Կարճ ասացի, որ ցանկություն ունեմ Շտուտգարտում սեպտեմբերի 5-ին դիտել Գերմանիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը, ապա…

Այստեղ աշխատակցուհին որոշեց, որ տուրիստ եմ ուզում գնալ Գերմանիա: Բացատրեցի, որ եվրոպական երկրներ երկշաբաթյա այցի միայն կես օրն եմ լինելու Շտուտգարտում, մնացած հատվածը գործնական է՝ հանդիպում Նյուրնբերգի հայ համայնքի հետ (փաստաթղթերի հետ ներկայացրել էի հրավերը Նյուրնբերգից), ապա Ժնևում ֆուտբոլային գործեր, իսկ սեպտեմբերի 18-ին Բարսելոնայում հանդիպում հայ համայնքի հետ՝ Հայաստանի անկախության 30-ամյակի հռչակման հետ կապված:

Աշխատակցուհին ասաց, որ պետք է խորհրդակցի փոխհյուպատոսի հետ: Մոտ 10 րոպե անց վերադարձավ և պատուհանի այն կողմից ասաց, որ մերժում են ինձ վիզա տրամադրել:

Ցավալի, տհաճ և վիրավորական է նման վերաբերմունքը:

Անդադար խոսվում է Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը դյուրացնելու մասին, սակայն, պարզվում է, դրանք դատարկ խոսքեր են:

Իմ դեպքում մերժումը զարմանալի էր նաև այն պատճառով, որ մի քանի անգամ եղել եմ Գերմանիայում և մի քանի տասնյակ անգամ՝ Եվրոպայում:

Եթե Կովիդ-19-ով է պայմանավորված մերժումը, ապա ամինսներ առաջ ստացել եմ Աստրա-Զենեկա պատվաստանյութ, իսկ այս տարվա ընթացքում հինգ անգամ եղել եմ  արտասահմանում:

Հյուպատոսկան բաժնի աշխատակցուհին նախապես հարցրել էր, թե երկշաբաթյա այցի ամենամեծ հատվածը երեք երկրներից ո՞ր մեկում եմ ավելի շատ լինելու: Ասացի, որ Գերմանիայում: Վերջում նա ինձ խորհուրդ տվեց դիմել այլ երկրի դեսպանություն:

Ինձ հրավիրողները ևս խորհուրդ տվեցին ստանալ, օրինակ, Իսպանիայի կամ Լեհաստանի վիզա և դրանով մտնել նաև Գերմանիա, մանավանդ, որ Նյուրնբերգ այցելելու էի, ինչպես 2020-ի փետրվարին՝ Երևան-Վարշավա-Նյուրնբերգ երթուղով, իսկ Բարսելոնա հասնելու էի Նյուրնբերգից:

Ես որոշեցի այդպես չվարվել և չեղարկել նախապես ծրագրված իմ երկշաբաթյա այցը Գերմանիա, Շվեյցարիա և Իսպանիա: Եթե Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը մերժում է ինձ ոտք դնել գերմանական հողի վրա, ապա պետք չէ մտածել զարտուղի ճանապարհների մասին:

Հուսամ, որ սա պարզ թյուրիմացություն է և հետագայում Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը ինձ չի մերժի մուտքի վիզա տրամադրելուց:

Թաթուլ Հակոբյան 

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող, ԱԼԻՔ ՄԵԴԻԱ-ի սյունակագիր

Լուսանկարում՝ Քյոլնում, 2020-ի փետրվարին