Սևանի ավազանը Երևանի խանության ժամանակներում

3722

Ինչպես այսօր, այնպես էլ Հայոց պատմության գրեթե բոլոր ժամանակներում, Սևանի ավազանը եղել է Հայաստանի ամենախիտ բնակեցված շրջաններից: Պատճառները մի քանիսն են, բայց ամենից առաջնայինը՝ Սևանի ձուկն է, որ կերակրել է ինչպես ափամերձ, այնպես էլ հեռակա շրջանների բնակիչներին:

Երևանի խանության օրոք (խանությունը մաս էր կազմում Իրանի Ղաջարի դինաստիայի տիրապետության) Սևանի մահալը (գրեթե համապատասխանում է այսօրվա Գեղարքունիքի մարզին), որը անվանվում էր Գյոքչա ձևով, և՛ տարածքով, և՛ բնակչությամբ ամենից մեծն էր բոլոր 15 մահալների մեջ:

Համաձայն ռուս պատմաբան Իվան Շոպենի «Камеральное описание Армянской области» աշխատության, Գյոքչաի մահալը 1832-ին ուներ 59 բնակավայր 14.254 բնակչությամբ, որից մահմեդականների թիվը 5.607 էր: Հայկական մարզի մահմեդականներն էին քրդերը, պարսիկները և թյուրքալեզու քոչվոր մի քանի տասնյակ ցեղեր, այդ թվում՝ այսօրվա ադրբեջանցիների նախնիները:

Ռուսների գալուց հետո հազարավոր հայեր հաստատվեցին նորաստեղծ Հայկական մարզում (1828-1840), այդ թվում Սևանի ավազանում: Հայկական մարզ հայրենադարձածների մեջ ամենից շատ հաստատվեցին հենց Սևանի ավազանում: Շոպենի տվյալներով՝ Սևանի ավազանում հաստատվեցին  8.557 հայեր Օսմանյան կայսրությունից՝ Արևմտյան Հայաստանից՝ հիմնականում Բայազետի շրջանից:

Շրջանի կենտրոնը Գավառ քաղաքն էր, որը վերանվանվեց Նոր Բայազետ, ապա՝ Կամո, իսկ այսօր՝ կրկին Գավառ: 1832-ին Գավառն ուներ 1.346 բնակիչ:

Երբ խոսք է գնում Պարսկաստանից տեղափոխված հայերի մասին, ապա պետք է իմանալ, որ նրանց նախնիները բռնագաղթի հետևանքով Արարատյան աշխարհից Պարսկաստան էին քշվել հիմնականում Շահ Աբասի տիրապետության տարիներին՝ 17-դարի սկզբում:

Ղաջարիների և ընդհանրապես Պարսից տիրապետության մի քանի հարյուր տարիների ընթացքում Սևանի ավազանը գրեթե ամբողջովին զրկվեց իր բնիկ հայ բնակչությունից: 1832-ին շրջանում երկու հայկական գյուղ էր մնացել՝ ընդամենը 90 բնակիչներով:

Երևանի խանությունը, որ շուրջ 200 տարի Պարսկաստանի մաս էր կազմում, 1828-ին՝ ռուս-պարսկական երկրորդ պատերազմի արդյունքում անցավ Ռոմանովների Ռուսաստանին և անվանվեց Հայկական մարզ (որի մաս կազմեց նաև Նախիջևանի խանությունը): Երևանի անության տարածքի մաս էին կազմում այսօրվա Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը, ինչպես նաև այսօրվա Նախիջևանին պատկանող Շարուրի հատվածը, և այսօրվա Թուրքիայի մաս կազմող Իգդիրի շրջանը:

Երևանի խանությունը Ղաջարիների տիրապետության շրջանում բաժանված էր 15 վարչական շրջանների: Ըստ հերթականության՝ դրանցից 15-րդը Սևանի՝ Գյոքչայի մահալն (շրջան) էր:

Երևանի վերջին խանը Հոսեյն Ղոլի Խան Ղաջարն էր, որ կառավարեց երկու տասնամյակ` 1807-1827 թվականներին:

Լուսանկարում՝ Սևանա լճի կղզին 1898 թվականին, լուսանկարիչ՝ Ժոզեֆ դե Բայ (Joseph de Baye), ֆրանսիացի հնագետ և ճանապարհորդ

Դիտել նաև