1996-ի ընտրությունը` Վազգեն Մանուկյանն ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի. Ալիք Մեդիա

913

1996-ը մարդկանց մի մասի հիշողության մեջ մնացել է որպես աղմկոտ, չարաբաստիկ, վիճելի, կեղծված նախագահական ընտրությունների տարի, թեեւ նախագահական բոլոր ընտրությունները կեղծվեցին նաեւ հետագայում եւ գուցե ավելի համատարած ու կատարելագործված ձեւերով, որոնցից մեկը՝ 2008-ին, ավարտվեց Մարտի 1-ի արյունով:

«Աղմկոտ» բառն օգտագործել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, «չարաբաստիկը»՝ Վանո Սիրադեղյանը, «կեղծվածը»՝ Վազգեն Մանուկյանն ու ընդդիմադիր հատվածը, «վիճելին»՝ միջազգային հանրությունը: ԵԱՀԿ-ն, որ դիտարկում էր ընտրությունները, դրանք համարեց նաեւ միջազգային չափանիշներին չհամապատասխանող:

Նախագահական ընտրություններում նախապես գրանցվել էին 7 թեկնածուներ. Լեւոն Տեր-Պետրոսյան` «Հանրապետություն» միավորում, Վազգեն Մանուկյան` ԱԺՄ, Սերգեյ Բադալյան` Հայկոմկուս, Պարույր Հայրիկյան` ԱԻՄ, Լենսեր Աղալովյան` «Արցախ-Հայաստան» միություն, Արամ Սարգսյան` Դեմկուս, Աշոտ Մանուչարյան` ԳիԱրՔՄի:

Աշոտ Նավասարդյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին

1996-ի հունիսին կայացավ իշխանական Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության արտահերթ համագումարը, որը նախագահի թեկնածու առաջադրեց Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Ավելի վաղ Տեր-Պետրոսյանի թեկնածությունը առաջադրել էին Ռամկավար ազատական (ՌԱԿ) եւ Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) կուսակցությունները: ՀՀՇ-ից, ՀՀԿ-ից ու ՌԱԿ-ից բացի՝ Տեր-Պետրոսյանին աջակցում էին եւս 12 կուսակցություններ եւ 85 հասարակական կազմակերպություններ, այդ թվում` «Շամիրամ», Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՀՔԴՄ), Սոցիալ դեմոկրատ հնչակյան (ՍԴՀԿ), Ռամկավար ազատական (լիբերալ-դեմոկրատական) (ՌԱ(ԼԴ)Կ), Ժողովրդական, Հայ միապետների կուսակցությունները, «Մտավորական Հայաստան», Երկրապահ կամավորների միությունները:

Ashot NavasardyanՀՀԿ-ի հունիսին անցկացված ժողովում նրա առաջնորդ Աշոտ Նավասարդյանը թվարկեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հաջողություններից. «Մի նվաճման մասին կարելի է առանձնահատուկ շեշտել, խոսքը Արցախյան խնդրում ձեռք բերած նվաճումների մասին է: Արցախում սկսվել է հայրենիքի վերանվաճման գործընթացը: Գործնականում այսօր հայի համար Հայաստանը 45000 քառ. կմ է: Արցախյան հարցում ավելի ու ավելի վճռական կեցվածք է որդեգրվում դիվանագիտական ճակատում եւս: Մեր կարծիքով Արցախյան խնդրի ներկայիս վիճակը Հայաստանի Հանրապետության նախագահի նվաճումն է»:

Նավասարդյանը ելույթում նշեց, որ նախօրեին մի խումբ ՀՀԿ-ականներ հանդիպում են ունեցել Տեր-Պետրոսյանի հետ, քննարկել նրան ՀՀԿ-ի կողմից հանրապետության նախագահ առաջադրելու հարցը. «Տեր-Պետրոսյանը գոհունակությամբ իր համաձայնությունը տվեց մեր առաջարկին: Ես միանշանակորեն եկել եմ այն համոզման, որ այսօր նախագահի լավագույն թեկնածուն Տեր-Պետրոսյանն է, եւ այսօր ես համագումարին կոչ եմ անում Հայաստանի նախագահական ընտրություններում առաջադրելու Տեր-Պետրոսյանի թեկնածությունը»:

Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սամվել Բաբայանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին

Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանում էր նաեւ ԵԿՄ-ն՝ Վազգեն Սարգսյանի Երկրապահը: Ընտրություններից 4 օր առաջ՝ 1996-ի սեպտեմբերի 18-ին, Ազատության հրապարակում Վազգեն Սարգսյանը փառաբանում էր Տեր-Պետրոսյանին. «Մեր նախագահը, երբեք հրապարակավ չխոսելով Հայ դատի մասին, քայլ առ քայլ լուծում է Հայ դատի խնդիրները: Տեր-Պետրոսյանի օրոք այսօր եւ վաղը հայ ազգը երբեք այլեւս կոտորած չի տեսնի: Հայ դատի ամենամեծ ջատագովները կորցրին հայրենիքի կեսը, հետո երգեցին, թե «Մասիսին բան պատահի` ազգովին դառնանք ֆիդայի»: Տեր-Պետրոսյանի օրոք այլեւս նման երգեր չեն երգվի: 21-րդ դար մենք ձեզ հետ մտնելու ենք հաղթանակած, կայուն եւ մտնելու ենք Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ»:

Նույն օրը՝ սեպտեմբերի 18-ին, հեռուստատեսային ելույթ ունեցավ Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանը. «Այսօր ԼՂՀ-ն կայացած հանրապետություն է, որն ունի ինքնուրույն տնտեսություն, մարտունակ բանակ, ներքին կայուն իրավիճակ եւ հարգանք միջազգային հանրության կողմից: Մեզ համար պարզ է, որ այս ամենը դժվար թե լիներ, եթե մեր թիկունքում չլիներ Հայաստանը: Մի քանի օրից մենք կնշենք նաեւ Հայաստանի անկախության հռչակման 5-ամյակը, եւ ես կուզեի շեշտել Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներդրումը մեր բոլոր հաջողություններում: Առանց նրա հստակ դիրքորոշման, առանց փոխհամաձայնեցված քաղաքական քայլերի մենք դժվար թե կարողանայինք ունենալ այն, ինչ ունենք: Դա ԼՂ-ում հասկանում են բոլորը, եւ ինձ թվում է, որ Հայաստանում եւ սփյուռքում՝ նույնպես»:

1996 թվականի օգոստոսի վերջին հատուկ հայտարարություն տարածեց Արցախի այդ օրվա ամենազորեղ համարվող մարդը՝ Սամվել Բաբայանը. «Վերջերս ԱԺՄ կուսակցության ներկայացուցիչները հայտարարում են, թե իբր ղարաբաղյան բանակի հաղթանակների սկիզբը եւ մասնավորապես Քելբաջարի գրավումը պայմանավորված են եղել այդ տարի Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի գործունեությամբ: Քելբաջարի գրավման գործողությունը մշակվել եւ իրականացվել է ղարաբաղյան բանակի կողմից, իսկ Վազգեն Մանուկյանի անհատական ավանդը ինչպես այդ, այնպես էլ ղարաբաղյան բանակի կազմակերպման գործում չնչին է եղել: Ղարաբաղյան զինվորականությունը վրդովված է կեղծիքի միջոցով Հայաստանի նախագահական ընտրարշավում միավորներ կորզելու Վազգեն Մանուկյանի փորձերից, նրա այդ քայլը համարում է սրբապղծություն իրենց կյանքը հանուն հաղթանակի զոհաբերած ազատամարտիկների հիշատակի նկատմամբ»:

Ընդամենը 1.5 տարի անց այս գործիչները՝ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Բաբայանը եւ Սերժ Սարգսյանը, իրականացրին ռազմական հեղաշրջում եւ, Տեր-Պետրոսյանին մեղադրելով Արցախի հարցում պարտվողական քաղաքականության մեջ, նրան հեռացրին իշխանությունից:

Վազգեն Մանուկյանի աստեղային ժամը

Vazgen ManukyanՎազգեն Մանուկյանը 1990-ի օգոստոսի 13-ին, որպես ՀՀՇ-ի առաջին դեմքերից մեկը, խորհրդարանի կողմից ընտրվել էր վարչապետի պաշտոնում, իսկ մեկ տարի անց հրաժարական տվել, իր համախոհների հետ հեռացել ՀՀՇ-ից, ստեղծել ԱԺՄ-ն եւ դարձել ընդդիմություն:

ՀՀՇ-ից հեռանալու Մանուկյանի շարժառիթներից էր այն, որ օրվա իշխանական կուսակցությունը 1991 թվականի հոկտեմբերի 16-ին նախատեսված ընտրություններում առաջադրել էր Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Մանուկյանը չէր մասնակցել այդ ընտրություններին, որոնք ավարտվել էին Տեր-Պետրոսյանի հաղթանակով: Նախագահի որեւէ թեկնածու, որեւէ կուսակցություն երբեք չէր հավաքել ավելի քան 83 տոկոս, ինչպես Տեր-Պետրոսյանը՝ առաջին նախագահական ընտրություններում:

Արցախյան պատերազմի ամենածանր շրջանում՝ 1992-ի ամռանը, երբ հայկական ուժերը կորցրել էին նախկին ԼՂԻՄ-ի մեկ երրորդը, ՀՅԴ-ի եւ մի շարք այլ ուժերի հետ ԱԺՄ-ն Ազատության հրապարակում անցկացնում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը պահանջող բազմամարդ հանրահավաքներ:

1992-ի աշնանը Տեր-Պետրոսյանը իր նախկին համախոհ, այժմ արմատական ընդդիմադիր Մանուկյանին նշանակել էր պաշտպանության նախարարի պաշտոնակատար եւ պաշտպանության հարցերը համակարգող պետական նախարար: Այդ պաշտոնում նա մնաց մեկ տարի, որը համընկավ Արցախում հայկական ուժերի հաղթական շրջանի հետ:

1995-ին ԱԺՄ-ն մասնակցել էր խորհրդարանական ընտրություններին, ստացել քվեների 7,5 տոկոսը եւ զբաղեցրել չորրորդ տեղը:

1996-ի սեպտեմբերը դարձավ Վազգեն Մանուկյանի աստեղային ժամը: Նախագահական ընտրություններում նա ստացավ քվեների ավելի քան 41 տոկոսը: Հայաստանի պատմության մեջ ընդդիմության որեւէ այլ առաջնորդի չի հաջողվել ստանալ այդքան քվե: Ավելին՝ Հայաստանի ժողովրդի մի հատվածի եւ Մանուկյանի կողմնակիցների մեջ կա այն համոզումը, որ այդ ընտրությունները կեղծվել են: Հետագայում Վանո Սիրադեղյանը մի առիթով հայտարարեց, որ թեեւ Լեւոնը չէր հաղթահարել 50 տոկոսը (պաշտոնապես հայտարարվեց 52 տոկոս), սակայն առաջին փուլում Մանուկյանն էլ չէր հաղթել:

Ընտրություններից կարճ ժամանակ առաջ տեղի ունեցավ համախմբում Վազգեն Մանուկյանի շուրջը: Պարույր Հայրիկյանը, Արամ Սարգսյանը եւ Լենսեր Աղալովյանը հանեցին իրենց թեկնածությունները հօգուտ Վազգեն Մանուկյանի:

ՀՅԴ-ն, որ կասեցված էր, իսկ նրա առաջնորդները՝ բանտարկված, նույնպես պաշտպանեց Մանուկյանին: Աշոտ Մանուչարյանը դուրս չեկավ ընտրարշավից, սակայն իր գործողություններով չաջակցեց Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ որեւէ վնասակար քայլ չկատարեց Վազգեն Մանուկյանի դեմ:

ՍԻՄ-ը՝ Սահմանադրական իրավունք միությունը, որը ղեկավարում էր Հրանտ Խաչատրյանը, եւս պաշտպանեց Վազգեն Մանուկյանին:

Սերժ Սարգսյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Շե՛ֆ, պետք է կրակել»

2011 թվականի հոկտեմբերի 3-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում, անդրադառնալով 1996-ի սեպտեմբերի 26-ի իրադարձություններին ու դրանց նմանությանը 2008-ի մարտի 1-ի հետ, ասել է.

Levon Ter-Petrosyan & Serzh Sargsyan«96-ի սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանն այստեղ հանրահավաք է կազմակերպել, հետո տեղափոխել ԱԺ-ի դիմաց, հայտարարել, որ մտնում է ԱԺ` բանակցելու ԿԸՀ նախագահի հետ, եթե 20 րոպե հետո չգամ, բոլորդ եկե՛ք իմ հետեւից: 20 րոպեից ժողովուրդը սկսեց բարձրանալ ճաղերի վրա, եւ այդ օրվա անվտանգության ապահովման պատասխանատվությունը դրված էր Սերժիկ Սարգսյանի վրա՝ որպես ԱԱԾ նախագահի, ո՛չ Վանո Սիրադեղյանը, ո՛չ Վազգեն Սարգսյանն այս հարցում որեւէ լիազորություն չունեին եւ ենթարկվում էին նրան: Երբ ներխուժեցին ԱԺ, Սերժիկը մոտեցավ ինձ, ասաց՝ շե՛ֆ, պետք է կրակել, ասացի՝ ոչ մի դեպքում, սպասե՛ք, բայց երբ հայտնի դարձավ, որ ներխուժողներն առեւանգել եւ Լինչի դատաստանին են ենթարկել ԱԺ նախագահին եւ փոխնախագահին, Սերժիկը կրկին առաջարկեց կրակել: Ես մտածեցի ու ասացի՝ միայն օդ, եւ մի քանի րոպե օդ կրակելուց հետո ժողովուրդը ցրվեց: Այդ օրը որեւէ մարդ վնասվածք չի ստացել, չկա այդպիսի փաստ: Իսկ մարտի 1-ին կան 10 սպանված, 100-ավոր վիրավորներ»:

Վազգեն Սարգսյան. Վազգեն Մանուկյանը 100 տոկոս էլ ձայներ հավաքած լիներ…

1996-ի սեպտեմբերի նախագահական ընտրություններից անմիջապես հետո պաշտպանության նախարար, ամենակարող Վազգեն Սարգսյանը հայկական զորքը՝ տանկերը, իջեցրեց փողոց: Դեկտեմբերին մի հարցազրույցում Վազգեն Սարգսյանը բացատրել է, թե ինչու է բանակը միջամտել Հայաստանի քաղաքական գործընթացներին. «Ատելության այն դոզան, որ կար մեր հասարակության մեջ (սեպտեմբերյան դեպքերի-խմբ.), ինձ հուսահատության հասցրեց: Քաղաքացիական պատերազմը կանխելու մտադրությամբ գնացի Թատերական հրապարակ: Ուզում էի ժողովրդին համոզել, որ մի քանի օրով ազատեին հրապարակը: Հենց այդ նպատակով էլ հրաման արձակեցի զորքեր քաղաք մտցնելու: Այդ օրը ես նկատեցի մի 60-ամյա կնոջ ատելությամբ լեցուն հայացքը, որ ինձ էր ուղղել. սարսափելի էր: Ես արժանի չէի այդ հայացքին»:

Վազգեն Սարգսյանը 1996-ին Հայաստանի պաշտպանության նախարարն էր եւ լուրջ դերակատարություն ունեցավ նախագահական ընտրություններում: Սեպտեմբերի 26-ի կեսգիշերին հեռուստատեսային հայտնի ելույթում, կողքին ունենալով Սերժ Սարգսյանին ու Վանո Սիրադեղյանին, նա հայտարարեց, որ եթե Վազգեն Մանուկյանը 100 տոկոս ձայներ էլ հավաքած լիներ, բանակը չի ընդունելու նրան:

«Այն, ինչ այսօր կատարվեց Երեւան քաղաքում, կոնկրետ` քաղաքի կենտրոնում, մեր թշնամու ամենամեծ երազանքն էր, որը կարողացավ իրականացնել արկածախնդիրների ձեռքով… Եթե մենք թույլ տանք, որ իրադարձություններն ընթանան այն հունով, որը ծրագրել է արկածախնդիրների, դավաճանների մի ոհմակ, ապա կունենանք այն նույն վիճակը, ինչ եղավ մեկ-երկու տարի առաջ Ադրբեջանում, ինչը հանգեցրեց Ադրբեջանի 6-7 տարածքների կորստին… Այս դեպքերից հետո, եթե անգամ իրենք հավաքած լինեին 100-տոկոսանոց ձայն, միանշանակ է, որ ո՛չ բանակը, ո՛չ ներքին գործերը նման քաղաքական ղեկավարների չեն ընդունելու եւ չեն ընդունել»:

Վազգեն Մանուկյան. «Վազգեն Սարգսյանը եւ Վանո Սիրադեղյանը հանցագործներ են»

Աղմկահարույց ընտրություններից տասն օր անց Վազգեն Մանուկյանը իր բնակարանում հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ «Վազգեն Սարգսյանը եւ Վանո Սիրադեղյանը հանցագործներ են», որոնք կանգնած են ընտրակեղծարարության հետեւում: Նա պնդեց, որ ինքը ստացել է քվեների 60-65 տոկոսը, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի ցուցանիշը չի հասել 35 տոկոսին:

Մանուկյանը սեպտեմբերի 25-26-ի բախումների մեջ մեղադրեց իշխանություններին, որոնք բիրտ ուժ են կիրառել ժողովրդի նկատմամբ: Սեպտեմբերի 25-ից հետո ծայր առած ձերբակալությունների մասին խոսելով՝ Մանուկյանն ասաց, որ կալանավորված են ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, ծեծված` Դավիթ Վարդանյանը եւ Շավարշ Քոչարյանը, իսկ Ռուբեն Հակոբյանը ծեծի հետևանքով անճանաչելի է դարձել:

Իր` վարչապետ նշանակվելու հնարավորությունը Վազգեն Մանուկյանը բացառեց` հայտարարելով, որ ոչ օրինական իշխանությունների հետ ինքը համագործակցել չի կարող, սակայն սա չպետք է բացառի բանակցությունների գնալու հնարավորությունը, որոնց արդյունքում հնարավոր կլինի վերանայել ընտրությունների թվական տվյալները եւ պարզել` Լեւոն Տեր-Պետրոսյա՞նն է հաղթել, Վազգեն Մանուկյա՞նը, թե՞ ստացված թվերից երկրորդ փուլի անհրաժեշտություն է առաջանում:

Մանուկյանը հայտարարեց նաեւ, որ Ազգային ժողովի ճաղաշարերը տապալող ցուցարարների առաջին շարքերում կանգնած են եղել իշխանության ուժային որոշ կառույցների ներկայացուցիչներ:

Վանո Սիրադեղյան. «1996-ի անհամությունը վերագրում եմ Տեր-Պետրոսյանի հոգնածությանը»

Վանո Սիրադեղյանը 1998 թվականին Հ1-ի «Մարդու ժամանակը» հաղորդաշարի ընթացքում խոսեց 1996-ի սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրությունների մասին.

«1996-ի ընտրությունները չարաբաստիկ ընտրություններ էին: Ընտրություններից մեկ ամիս առաջ պարզ դարձավ, որ ընտրությունները ձախողվում են: Այնպիսի տպավորություն էր նույնիսկ, որ հիմա, հետին թվով, իմ ընկերներից, որոնք իշխանության մեջ չեն եղել, ասում են, որ այդքան ապաշնորհ քարոզարշավը միայն մի դեպքում կարող էր լինել, եթե նախագահը չէր ուզում ընտրվել: Բայց եթե չէր ուզում ընտրվել, շատ քաղաքակիրթ ձեւ կար, չպիտի թեկնածությունը դներ: Ոչ միայն չդներ, այլեւ հակառակորդին օգներ, որ անցնի: Այդպիսի բան չկար: Ուղղակի ապաշնորհություն էր ընտրությունների քարոզարշավը:

1996-ի անհամությունը ես վերագրում եմ Տեր-Պետրոսյանի հոգնածությանը: Արդեն սպառել էր իրեն, հոգնել էր: Երբ որ ընտրությունների արդյունքները հաղորդում էին, բոլորս նստած էինք ՀՀՇ-ի վարչության շենքում, Ռոբերտ Քոչարյանն էր, Լեոնարդ Պետրոսյանն էր, Արկադի Ղուկասյանը, մենք բոլորս այնտեղ էինք՝ Սարգսյանը, Տեր-Պետրոսյանը, եւ ստանում էինք այդ անմխիթար տվյալները, ընդ որում մեր մոտից այդ գիշեր հրապարակ Վազգեն Մանուկյանի կողմնակիցներին լուրեր էին տանում, որ այնտեղ ընկճված են: Շատ ոգեւորվեցին, Վազգեն Մանուկյանը հաստատ չէր անցել: Առաջինը լավ նկատեց Քոչարյանը հենց նույն գիշերը:

Վազգեն Սարգսյանին կանչեցի մյուս սենյակ: Իմ միակ հարցն էր՝ Լեւոնը պատրա՞ստ է երկրորդ փուլի գնալու: Վազգենն ասաց, որ պատրաստ չէ: Ես ուզում էի իմ տպավորությունը ստուգել: Ասաց` շուտ վերադառնանք, որ մեր առանձին խոսելու մասին կասկածներ չունենան: Կամ խուճապի: Երկրորդ փուլ չեղավ: 1996-ի դեպքերից հետո նախագահն ընկավ եռամսյա դեպրեսիայի մեջ: Ես ասացի, որ գնում եմ: Իմ գնալը մի քիչ արագացրեց կառավարության կազմումը: Ամբողջ պետական համակարգն էր լուծարված, չէր աշխատում»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղերձը, 25 սեպտեմբերի, 1996

«Մենք մեր սառնասրտությունը պահպանեցինք մինչեւ վերջին վայրկյանը, մինչեւ այն ժամանակ, երբ գազազած ամբոխը հայտնի հրահրիչների գլխավորությամբ տապալեց խորհրդարանի ցանկապատները, խուժեց խորհրդարանի շենք, առեւանգեց եւ անհայտ ուղղությամբ տարավ Բաբկեն Արարքցյանին եւ Արա Սահակյանին: Միայն այդ բանից հետո մեր իրավապահ մարմինները ստիպված էին նախազգուշական օդային կրակ բացել, եւ դա փրկեց իրադրությունը շատ ավելի ծանր հետեւանքներից… Միայն դրանից հետո ամբոխը խուճապի մատնվեց, լքեց շենքը եւ խորհրդարանը շրջապատող զբոսայգին: Ես հայտարարում եմ. ժամանակավորապես արգելել չարտոնված հանրահավաքների, ցույցերի, երթերի կազմակերպումն ու անցկացումը… Զինված ընդհարման, խորհրդարանի շենքի գրոհի, խորհրդարանի նախագահի եւ փոխնախագահի դեմ մահափորձի բոլոր պատասխանատուները կպատժվեն օրենքի ամենայն խստությամբ»:

1996-ի նախագահական ընտրություններից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը վարչապետ Հրանտ Բագրատյանի փոխարեն կառավարության ղեկավար նշանակեց Արմեն Սարգսյանին (այսօր՝ ՀՀ նախագահ): Նա, սակայն, կարճ ժամանակ կառավարեց: Հիվանդության պատճառով եւ պատճառաբանությամբ նա Լոնդոնից, որտեղ գտնվում էր բուժման նպատակով, հրաժարական տվեց:

1997-ի մարտին Լեւոն Տեր-Պետրոսյանը վարչապետ նշանակեց Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Tatul Hakobyan

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։