Սերժ Սարգսյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանի «սուտ, մոլորեցնող» խոսքերին

1038

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարում է, որ բանակցային գործընթացի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի այսօրվա հայտարարությունները սուտ են, սեփական քաղաքական, ապազգային նպատակներին հարմարեցված և մարդկանց մոլորեցնող:

«Սուտը քո էությունն է, և երբ այն հատել է նաև Հայաստանի սահմանները, քո խղճուկ տեսակը անհանդուրժելի է դարձել մեր երկրի գործընկերներին ևս, ու նրանց կոշտ պատասխանը չի ուշացել:

Պաշտոնավարմանդ առաջին իսկ պահից անամոթաբար ստեցիր՝ հայտարարելով, թե բանակցություններ չես վարում Ալիևի հետ, այլ ընդամենը հանդիպումների ժամանակ ծանոթանում ես բանակցային պատմությանը: Սուտը բացահայտվեց, երբ Մոսկվայում 2020 թվականի ապրիլի 21-ին կայացած` Ա. Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության ակումբի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձևաչափով կլոր սեղանի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը շատ հստակ և միանշանակ հայտարարեց, որ կողմերին դեռևս 2019-ի ապրիլին ներկայացվել է նոր նախագիծ, որը ենթադրում է կարգավորման փուլային տարբերակ», – նշված է երրորդ նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Ասվում է նաև, որ բանակցային փաստաթղթի բացակայության վերաբերյալ ՀՀ իշխանությունների «մոլորեցնող և անազնիվ հայտարարությունները այդպիսով հօդս ցնդեցին», իսկ Հայաստանից պաշտոնապես ոչ ոք չհերքեց Լավրովի հայտարարությունը:

Այսօր Արագածոտնի մարզ կատարած այցելության ժամանակ կառավարության ղեկավարը մեկնաբանել էր իր նախորդի` Սերժ Սարգսյանի`«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» հայտարարությունը. «Մարդիկ ասում էին, այս ի՞նչ է ասում, ինչի՞ մասին է խոսում: Ինքը գիտեր չէ, որտեղ է բերել բանակցային գործընթացը, մյուսները չգիտեին` փակ էր այդ փաստաթղթերը: 2018 մայիսից ես դեռ մեկ շաբաթ էի եղել վարչապետ, իրենք ասում էին, որ եկել է հողերը հանձնի: Ինչո՞ւ, որովհետև գիտեին որտեղ են հասցրել բանակցային գործընթացը»: Փաշինյանն ասել է նաև, թե եթե շատ մանրամասն ուսումնասիրեն ղարաբաղյան բանակցային գործընթացը, կարող է պարզվել, որ վերջին 20 տարիներին, ինչպես նաև 2018-ի դրությամբ բանակցային բովանդակությունը եղել է Ադրբեջանի կազմում ԼՂ ինքնավար մարզի վերականգնումը։

Սերժ Սարգսյանի գրասենյակը շարունակում է պարզաբանումը. «Ապագա կապիտուլյանտը հաջորդ հրեշավոր սուտը պիտի ասեր և պաշտոնապես հերթական ապտակը ստանար, այս անգամ՝ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարությունից, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Իգոր Պոպովի շուրթերով մեկնաբանելով Հայաստանի վարչապետի «44-օրյա պատերազմի ծագումը» տխրահռչակ հոդվածը, որտեղ կապիտուլյանտը մասնավորապես նշել էր, թե ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ ռուսական առաջարկները չեն շոշափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և վերաբերել են միայն 7 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելուն, հստակ հերքել էր, ընդգծելով. «…հաստատել, որ Ռուսաստանը առաջարկել է միայն հենց այնպես վերադարձնել յոթ շրջանները և մոռանալ կարգավիճակի մասին ու հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը»։

Սա ևս իրականությունն էր, որին համանախագահող մյուս երկրները չառարկեցին՝ բացահայտելով ՀՀ կառավարության ղեկավարի աթոռն զբաղեցնողի անպատասխանատու և ստախոս էությունը»:

Ըստ ժողովրդի ճնշմամբ 2018-ին հրաժարական տված նախկին նախագահի` Փաշինյանը ի չիք դարձրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մինչև 2018 թվականը Հայաստանի իշխանությունների վարած բանակցությունների հիմնական սկզբունքները, այդ թվում` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների` ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հինգ հայտարարություններն ու խարխլեց կառուցված` հայկական կողմի ամուր բանակցային դիրքերը:

«Մեկը հարցներ՝ այդ ի՞նչ մանիպուլյատիվ հնարքով Սերժ Սարգսյանի խոսքերը հանկարծ դարձան «Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու գործընթաց»: Այդքան լսել, լսել էր, գոնե խելք ունենար այս անգամ էլ լսեր իր «կիրթ» գործընկերոջը՝ Ալիևին, որը Սերժ Սարգսյանի և Արցախի մյուս հերոսների ազատագրած ու կապիտուլյանտի կոտրած ձեռքով հանձնված Քաշաթաղ այցի ժամանակ հրապարակավ հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը դարձավ «Հայաստանի կապիտուլյացիայի ճանաչումը» և Ադրբեջանին թույլ տվեց վերադարձնել Լաչինի (Քաշաթաղ) և Քելբաջարի (Քարվաճառ) շրջանները:

Բանակցությունների ընթացքում նրանք երբեք չէին ցանկանում մեզ վերադարձնել Լաչինի և Քելբաջարի շրջանները: Սա բանակցություններում համաձայնության բացակայության հիմնական պատճառն էր:

Ցավոք, Հայաստանը և նրա մի շարք արտասահմանյան հովանավորներ ձգտում էին, որպեսզի Ադրբեջանին վերադարձվեին 5 շրջանները, Ադրբեջանը բավարարվում էր դրանով, Լեռնային Ղարաբաղը այն ժամանակ անկախություն կստանար, իսկ Քելբաջարի և Լաչինի շրջանները կմնային Հայաստանի հավերժական վերահսկողության տակ:

Բայց ես մերժեցի այս առաջարկը»:

Կապիտուլյանտը այդ ժամանակ էլ ստախոսության համար ապտակ ստացավ և լռեց, որովհետև ասելիք չուներ:

Հարցնում ես, թե 2018 թվականի մայիսից, երբ դեռ մեկ շաբաթ էլ չկար, ինչ վարչապետ էիր, ինչո՞ւ էին Սերժ Սարգսյանը և իր թիմակիցները պնդում, որ եկել ես հողերը հանձնելու, որտեղի՞ց գիտեին և ինչո՞ւ էին հայտարարում, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Պատասխանը մեկն է՝ քո անցած ամբողջ ճանապարհը, Արցախի հարցում երբևէ արտահայտած մոտեցումներդ, թերթոնիդ հոդվածներն ու հայտարարությունները միայն այդ եզրահանգմանն էին բերում:

Այս զազրելի ստերի ու մանիպուլյացիաների շարքն անվերջ է, բայց պոպուլիստ մանիպուլյատորին դա քիչ է հետաքրքրում: Կարևորը սուտն անընդհատ կրկնելն է, և իր համոզմամբ՝ հասարակությունն այն ի վերջո կընկալի որպես ճշմարտություն: Չէ՞ որ այս հնարքը բազմիցս հաջողությամբ կիրառել է», – ասված է նրանց հայտարարության մեջ:

«Խաբեությամբ այլևս չես մոլորեցնի մեր ժողովրդին», – ընդգծում է Սերժ Սարգսյանի գրասենյակը:

Ազատություն ռադիոկայան

Արխիվային լուսանկար, 22 ապրիլի, 2018թ