Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի խորհրդայնացումը. քննարկում Կապանում

1885

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը նոյեմբերի 27-ին, ուրբաթ, Կապանում կազմակերպել էր քննարկում «Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի խորհրդայնացումը 1920թ. ապրիլին, դեկտեմբերին և 1921-ի փետրվարին» և «Խորհրդայնացման առաջին տարին, իշխանության մարմինների ձևավորումը Խորհրդային Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում 1921 թվականին» թեմաներով:

Քննարկումների այս շարքը, որը ընդգրկելու է հիմնականում Խորհրդային Հայաստանի, բայց նաև Անդրկովկասի պատմության 1920-1937 թվականները, տեղի են ունենում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:

Միջոցառման սկզբում ներկաները լռությամբ, գլուխ խոնարհելով ու աղոթքով հիշեցին Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի զոհերի հիշատակը:

Քննարկումը վարում էր ՍիվիլՆեթի լրագրող, ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը: Հիմնական բանախոսը ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էր: Քննարկման բացումը և փակումը կատարեց Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն, հայագետ և Սյունյաց աշխարհի գիտակ Գրիշա Սմբատյանը: Միջոցառումը կայացավ Կապանի երկրագիտական թանգարանում: 

Այն տևեց երկու ժամ: Մասնակցում էին երեք տասնյակ կապանցիներ՝ ուսանողներ, պատմաբաններ, հայագիտական հարցերով հետաքրքրվողներ: Քննարկմանը հետևեց հարց-պատասխան, ապա՝ համեստ հյուրասիրություն:

Միջոցառումը ամբողջությամբ նկարահանվել է և առաջիկայում կտեղադրվի ԱՆԻ կենտրոնի կայքում, Յություբի և Ֆեյսբուքի էջերում:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

Լուսանկարը՝ Արմեն Հակոբյանի

Կարդալ նաև՝

«Խորհրդային Հայաստանը և հարևանները 1920-1937 թթ». ԱՆԻ կենտրոնի 18 ձեռնարկները