Թուրքական գրկախառնություն Արարատի փեշերին

3518
Armenian President Levon Ter-Petrosyan (L) and Azerbaijan President Haydar Aliyev (R) prepare to take their seats flanking Turkish President Suleyman Demirel (C, standing) while Georgia's Eduard Shevardnadze (Far L) follows his counterparts April 28 in the beginning of a Black Sea countries conference in Istanbul where seven presidents of the Black Sea nations attended. TURKEY BLACK SEA

1992թ. մայիսի 28-ին թուրք-նախիջևանյան սահմանում` Արաքսի ձախ ափին, վարչապետ Դեմիրելը հավաքված հազարավոր ադրբեջանցիներին դիմում, բացականչում էր. ՙՍիրելի’ ադրբեջանցի թուրքեր, սիրելի՛ նախիջևանցի թուրքեր: Մենք այստեղ ենք` ձեզ ասելու, որ միայնակ չեք: Արազի վրայով այսօր մենք բացում ենք հույսի կամուրջը, որն Էգեյան ծովից մինչեւ Չինաստան ճանապարհ բացելու առաջին քայլն է՚:

Ամերիկացի լրագրող Թոմաս Գոլցն ականատեսի աչքերով գրում է. ՙՕդանավի դուռը բացվեց, երևաց Դեմիրելն իր նշանավոր ֆեդորայով: Նա իջնում էր աստիճաններով` դեպի Հեյդարի գիրկը: Տասնյակ լուսանկարչական ապարատներ և տեսախցիկներ արձանագրում են պատմական պահը. վերջապես Դեմիրելն ու Ալիևը միասին են: Կան համառ ասեկոսեներ, թե Ադրբեջանի իշխանական ու անվտանգության համակարգում Ալիևի վերելքը նախատեսված էր ՊԱԿ-ի ՙԿապույտ աչքեր՚ գործողության իրականացման հեռանկարով` 1960-70-ական թվականներին Թուրքիայի քրդերի շրջանում հրահրել ապակայունություն: Նայելով Հեյդարի կոկորդիլոսի անթարթ աչքերին` հասկանալի է, թե որտեղից է գալիս ՙԿապույտ աչքեր՚ անվանումը: Եվ ահա այստեղ` Արարատ լեռան ստվերի տակ, Դեմիրելն ու Ալիևը կազմակերպել էին պանթուրքական տոնակատարություն՚:

Լևոն Տեր-Պետրոսյանը Թուրքիայում

1992թ. հունիսի 14-ին Ռիո դե Ժանեյրոյում, բնապահպանական համաժողովի շրջանակներում, կայացավ Տեր-Պետրոսյան-Դեմիրել հանդիպում, որը, ըստ թուրքական մամուլի, եղել է Հայաստանի նախագահի առաջարկով: ՙՁեզ հետ որպես վարչապետ կամ նախագահ չեմ ուզում խոսել, մի կողմ թողնենք դիվանագիտական պատշաճությունը: Պատերազմով և կռվով որևէ տեղ չեք կարող հասնել: Հազար տարի հետո անկախ Հայաստան հաստատելու պատեհություն գտար, բայց այդ պետությունը թշնամության և պատերազմի վրա մի հաստատիր: Շուրջդ Ադրբեջանը և Թուրքիան կան: Եթե բարեկամ չլինեք այդ երկրների հետ, ձեր կացությունը դժվարությունների է բախվելու՚,- ասել է Դեմիրելը:

Տեր-Պետրոսյանը պատասխանել է. ՙՂարաբաղի հարցը ես ուզում եմ հաշտ ճանապարհով լուծել՚: Դեմիրելը շարունակել է. ՙԵթե հաշտություն ես ուզում, հեռացիր Շուշիից ու Լաչինից: Մեզ համար Նախիջևանը առանձնահատուկ կարևորություն ունի՚: Ապա Տեր-Պետրոսյանը ասել է, որ Հայաստանը ձգտում է խաղաղության, և պատրաստվում է խոսակցությունը շարունակել Ստամբուլում` ՍԾՏՀ-ի շրջանակներում: ՙՀարգելի Տեր-Պետրոսյան, Ձեզ հետ խոսում եմ առանց դիվանագիտական ձևակերպումների: Ուժի ճանապարհով հողի տերի դարձողները չեն կարող անդորրության մեջ ապրել: Թուրքիայի հետ հարևան եք, հետևաբար պետք է բարեկամ ապրեք՚:

Այս հանդիպմանը ներկա են եղել նաև երկու երկրների արտգործնախարարներ Չեթինը և Հովհաննիսյանը: Վերջինս հիշում է. ՙԹուրքիայի վարչապետը քարոզ էր կարդում: Միակողմանի սպառնալիքներ էր, ասում էր, որ հայերը պետք է դասեր սովորեն իրենց պատմությունից, որ Թուրքիան պատրաստ է իր ձեռքը մեկնել, բայց մեկնել այն Հայաստանին, որ գիտի իր չափը, սահմանը և որը պատրաստ է անցյալը թողնել անցյալին և Թուրքիայի հետ նոր շրջան բացել: Խոսք եղավ Ղարաբաղի մասին՚:

Թուրքական հաց

1992թ. Հայաստանի արտաքին աշխարհի հետ կապող միակ աշխատող հաղորդակցությունը աբխազական երկաթգիծն էր: Ճիշտ է, հայ-թուրքական սահմանը դեռ շրջափակված չէր, սակայն երկու սահմանադռները` Կարս-Գյումրի և Ալիջան-Մարգարա, բացվում էին որոշ դեպքերում: Խորհրդային տարիներին Նախիջևանով էին անցնում Հայաստանի համար կենսական ճանապարհները, առաջին հերթին` երկաթուղիները` Երևան-Բաքու, Երևան-Կապան, Երևան-Ջուլֆա-Թավրիզ: Հայաստանը ցամաքային կապով` Արաքս գետի վրայով, կապեր էր հաստատում Իրանի հետ:

Հայաստանը Եվրամիության վարկով պետք է հաց գներ: Վարչապետ Խոսրով Հարությունյանը հացամթերումների նախարարից տեղեկանում է, որ հացի մի քանի օրվա պաշար կան միայն: ՙԻնձ համար շատ անսպասելի էր: Այդ պահից սկսվեց հացի համար մեր կռիվը: Ես` որպես վարչապետ, ընկճված էի, երբ երեկոյան դուրս էի գալիս քաղաքը շրջելու, տեսնում էի հացի հերթերը: Շատ ճնշող էր: Երբ փակվեց Աբխազիայի երկաթգիծը, վիճակն ավելի բարդացավ: Բեռնատար ավիացիա չունեինք: Ավիացիան սարսափելի վիճակում էր, կամայականություններ` ինչքան ասես: Ապրանքը գալիս էր, ներքևից սակարկում էին, մինչև այսքան գումար չտաք, վայրէջքի հնարավորություն չենք տա՚,- հիշում է Հարությունյանը:

Տեր-Պետրոսյանը կապվում է վարչապետ Դեմիրելի հետ, քննարկում Թուրքիայի տարածքով ցորեն ներկրելու հնարավորությունը: Դեմիրելի պատասխանը դրական էր: Հայաստանի նախագահը վարչապետին կարգադրում է իր թուրք գործընկերոջ անունով նամակ պատրաստել: Հարությունյանը հիշում է Դեմիրելին գրած նամակի բովանդակությունը. ՙԵս և  Դուք հնարավորություն ունենք մեր ժողովուրդներին ապացուցելու, որ կարող ենք նաև համագործակցել, եկեք փորձենք այդ հնարավորությունը բաց չթողնել՚: Սեպտեմբերի 21-ին Հարությունյանը Դեմիրելից ստանում է դրական պատասխան. ՙԻմ կառավարությունը սկզբունքորեն համաձայն է օգնություն ցույց տալ հացահատիկի պաշարները լրացնելու գործում: Մենք պատրաստ ենք ընդունելու Ձեր պատվիրակությանը` հացահատիկի տեղափոխման միջոցների, քանակի ձևակերպումների և ժամկետների վերաբերյալ հարցերը քննարկելու համար՚:

Հոկտեմբերի 7-ին պետնախարար Գագիկ Շահբազյանը մեկնեց Անկարա` քննարկելու Թուրքիայից հացահատիկը Հայաստան հասցնելու ուղիները: Շահբազյանը տարիներ անց պատմել է. ՙԱնկարայում արժանացանք թեև քաղաքավարի, բայց շատ սառն ընդունելության: Թուրքիայի արտգործնախարարի, գյուղնախարարի, ինչպես նաև զանազան վարչությունների ղեկավարների հետ բանակցությունների շնորհիվ թուրքական կողմը համաձայնեց վերսկսել Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային  հաղորդակցությունը, պայմանով, որ թուրքական վագոնները պետք է անմիջապես վերադառնան Ախուրյանում բեռնաթափումից հետո՚: Խորհրդային Միություն փլուզումով դադարեցվել էր երկաթուղային հաղորդակցությունը Կարսի և Գյումրիի միջև:  ՙՀաշված օրերի ընթացքում Հայաստանում կատարվեց հսկայական աշխատանք, վերակառուցվեց Ախուրյանի կայարանը` այն հարմարեցնելով հացահատիկի ընդունմանը: Իսկ ընդդիմադիրները շարունակում էին մոլեգնել` չնայած իրենք էլ ախորժակով ուտում էին այդ հացը՚:

1992թ. հոկտեմբերի 10-ին Անկարայում պայմանագիր է ստորագրվում Հայաստանի պարենի և Թուրքիայի առևտրի նախարարությունների միջև. Թուրքիան փոխարինաբար Հայաստանին տրամադրում էր 100 հազար տոննա հացահատիկ: Ապա տեղի է ունենում Հայաստանի և Թուրքիայի վարչապետերի հեռախոսազրույցը: ՙԴրական զրույց էր: Թուրքիան համաձայնեց մեր ապագա վարկի դիմաց իր ներքին պաշարներից Հայաստանին հաց տալ, պայմանով, որ դրա փոխարեն հետագայում հաց ստանա Եվրամիությունից՚,- հիշում է Խոսրով Հարությունյանը:

ՏերՊետրոսյանը մասնակցում է Օզալի թաղմանը

1993թ. ապրիլի 20-ին նախագահ Օզալի հուղարկավորության արարողությանը մասնակցելու  նպատակով Անկարայում գտնվող հայկական պատվիրակությանը` նախագահ Տեր-Պետրոսյանին, արտգործնախարար Փափազյանին և նախագահի խորհրդական Լիպարիտյանին, ընդունում է վարչապետ Դեմիրելը:

Շատ բովանդակային և հետաքրքիր զրույց էր, պատմում են Փափազյանն ու Լիպարիտյանը: ՙԴեմիրելը գզրոցից մի քարտեզ հանեց և թուրքերենով ասաց` սա Հայաստանն է, հայկական հող է, հարց չունենք` մեր հարևանն է, սա Ղարաբաղն է, հայկական հող չէ, բայց այնտեղ հայեր են ապրում, մտահոգություններ ունեք, վերցրեցիք Ղարաբաղը, դա էլ հասկացանք, սա Լաչինն է, սա ձեր հողը չէ, ոչ էլ հայեր էին ապրում, վերցրեցիք, ասացիք անվտանգության համար է, դա էլ հասկացանք: Քելբաջարի հե՞տ ինչ գործ ունեք: Քելբաջարը որ գրավեցինք, այդ մարդիկ (թուրքերը) ասացին, չէ՛, մեր եղբայրներին ծեծում եք՚,- հիշում է Լիպարիտյանը:

Հայացաք Արարատից. արևելեահայերնՀայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ: