Միջազգային հանրությունն այս իրավիճակում պետք է վճռական քայլ անի և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը. վարչապետը՝ Euronews-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Euronews հեռուստաընկերությանը, որը ներկայացնում ենք ստորև.
Euronews – Պարոն վարչապետ, ՄԱԿ-ը, Մինսկի խումբը և Եվրամիությունը, բոլորն էլ կրակի անհապաղ դադարեցման կոչ են արել։ Այդուհանդերձ, մարտերը շարունակվում են։ Կարո՞ղ եք բացատրել, թե ինչի եք Դուք ձգտում այստեղ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ամենակարևորը՝ միջազգային հանրությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը պետք է արձանագրեն, թե ինչ է տեղի ունեցել, և ինչ է տեղի ունենում: Նախ, մենք ողջունել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների և արտաքին գործերի նախարարների հայտարարությունը: Եվ այդ Թուրքիան է հայտարարել, որ կարծում է՝ Ադրբեջանը չպետք է դադարեցնի ռազմական գործողությունները, և ըստ էության, Ադրբեջանը մնացել է Թուրքիայի տված հանձնարարականի շրջանակում: Կարծում եմ, որ Եվրամիության արտաքին հարցերով գլխավոր հանձնակատարի այսօրվա հայտարարությունը վկայում է այդ մասին: Այս իրավիճակում, երբ մենք ունենք հակամարտության գոտում և ռազմական գործողությունների մեջ ներգրավված ահաբեկչական խմբավորումներ, որոնք կռվում են Ադրբեջանի կողմից և որոնք հավաքագրվել և տեղափոխվել են հակամարտության գոտի, մարտական գործողությունների գոտի Թուրքիայի կողմից և հաշվի առնելով այն, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը հենց այս պահին, հենց հիմա գտնվում է գոյութենական սպառնալիքի ներքո, որովհետև Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակավայրերը, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը, ենթարկվում են անընդհատ հրթիռային հարվածների՝ կարծում եմ, որ միջազգային հանրությունն այս իրավիճակում պետք է վճռականորեն քայլ անի և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Euronews – Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն ասում է, որ ձեր զինված ուժերը հրետակոծում են իրենց քաղաքները։ Հայտնի է, որ երկու կողմից էլ կան քաղաքացիական զոհեր։ Արդ, ես ուզում եմ հասկանալ, թե արդյոք Դուք հետամուտ եք խաղաղության:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Միանշանակ, որովհետև նախ հարվածներ հասցրել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, և Լեռնային Ղարաբաղի կառավարությունը հստակ պարզաբանումներով է հանդես եկել, որ այդ պատասխան հարվածը հասցրել է միայն անհնարինության բերումով, որովհետև դա է միակ ճանապարհը եղել, որպեսզի փորձեն կանգնեցնել Ադրբեջանի կողմից ձեռնարկված հրթիռակոծությունները Լեռնային Ղարաբաղի բնակավայրերին:
Euronews – Կարծիքները տարբերվում են առ այն, թե ով է առաջինը սկսել մարտական գործողությունները սեպտեմբերի 27-ին։ Անցյալ տարի Դուք և Ձեր երկրի Արտաքին գործերի նախարարը հայտարարեցիք, որ մտադիր եք հանրությանը նախապատրաստել խաղաղության։ Բայց մենք այլ բան ենք տեսնում։ Դուք ունեք Ռուսաստանի աջակցությունը, և ես կցանկանայի իմանալ, թե այդ աջակցությունը որքանով կարող է ազդել Ձեր հետագա քայլերի վրա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Խաղաղությունը միշտ եղել է մեր գլխավոր և գերագույն նպատակը: Իմ՝ վարչապետ ընտրվելու օրվանից ես ասել եմ, որ մենք պետք է ճգնենք գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ ես առաջին ղեկավարն եմ՝ ներգրավված բանակցային գործընթացի մեջ, ով պաշտոնապես ասում է, որ որևէ լուծում պետք է ընդունելի լինի նաև դիմացի ժողովրդի համար: Ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանն այս բանաձևը չի ընդունել և չի ընդունել պաշտոնապես՝ ասելով, որ իր համար կա միայն մեկ լուծում, երբ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ, էթնիկ զտումների միջոցով ազատված կլինի հայերից և ամբողջությամբ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ: Սա ցեղասպանության սպառնալիք է, և այդ ցեղասպանության սպառնալիքի իրականացման գործում այսօր ներգրավված են միջազգային ահաբեկիչներ, որոնք հավաքագրել և տարածաշրջան են բերվել Թուրքիայի կողմից և որոնք մարտնչում են Ադրբեջանի կողմից: Այս փաստը, ըստ էության, արդեն ճանաչել են տարածաշրջանի և եվրոպական մի շարք երկրներ: Ես էլի ուզում եմ ընդգծել՝ եթե մենք ուզում ենք կանգնեցնել հումանիտար աղետը, եթե մենք ուզում ենք կանգնեցնել այս հակամարտության ծավալումն ավելի մեծ մասշտաբներով, միջազգային հանրությունը պետք է վճռականություն ցուցաբերի և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Euronews – Ի՞նչ քայլեր եք Դուք պատրաստվում ձեռնարկել զինված բախումների կիզակետում հայտնված քաղաքացիական բնակչության զրկանքներն ու կորուստները նվազագույնի հասնելու համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախորդ հարցից բաց թողեցի, գիտեք, ես կարծում եմ՝ իսկապես շատ կարևոր է պարզել, թե ով է սկսել այս հարձակումը: Եվ դրա համար այսօր միջազգային մամուլը և միջազգային հանրությունն ունի բավարար տեղեկատվություն: Հայաստանը և Ղարաբաղը չէին կարող սկսել այդ պատերազմը՝ մի պարզ պատճառով, որովհետև մենք այստեղ ռազմական խնդիրներ չունեինք լուծելու: Խնդիրը, որը մենք պետք է լուծենք, քաղաքական է, և Ադրբեջանն է, որ պատերազմին նախորդած վերջին 15 տարում, 15 ամսում, 15 շաբաթում, 15 օրում, 15 ժամում անընդհատ սպառնացել է, որ ինքը ռազմական ճանապարհով կլուծի հարցը: Այդտեղ ոչ մի գաղտնիք չկա: Եկեք հրապարակայնորեն վերլուծենք Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարությունները, եկեք հրապարակայնորեն վերլուծենք՝ իսկ ինչո՞ւ պետք է ահաբեկիչները բերվեին Ադրբեջան, շփման գոտի: Որևէ ուրիշ նպատակով կարո՞ղ են ահաբեկիչները հավաքագրվել որևէ այլ երկրում և բերվել սեփական երկիր, եթե այդ երկիրը ռազմական ագրեսիա չի պատրաստում: Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը համաձայնվեր, որ ահաբեկիչները տեղափոխվեն սեփական երկրի տարածք: Բայց մենք ասում ենք, որ այսօր, այո, ամենակարևորը, բռնության դադարեցումն է, և սրա համար Ադրբեջանը պետք է դադարեցնի իր հարձակումները: Իհարկե, կարևորը խաղաղությունն է տարածաշրջանում, և սրա համար լավագույն գործիքը մենք համարում ենք միջազգային հանրության կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը:
Euronews – Կներե՛ք, պարոն վարչապետ, ասացե՛ք խնդրեմ, Դուք պատրա՞ստ եք դադարեցնել կրակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, իհարկե, բայց հասկանո՞ւմ եք՝ սա չի նշանակում, որ մենք կանգնենք, գան և մեր ժողովրդին ցեղասպանության ենթարկեն: Մենք ոչ մեկի վրա չենք հարձակվել: Մեր գործողությունները և Ղարաբաղի գործողությունը բացարձակապես ինքնապաշտպանական է: Մենք որևէ մեկին սպանելու նպատակ չենք ունեցել և չունենք: Մենք ունենք ընդամենը հայ ժողովրդին հերթական ցեղասպանությունից պաշտպանելու, ինքնապաշտպանվելու նպատակ:
Euronews – Ո՞րն է կարգավորման Ձեզ համար ընդունելի տարբերակը։ Կա՞ հակամարտության լուծման այնպիսի տարբերակ, որը չի ենթադրում բռնություն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեր ամբողջ դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ այն, որ բռնությունների միջոցով Ղարաբաղի հարցը լուծել հնարավոր չէ: Որևէ լուծման հասնել՝ բռնության միջոցով, հնարավոր չէ: Դա Ադրբեջանի քաղաքականությունն է եղել, որ իրենք պատրաստվում են բռնի եղանակով լուծել Ղարաբաղի հարցը: Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել կոմպրոմիսի: Այդ Ադրբեջանն է, որ որևէ կերպ չի ուզում կոմպրոմիս, չի ուզում կոմպրոմիս: Նրա միակ լուծումն այն է, որ Ղարաբաղի հայությունը, որը միշտ եղել է Ղարաբաղի բնակչության 80 և ավելի տոկոսը, տեղահան արվի, և Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների միջոցով ազատվի հայերից, դառնա ոչ հայաբնակ տարածք: Բայց մարդիկ չեն կարող իրենց հազարամյա հայրենիքն ուղղակի թողնել Ադրբեջանի պահանջով: Եվ նրանք պետք է ինքնապաշտպանվեն և ունեն ինքնապաշտպանվելու իրավունք: Բացի ինքնապաշտպանությունից, Լեռնային Ղարաբաղն այստեղ որևէ ուրիշ նպատակ չունի:
Euronews – Պարոն վարչապետ, շնորհակալություն հարցազրույցի համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես եմ շնորհակալ:
Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ, ինչը շատ բան է փոխում ԼՂ հարցի համատեքստում. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Առաջին ալիքին: Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև.
Հարց – Ձեզ համար անսպասելի՞ էր ադրբեջանական հարձակումը, դրա ինտենսիվությունն ու տեխնիկական հագեցվածությունը, մասնավորապես՝ անօդաչուների մասսայական կիրառումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Անկեղծ ասած, անսպասելի չէր, քանի որ Ադրբեջանն արդեն շատ երկար ժամանակ ծավալում է ռազմական հռետորաբանություն, ատելության հռետորաբանություն հայերի և այն ամենի նկատմամբ, ինչ կապված է հայերի հետ: Եվ սպառնալիքների լեզուն սովորական է դարձել մեզ համար. այն, որ Ադրբեջանը խոսում է սպառնալիքի լեզվով: Անսպասելին այն էր, որ այս հակամարտությունում ներգրավվել են ահաբեկչական կազմավորումների մարտիկներ: Ես կարծում եմ, որ սա փոխում է տեղի ունեցողի ամբողջ համատեքստը, քանի որ արդեն երեկ Ռուսաստանը, ռուսական հատուկ ծառայությունները պաշտոնապես հաստատել են, որ ահաբեկչական որոշ միջազգային կազմավորումների մարտիկներ ներգրավված են Ղարաբաղում ռազմական գործողություններում, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման մեջ: Ես կարծում եմ, որ հիմա գործնականում Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ: Եվ սա շատ բան է փոխում Լեռնային Ղարաբաղի հարցի համատեքստում:
Հարց – Երեկ չէ առաջին օրը սրացումից հետո Դուք առաջին անգամ եղել եք Ստեփանակերտում, Լեռնային Ղարաբաղում, հանդիպել եք զինվորականների հետ, Ձեր աչքերով շատ բան եք, հավանաբար, տեսել: Այն մարտավարությունը, որ կիրառում է ադրբեջանական բանակը, որը, ամենայն հավանականությամբ, ուղղված է բարձր ճշգրտության զենքի կիրառմանը և հայկական բանակի նյութատեխնիկական մի հատվածի շարքից հանելուն: Ի՞նչ եք դուք հակադրում այդ մարտավարությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Լեռնային Ղարաբաղի բանակը դրան հակադրում է զինված ուժերի շարժունակությունը և կանխարգելիչ հարվածներ հասցնելը: Դեռևս դա վատ չի ստացվում: Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի զորքերը բավականին հաջող ոչնչացնում են այդ անօդաչուները:
Հարց – Ադրբեջանի ղեկավարությունն ասում է, որ պատրաստ է դադարեցնել կրակը այն դեպքում, եթե դուք ճանաչեք Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, նույնիսկ պահանջներ են հնչում՝ ներկայացնելու Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման ժամանակացույց: Դուք հակառակ դիրքորոշմանն եք հարում: Եվ սա նման է փակուղու: Ինչպիսի՞ փոխզիջումների եք Դուք պատրաստ և ինչպիսի՞ փոխզիջումներ են անընդունելի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, այս մթնոլորտում տեղին չէ խոսել մանրամասների մասին: Ինչ վերաբերում է բանաձևին, ակնհայտ է, որ ցանկացած հակամարտությունում, եթե մենք իրոք ցանկանում ենք լուծել այդ հակամարտությունը, անհրաժեշտ են փոխզիջումներ: Անհրաժեշտ են փոխզիջումներ: Եվ ես կարծում եմ, որ հայկական կողմը միշտ պատրաստ է եղել փոխզիջումներին: Եվ եթե Ադրբեջանը նույնպես պատրաստ լինի փոխզիջումների, ապա դա կփոխի իրավիճակը:
Հարց – Բաքուն ձեր կողմին մեղադրում է նրանում, որ դուք խախտում եք Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը: Ի՞նչ Դուք կարող եք պատասխանել այս մեղադրանքներին: Եվ այդ բանաձևերն ինչ-որ կերպ կարողացե՞լ են լուծել հակասությունները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, չի կարելի Անվտանգության խորհրդի այդ բանաձևերը կտրել համատեքստից և ներկայացնել այլ լույսի ներքո: Պետք է շատ պարզ, հստակ և սթափ վերլուծել, թե ինչ է այնտեղ գրված: Այնտեղ ընդհանրապես Հայաստանի և Հայաստանի կողմից ռազմական գործողությունների մասին ոչինչ չի ասվում: Վերջին բանաձևում ասվում է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի մասին միջազգային պայմանագիրը և դրա արդյունքում կորցրել է տարածքներ, և այդ տարածքներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնապաշտպանական ուժերը: Հայաստանի մասին այնտեղ խոսվում է այլ համատեքստում. կոչ է արվում Հայաստանին օգտագործել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ կապերը, որպեսզի ինչ-որ կերպ իրավիճակը կայունացվի: Այսինքն՝ այդ բանաձևերից վերջինն ընդունվել է 1993թ. կոնկրետ օպերատիվ իրադրության ժամանակ: Այն կոնկրետ իրավիճակի մասին է: Եվ պետք չէ այդ բանաձևերը կտրել համատեքստից:
Հարց – Ադրբեջանի և Հայաստանի միջև հակասությունները կարո՞ղ են դուրս գալ երկկողմ հարաբերությունների սահմաններից, երկկողմ հակամարտության սահմաններից: Դուք հավաստիացնում եք, որ թուրք զինվորականներն են, ըստ էության, ղեկավարում օպերացիան: Կարո՞ղ է դա ինչ-որ ձև պատերազմը տարածաշրջանի սահմաններից դուրս բերել, ավելի հեռու՝ սահմաններից այն կողմ և նման դեպքում միջազգային ինչպիսի՞ աջակցություն եք Դուք ակնկալում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իրավիճակն արդեն դուրս է եկել տարածաշրջանի սահմաններից: Ես նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանի սահմաններից, քանի որ երբ այստեղ արդեն ներկա են արմատականներ, միջազգային ահաբեկիչներ, սա արդեն իրենից վտանգ է ներկայացնում մեծ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար: Եվ սա սպառնալիքի օջախ է հանդիսանում ամբողջ աշխարհի անվտանգությանը, գլոբալ անվտանգությանը: Այսինքն՝ սա արդեն դուրս է եկել զուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սահմաններից:
Եվ, իհարկե, Թուրքիայի ներգրավածությունը փոխում է համատեքստը: Դրա մասին բազմիցս ասել եմ վերջին շաբաթվա, վերջին տասը օրերի ընթացքում. ինչո՞ւ է Թուրքիան հարյուր տարի անց վերադարձել Հարավային Կովկաս: Երկու պատճառով: Որպեսզի շարունակի հայերի ցեղասպանության քաղաքականությունը: Ինչի՞ համար է Թուրքիային անհրաժեշտ այս քաղաքականությունը: Որպեսզի շարունակի ընդլայնման իր քաղաքականությունը, կայսերական քաղաքականությունը դեպի հյուսիս, արևելեք, հարավ-արևելեք: Եվ այս ամենը պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որը Թուրքիան իրականացնում է Միջերկրական ծովում, Մերձավոր արևելեքում, Հունաստանի և Կիպրոսի հանդեպ և այլն: Սա թուրքական կայսրության վերականգնման քաղաքականություն է: Եվ սա արդեն սպառնալիքի օջախ է ոչ միայն տարածաշրջանային երկրների համար՝ նեղ իմաստով, այլ նաև գլոբալ անվտանգության համար՝ լայն իմաստով: Եվ ես վստահ եմ, որ միջազգային գործընկերները պետք է կոնկրետ եզրակացություններ անեն սրանից, քանի որ սա արդեն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անվտանգության հարցը չէ: Սա երկրների, տերությունների և նույնիսկ՝ գերտերությունների լայն շրջանակի անվտանգության հարց է:
Հարց – Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվել Հայաստանի կողմից: Չնայած վերջին օրերին և՛ Դուք, և՛ Հայաստանի նախագահը խոսել եք նման հնարավորության մասին: Ի՞նչ եք կարծում, ճանաչումն ինչ-որ կերպ կարո՞ղ է օգնել Ղարաբաղին, թե դա ավելի կխորացնի իրադրությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դուք տվեցիք ամենակարևոր, գլխավոր հարցը, նվազագույնը՝ ամենակարևոր, գլխավոր հարցերից մեկը: Հարցը հետևյալում է՝ եթե մեր վերլուծությունը տանի նրան, որ դա կօգնի Ղարաբաղին և խնդրի լուծմանը, մենք կգնանք նման քայլի, եթե՝ ոչ, մենք ձեռնպահ կմնանք նման որոշումից: Մենք հիմա քննարկումների ընթացքում ենք: Բացի այդ, մենք նաև հաշվի ենք առնում այն, որ մենք պետք է առավելագույնս կառուցողական անդամ լինենք միջազգային հանրույթում:
Հարց – Այժմյան հակամարտությունն ամենաինտենսիվն ու ամենաարյունահեղն է վերջին քառորդ դարում այս տարածաշրջանում: Բայց վաղ թե ուշ յուրաքանչյուր պատերազմ ավարտվում է: Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում խաղաղությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պարզապես անհրաժեշտ է դադարեցնել կրակը, անհրաժեշտ է դադարեցնել հարձակումը Ղարաբաղի նկատմամբ և անհրաժեշտ է դադարեցնել ահաբեկչական ակտը, որովհետև ես համարում եմ, որ սա միջազգային ահաբեկչական ակտ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ:
Ադրբեջանի հետ հակամարտությունը վերածվում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի. ՀՀ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Sky news հեռուստաալիքին, որը ներկայացնում ենք ստորև.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի համար Ադրբեջանի հետ հակամարտությունը, ըստ էության, վերածվել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի:
Բախվելով անլուծելի խնդրի, որը ծագել է իր պաշտոնավարման տարիներից շատ առաջ, և վկայակոչելով սիրիացի վարձկանների մասին լուրերը՝ պարոն Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության այս վերջին սրացումը համարում է քաղաքակրթական խնդիր:
Նիկոլ Փաշինյանը Sky News-ին ասաց. «Նախ, Թուրքիան ուղղակիորեն և ամբողջովին ներգրավվել է հակամարտության մեջ՝ հրահրելով և բորբոքելով այն»: Թուրքիան Սիրիայի տարածքից վարձկաններ և ահաբեկիչներ է տեղափոխել հակամարտության գոտի, ինչը փոխում է ամբողջ համատեքստը: Նա հավելեց. «Ըստ էության, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության պայքարը միջազգային ահաբեկչության դեմ»:
Պարոն Փաշինյանը նաև մեղադրում է Թուրքիային Ադրբեջանին սատարելու մեջ՝ «հայերի դեմ ցեղասպան քաղաքականություն վարելու և այդ երկրի ծավալապաշտական նկրտումները զարգացնելու համար»: Նա ասաց. «Եկեք նայենք, թե ինչ է անում Թուրքիան Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում: Ինձ համար կասկած չկա, որ սա Հայոց ցեղասպանությունը շարունակելու և թուրքական կայսրությունը վերականգնելու քաղաքականություն է»:
ՀՀ վարչապետը կրկնեց իր բանակցային դիրքորոշումը, այն է՝ ցանկացած խաղաղ կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար:
Թուրքիայի ներկայիս կեցվածքը նոր հարթություն է տեղափոխում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Այդուամենայնիվ, այն շարունակում է մնալ որպես տարածքային վեճ, որը չի կարգավորվել Հայաստանի նախորդ կառավարությունների և հայր ու որդի Ալիևների դինաստիայի կողմից:
Չնայած հրադադարի ռեժիմի միջազգային կոչերին, մենք ականատեսն ենք ահագնացող բռնության, ինչն արդեն իսկ հանգեցրել է քաղաքացիական անձանց մեծաթիվ կորուստների»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը BBC World News հեռուստաալիքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եվ Արցախը, այո՛, Հայաստան է, հայերի երկիր է, որովհետև միշտ այնտեղ բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայեր: Եվ այսօր էլ այդպես է: Եվ ի՞նչ պրոբլեմ կա սրա հետ: Իսկ Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ չապրեն հայեր: Դրա համար էլ այսօր՝ ահաբեկիչների աջակցությամբ, հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա: Եվ ի՞նչ է որևէ մեկն առաջարկում, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ասելու են, քանի որ դուք ահաբեկիչներ եք, ուրեմն մենք հրաժարվո՞ւմ ենք մեր արմատներից: Չի կարող լինել այդպիսի բան:
BBC World News – Երբ Դուք այդպես եք խոսում, ապա այլևս կոմպրոմիսի շատ տեղ չի մնում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ոչ: Մենք պատրաստ ենք կոմպրոմիսի:
BBC World News – Ի՞նչ եք պատրաստվում զիջել: Պատրա՞ստ եք դիտարկել Լեռնային Ղարաբաղի հարակից որոշ տարածքներ զիջելու հնարավորությունը, որոնք այժմ վերահսկվում են հայերի կողմից: Դուք դիտարկո՞ւմ եք հարակից տարածքներից մի քանիսը զիջելը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բանակցային ողջ գործընթացի պատմության ընթացքում այդ գաղափարները քննարկվել են: Այդ գաղափարները քննարկվել են 2013 թվականին, 2015 թվականին, դրանից առաջ: Այդ գաղափարները կյանքի չեն կոչվել մի պարզ պատճառով. Ադրբեջանը հրաժարվել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
BBC World News – Համաձայն միջազգային իրավունքի, ըստ գործող միջազգային օրենքների՝ ավելի քան 25 տարի Հայաստանը անօրինական կերպով զբաղեցնում է Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Չկա այդպիսի բան: Ի՞նչ է դա նշանակում:
BBC World News – Նայեք միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի վեհաժողովի բանաձևերին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տեսեք, էլի բոլորը և շատերը, ցավոք սրտի, մեջբերում են, հիշատակում են…
BBC World News – Ձեր ասածը պատմական պնդում է, բայց միջազգային իրավունքի համաձայն դուք սխալ եք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կներեք, չկա այդպիսի միջազգային օրենք, որի մասին Դուք ասում եք: Բոլորը մեջբերում են ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բանաձևեր: Ցավոք, շատ քչերն են այն կարդացել: Այնտեղ չկա որևէ բան, որը խոսի այն մասին, որ Հայաստանն օկուպացրել է որևէ բան: Չկա այդպիսի բան: Ես նոր նկարագրում էի Ձեզ Լեռնային Ղարաբաղի …
BBC World News – Ըստ այդ բանաձևի՝ այն պատկանում է Ադրբեջանին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Որովհետև Դուք ասում եք՝ Ստեփանակերտից եք գալիս, որովհետև Դուք տեսել եք այսօր, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գոյութենական վտանգի ներքո է: Գոյութենական վտանգի ներքո: Այսինքն՝ ամբողջ խնդիրն այն է, որ եթե Ադրբեջանի զինված ուժերն ունենան հաջողություններ, սա նշանակում է ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղի հայերի համար:
BBC World News – Պատերազմն սկսելուց հետո՝ 4 անգամ խոսել եք Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և երեկ երեկոյան Դուք կրկին խոսեցիք նրա հետ: Եթե հարձակում լինի հայկական տարածքների վրա, արդյոք Ռուսաստանը ձեզ ռազմական աջակցություն կցուցաբերի՞:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կա պայմանագրային որոշակի բազա, և այդ պայմանագրերով է նախատեսված, որ, այո, Հայաստանի Հանրապետության տարածքն անմիջական սպառնալիքի դեպքում որոշակի պարամետրերով Ռուսաստանը պետք է իր անվտանգային որոշակի պարտավորություններ կատարի:
BBC World News – Հստակեցման համար՝ նախագահ Պուտինի հետ վերջին շաբաթվա ձեր քննարկումներում նա վերահաստատել է, որ եթե Հայաստանին հարված հասցվի, ապա Դուք Ռուսաստանից ռազմական աջակցություն կստանաք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ես հարցին կարող եմ պատասխանել քաղաքականապես՝ որ Ռուսաստանի Դաշնությունը հավաստիացրել է, որ իր պարտավորությունները, որոնք ձևակերպված են պայմանագրային փաստաթղթերով, կկատարի: Այո:
BBC World News – Ուրեմն նա Ձեզ դա ասել է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո:
Թուրքիայի գործողությունները միտված են Օսմանյան կայսրության վերականգնմանը. վարչապետը՝ TIME հանդեսին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել TIME հանդեսին, որում պատասխանել է Լեռնային Ղարաբաղի սահմանագոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների, Թուրքիայի կողմից տարածաշրջան ահաբեկչական խմբավորումներ տեղափոխելու հետ կապված հարցերի:
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի մասին հոդվածը. «TIME-ի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերստին մեղադրանքներ հնչեցրեց առ այն, որ Թուրքիան արդեն իսկ ռազմական միջամտություն է իրականացնում հօգուտ Ադրբեջանի` պնդելով, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայքարում է տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու համար:
«Հայաստանն ու Ղարաբաղը դարձել են քաղաքակրթական առաջնագիծ», – հոկտեմբերի 2-ին TIME-ի հետ հեռախոսազրույցում ասաց Փաշինյանը՝ մեղադրելով Էրդողանին ի աջակցություն Ադրբեջանի տարածաշրջան 1500–2000 սիրիացի ահաբեկիչներ ուղարկելու մեջ:
Վկայակոչելով Թուրքիայի ռազմական ներխուժումները Սիրիա, Լիբիա, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի առճակատումը Հունաստանի հետ, Փաշինյանն ասաց. «Թուրքիայի գործողությունները ոչ այլ ինչ են, քան փորձեր ուղղված Օսմանյան կայսրության վերականգնմանը»:
Հարցին, թե չի կարծում արդյոք, որ հակամարտության նախաշեմին իր կատարած գործողություններով նա սադրեց Ադրբեջանին, Փաշինյանը պատասխանեց, որ իշխանության գալուն պես նա պատմական կոչ արեց` առաջարկելով հակամարտության լուծման նոր բանաձև, որը պետք է բավարարեր ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին: Ըստ նրա, իր հետագա հայտարարություններն արվել են ի պատասխան Ալիևի մաքսիմալիստական դիրքորոշման:
Փաշինյանն ասաց` որպես զինադադարի պայման, Հայաստանը պնդում է, որ Թուրքիան «դադարեցնի իր ներգրավվածությունը» և «դուրս բերի կամ չեզոքացնի վարձկաններին ու ահաբեկիչներին»:
Նա պնդում էր, որ վարձկաններն ադրբեջանական գյուղերում հալածում են մարդկանց և թալանում ալկոհոլ վաճառող խանութները՝ պահանջելով, որ նրանք հետևեն շարիաթի օրենքներին:
Ըստ Փաշինյանի, ներկայումս Ադրբեջանում կան 1,500–2,000 ահաբեկիչներ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսական РБК հեռուստաալիքին` 7 հոկտեմբեր, 2020թ, որի գրավոր տարբերակը տեղադրվել է նաև հեռուստաալիքի կայքէջում:
РБК – Դուք վերադարձել եք Լեռնային Ղարաբաղից։ Ինչպիսի՞ իրադրություն է հիմա այնտեղ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես եղա Ստեփանակերտում՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում։ Ստեփանակերտը գործնականում շուրջօրյա գտնվում է հրթիռակոծության տակ և այնտեղ, իհարկե, տուժում են խաղաղ բնակիչները։ Եվ դա դուրս է բոլոր սահմաններից: Դուք հասկանու՞մ եք՝ եթե Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է Ադրբեջանի մասը լինի, և եթե նրանք իսկապես մտածում են, թե ղարաբաղցիներն ու ադրբեջանցիները կարող են ապրել կողք կողքի, ապա ստացվում է, որ նրանք ավերում են իրենց իսկ քաղաքները։ Եկեք փորձենք հասկանալ Իլհամ Ալիևի (Ադրբեջանի նախագահի – ՌԲԿ) մտքերի ընթացքը։ Նա կարծում է, որ կռմբակոծի Ստեփանակերտը, և դրանից հետո ղարաբաղցիները կապրե՞ն Ադրբեջանի կազմում։ Այս մոտեցումը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել և չի լինի Ադրբեջանի կազմում։ Դա արդեն իսկ բացառվում է։ 100 տոկոս: Եվ դա ապացուցվում է Ադրբեջանի գործողություններով:
РБК – Ադրբեջանը վերջին օրերին հայտարարում է ռազմաճակատում ունեցած հաջողությունների, մասնավորապես՝ շփման գծում մի քանի գյուղեր գրավելու մասին։ Դա ճի՞շտ է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որն ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է․ նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսն ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը։
РБК – Ինչո՞ւ եք այդպես ասում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում։
РБК – Տվյալներ կա՞ն ադրբեջանական կողմի կորուստների մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, կան տվյալներ, արդեն կա Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունը, և շատ կարևոր է, որ այնտեղ Ադրբեջանի կողմից մեծաքանակ տեխնիկա է մտել: Մեծ մասը ոչնչացված է կամ լքված փախչող ադրբեջանցիներից: Այնպես որ, կարծում եմ՝ այսօր արդեն ղարաբաղյան բանակի մոտ մեծաքանակ տեխնիկա կլինի:
РБК– Մի քանի օր առաջ հաղորդվել էր Գյանջա քաղաքի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին։ Հնարավո՞ր է արդյոք ռազմական գործողությունների ընդլայնում Ադրբեջանի տարածքում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եթե այսօրվա գործողությունն ավարտվի այնպես, ինչպես սկսվել է, իսկ ես կարծում եմ, որ դա շատ հավանական է, քանի որ Ղարաբաղի բանակը նման հաջողությունից հետո պարզապես չի նստի և սպասի ադրբեջանական ուժերի վերախմբավորմանը։ Եվ ես կարծում եմ, որ եթե այսօր նրանց մոտ ստացվի, նրանք կփորձեն զարգացնել հաջողությունը։
РБК – Այսինքն՝ անցնել հակահարձակման Ադրբեջանի՞ տարածքի վրա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես չեմ կարող նրանց փոխարեն խոսել։ Այդ որոշումներն ընդունում են Ղարաբաղի զորահրամանատարները։ Ես գնահատում եմ ընդհանուր իրավիճակը։
«Քննարկվում է իրավիճակը մեր տարածաշրջանում և հատկապես ահաբեկիչների ներկայությունը»
РБК – Դուք հակամարտության սկզբից մի քանի անգամ հեռախոսազրույց եք ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Ի՞նչ է քննարկվում։ Խոսք գնո՞ւմ է արդյոք Ռուսաստանից Հայաստանին ռազմական տեխնիկայի մատակարարման մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Քննարկվում է ամեն ինչ։ Բայց գլխավոր թեման, որը քննարկվում է, իրավիճակն է մեր տարածաշրջանում և հատկապես ահաբեկիչների ներկայությունը Հարավային Կովկասում։ Որովհետև, գիտեք, եթե ուղղակի կռվում են Ղարաբաղն ու Ադրբեջանը կամ Հայաստանն ու Ադրբեջանը, դա մի իրավիճակ է։ Իսկ եթե ռազմական գործողությունների մեջ ներգրավված են ահաբեկիչներ կոնկրետ ահաբեկչական խմբավորումներից, (ի դեպ, երեկ ռուսաստանցի պաշտոնյաները հիշատակել են կոնկրետ ահաբեկչական կազմակերպություններ, որոնց անդամները կռվում են հակամարտության գոտում), արդեն բոլորովին այլ իրավիճակ է, դա արդեն ոչ միայն Ղարաբաղի, այլև մեր տարածաշրջանում անվտանգության հարցն է ավելի լայն իմաստով՝ Ռուսաստանի և Իրանի անվտանգության։
Դա առհասարակ գլոբալ անվտանգության հարց է։ Քանի որ դա նշանակում է, որ ահաբեկիչներն ընդլայնում են իրենց արեալը։ Այսինքն՝ ստացվում է, որ ահաբեկիչների մոտ Թուրքիայի ու Ադրբեջանի օգնությամբ նորանոր տարածքներ են հայտնվում, որտեղ նրանք կարող են դրսևորվել։ Եկեք պատկերացնենք, որ ինչ-որ կերպ այս հակամարտությունն ավարտվում է, և դրանից հետո նրանք ի՞նչ են անելու։ Անկասկած, այդ ահաբեկիչների մի մասը կմնա տարածաշրջանում և կգործի այնտեղ։ Մենք տեղեկություն ունենք, որ այդ ահաբեկիչներն արդեն իրենց կարգերն են հաստատում ադրբեջանական որոշ գյուղերում։ Եվ դա հարց է առաջացնում, թե որքանով են Ադրբեջանի պաշտոնական իշխանությունները վերահսկում իրավիճակը սեփական երկրում։ Որովհետև եթե ինչ-որ տեղ ցանկացած նորմալ երկրում գործում են ահաբեկիչներ, նորմալ իշխանությունը պետք է աշխատի նրանց ոչնչացնելու ուղղությամբ, այլ ոչ թե նրանց հնարավորություն տա ոչ միայն անխոչընդոտ գործելու, այլև սեփական կարգերը հաստատելու։
РБК – Այս փոփոխված համատեքստում արդյոք Հայաստանին տրվե՞լ են ռուսական ռազմական միջամտության երաշխիքներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և մենք անվտանգության ոլորտին առնչվող կոնկրետ պայմանավորվածություններ ունենք։ Օրինակ, մենք ունենք ընդհանուր հակաօդային պաշտպանություն։
РБК – Իսկ ՀՕՊ-ն այժմ գործի՞ է դրված:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, իհարկե։
РБК – Եվ մարտակա՞ն գործողություններում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ոչ, ոչ մարտական: Ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության տարածքը։ Բայց եթե ՀՕՊ-ի գծով սպառնալիք լինի Հայաստանի տարածքի համար, այդ դեպքում մեր համատեղ ուժերը պետք է գործի դրվեն։ Եվ դա նախատեսված է մեր պայմանագրերով, կանոնադրություններով և այլ փաստաթղթերով։
РБК – Բայց ահաբեկչական սպառնալիքը, ինչպես Դուք ասեցիք, Լեռնային Ղարաբաղում է, իսկ հարցը ռուսական ռազմական միջամտության երաշխիքի մասին է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո: Եվ այդ երաշխիքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքին։
РБК– Այդ երաշխիքները հաստատվե՞լ են Մոսկվայի հետ վերջին խոսակցությունների ժամանակ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, վերջին զրույցներում մենք քննարկել ենք այդ թեմաները, բայց քանի որ այդ ամենը նախատեսված է մեր պայմանագրերով, ամեն անգամ դա հաստատելու կարիք չկա։ Սա առկա փաստ է, և մենք քննարկել ենք այդ ոլորտի որոշ նյուանսներ։
РБК – Ամեն դեպքում Դուք ակնկալո՞ւմ եք ռազմական տեխնիկայի նոր մատակարարում Ռուսաստանից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ինչպես ես արդեն ասեցի, Հայաստանը և Ռուսաստանը կապված են դաշնակցային հարաբերություններով, որոնց անքակտելի բաղադրիչը նաև ռազմատեխնիկական համագործակցությունն է:
РБК – Իսկ նոր մատակարարումներ կլինե՞ն՝ այս հակամարտության հետ կապված:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա արդեն այլ հարց է, որը ես չեմ կարող հրապարակավ քննարկել։ Հատկապես այս իրավիճակում։
«Այս պատերազմն ընդհանրապես փոխում է այս հակամարտության ողջ համատեքստը»
РБК– Համաձա՞յն եք արդյոք, որ այս հակամարտությունը բանակցային գործընթացը ետ է մղել տարիներով, եթե ոչ տասնամյակներով: Կարո՞ղ է արդյոք հիմա ընդհանրապես հնարավոր լինել ինչ-որ փոխզիջում։ Կհամաձայնի՞ արդյոք, օրինակ, Երևանը ինչ-որ շրջանների հանձնմանը կամ ինչ-որ նոր բանաձևերի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան– Ես չեմ կարծում, որ հիմա տեղին է դա քննարկելը։ Դուք հարցրեցիք՝ մտածո՞ւմ եմ արդյոք, որ այս պատերազմը բանակցային գործընթացը տասնյակ տարիներ հետ մղեց։ Ես կարծում եմ, որ այս պատերազմն ընդհանրապես փոխում է այս հակամարտության համատեքստը, ամբողջ համատեքստը։ Քանի որ սա արդեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չէ։ Դա հակաահաբեկչական պատերազմ է, որը վարում են Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը։ Սա ահաբեկչական հարձակում է Լեռնային Ղարաբաղի դեմ, որը նախաձեռնել է Ադրբեջանը, և կազմակերպել է Թուրքիան։ Դա արդեն սպառնալիք է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի համար, այլ կոնկրետ սպառնալիք Ռուսաստանի համար։ Եվ փաստն այն է, որ Ռուսաստանը նույնպես մոտավորապես այսպես է գնահատում իրավիճակը։ Եվ եթե Դուք հետևեք վերջին օրերի պաշտոնական հայտարարություններին Մոսկվայից, ակնհայտ է, որ Ռուսաստանը, եթե ոչ 100 տոկոսով, ապա 80 տոկոսով մոտավորապես նույն կերպ է ընկալում այս իրավիճակը։
РБК– Այսինքն՝ պատերազմը կարող է ավարտվել միայն Ադրբեջանի անվերապահ կապիտուլյացիայի՞ դեպքում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ոչ, պատերազմը կարող է ավարտվել միայն ահաբեկչական խմբերի անվերապահ կապիտուլյացիայի դեպքում։ Որովհետև Հայաստանն ու Ղարաբաղը չունեն Ադրբեջանի անվերապահ կապիտուլյացիայի նպատակներ։ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը նպատակ ունեն՝ անվերապահ կապիտուլյացիայի ենթարկել ահաբեկչական խմբերին, որոնք գործում են հակամարտության գոտում։
РБК – Բայց դա Երևանի և Բաքվի միջև հարցերը չի լուծում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե։ Ես արդեն ասել եմ, որ նրանց ներկայությունը և ընդհանրապես Թուրքիայի ներկայությունը տարածաշրջանում փոխում է համատեքստը։ Ինչո՞ւ Թուրքիան 100 տարի անց վերադարձավ Հարավային Կովկաս։ Երկու պատճառով։ Առաջինը՝ Հայոց ցեղասպանության քաղաքականությունը շարունակելու համար։ Դուք հասկանո՞ւմ եք, որ եթե ինչ-որ բան այնպես չընթանա, առնվազն Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանություն կսկսվի։ Եվ դա չափազանցություն չէ։ Բայց ինչո՞ւ է Թուրքիայի համար կարևոր ցեղասպանության քաղաքականության շարունակությունը։ Քանի որ Հարավային Կովկասի հայերը Թուրքիայի համար վերջին խոչընդոտն են դեպի հյուսիս և արևելք էքսպանսիայի համար։ Եվ եթե այս իրավիճակին նայենք այն քաղաքականության համատեքստում, որը Թուրքիան վարում է Միջերկրածովյան տարածաշրջանում Հունաստանի, Կիպրոսի նկատմամբ, այն քաղաքականության համատեքստում, որը Թուրքիան վարում է Իրաքում, Սիրիայում, պատկերն ավելի պարզ կդառնա։ Դա կայսերական քաղաքականություն է, որն սպառնում է ոչ միայն Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին, այլ նաև շատ երկրների, որոնք այստեղից բավական հեռու են գտնվում։
РБК – Կցանկանայի ամփոփել՝ ճի՞շտ եմ հասկանում, որ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը հնարավոր է միայն այն դեպքում, եթե շփման գծում Ադրբեջանի տարածքից հեռացվեն ահաբեկչական միավորումները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան –Բանակցություններն ընդհանրապես այլ թեմա են, քանի որ կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն, որի կազմում Ռուսաստանն է, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիան: Եվ նրանք (այդ երկրները -ՌԲԿ) աշխատում են բանակցային գործընթացը վերականգնելու ուղղությամբ: Նրանք հայտարարություն են արել իրավիճակի հետ կապված՝ հայտարարելով, որ անհրաժեշտ է դադարեցնել բռնությունները և հրաձգությունը, ռազմական գործողությունները: Հայաստանը ողջունել է այդ հայտարարությունը: Ցանկացած իրավիճակում բանակցելու և բանակցային գործընթացի հնարավորությունը, իհարկե, կարևոր է: Եվ մենք շատ բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այդ ջանքերը, և մենք, իհարկե, հնարավորինս կառուցողական կլինենք համանախագահների հետ աշխատանքներում, որքանով դա հնարավոր է:
РБК – Ավելի քան 25 տարի է, որ տարվում է բանակցային գործընթացը: Ինչպես տեսնում ենք, այն ոչնչի չի բերել: Եվ Ստեփանակերտն արդեն 7-րդ օրը գտնվում է անընդմեջ հրաձգության տակ: Ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի Երևանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք դա քննարկել ենք և ասել ենք, որ մեր օրակարգում նման հարց կա: Բայց սա այդ իրավիճակը չէ, որ հնարավոր է շատ կոնկրետ բացատրել կամ շատ կոնկրետ պլանավորել, որ եթե այսպիսի բան տեղի ունենա, ապա կհանգեցնի դրան: Հիմա իրավիճակն այնպիսին է, որ մենք քննարկում ենք մեր գործողությունների մի քանի տարբերակ: Բայց կա նաև այսպիսի նրբություն՝ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ամենավատ իրավիճակում էլ առավելագույնս կառուցողական լինենք, և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հարաբերություններում:
РБК – ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահները կամ ՀԱՊԿ ձեր դաշնակիցները խնդրո՞ւմ են ձեզ չճանաչել ԼՂՀ-ն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ոչ: Նման խնդրանք չի եղել: Ես Ձեզ ազնվորեն կասեմ՝ այն պահից, երբ մենք հայտարարեցինք, որ քննարկում ենք այդ հարցը, ոչ ոք մեզ չի խնդրել դա չանել: Այդպիսի բան չի եղել:
РБК – Իսկ ինչո՞ւ չեք ընդունում: Որովհետև դա կնշանակի վերջ բանակցությունների ավա՞րտ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա չի նշանակի բանակցությունների ավարտ: Դա կախված կլինի այն կոնկրետ իրավիճակից՝ ինչպես և երբ կկայացվի կամ չի կայացվի այդ որոշումը:
РБК – Բայց հիմա Դուք ԼՂՀ ճանաչմանը ավելի մո՞տ եք, քան շաբաթվա սկզբին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես արդեն ասեցի, որ այդ հարցը դրված է մեր օրակարգում: Բայց դա չի նշանակում է, որ մենք անպայմանորեն նման որոշում կկայացնենք: Դա չի նշանակում, որ մենք նման որոշում չենք կայացնի: Մենք քննարկում ենք:
РБК – Խնդրում եմ հստակեցրեք Ձեր դիրքորոշումը խաղաղապահների առնչությամբ: Դուք կո՞ղմ եք շփման գծում խաղաղապահների տեղակայմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ճիշտ չէ վերցնել Ղարաբաղյան հարցի նման մեծ հարց և քննարկել դրա առանձին դետալները, հնարավոր կարգավորման դետալները: Այստեղ ամեն ինչ պետք է դիտարկել պատճառահետևանքային կապերի շղթայում:
РБК – Բայց այդ դեպքում մնում է միայն պատերազմը, եթե խնդրի լուծման ինչ-որ տարբերակներ չգտնվեն՝ կապ չունի դա կլինի Լեռնային Ղարաբաղի անկախության ընդունում, խաղաղապահների տեղակայում, շրջանների հանձնում կամ այլ մեթոդներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բոլոր հարցերը պետք է քննարկվեն բանակցային գործընթացում, որը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ:
РБК – Դուք կարծո՞ւմ եք, որ այդ բանակցային գործընթացը կսկսվի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը բավական կթուլանա, որպեսզի ցանկանա վերադառնալ բանակցություններին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եթե լայն դիտարկենք այս հարցը, բանակցային գործընթացը շարունակվում է նաև հիմա: Մեր նախարարը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Գիտեմ, որ համանախագահները կապ են պահպանում նաև ադրբեջանցիների հետ: Այսինքն՝ այդ խոսակցությունը շարունակվում է, բանակցային գործընթացը երբեք չի դադարել և չի դադարում: Բայց, իհարկե, այս իրավիճակում հնարավոր չէ քննարկել հակամարտության կարգավորման դետալները: Հիմա պատերազմ է ընթանում, և գլխավոր հարցն այն է՝ ինչպես դադարեցնել պատերազմը:
РБК – Բայց ռազմական գործողությունների այս ողջ ընթացքում Երևանի և Բաքվի միջև որևէ կապ չի՞ եղել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ոչ, իհարկե, ոչ մի տեսակի:












