27-ը սեպտեմբերի, 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակագրությունը

2018

Սեպտեմբերի 27-ի առավոտյան պաշտոնական առաջին լուրը Ադրբեջանի հարձակման մասին դրվեց 8 անց 17-ին՝ Արցախի պաշտպանության բանակի կայքում՝ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մարտակոչը.

Հայրենակիցներ,

2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց հակառակորդը կրկին դիմել է զենքի ուժին՝ կարծելով, թե այդ ճանապարհով կարողանալու է հօգուտ իրեն լուծել արցախյան հիմնահարցը: Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ  հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ:  Այս պահին ՊԲ  ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: Այդ ծրագրերը մեզ հայտնի են վաղուց, դրանց էությունը կարելի է արտահայտել մի բառակապակցությամբ՝ հայաթափել Արցախն ու Հայաստանը:

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը  ձախողվելու է: Հաղթանակը հեշտ չի տրվելու: Իր բնույթին հավատարիմ՝ հակառակորդը թիրախավորելու է խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական բնակչությանը,  նա տարբերություն չի դնելու զինվորի ու մանկահասակ երեխայի, հոգևորականի ու տարեց կնոջ, հասուն տղամարդու և անօգնական ծերունու միջև. նրա թիրախը բոլորս ենք: Հաղթանակը պահանջելու է ուժերի գերլարում և երկաթակուռ միասնություն: Հիմա մի կողմ պետք է դրվեն բոլոր տարակարծությունները, բոլոր տեսակետները, բոլոր  կարծիքները: Մեր նպատակը մեկն է՝ ջախջախել հակառակորդին բոլոր հնարավոր միջոցներով, խորտակիչ հարվածներ հասցնել նրա զինված ավազակախմբերին, ոչնչացնել նրա ռազմական ենթակառուցվածքը,  անհրաժեշտության դեպքում նաև ընդարձակել անվտանգության գոտին ու պարտադրել վերջնական խաղաղություն:

Այդ խնդիրը կատարելու համար պետք է մեկտեղվեն բոլորիս ջանքերը:

Մեր հաղթանակն այլընտրանք չունի. մենք պաշտպանում ենք մեր նախնիների շիրիմներն ու մեր երեխաների ապագան: Մենք պաշտպանում ենք մեր նախնիների հողի վրա  ապրելու իրավունքը:

Մեզ հետ է ամբողջ հայ ժողովուրդը:

Մեզ հետ է արդարությունը:

Մեզ հետ է Աստված:

Հաղթանակը մե՛րն է լինելու:

Աղբյուրը՝ http://nkrmil.am/news/view/2905

Մեկուկես ժամ անց՝ 9-ն անց 44-ին, Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տարածեց կարճ հաղորդագրություն.

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ներկա պահին ընթանում են թեժ մարտեր:

Առաջնագծում ծավալվող իրադարձություների հետագա զարգացման մասին պարբերաբար կտեղեկացնենք:

10-ն անց 58-ին Արցախի պաշտպանական գերատեսչությունը տարածեց երրորդ հաղորդագրությունը, որում ասվում էր.

Հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ  է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի  զրահատեխնիկայի կորուստներ: Մարտերը շարունակվում են:

12-ն անց 50-ին տարածվեց առաջին տեսանյութը, որտեղ երևում էր, թե ինչպես է հայկական կողմը խոցում ադրբեջանական տանկեր և զրահամքենաներ: Մեկ րոպե 23 վայրկյան տևողությամբ տեսանյութին կից տեքստում ասվում էր, որ առաջնագծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ադրբեջանական զինուժի առաջխաղացումը կասեցնելու համար, հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:

14-ն անց 30-ին տարածվեց հինգերորդ հաղորդագրությունը.

Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում ագրեսիա են ձեռնարկել Արցախի հանդեպ: Արցախի զինված ուժերի մարտակարգերին, մշտական տեղակայման վայրերին ու խաղաղ բնակավայրերին հասցվել են հարվածներ հրետանային համակարգերի և հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ: Այնուհետև հակառակորդի մոտոհրաձգային և զրահատանկային ստորաբաժանումները հարձակման են անցել հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով: Այս պահի դրությամբ նշված ուղղություններում ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական մարտեր՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են:

15 րոպե անց՝ 14.45-ին, Արցախի պաշտպանական գերատեսչությունը մի նոր հաղորդագրությամբ հերքեց ադրբեջանական կողմի տարածած լուր.

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը գրավել է 6 բնակավայր, իրականությանը չի համապատասխանում: Վերոնշյալը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական տեղեկատվական սադրանքն է:

Ադրբեջանական կողմը՝ նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդել էր հետևյալ գյուղերի մասին՝

Կարախանբեյլի, Գարվանդ, Քենդ Հորադիս, Յուխարի Աբդուրահմանլի, Աշաղը Աբդուրահմանլի՝ Ֆիզուլու շրջանում

Բեյուկ Մարջանլի և Նյուզգար

Մինչև սեպտեմբերի 27-ի կեսգիշեր, արցախյան կողմը տարածեց ևս 6 հաղորդագրություն:

17-ն անց 43-ին՝ 20 վայրկյան տևողությամբ տեսանյութում ցուցադրվում էր հակառակորդի ԱԹՍ-ի խոցումը Ստեփանակերտի երկնքում, մեկ այլ տեսանյութում ցուցադրվում էր, թե ինչպես են Արցախի պահեստազորայինները ներկայանում զինկոմիսարիատ և մեկնում առաջնագիծ:

Երեկոյան 21:11-ին հերքվեց Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է առել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին:

Մեկ ժամ անց հաղորդվեց Ադրբեջանի զինուժի կորուստների մասին նոր տվյալներ.

– 4 ուղղաթիռ,

– 27 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ հարվածային,

– 33 տանկ և հետևակի մարտական մեքենա,

– 2 ինժեներական զրահատեխնիկա:

Մեկ ժամ անց Գոյամարտ ծրագրով, դա Արցախի Պաշտպանության բանակի հաղորդումն է, ցուցադրվեց 3 րոպեանոց տեսանյութ, որտեղ երևում էին ադրբեջանցի զոհեր, խոցված տակներ և հետևակի մարտական մեքենաներ: Կից տեքստում նաև ասվում էր, որ Արցախ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են, ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված խնդիրը` հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ:

Եվ սեպտեմբերի 27-ի ամենավերջին պաշտոնական հաղորդագրությունը, որ տարածեց Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը, ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների անուն, ազգանուն, հայրանուններն էին և ծնված թվականները՝ 16 անուն, որից 10-ը՝ ժամկետային զինծառայողներ:

Վարդանյան Լեռնիկ Արեգի, ծնվ.1978թ.

Մինասյան Գեորգի Լյովայի, ծնվ.1979թ.

Խաչատրյան Հովիկ Լյովայի, ծնվ.1990թ.

Մնացականյան Աշոտ Կոլյայի, ծնվ. 1979թ.

Հարությունյան Ագսեն Անդրանիկի, ծնվ. 1997թ.

Արզումանյան Հասմիկ Սմբատի, ծնվ. 1985թ.

Մարդիյան Արսեն Գարիկի, ծնվ. 1999թ.

Գալստյան Ռուբեն Մնացականի, ծնվ. 2000թ.

Թորոսյան Դավիթ Մխիթարի, ծնվ. 2001թ.

Ֆիլիպոսյան Տարոն Հրայրի, ծնվ. 2000թ.

Գրիգորյան Մայիս Մակարի, ծնվ. 2001թ.

Խլղաթյան Գառնիկ Էդգարի, ծնվ. 2001թ.

Սահակյան Էրիկ Սմբատի, ծնվ. 2001թ.

Մարգարյան Կարեն Վահրամի, ծնվ. 2000թ.

Օհանյան Դավիթ Արթուրի, ծնվ. 2000թ.

Բարսեղյան Վրեժ Արսենի, ծնվ. 2001թ.

07:10, ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի հայտարարությունը 

Ադրբեջանական զորքերը հարձակվել են շփման գծի ողջ երկայնքով: Մի քանի ուղղություններով ադրբեջանական զորքերի հարձակումները hետ են մղվել, ասել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

08:30, Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը

Այսօր, վաղ առավոտյան, ադրբեջանական կողմը հրթիռային հարձակումներ է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է կրում իրենց ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը:

08:40, Դավիթ Տոնոյան – Անջեյ Կասպրշիկ հեռախոսազրույց

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց  է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Ինչպես Ֆեյսբուքում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը, նախարարը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը:

«Իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

Նիկոլ Փաշինյան. «Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել»

«Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել», – քիչ առաջ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն և կհաղորդվեն», – ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը` կոչ անելով վստահել միայն պաշտոնական աղբյուրներին և զգոն լինել «թշնամական տեղեկատվական հոսանքներին տրվելուց»։

10:00 

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է ,,հակագրոհ,, սկսելու մասին, որն ապացուցում է, որ այդ գործողությունները վաղուց պլանավորված են եղել, – ասել է ՀՀ ՊԲ խոսնակը:

10:55 

Առաջին քաղաքացիական տուժածները Մարտունիում, Արցախ՝ 1 կին և 1 իննամյա աղջիկ սպանվել են, 2 հոգի՝ վիրավորվել:

13:00 

Այսօր առավոտյան Ադրբեջանի Զինված ուժերը, որը գլխավորապես հրթիռներ է արձակում Արցախի վրա, նաև հրթիռակոծեց Հայաստանի տարածքին՝ Վարդենիսի ուղղությամբ,- ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Արայիկ Հարությունյանը 27-ի առավոտյան Ֆեյսբուքի էջում գրեց.

Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին սկսել է ակտիվ օդային, հրթիռահրետանային և ցամաքային հարձակում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը: Բնակչությանը կոչ եմ անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն:

Քիչ առաջ հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին: Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է անհամաչափ ու խիստ: Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և յուրաքանչյուր կորստի համար պատասխան են տալու:

Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու:

Ի զե՛ն՝ հանուն Հայրենիքի ու արժանապատվության:

Ամուր եղե՛ք, սիրելինե՛րս:

Կից կարճ տեսանյութում Հարությունյանը կամավորականներին ասում էր, որ թող ոչ ոք զոհերից ու վիրավորներից չհուսահատվի, պատերազմ են հայտարարել, մեր պատիվը մեր հայրենիքի, մեր սերունդների նկատմամբ պետք է կատարենք:

Ապա Հարությունյանը ելույթ ունեցավ Ազգային ժողովի արտահերթ նիստում՝ հայտարարելով ռազմական դրություն և համատարած զորահավաք 18-ից բարձր տարիքային խմբի համար:

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատերազմի կողմնակից չենք, բայց պատրաստ ենք պատերազմի:

Մեզանից ավելի շատ խաղաղություն սիրող ու խաղաղության կողմնակից չկա:

Մենք չենք ցանկացել պատերազմ, այս պատերազմը մեզ պարտադրվել է, և պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքն ու ընտանիքները:

Իրավիճակի սրման համար ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը:

Տարածաշրջանում հղի հումանիտար աղետի համար պատասխան է տալու անձամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը:

Իր ելույթում Արցախի նապագահը նաև ասում է. Մենք ունենք ինֆորմացիա, որ վերջին մի քանի օրերին տարբեր ինքնաթիռներով Թուրքիայից և այլ երկրներից կամավորականներ, վարձկաններ տեղափոխվել են Ադրբեջան: Արդեն երկար ժամանակ է Թուրքիայի բանակը զորավարժության անվան տակ գտնվում է Ադրբեջանում: Արդեն մի քանի օր է համատարած մոբիլիզացիա են արել՝ հայտարարելով կեղծ օրակարգ, թե իբր Հայաստանը պատրաստվում է պատերազմի:

Երեկոյան, լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հարությունյանը ասաց.

Այո, պատերազմի մենք սպասում էինք, օր չէր հայտնի: Պաշտպանության բանակը հիմնականում, առավոտյան 7-ին, պատրաստ էր պատերազմի:

Այո, ունենք կորցրած դիրքեր, հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային թևում: Հարձակումը Օմարից մինչև Արաքս: Ունենք տասնյակ զոհեր:

Մեզ հետ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, մեզ հետ կռվում է նաև Թուրքիան: Թուրքական Ֆ-16-երը, որոնք արդեն մեկ ամսից ավելի Ադրբեջանում են, օգտագործել են առավոտյանից: Թուրքական անօդաչու թռչող սարքեր են օգտագործում, թուրքական բանակի ներկայացուցիչներն են օգտագործում այդ սարքերը:

Մենք հաղթելու ենք:

«Պատերազմին սպասելու առումով մեզ շատ բան պետք չէր, մեզ ընդամենը պետք էր հետևել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին քաղաքական և ընդհանուր առմամբ վերջին ամիսների հայտարարություններին, և մեզ համար պարզ էր, այո, պատերազմ մենք սպասում էինք»,- քիչ առաջ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Պաշտպանության բանակը հիմնականում առավոտյան ժամը 7:00-ին պատրաստ էր պատերազմի, և սկսվեց հարձակումը ամբողջ երկայնքով մեկ` Օմարից մինչև Արաքս, այո, ունենք կորցրած դիրքեր` հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային թևում, ունենք տասնյակ զոհեր»,- ասաց նա` հավելելով` Ադրբեջանի հետ միասին կռվում է նաև Թուրքիան:

«Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, կռվում է Թուրքիան, ոչ միայն անօդաչու, ոչ միայն ինքնաթիռներ, այլ նաև առկա են զորամիավորումներ, զինվորականներ և այլն, չեմ խոսում վարձկանների, այլ երկրներից կամավորականների մասին: Արցախը կռվում է` միայն օգտագործելով Պաշտպանության բանակի ուժերը, և իհարկե, կլինեն կամավորներ միայն Հայաստանի Հանրապետությունից»,- շեշտեց նա:

«Դիրք կորցրել ենք, կարող է կորցնենք նաև, դիրքեր գրավելու ենք հաստատ: Ուզում եմ հայտարարել` պատերազմի արդյունքները մեզ համար կանխատեսելի են: Այն մտահղացումը, այն ծրագիրը, որ ունի թշնամին, ես իրավունք ունեմ արդեն այդպես անվանել, ձախողվելու է»,- ասաց Արցախի ղեկավարը:

Նա նաև հավելեց, որ կա դեռևս չճշտված տեղեկատվություն, որ ՊԲ-ն խոցել է թուրքական F-16 ինքնաթիռ:

-Մեր գործընկերներին հյուրասիրել ենք ադրբեջանցիներից առգրաված քաղցրավենիքով,- վերջում հավելեց Վահրամ Պողոսյանը:

Հակառակորդը, ճշտված տեղեկություններով, ունի մոտ 200 մարդկային կորուստ, մոտ երեք տասնյակ զրահատեխնիկայի կորուստ և երկու տասնյակին մոտ ԱԹՍ-ներ և այլ սարքավորումներ, հայտարարեց Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա հայտնեց, որ հայկական կողմի մոտ 100 վիրավորներից 10 զինծառայող տեղափոխվել է Երևան, ստացել համապատասխան բուժօգնություն, մնացածների վիճակն ավելի թեթև է:

«Մեր գործողությունները ի սկզբանե երբեք էլ զուտ պաշտպանողական չեն եղել, բայց չնշենք՝ որտեղ ինչ ենք անում»,- ասաց նա:

15:00, Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական լայնամասշտաբ գործողություններին հակազդելուն, Զինված ուժերի կողմից դրանց արժանի հակահարված տալուն և հետագա քայլերին վերաբերող հարցեր:

19:30 

Իրանը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ տագնապալի բռնությանը: Մենք ռազմական գործողություններին անմիջապես վերջ դնելու և երկխոսության կոչ ենք անում՝ լուծելու տարաձայնությունները: Մեր հարևանները մեզ համար առաջնահերթություն են և մենք պատրաստ ենք բարի ծառայություններ մատուցել բանակցություններ սկսելու համար:

20:00, Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Կրեմլի մամլո ծառայության փոխանցմամբ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում այսօր վաղ առավոտյան սկսված ռազմական բախումների խնդիրը: «Ռուսական կողմը խորն անհանգստություն է հայտնել ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման կապակցությամբ: Նշվել է, որ կարևոր է անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն առճակատման հետագա սրացումը կանխելու համար: Ամենակարևորն է՝ դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասվում է հաղորդագրությունում:

Ավելի ուշ հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն տարածեց հայկական կողմը:

Վարչապետ Փաշինյանը մանրամասն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը խորը մտահոգություն է հայտնել ադրբեջանական կողմից սանձազերծված ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք ագրեսիա են Լեռնային Ղարաբաղի դեմ: Նա անթույլատրելի է համարել էսկալացիայի հետագա զարգացումը և դրանում արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը:

Վլադիմիր Պուտինը խորը մտահոգություն է հայտնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ: ՌԴ նախագահն ընդգծել է անհրաժեշտ ջանքերի ներդրման կարևորությունը, որպեսզի թույլ չտրվի հակամարտության հետագա էսկալացիա և դադարեցվեն ռազմական գործողությունները:

21:00, Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

ՀՀ վարչապետը հայտնել է, որ Ադրբեջանն այսօր ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Նա խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և դրա հետագա սրմամբ: Մասնավորպես ընդգծվել է, որ Ադրբեջանը դիմում է սադրանքների Հայաստանի Հանրապետության հետ պետական սահմանի ուղղությամբ ևս ռազմական գործողություններ սկսելու համար: ՀՀ վարչապետը զրուցակցի ուշադրությունն առանձնակի հրավիրել է Թուրքիայի խիստ կողմնակալ և ագրեսիվ դիրքորոշման և այդ երկրի հնարավոր միջամտությունը կասեցնելու անհրաժեշտության վրա:

Նախագահ Մակրոնը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և անթույլատրելի համարել լարվածության հետագա խորացումը: Նա անհրաժեշտ է համարել ձեռնարկել բոլոր միջոցները ռազմական գործողությունները դադարեցնելու և լարվածությունը լիցքաթափելու ուղղությամբ: Նա նաև կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի ակտիվացումը տարածաշրջանում խաղաղություն վերահաստատելու համար:

22:00 

Օգտագործվում են հիմնականում ժամանակակից թուրքական զենքեր և զինամթերք, դռոններ /ԱԹՍ-ներ/ և ինքնաթիռներ: F16-ը արդեն վառ ապացույց է, որ թուրքական ռազմական տեխնիկա է օգտագործվում,- ասում է Արցախի նախագահը:

22:00, Վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և հանդիպում ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի և Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորությամբ:

ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը վարչապետին է ներկայացրել ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված օպերատիվ իրավիճակը, հակառակորդի գործողությունները զսպելու ուղղությամբ հայկական զինուժի կողմից իրականացվող պատժիչ քայլերն ու համարժեք գործողությունները:

Վարչապետ Փաշինյանը նշել է՝ ՀՀ զինված ուժերի խնդիրը մեկն է՝ հաղթանակը, և ողջ հայ ժողովուրդը միասնական կերպով ինչպես միշտ կանգնած է բանակի կողքին:

Թշնամին պետք է հասկանա, որ Արցախի թիկունքին այսօր կանգնած է համայն հայությունը. վարչապետի ուղերձը ժողովրդին

Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Արցախի հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Սփյուռքի հպարտ հայություն,
Քույրեր եւ եղբայրներ,

Այսօր վաղ առավոտից Արցախի Հանրապետությունը ենթարկվել է ադրբեջանական զինված ուժերի ագրեսիային:

Ռմբակոծության են ենթարկվում Արցախի խաղաղ բնակչությունը, մայրաքաղաք Ստեփանակերտը, Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս պահի դրությամբ կան արդեն զոհեր եւ վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:

Օգտագործելով ծանր սպառազինություն, հրետանի, հետեւակ՝ հակառակորդը գրոհի է ենթարկում պաշտպանության բանակի դիրքերը՝ բոլոր ուղղություններով: Պաշտպանության բանակը այս պահի դրությամբ համառ մարտեր է մղում եւ պատվով է կատարում Արցախը պաշտպանելու իր խնդիրը՝ ձեռնարկելով իրավիճակից բխող գործողություններ:

Սիրելի ժողովուրդ,

Իլհամ Ալիեւի բռնատիրական վարչակազմը վերստին անցել է պատերազմական գործողությունների: Դա հայ ժողովրդին հայտարարված պատերազմ է: Դա պատերազմ է մեր անկախության, ազատության եւ արժանապատվության դեմ:

Հայ ժողովուրդը պատրաստ է այդ պատերազմին: Քանզի միշտ սթափ գիտակցել է, որ հայատյացությունը, թշնամանքը եւ ատելությունը, որով տասնամյակներ ի վեր ադրբեջանական բռնապետությունը սնում է իր ժողովրդին, չէր կարող որեւէ այլ արդյունքի հանգեցնել, քան պատերազմը: Ադրբեջանի բռնապետությունն իր իսկ վարած հակահայկական քաղաքականության պատանդն է դարձել եւ այսօր փորձում է արդարացնել իր իսկ որդեգրած քարոզչական խոստումները՝ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական միջոցներով լուծելու մասին:

Հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն: Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության անվտանգության եւ անկախության երաշխավորն է: Եւ Հայաստանի Հանրապետությունը իր բնակչության ու պետական համակարգի ողջ ներուժով այսօր կանգնած է Արցախի թիկունքին: Մենք գործադրելու ենք հնարավոր եւ անհնարին ամեն ջանք մեր հայրենիքի սահմանները անառիկ պահելու, մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար: Որպես 1994թ. հրադադարի համաձայնագիրը ստորագրած կողմ՝ Հայաստանի Հանրապետությունը քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական հարթակներում ձեռնարկելու է անհրաժեշտ գործողություններ՝ ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու եւ հակառակորդին խաղաղություն պարտադրելու նպատակով։

Այս պահի դրությամբ հակառակորդն արդեն իսկ կրում է մարդկային եւ զինտեխնիկայի զգալի կորուստներ: Ադրբեջանը պետք է քաջ գիտակցի, որ մեր բանակի մարտունակությունն այսօր բարձր է, քան երբեւէ: Թշնամին պետք է հասկանա, որ Արցախի թիկունքին այսօր կանգնած է համայն հայությունը:

Մենք միասնական ենք ինչպես միշտ: Մենք միասնական ենք, ինչպես եղել ենք մեր պատմության վճռորոշ բոլոր պահերին, երբ ոսոխը սպառնացել է մեր գոյությանը, մեր ինքնությանն ու արժեքներին: Ադրբեջանի բռնապետ իշխանությունները պետք է հասկանան, որ անհնարին է ծնկի բերել հայ ժողովրդին: Մենք մեր հազարամյա պատմության ընթացքում ունեցել ենք բազմաթիվ վճռորոշ պահեր եւ հաղթահարել բազում դժվարություններ: Մեր գործն արդար է եւ այս հանցավոր ոտնձգությունը եւս արժանի հակահարված կստանա:

Մենք լավ գիտակցում ենք, որ ադրբեջանական բռնապետությունը ռազմական գործողություններ կարող է սկսել նաև Հայաստանի Հանրապետության սահմանների ուղղությամբ ու դիմել տարբեր սադրանքների՝ տարածաշրջանում իրավիճակն ամբողջովին ապակայունացնելու համար: Այս է պատճառը, որ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների եւ միջազգային ողջ հանրության ուշադրությունը հրավիրում եմ իրավիճակի լրջության վրա: Հարավային Կովկասում լայնածավալ պատերազմի բռնկումը, որի շեմին մենք հիմա կանգնած ենք, կարող է ամենաանկանխատեսելի հետեւանքներն ունենալ: Այն կարող է դուրս գալ տարածաշրջանի սահմաններից եւ ձեռք բերել շատ ավելի լայն մասշտաբներ՝ սպառնալով միջազգային անվտանգությանն ու կայունությանը:

Միջազգային հանրությանը կոչ եմ անում գործադրել ազդեցության բոլոր լծակները՝ զերծ պահելու Թուրքիային հնարավոր բոլոր միջամտություններից, ինչը վերջնականապես կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում: Թուրքիայի ագրեսիվ վարքագիծը, որը խիստ վտանգավոր դրսեւորում ունեցավ հատկապես հուլիսյան դեպքերի ժամանակ եւ շարունակվում է այսօր, լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Թուրքիայի նման վտանգավոր կեցվածքի պահպանումը ամենակործանարար հետեւանքներով է հղի Հարավային Կովկասի եւ հարակից տարածաշրջանների համար: Միջազգային հանրությունը պետք է միասնական ջանքերով կանխի դեպքերի վտանգավոր զարգացումը եւ տարածաշրջանը զերծ պահի ապակայունացնելու բոլոր փորձերից:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք կանգնած ենք լուրջ վտանգի առաջ: Իրավիճակը ավելի է բարդանում համավարակի պայմաններում: Ուստի պահի լրջությունը պահանջում է մեր բոլորի զգոնությունը: Մեր հաղթանակը կախված է մեզնից յուրաքանչյուրի անհատական եւ մեր միասնական, հավաքական ջանքից եւ պահվածքից:

Կոչ եմ անում բոլորին ցուցաբերել բարձրագույն աստիճանի կարգապահություն եւ բարձր քաղաքացիական գիտակցություն: Եւ մենք կհաղթենք:

Եւ ուրեմն՝
Կեցցե Ազատությունը,
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե Արցախի Հանրապետությունը,
Կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրելու ենք Ազատ եւ Երջանիկ Հայաստանում, Ազատ եւ Երջանիկ Արցախում:
Փառք Հայոց բանակին:
Հավերժ փառք Հայ զինվորին:

Վարչապետի ելույթը Ազգային ժողովում՝ Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու որոշման վերաբերյալ

Ազգային ժողովի հարգելի՛ նախագահություն,
Ազգային ժողովի հարգելի՛ պատգամավորներ,

Ինչպես հայտնի է, այսօր առավոտյան ժամը 07:10-ի մերձակայքում Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են սկսել Արցախի պաշտպանության դիրքերի ուղղությամբ: Նախ ձեռնարկվել է հրետանու, հրթիռային հարձակում, որից հետո արդեն գործի է դրվել ծանր տեխնիկան, և գործնականում հարձակման թիրախ են դարձել Պաշտպանության բանակի բոլոր դիրքերը շփման գծի ողջ երկայնքով: Սա, ըստ էության, Ադրբեջանի փորձն է Արցախի, Ղարաբաղի հարցը լուծել ռազմական ճանապարհով և Լեռնային Ղարաբաղն օկուպացնել, և սա ակնհայտ ագրեսիայի գործողություն է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում կա նաև Հայաստանի սահմանների վրա հարձակման անմիջական սպառնալիք, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այս պահի դրությամբ փաստացի իրականացվում է առաջին շարակարգի, այսինքն՝ մասնակի զորահավաք, բայց մենք որոշել ենք հենց այդպիսի որոշում ընդունել, որպեսզի իրավիճակին օպերատիվ արձագանքելու ըստ անհրաժեշտության հնարավորություն ունենանք:

Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այս պահին Արցախի պաշտպանության բանակը շփման գծի ողջ երկայնքով, հատկապես՝ հյուսիսում, Արցախի Հանրապետության հյուսիս-արևելքում և հարավ-արևելքում մղում է մարտեր: Իրադրությունը լարված է: Ես հասկանում եմ, որ մեզ բոլորիս հետաքրքրում է իրավիճակի մանրամասներ: Ցավոք սրտի, մենք ունենք զոհեր: Ընդ որում, քանի որ ի սկզբանե թիրախավորվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, զոհեր ունենք ոչ միայն զինվորականների, այլև քաղաքացիական անձանց շրջանում: Հարված է հասցվել նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին, այլ բնակավայրերին, և Պաշտպանության բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը՝ կանգնեցնելու Ադրբեջանի հարձակումը և ադրբեջանական ագրեսիան: Այս պահին մենք ֆիքսված որևէ իրավիճակ չունենք: Իրավիճակը գտնվում է զարգացման մեջ: Մեր զինվորականներն ասում են, որ իրավիճակի գնահատականը հետևյալն է, որ լարված է իրավիճակը, բայց առայժմ ամբողջական գնահատական տալու համար վաղ է:

Ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք, որ տեղի ունեցածի մեջ, ըստ էության, ռազմավարական առումով, անսպասելի որևէ բան չկա: Ինչո՞ւ: Որովհետև, ըստ էության, այս պատմության կոնտեքստը հետևյալն է, որ մեր ժողովրդի առաջ խնդիր էր դրվում և շարունակում է դրվել և դեռ կդրվի, կամ երկընտրանք է դրվում, ըստ էության հրաժարվել Արցախի ժողովրդի իրավունքներից կամ ստանալ պատերազմ: Այսինքն, ես ուզում եմ՝ մենք շատ հստակ արձանագրենք, որ այս ողջ ընթացքում Ադրբեջանի դիրքորոշումը, ըստ էության, եղել է այսպիսին, և բանակցային գործընթացում Ադրբեջանը երկար տարիներ հետևողականորեն զարգացրել է այս գիծը. կամ մենք հրաժարվում ենք Արցախի ժողովրդի իրավունքներից, Արցախի հայության իրավունքներից, ինքնորոշման իրավունքից կամ ստանում ենք պատերազմ: Եվ այս կոնտեքստն է, որ այսօր մեզ բերում է այսպիսի կոնֆլիկտի: Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը, կարծում եմ, պետք է ամուր և միանշանակ կանգնի Արցախի ժողովրդի իրավունքների և ընդհանրապես հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերում: Սա չափազանցություն չհնչի ասել՝ մեր հազարամյա գոյամարտի հերթական և նույնիսկ գուցե ամենակարևոր հանգրվանն է: Մենք պետք է պատասխան տանք մի պարզ հարցի՝ մենք ունե՞նք ներուժ մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանելու, թե մենք այդպիսի ներուժ չունենք: Մենք ունե՞նք այդպիսի վճռականություն, հաստատակամություն, որ ի հեճուկս բոլոր հաշվարկների, ի հեճուկս ուժերի բոլոր հարաբերակցությունների, պաշտպանենք հայ ժողովրդի գոյության իրավունքը իր պատմական հայրենիքում, որն արդեն հարյուրամյակներ և հազարամյակներ ձեզ հայտնի ուժերը, նրանցից առաջ էլ այլ հայտնի ուժեր փորձել են վիճարկել:

Սիրելի՛ պատգամավորներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,

Սա վճռական և վճռորոշ պահ է, և մենք այսօր պետք է ամուր կանգնենք Արցախի թիկունքին, մենք այսօր պետք է ամուր կանգնենք մեր Զինված ուժերի թիկունքին և մենք պետք է այսօր ապացուցենք, որ ապրելու մեր իրավունքը պաշտպանելու բավարար կամք և վճռականություն ունենք, ընդ որում ես ուզում եմ ընդգծել կամքն ու վճռականությունը այստեղ ամենակարևորն են: Կամքը, վճռականությունն այստեղ ամենակարևորն են, և համայն հայ ժողովուրդը պետք է համախմբվի Արցախը պաշտպանելու համար: Համայն հայ ժողովուրդը պետք է համախմբվի մեր պատմությունը, մեր հայրենիքը, մեր ինքնությունը, մեր ապագան և մեր այսօրը պաշտպանելու համար: Եվ մենք կհաղթենք: Մենք պարտավոր ենք հաղթել, և դրա համար կա միայն ու միայն մի նախապայման, որ մենք ինքներս մեզ խոստանանք, որ ոչ մի միլիմետր չենք նահանջնի մեր պատմության, մեր ժողովրդի, մեր Արցախի, մեր ապագայի և մեր անցյալի, մեր ինքնության և մեր արժեքների պաշտպանության դիրքերից:

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ Հայոց Սփյուռքը,

Եվ կեցցե՛ փառապանծ Հայոց բանակը, որ պաշտպանելու է հայ ժողովրդի ապրելու, հաղթելու և զարգանալու իրավունքը:

Եվ մենք միասնական ենք: Եվ մենք պարտավոր ենք հաղթել: Եվ այսօր չկա զինվոր, չկա գեներալ, չկա պատգամավոր, չկա շարքային: Մենք բոլորս մեր ժողովրդի զինվորներն ենք:

Նույնիսկ տեղային կամ ոչ տեղային անհաջողությունները մեզ չպետք է ընկճեն: Մեզ չպետք է ընկճեն: Մենք ամուր պիտի կանգնենք մեր ոտքերի վրա և պաշտպանենք այս հողի, այս սրբազան հողի վրա ապրելու մեր իրավունքը:

Այսօր ես չեմ եկել ասելու՝ որպես գերագույն հրամանատար, թե ինչի են պատրաստ մեր զինվորները, մեր գեներալները: Այսօր ես եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես: Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի: Հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի: Հայ ժողովուրդն ամուր ողնաշարով, պարզ մտքով պետք է կանգնի այս հողի վրա: Եվ երբ ասում ենք՝ մենք բոլորս զինվորներ ենք և երբ ծափահարում ենք այդ խոսքերի վրա, մենք ասում ենք մի բան՝ ծեր, թե երիտասարդ, կին, թե տղամարդ, պաշտոնյա, թե գործազուրկ, այսօր մենք միայն մի ուղերձ ունենք հղելու իրար ու աշխարհին, մենք պետք է նայենք իրար աչքերի մեջ և ասենք՝ մենք պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի, մենք մեր հայրենիքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մեր իրավունքը ոչ մի միլիմետր չենք զիջի:

Մենք պետք է հաղթենք, որովհետև մենք պարտվելու տարբերակ չունենք: Հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան: Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան: Արցախը պետք է ապրի և Արցախը պետք է լինի ինքնորոշված, Արցախը պետք է լինի անկախ, ինքնուրույն, հզոր և հպարտ, ինչպես այսօր է, ինչպես եղել է: Եվ ուրեմն այսօրվա մեր հավաքը, այսօրվա մեր նիստը միասնության, վճռականության և հաղթանակի մասին է:

Պատրաստեք ձեզ հաղթանակի:
Պատրաստեք ձեզ նվիրումի:
Պատրաստեք ձեզ զոհողության, որովհետև սա վճռական ժամանակ է: Եվ մենք միասնական ենք, քան երբևէ:

Եվ ուրեմն՝
Կեցցե՛ ազատությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,
Կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում, ազատ և երջանիկ Արցախում:
Փառք Հայոց բանակին,
Փառք Հայոց զինվորին:
Շնորհակալ եմ:

Մեզ հաղթել հնարավոր չէ. վարչապետի եզրափակիչ ելույթը ԱԺ-ում՝ ռազմական դրություն հայտարարելու որոշման վերաբերյալ

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Հարգելի փոխնախագահներ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
Խմբակցություններ,

Սա այն բացառիկ դեպքն է, երբ, ըստ էության, եզրափակիչ խոսքում ասելու շատ բան չկա մի պատճառով. խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից լրացրեցին այն ասելիքը, որը պատեհ է այս ամբիոնից ասել որպես եզրափակիչ խոսք: Եվ սա է այս քննարկման ամենակարևոր արդյունքը, և ես ուզում եմ իմ հպարտությունը հայտնել այսօր մեր ունեցած այս իրավիճակով: Միայն մի նրբության եմ ուզում անդրադառնալ, երբ խոսք է գնում հանուն հայրենիքի ապրելու և հանուն հայրենիքի մեռնելու մասին, ըստ էության, այդ երկու ձևակերպման մեջ էլ հակասություն չկա, որովհետև հանուն հայրենիքի զոհվելու մեր պատրաստակամություն է արտահայտում ապրելու մեր վճռականությունը: Մենք չենք զոհվում և պատրաստ չենք զոհվել հանուն մահվան, մենք պատրաստ ենք զոհվել հանուն կյանքի, հանուն ապրելու, որովհետև հանուն մահվան զոհվելու անհրաժեշտություն էլ չկա: Այդտեղ առանձնապես նախաձեռնություն ցուցաբերելու անհրաժեշտություն չկա: Մեր թշնամիները դա կարող են իրենք անել: Այստեղ մեր անելիքն է և մեր ասելիքն է: Սա է շատ կարևորը: Ես ուզում եմ հստակ լինի, որ բոլոր անհրաժեշտ հրահանգները և հրամանները տրված են՝ այնպես, ինչպես մենք որպես խորհրդարան, այս դեպքում առանց բաժանումների ընդդիմություն, իշխանություն, եթե ենթադրենք՝ այս խորհրդարանը մի մարմին լիներ և արտահայտված լիներ մի անձի տեսքով, ի՞նչ հրահանգներ և հրամաններ կտրվեին, համոզված եղեք՝ այդ բոլոր հրամանները և հրահանգները տրված են: Խնդրում եմ սրանում որևէ վայրկյան չկասկածեք և թույլ չտաք, որ որևէ տեղից որևէ կասկած մտնի ձեր մեջ, որևէ կասկած մտնի մեր մեջ:

Մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք շատ խորը նախապատրաստված հարձակման հետ: Դա մի գործողությունանոց հարձակում չէ, սա շատ կարևոր է, և դրա հակազդումը նույնպես մի գործողությունանոց և մի քայլանոց կոմբինացիա չէ: Մենք պետք է բոլորս հասկանանք: Մենք պետք է իմանանք, որ մենք, այո, ունենք զոհեր, հակառակորդն էլ ունի զոհեր՝ շատ ավելի շատ: Մենք ունենք տեխնիկայի կորուստներ, հակառակորդն ունի տեխնիկայի կորուստներ՝ շատ ավելի շատ: Եվ սա զարգացող իրավիճակ է, մենք պինդ պետք է կանգնենք: Այո՛, ինչպես ասվեց, ամենատարբեր սցենարներ նկարագրվեց, թե ինչպես ենք մենք հասնելու այդ նպատակին: Ես այս պահին չեմ կարող ասել, որ այդ սցենարներից որևէ մեկը ես բացառում եմ՝ չէ որ չէ, այդպես չենք գնալու: Ուղղակի, ինչպես պայմանավորվեցինք՝ մենք կաշխատենք այդ սցենարների վրա շատ կշռադատված, ոչ էմոցիոնալ: Բայց մյուս կողմից՝ մենք չենք վախենա, մենք չենք ընկրկի: Շատ ճիշտ ասվեց՝ էլ տեղ չկա նույնիսկ վախենալու: Չնայած, երբ էլ տեղ էլ լինում է և լինի, մենք վախենալու իրավունք չունենք, որովհետև սա հազարամյա կռվի մի հերթական հանգրվանն է, և այստեղ շատ հարցեր պետք է լուծվեն: Եվ ես ուրախ եմ, որ այս տրամադրության, այս կամքի, այս ընթացքի, այս ուղղության մեջ Հայաստանի Հանրապետության խորհրդարանը միակամ է: Եվ ողջունում եմ նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի արտահայտած կամքը՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության, ի պաշտպանություն Արցախի Հանրապետության և ի պաշտպանություն, իհարկե, Հայոց բանակի: Ողջունում եմ Սփյուռքի բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր մեզ հետ հավասար նույն ինտենսիվությամբ աշխատում են այս խնդրի թնջուկի լուծման վրա:

Մեզ հաղթել հնարավոր չէ: Մեզ հաղթել հնարավոր չէ, որովհետև հաղթանակը, Արցախյան հերոսամարտի հաղթանակը, որն անցել է պարտությունների միջով, որը անցել է կորուստների միջով, բայց որը ի վերջո պսակվել է որպես հաղթանակ, այդ հաղթանակը հոսում է մեր երակներում և այդ հաղթանակը նստած է մեր գիտակցության մեջ: Այդ հաղթանակը մեր ողնաշարն է, այդ հաղթանակը մեր ինքնությունն է: Այս պատճառով մեզ հաղթել հնարավոր չէ, և այսօրվա քննարկումը դա ևս մեկ անգամ ապացուցեց: Եվ ես ողջունում եմ Հայաստանի Հանրապետության խորհրդարանին, Հայաստանի Հանրապետության խորհրդարանի քաղաքական կամքը՝ հաղթելու կամքը, հայ ժողովրդի ազատությունը, իրավունքները և երջանկությունը պաշտպանելու կամքը:

Կեցցե՛ Հայոց բանակը,
Կեցցե՛ Արցախը,
Կեցցե՛ Հայաստանը,
Կեցցե՛ հաղթանակը, որ մենք իրար հետ, ամեն րոպե, ամեն վայրկյան, ուս ուսի, խելք խելքի կերտելու ենք:
Շնորհակալ եմ:

Հայաստանի Կառավարության որոշմամբ Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք

Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման մեջ, որը հրապարակված է e-gov.am պաշտոնական կայքէջում, ասված է.

«Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները, այդ թվում՝ հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ անօդաչու թռչող սարքերի (այսուհետ՝ ԱԹՍ), զրահատեխնիկայի, կենդանի ուժի և այլ ստորաբաժանումների կիրառումը, որոնց արդյունքում թիրախավորվել են նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և այնտեղ բնակվող խաղաղ բնակչությունը.

հիմք ընդունելով, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը.

հիմք ընդունելով այն, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգ, ինչը սպառնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և դրանով պայմանավորված՝ քաղաքացիների ու բնակչության կյանքին ու անվտանգությանը, և այդ հանգամանքների վերացումն անհնարին է առանց արտակարգ միջոցներ ձեռնարկելու.

ելնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակից.

և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 119-րդ հոդվածի 1-ին մասով, 76-րդ հոդվածով, ինչպես նաև «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով, 5-րդ հոդվածի 1-ին մասով, 6-րդ, 8-րդ, 9-րդ և 11-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից հայտարարել ռազմական դրություն:

2. Սահմանել ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները և մարմինները` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ ռազմական դրության շրջանակներում կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները կիրառվում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Ռազմական դրության շրջանակներում կիրառվող միջոցառումների իրականացման և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու համար կարող են ներգրավվել ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող` պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի ներկայացուցիչները։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ անմիջապես»:

Կառավարությունից հրապարակել են նաև որոշման հավելվածը ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումների, իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների և մարմինների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

«I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

1. Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ընդհանուր զորահավաք:

2. Գործողության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառման պլանը:

3. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, այլ զորքերը քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը փոխադրվում են պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի:

4. Հայտարարվում է պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչ:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն ապահովում է պատերազմական ժամանակի հաստիքներին կցագրված պահեստազորայինների զորահավաքային զորակոչը՝ զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային պլաններով նախատեսված ժամկետներում:

6. Ապահովվում է «Պաշտպանության մասին» օրենքի 27-րդ հոդվածով սահմանված ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավումը՝ սահմանված կարգով և ըստ զինված ուժերի կարիքների առաջնային անհրաժեշտության:

II. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ

7. Պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը փոխադրվում է ռազմական դրության աշխատանքային ռեժիմի սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ժամը 16:00-ից՝ «Պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «ե» ենթակետի հիման վրա ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան:

III. ՀԱՎԱՔՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԱԴՈՒԼՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՐԳԵԼՔՆԵՐԸ

8. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:

IV. ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ, ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

9. Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող մարտական գործողությունների, դրանց ուղղություների, մարտական տեխնիկայի շարժի, մարտական գործողությունների արդյունքում պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների (այսուհետ բոլորը միասին` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով (այսուհետ՝ հրապարակում) կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման):

10. Սույն գլխով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ:

V. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

11. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման համար իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների և փրկարար ուժերի համալրում և լիակատար մարտական պատրաստականության փոխադրում: Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման համար քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները և փրկարար ուժերը բերվում են լրիվ պատրաստականության:

12. Որպես քաղաքացիական պաշտպանության պետեր՝ պետական և տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմա-կերպությունների ղեկավարներն իրենց իրավասության սահմաններում ճշգրտում և գործո-ղության մեջ են դնում քաղաքացիական պաշտպանության բոլոր մակարդակներում քաղաքացիական պաշտպանության պլանները, պլան-ժամանակացույցերը, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների քաղաքացիական պաշտպանության պլանները, տարհանման պլանները:

VI. ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

13. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ու այլ պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները:

14. Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ուժերի կողմից»:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:

Երկու զրույցներից հետո Ռուսաստանը տարածել է միևնույն հաղորդագրությունը, ըստ որի ՝ Լավրովը խորը մտահոգություն է հայտնել շփման գծում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, զոհերի և ավերածությունների առնչությամբ:

Ընդգծվել է առավելագույնս արագ կրակը դադարեցնելու անհրաժեշտությունը: «Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահների հետ կշարունակի միջնորդական ջանքերը՝ իրավիճակի կայունացման համար»,- ասված է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արցախյան շփման գծի երկայնքով տեղի ունեցող մարտական գործողությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:

«Հայաստանը Ադրբեջանին ուղղված հերթական հարձակմամբ կրկին ցույց տվեց, որ տարածաշրջանային խաղաղության և հանգստության համար ամենամեծ սպառնալիքն է: Թուրք ազգը ինչպես միշտ ադրբեջանցի ժողովրդի կողքին է իր ողջ կարողությամբ»,- նշել է Էրդողանը:

Նա միջազգային հանրությանը մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու և «Հայաստանի հարձակվողականությանը» անհրաժեշտ ու բավարար կերպով չարձագանքելու մեջ:

Էրդողանը նաև քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակ համանախագահությանը «30 տարի անարդյունավետ աշխատանք տանելու և խնդրի հանգուցալուծումից հեռու լինելու» համար:

Թուրքիայի նախագահը հայ ժողովրդին հորդորել է «տեր կանգնել իրենց ապագային՝ ընդդեմ իրենց կործանման տանող ղեկավարության և նրանց որպես խամաճիկ օգտագործող ուժերի», միևնույն ժամանակ համաշխարհային հանրությանը կոչ է արել կանգնել Ադրբեջանի կողքին:

Էրդողանը հայտնել է, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և նրան հաղորդել, որ «Թուրքիան շարունակելու է սատարել ադրբեջանցի եղբայրներին՝ առաջնորդվելով «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»:

Ռուսաստանի արտգործնախար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել թուրք պաշտոնակցի՝ Մևլութ Չավուշօղլուի հետ:

Կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուրջ:

«Ընդգծվել է կրակն անհապաղ դադարեցնելու և շփման գծում իրավիճակը կայունացնելու անհրաժեշտությունը, կողմերը ցավակցություն են հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդհատում է այցն Իտալիա, որտեղ նախատեսված էր հանդիպում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ, և անհապաղ վերադառնում է Հայաստան։ Այս մասին նա հայտնել է իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում: Պատճառն Արցախում տեղի ունեցող իրադարձություններն են:

«Արցախ հայրենի մեր երկիրը վերստին կանչում է մեզ ամենքիս՝ պաշտպանելու մեր ազգի իրավունքները, մեր սրբազան հողը, մեր ապագան ու ազգային արժանապատվությունը։ Կոչ ենք անում մեր ժողովրդին միասնության և քաղաքական բոլոր ուժերին՝ ստորադասելու հակասությունները հանուն Հայրենիքի պաշտպանության կարիքների»,- ասված է նրա հայտարարության մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի հատուկ նիստում ռազմական դրության մասին հայտարարելուց հետո՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին՝ արդյոք Հայաստանի օրակարգում կա՞ Արցախի անկախությունը ճանաչելու հարց, հայտարարեց՝ իրենց օրակարգում եղել է և կա այդ հարցը։

«Ուղիղ հարցին՝ կա՞ արդյոք մեր օրակարգում այդպիսի հարց, այո, ինչպես եղել է մեր օրակարգում այդպիսի հարց, այնպես էլ մեր օրակարգում կա այդպիսի հարց: Երկրորդ հարցը՝ մենք գնո՞ւմ ենք այդ քայլին, թե՞ չենք գնում, մենք նաև Ձեր հարցից հետո հրապարակային, այո, պետք է այդ հարցը շատ լրջորեն քննարկենք»,- հայտարարեց Փաշինյանը:

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին ի պատասխան՝ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Ադրբեջանի պահանջն է, որ Արցախը լինի իր ինքնավար մարզը. «Ըստ էության Հայաստանի առաջ հետևողական և շարունակական պայման է դրվել զիջել առնվազն անվտանգության գոտին՝ առանց որևէ նախապայմանի, առանց որևէ կարգավիճակային ճշգրտման: Էլ չեմ ասում, որ Ադրբեջանը շատ հստակ, այդ թվում նաև հրապարակային ընդգծել է, որ ինքը պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի որևէ այլ կարգավիճակ, որը կա՛մ նույնը կլինի, կա՛մ մի քիչ բարձր կլինի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից»:

«Եթե մենք համաձայնենք՝ հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել: Համաձա՞յն ենք», – ԱԺ ամբիոնից հարցրեց վարչապետ Փաշինյանը, ինչին ի պատասխան դահլիճից հնչեցին՝ ոչ պատասխանները:

«Ես ուզում եմ մենք բոլորս սա հստակ արձանագրենք, որովհետև ես գիտեմ, որ լինելու են հարցեր և հարցադրումներ՝ արդյոք կարո՞ղ էինք խուսափել և ի՞նչ պիտի անեինք, որ խուսափեինք այդ իրավիճակից, սա շատ կարևոր նյուանս է: Պիտի անեինք մի բան, համաձայնվեինք, որ Արցախը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ է, ինքնավար մարզ գուցե մի փոքր ավելի լիազորություններով: Եթե մենք սրան համաձայնենք, մենք հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել, ուզում եմ, որ Հայաստանի խորհրդարանն արձանագրի, մենք համաձա՞յն ենք այդպիսի լուծման, եթե այո, մենք հենց այսօր կարող ենք լուծել այդ հարցը»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը հայտարարեց, որ վտանգ կա նաև հայ-ադրբեջանական շփման գծում, բայց այդ մասին չի բարձրաձայնի՝ ռազմական գաղտնիք չբացահայտելու համար։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը հայտարարեց՝ «մենք պետք է այս պատերազմով վերջնականապես լուծենք այս հարցը»:

«Հիմա ժամանակն է զոհելու, մենք պիտի զոհենք մեր վրա հարձակվողներին, մենք պիտի լուծենք այս հարցը և չթողնենք երեխաներին»,- նշեց նա:

Դիմելով վարչապետին՝ ԼՀԿ ղեկավարն ասաց. «Տվեք ամբողջական հրամաններ, տվեք հրամաններ գնալ առաջ, շարժվել առաջ և բոլորով գնանք առաջ, որովհետև եթե մենք այս պատմությունը թողեցինք կիսատ, մենք շարունակելու ենք արնաքամ լինել։ Մենք արնաքամ ենք լինում ավելի քանի 25 տարի՝ ամենօրյա ռեժիմով»։