1996-ի սեպտեմբերի 25-ը. ի՞նչ տեղի ունեցավ

6516

Ներկայացնում ենք 1996-ի սեպտեմբերի 25-ի՝ ընդդիմության գրոհը Ազգային շենքի վրա՝ համաձայն պահպանված նկարահանումների: 

Ժողովուրդը կեսօրին հավաքվել է Ազատության հրապարակում: Հանրահավաքները շարունակվում են արդեն երրորդ օրը: Ժամանում է Վազգեն Մանուկյանը: “Այսօր թվեր են հրապարակում, բայց դրանից հետո դեռ մի քանի օր կա, երբ պաշտոնապես հայտարարված չէ: Այդ մի քանի օրում մենք կամ պետք է հասցնենք մի բան անել կամ պետք է մեր ճակատին գնդակ ստանանք”, ասում է Մանուկյանը և բացատրում ժողովրդին. “Հիմա որոշվում է, թե պետությունը ինչ ճանապարհով է գնալու: Եթե անօրինական իշխանություն եղավ, դա դառնում է ավանդույթ և նույն ձևով շարունակվելու է”:

Որոշ ժամանակ անց Վազգեն Մանուկյանը ԱԺՄ-ի մյուս առաջնորդների` Դավիթ Վարդանյան, Շավարշ Քոչարյան, Սեյրան Ավագյան, Արշակ Սադոյան, ինչպես նաև այն կուսակցությունների ներկայացուցիչների հետ` Սամվել Շահինյան՝ “Ազգային պետություն”, Ռուբեն Հակոբյան՝ ՀՅԴ, Հրանտ Խաչատրյան` ՍԻՄ, Պարույր Հայրիկյան` ԱԻՄ, Արամ Սարգսյան` Դեմկուս, Խորեն Սարգսյան` Կոմկուս, Ռաֆայել Ղազարյան, Իգոր Մուրադյան, Աշոտ Մանուչարյան, Լենսեր Աղալովյան, ժամանում են հրապարակ:

Վազգեն Մանուկյանը մոտենում խոսափողին. “Այս պահին չի որոշվում անձի հարցը: Մեկը կարող է մի քիչ ավելի լավ նախագահ լինի, մյուսը կարող մի քիչ ավելի վատ նախագահ լինի: Կարելի է դա հանդուրժել: Բայց այսօր Հայաստանում դրվում է ավանդույթ, թե Հայաստանում իշխանությունների փոփոխությունները հնարավոր ե՞ն ընտրությունների միջոցով, ժողովրդի կամքը, ցանկությունը որևիցե դեր խաղալու է՞ ապագայում, թե ոչ: Այս հարցն է լուծվում: Իշխանություններին թվում էր, թե 1995թ հունիսի 5-ից հետո ժողովրդի կամքը կոտրվել է: Ժողովուրդը ապացուցեց, որ իր կամքը կոտրված չէ: Կան շատ ոգևորված մարդիկ, կան զինված մարդիկ, ովքեր առաջարկում են գնալ և գրավել նախագահի պալատը: Մենք կամ օրենքով առաջնորդվում ենք, բայց այն դեպքերում, երբ նրանք օրենքը խախտում են, մենք էլ ենք խախտում: Բայց այդ դեպքում ընտրություններ պետք չէր անցկացնել: Նախագահական պալատի գրավումը ինչով, իմ կարծիքով, սխալ է: Նախ և առաջ օրենքով, նույնիսկ եթե հայտարարվի, որ նախագահական ընտրություններում ինչ-որ մեկն է ընտրվել, ըստ օրենքի 50 օր անց նախագահը նախագահ է: Երկրորդ տարբերակը, որը քննարկվում է, դա շատ բնորոշ է քաղաքակիրթ երկրներին և մենք մոտավորապես այդիսի տարբերակ իրականացրեցինք 1988-ին. երբ որ ժողովուրդը ոտքի է կանգնում, պահանջում է արդարություն և անընդհատ ժողովրդի նորանոր շերտեր են միանում` ոստիկանություն, հեռուստապետկոմ և այլն, և տեղի է ունենում էրոզիա, այսինքն` իշխանության ուժը թուլանում է, ժողովրդի իշխանության ուժը` մեծանում: Երեկվա հանրահավաքից հետո արդեն 15 մարդ ձերբակալված է: Դա նշանակում է, որ իշխանությունները բավականին վճռական են տրամադրված մինչև վերջ գնալու: Երկրորդ տարբերակի դեպքում. մենք ունենք հինգ օր և այդ հինգ օրերի ընթացքում պետք է ստուգվեն բոլոր խախտումները: Երրորդ տարբերակը հետևյալն է. երկրորդի հիմքի վրա տանել զարգացումը. շարունակել հանրահավաքները, բայց վերահսկել ԿԸՀ-ի աշխատանքները: Այս երեք տարբերակներն են. պալատի գրոհ, որին ես դեմ եմ, երկրորդ, որին ես կողմ եմ, բայց ես կողմ եմ, որ երկրորդ տարբերակի վրա ավելացնենք երրորդը` գնանք մտնենք ներս պատգամավորներով, ես, Պարույր Հայրիկյանը, Ռուբեն Հակոբյանը, եթե ոչ մի բան չի ստացվում, ժողովուրդը որոշում կկայացնի` ինչ է անելու դրանից հետո: Եթե մենք գնանք այնտեղ` կամ [ԿԸՀ նախագահ] Խաչատուր Բեզիրջյանը թող դուրս գա, թող ինքը իր թղթերը կարդա, մենք մեր թղթերը կարդանք: Կամ իրենք ընդունեն, որ երեքական արկղ բացվելու է ամեն մի մարզի քվեատուփերից, և մեր հանձնաժողովը իրենց հետ նստած ստուգելու է: Մենք էլ, նրանք էլ ժողովրդի կողմից վստահված անձանց նշանակենք, որոնց մարդիկ հավատում են, և միասին թղթերը նայենք: Պարզվի, որ Տեր-Պետրոսյանն է հաղթել, իր գործն է: Պարզի, որ խախտումները այնպիսին են, որ նոր ընտրություններ պիտի անել, հնարավոր չէ վերականգնել իրական պատկերը, այդ տարբերակն էլ կարող է առաջանալ, բայց այդ բոլոր տարբերակները ԿԸՀ-ն փաստաթղթերով ստուգի, որոշի: Ես կողմնակից եմ երրորդ տարբերակին”:

Մանուկյանը ասաց, որ երկու մակարդակով են եղել կեղծիքները: Նախ, զինվորականների միջոցով են կեղծիքներ արվել` մի քանի տեղ պտտեցրել են, եղել են ավելորդ ցուցակներ, դրանց հիման վրա ստեղծվել են արձանագրություններ, բայց պարզվել է, որ այդ խախտումներով արձանագրությունները դեռևս չէին բավականացնում, որպեսզի Տեր-Պետրոսյանը ընտրվի: Դրա համար սկսվեց երկրորդ կեղծիքը: Այդեն պատրաստի արձանագրությունների փոխարեն սկսեցին կազմել նոր արձանագրություններ:

Ավետիք Իշխանյանը խոսեց “թվային խեղաթյուրումների” մասին, բերելով Մուղնի գյուղի օրինակը. “Բերեցին 100 զինվորների, ստիպեցին քվեարկել Տեր-Պետրոսյանի օգտին: Ես կարդում եմ այն արդյունքները, որ ստացվել է սեպտեմբերի 22-ին. Վազգեն Մանուկյան`128, Լևոն Տեր-Պետրոսյան`264, Սերգեյ Բադալյան` 35: Դրանք եղել են այն արդյունքները, որ տեղում կեղծելով ստացել են: Այսօր այդ արդյունքները այսպիսին են. Վազգեն Մանուկյան`28, Լևոն Տեր-Պետրոսյան`394, Սերգեյ Բադալյան` 5”:

Սամվել Շահինյանը ասաց. “50-60 ֆեոդալ է լինելու Հայաստանում: Գործընթացը գնում է և ավարտվելու է մի քանի տարում: Սա մեր վերջին պատերազմն է, որպեսզի մենք ստրուկ չլինենք:”

Ապա կրկին խոսափողին մոտենում է Վազգեն Մանուկյանը. “Եթե մենք գնանք նամակ տանք,  պահանջ դնենք ու հետ վերադառնանք, ապա դրանից ոչ մի բան չի փոխվելու: Դրա համար ես առաջարկում եմ հետևյալը. մենք հիմա գնում ենք այնտեղ, եթե չթողնեն ներս, մտնում ենք ժողովրդով: Եթե թողնում են, մտնում եմ ես: Բայց ինչպես և կոմունիստների ժամանակ, առանց բռնության, իրեն կբերենք, ինքը պատասխան կտա: Կամ կհամաձայնվեն մեր այն պահանջների հետ, որ ամեն մի մարզից երեք արկղ կբացի: Մենք այնտեղ կմնանք 20-30 րոպե, եթե 20-30 րոպե հետո մենք դուրս չեկանք, եկեք մեր հետևից: Գնացինք”:

Այսպես ժողովուրդը “Վազգեն, նախագահ” վանկարկումներով, Ազատության հրապարակից Բաղրամյան պողոտայով շարժվեց դեպի ԿԸՀ, որը գտնվում էր խորհրդարանի շենքում: Ժամը 18-ի սահմաններում Ազգային ժողովի դիմաց հավաքվել էին հազարավոր ցուցարարներ, որոնք կողմ էին վճռական գործողությունների:

Պահպանված կադրերից երևում և լսվում է, որ մինչև երկաթյա ցանկապատի մոտ հավաքվածները վիրավորում ու հայհոյում են Տեր-Պետրոսյանին ու իշխող համակարգի ուժային ներկայացուցիչներին` Վազգեն Սարգսյանին ու Վանո Սիրադեղյանին: “Վազգեն, նախագահ” վանկարկելով, Մանուկյանը մի քանի պատգամավորների հետ անցնում է Ազգային ժողովի տարածք: Ազգային ժողովի դիմաց կանգնած են կարմիր բերատավորներն ու վահաններով զինվածները:

Քիչ անց Ազգային ժողովից դուրս է գալիս և ցանկապատի մյուս կողմից ցուցարարներին մոտենում Վազգեն Մանուկյանի կողմնակիցներից Վովա Հախվերդյանը. “Ես անձամբ ասում եմ Վազգեն Մանուկյանի խոսքերը: Նա ասաց, որ ժողովրդին ասեմ, որ բանակցությունները գնում է բավականին ծանր, բայց ասաց` թող համբերեն: Մենք կհասնենք հաջողության, միայն թե համբերեք: Իր անձնական խնդրանքն է` համբերատար սպասել, բայց բանակցությունները գնում են բավականին ծանր մթնոլորտում”:

Ապա ելույթ է ունենում Ալբերտ Բաղդասարյանը` հիմնականում իր խոսքն ուղղելով այն երիտասարդներին, ովքեր պաշտպանում են Ազդային ժողովի շենքը. “Անցյալ տարի հանրապետության նախագահին հաջողվեց ժողովրդին ճնշել: Կարծում էին, այդ թվում նաև մենք, որ ժողովուրդը ճնշված է և ոտքի չի կանգնի: Այսօր ժողովուրդը ոտքի է կանգնել: Սիրելի զինվորների, դուք դեռևս մարտական վառոդի հոտը չեք առել և աստված մի արասցե, որ ձեր հրամանատարները ձեզ ստիպեն, որ դուք այդ վառոդի հոտը առնեք Երևանի կենտրոնում: Դուք պետք է պաշտպանեք պետությունը, այլ ոչ թե մի խմբի, որը ապօրինություն է արել: Մենք եկել ենք ձեզ ազատելու ստրկությունից: ”

Ապա խոսք է առնում ցուցարարներից Պարույր Զաքարյանը և ասում. “Եթե Վազգեն Մանուկյանը դուրս չգա շենքից, ապա մեն համարում ենք, որ նա ձերբակալված է և ձեռք ենք առնում անվտանգության միջոցներ”:

Ժողովուրդը մեծ ոգևորությամբ է ընդունում այս խոսքերը:

Ժողովուրդը ջարդում է Ազգային ժողովի երկաթյա դարպասները և մտնում շենքի տարածք: Սկսվում են անկարգություններ: Քանի որ արդեն մութ է, կադրերից չի երևում, թե ինչ է կատարվում: Ամբողջ ընթացքում լսվում է “Վազգեն, նախագահ” կոչերը:

Ապա լսվում է Ալբերտ Բաղդասարյանի ձայնը. “Ժողովուրդ, խնդրում եմ այդտեղ հավաքվեք ու կանգնեք: Եթե չեք ուզում վտանգել ամեն ինչ, կանգնեք”:

Վազգեն Մանուկյանը փորձում է ցուցարարներին հանգստացնել, ասելով. “Այստեղ հանձնաժողովը մի որոշում է ընդունում, որը մեզ լիովին գոհացնում է: Ժողովուրդ, այս պահից կախված է մեր ողջ ժողովրդի ապագան”:

Լսվում են կրակոցի ձայներ: Ապա մի քանի որպե անց կրկին մոտենում Վազգեն Մանուկյանը:

Նա այլայլված բղավում է. “Ոչ մի պատուհան չի ջարդվում, ոչ մի ոստիկանի վրա ձեռք չի բարձրացվում: Հիմա իմ ասածներից ոչ մի բանի վրա ուռա կամ բու չասեք: Ժողովուրդ, հիշեք, թե ինչ պահանջով մտանք. որ ամեն մի մարզից երեք տուփ իրավունք ունենանք բացելու և ստուգելու: Պարոն Բեզիրջյանը գտավ, որ դա օրենքի եզրից դուրս է, բայց ինքը առավոտվանից առաջարկություն ունի, որի մեջ այդ երեք տուփը կարելի է բացել ոչ թե մեր վստահված անձի պահանջով, այլ երկու թեկնածուի պահանջով: Իսկ մենք միշտ էլ կարող ենք Աշոտ Մանուչարյանի հետ պայմանավորվել, որ մեր ուզած տուփը բացեն: Հիմա դրա համար պիտի նիստ հրավիրեն: Այս պայմաններում նրանք նիստ հրավիրել չեն կարող: Ես առաջարկում եմ, հիմա իմ հետ միասին դուրս ենք գալիս պատերի մոտ, այստեղ մնում են մեր ներկայացուցիչները, մենք կսպասենք, հենց որ որոշումը չընդունվի, մենք միշտ էլ կարող ենք նորից մտնել”:

Ցուցարարները պահանջում են դադարեցնել կրակոցները, ժողովուրդը վախենում է: Նրանց խոսակցություններից պարզվում է, որ դժգոհ են նաև Մանուկյանից: Հնչում են ձայներ, որ նա ուզում է ցրի մարդկանց: Մի կին ասում է. “Հո չի տանի ժողովրդին կոտորածի”: Լսվում են ամենավիրավորական հայհոյանքներ Տեր-Պետրոսյանի, Վազգեն Սարգսյանի ու Վանո Սիրադեղյանի հասցեին, որոնք ընդմիջվում են “Լևոն, հեռացիր” կոչերով:

Անընդհատ լսվում են կրակահերթեր: Մեկը մյուսի հետևից մոտենում են շտապ օգնության մեքենաները: Ժողովուրդը վերադառնում է Ազատության հրապարակ, որտեղ Պարույր Հայրիկյանը հայտարարում է. “Այսօր ամենակարևորը տեղի ունեցավ. Լևոն Տեր-Պետրոսյանը իսկապես քաղաքական ինքնասպանություն գործեց: Եթե ինչ-որ կերպ կարելի է արդարացնել բռնարարքները Ազգային ժողովի տարածք մտած երիտասարդների նկատմամբ, ապա կանանց և երեխաներին, որ դրսում կանգնած էին ու պատասխանի էին սպասում, նրանց վրա հարձակում գործելը ոչ մի արդարացում չի կարող ունենալ»:

«Այսօր է որոշվում, թե ով է հայ և ով հակահայ: Ով այսօր մեզ հետ չէ, նա հայ չէ»,- ասում է Պարույր Հայրիկյանը:

«Նա, ով ձեզ հետ չէ, նա մեր թշնամին է»,- ասում է մեկ այլ բանախոս:

Ելույթ են ունենում նաև Դավիթ Վարդանյանը, Լյուդմիլա Հարությունյանը: Ապա Վազգեն Մանուկյանը մանրամասնում է, թե ինչ է տեղի ունեցել մի քանի ժամ առաջ Ազգային ժողովի ներսում. “Ես Բաբկեն Արարքցյանին ասացի, որ Բեզիրջյանը պիտի բացատրի, թե ինչ որոշում են իրենք ուզում ընդունել: Արարքցյանի հետ նորից խոսեցի, նա ասաց, որ դա օրինական որոշում չէ, ինքը դեմ է, բայց ժողովուրդը ջարդում է դռները, ինքը պետք է դուրս գա և այլն: Այդ ժամանակ դրսում սկսվեց այդ ամեն ինչը: Ժողովուրդը ներս խուժեց: Ժողովրդին շատ դժվար էր հանգստացնել, կրակոցներ կային, բայց օդի մեջ էին կրակում: Ես Ռուբեն Հակոբյանին և Սեյրան Ավագյանին խնդրեցի, որ ժողովրդին հանեն դարպասների մոտ, որովհետև Բեզիրջյանը համաձայնվեց, որ հանձնաժողովը նիստ կանի և այդ որոշումը կընդունեն: Բայց քվորում չկար, պետք էր նոր մարդկանց բերել: Ինքը ասաց, որ այդ վիճակում նոր մարդկանց բերելը պրոբլեմ է: Ասացինք` ժողովրդին դուրս կհանենք դարպասների մոտ, կսպասենք, մինչև որոշում ընդունվի հանձնաժողովի կողմից: Ժողովուրդ, մենք ոչ ուզում ենք արյուն թափել, ոչ էլ քաղաքացիական պատերազմ: Մենք վճռական ենք, որ մեր ժողովրդի իրավունքները մինչև վերջ պիտի պաշտպանենք: Այսօրվանից ամբողջ հանրապետությունը պիտի կանգնի ոտքի: Զինվորները, իմ ունեցած տեղեկություններով և իմ տեսածով, իրենց շատ նորմալ են պահել: Մենք մի ժողովուրդ ենք, մեր բոլորի երակներով նույն արյունն է հոսում, մեր մեջ կան հանցագործենր, որոնք դատարանով պետք է պատասխան տան այս ամենի համար: Մենք արյուն թափող չենք, բայց մենք ցույց տվեցինք մեր վճռականությունը: Եղավ և՛ ճիշտ, և՛ սխալ, բայց մեր վճռականությունը ցույց տվեցինք: Իսկ հիմա սպասենք հանձնաժողովի նիստին, որովհետև նրա որոշումից է կախված մեր ամբողջ գործողությունները”: