Հայ-ռուսական/բոլշևիկյան կռիվները՝ 1920թ հունիս-սեպտեմբեր. Նժդեհի հոդվածը

13872

Գարեգին Նժդեհի այս հոդվածը՝  Հայ-Բօլշեւիկեան կռիւները, լույս է տեսել ՀՅԴ Հայրենիք ամսագրում, 1923 թվականին, թիվ 12-ում, էջ 93-102։ Գարեգին Նժդեհը հոդվածի տակ ստորագրել է Նժդեհ ձևով։

___________________________________

Առաջին գնդակը

1920 թ. յունիս 17-ին Ղափանի հանքերում տեղի ունեցած Կապարգողթի հայութեան ներկայացուցչական ժողովը որոշում է.

Ա)  Բոլոր շարժումները, ներքին թէ արտաքին, ուղղուած Հայաստանի անկախութեան եւ մասնաւորապէս, Ղարաբաղ-Զանգեզուրի ազատագրական ձգտումների դէմ, համարել հակայեղափոխական դաւաճանական ու ամէն գնով աջակցել կառավարութեան՝ իրենց սաղմի մէջ խեղդելու երկիրը դէպի կորուստ տանող բոլոր երեւոյթները:

Բ) Ադրբէյջանի խորհրդայնացումը համարել քաղաքական շանտաժ, ստեղծուած տաճկա-ադրբէյջանեան համիսլամականների եւ ռազմապաշտների ձեռքով՝ յատկապէս Հայաստանի անկախութիւնը եւ հայ ժողովուրդի ֆիզիքական գոյութիւնը վտանգելու նպատակով.

Գ) Ամէն մի Ղափանցի, 18-60 տարեկան, ինչպէս եղել է մինչեւ օրս, զէնքը ձեռքին կռուելու է Ադրբէյջանի դէմ մինչեւ վերջին փամփուշտն ու արեան կաթիլը, քանի նա կը շարունակի իր հայակեր քաղաքականութիւնը.

Դ) Ամուր պահելով կառավարութեան բարոյական ու ֆիզիքական հմայքը, գիշեր-ցերեկ հսկել դիրքերում եւ կոչ անել Զանգեզուրի ազգաբնակութեան՝ վարուել նոյն ձեւով:

Այդ օրերին Ղափան են անցնում տարաբախտ Խորէնին ու Շիրինեան, որոնք նոր էին Գորիս ժամանել Հ. Յ. Դ. Զանգեզուրի արտակարգ կոմիտէի կողմից: Վերջինները Կապարգողթի տրամադրութիւններին ծանօթանալու համար խնդրում են ինձ իրենց հետ միասին այցելել իմ շրջանի մի քանի գիւղերը:

Յունիսի վերջերին Մեղրիում ստացւում է Դրօի գրութիւնը, որով նա տեղեկացնում է, թէ բոլշեւիկները ուժեր են կենտրոնացրել Զաբուղում եւ պատրաստւում են անցնել Զանգեզուր: Այդ լուրին վրայ մենք անմիջապէս վերադառնում ենք Ղափան, որտեղից Շիրինեանն, Խորէնին եւ Աշոտ Մելիք-Մուսեանը ճանապարհւում են դէպի Գորիս:

Յուլիս 5-ի առաւօտեան ժամը 10-ի մօտերը մեր երեք տարաբաղդ ընկերները հասնում են Քարահունչ եւ ականատես լինում բոլշեւիկեան մի բացօթեայ միտինգի: Այդտեղ մերոնց համար պարզւում է, որ Երեւանեան ուժերը տեղի են տուել, նահանջելով դէպ Վայոց-Ձոր եւ որ Գորիսը անցել է կարմիրների ձեռքը:

Մերոնք, առանց մատնելու իրենց ներկայութիւնը, հեռանում են Քարահունչից: Շիրինեանը Խորէնու հետ անցնում է իր հայրենի գիւղը՝ Շինու Հայր, իսկ Աշոտը, առանց յապաղելու աճապարում է հասցնելու ինձ Գորիսի անկման լուրը:

Յանկարծակիի եկած, Յուլիս 7-ին, Կապարգողթի ազգաբնակութեան ես ուղղում եմ իմ նախազգուշական խօսքը.

«Հայ ժողովո՛ւրդ, Կապարգողթի եւ Բաղաբերթի հերոս ժողովուրդ, վտանգը, բոլշեւիզմի կեղծ կարմիր փետուրներով զարդարուած Ադրբէյջանեան վտանգն է կանգնած դռանդ: Ուրեմն, ինչպէս եւ միշտ, եղիր արթուն, սպառազէն ու միշտ պատրաստ դիրքերում, յանկարծակիի չգալու համար: Աստուած եւ իմ սուրը քեզ հետ»:

——

Ղարաբաղը առանց կռուի թշնամուն թողնելը, անշուշտ, պիտի ունենար իր բարոյալքիչ ազդեցութիւնը Զանգեզուրի վրայ: Կամ թշնամին չափազանց ուժեղ է, որ Երեւանեան զօրքերը խուսափել են չափուելու նրա հետ, կամ ինչ-ինչ քաղաքական նկատառումներով, չպէտք էր կռուել եւ չեն կռուել մերոնք:

Այսպէս էր մտածել բուն Զանգեզուրը եւ աղ ու հացով ընդունել թշնամուն:

Այդ բոլորը գաղտնիք չէր եւ իմ շրջանների հայութեան համար, որի որոշ տարրերը նոյնպէս ազդուած էին ստեղծուած դրութիւնից:

Յուլիս 8-ին Շիկահողի ուսուցիչ Բագրատ Յարութիւնեանին, իմ նախկին կամաւորներից, իր ցանկութեամբ, ուղարկում եմ Գորիս՝ թշնամու ուժերի եւ մտադրութիւնների մասին որոշ տեղեկութիւններ բերելու համար: Վերջինս յայտնի էր իբրեւ գաղափարական կոմունիստ: Չուրանալով իր համայնավարական լինելը, նա միշտ էլ առանձին հպարտութեամբ էր խօսում իր լաւ հայ լինելու մասին եւ վստահացնում, որ նա որեւէ կապ չունի բոլշեւիկների հետ, որ քանի դեռ վերջինները բարեկամ կը մնան արեւելյան փաշաներին, նա իրականի մէջ կը մնայ թշնամի բոլշեւիկներին: Այդ մարդը ըստ իր խոստման, Գորիսում պիտի մնար ընդամէնը մի օր եւ, որոշ տեղեկութիւններ հաւաքելուց յետոյ, գիշերով պիտի հեռանար քաղաքից:

Յուլիս 10-ի գիշերը բոլշեւիկեան մի հեծեալ գունդ յանկարծակիի է բերում Ղափանի սահմանագլխային գիւղերից Խոտանանը: Լուսաբացին այդ գիւղից հասնում է առաջին սուրհանդակը եւ գուժում Խոտանանի անկման լուրը: Նա պատմում է նաեւ Բագրատի դաւաճանութեան մասին: «Լաւ հայը» թշնամու անելիքների եւ ուժերի մասին տեղեկութիւններ բերելու փոխարէն թշնամու բանակն էր առաջնորդել դէպի Ղափան:

Մի քանի թիկնապահներով նետւում եմ Կավարտ՝ տեղական ուժերը ոտքի հանելու: Քիչ անց Զալինգեօլ են հասնում Խլաթազից եւ Առաջաձորից փախած մի քանի գիւղացիներ ու պատմում որ այդ գիւղերն էլ աղ ու հացով են ընդունել կարմիրներին եւ որ թշնամին արդէն շարժւում է դէպի Հանքերը:

Մօտ քառորդ ժամ անց՝ թշնամու հեծելազօրքը յայտնւում է Կաւարտի եւ Առաջաձորի միջեւ ընկած ձորում:

Մօտակայ գիւղերից ժամանակին հասած իմ վաշտէրը, արդէն գրաւել են ճանապարհի երկու կողմերի բարձրունքները: Կաւարտից ճակատ են տեղափոխուած բաւականին պայթուցիկ տակառներ: Միայն «համոզմունքներով կոմունիստ» հայը մտնում է իր ներկայութիւնը: Նա՝ ընկած թշնամու զօրքերի առաջ, մօտենում է մեր դիրքերին: Հրամայում եմ պայթեցնել տակառներից մէկը: «Առանց մի գնդակ արձակելու Բագու, Շուշի, Գորիս մտած զօրքը» անմիջապէս դադարեցնում է իր առաջխաղացումը: Քիչ անց, նրա բանագնացները, ճերմակ դրօշակը պարզած, առաջանում են դէպի մեր դիրքերը:

-Պարո՛ն գնդապետ, շարունակելով նստած մնալ ձիու վրայ,-սկսում է կարմիրների ներկայացուցիչը, – խորհրդային հրամանատարութիւնը խնդրում է ձեզնից ճանապարհ տալ իր զօրքերին անցնելու Ջուլֆա:

-Ջուլֆա անցնելու համար կարմիր հրամանատարութիւնը իր տրամադրութեան տակ ունի լաւագոյն ճանապարհը՝ Սիսեան-Նախիջեւան գիծը,-լինում իմ պատասխանը:

-Այդ ճիշտ է, բայց մեզ պէտք է եւ Ղափան-Մեղրի գիծը, որ ըստ կարմիր հրամանատարութեան, մեծապէս պիտի հեշտացնի մեր առաջխաղացումը դէպի հեռուները՝ Պարսկաստանի վրայով Հնդկաստան եւայլն:

Կարմիրների բանագնացի վերջին խօսքերը ստիպում են ինձ ժպտալ:

-Ի՞նչ, դուք Պարսկաստանը արդէն խորհրդայնացա՞ծ էք համարում:

-Գրեթէ այո՛,-յաղթական տոնով պատասխանում է կարմիրը:

Այս կարճ փոխասացութիւնից յետոյ ինձ մնում էր խորհրդային բանագնացներին զգացնել տալ, որ լաւ կը լինի, եթէ կարմիր զօրքը յետ քաշուի Ղափանի սահմաններից ու սպասի ժողովրդի վերջին խօսքին. որ քանի դեռ ժողովուրդը չէ ասել իր խօսքը, ես տեղի չեմ տայ. որ սկսուելիք կռիւների եւ թափուելիք արեան ամբողջ պատասխանատուութիւնը ընկնելու է կարմիր հրամանատարութեան վրայ:

Օգտուելով առիթից չէի կարող Բագրատին չյիշեցնել մեր պատմութեան տխուր վկայութիւնը հայ մատնիչների մասին: «Շապուհի բանակներին կ’առաջնորդէին Հայաստանի աշխարհագրութեան ու ամրութիւններին ծանօթ հայ դաւաճանները»:

Թշնամու բանագնացները վերադառնում են, տանելով իմ պատասխանը:

Մեր դիրքերում թնդում է «Ղափան երկիր ազատ, անկախ» երգը:

Արեւելքի ջարդարար փաշաների հետ զինակցած բոլշեւիզմի խոփը առաջին անգամ քարին էր առնում:

Ցերեկուայ ժամը 4-ի մօտերը թշնամին նահանջում է դէպի Խոտանան եւ այն տեղից, հէնց նոյն օրը, ուղղում է ինձ հետեւեալ վերջնագիրը. «Գնդապէտ Նժդեհին: Ադրէն Ղարաբաղ-Զանգեզուր է մտել կարմիր բանակը: Բոլոր տեղերում կազմակերպուած են յեղկողմներ: Հրամայում եմ այդ առթիւ յայտարարել ժողովրդին և ճանապարհ տալ Վերին Խոտանանում գտնուող մեր զօրամսին անցնելու Մեղրիի վրայով Օրդուբաթ-Ջուլֆա:

Զորամասի զինուորական կոմիսար ԻՎԱՆՈՎ: 10 յուլիս, 1920 թ. Վ. Խոտանան»:

——

Հանրապետական զօրամասերի, ինչպէս եւ բուն Զանգեզուրի, Սիսեանի, Տաթեւի եւ այլ վայրերի ազգաբնակութեան առանց կռուի ուղի տալը, իմ ժողովրդական վաշտերի յոգնածութիւնը՝ որպէս հետեւանք երկարատեւ կռիւների՝ եւ ռազմամթերքի պակասը նուազ չափով չէին կորովազրկել եւ Ղափանը: Տատանում կար, անվճռականութիւն էր զգացւում եւ այդ շրջանի հայութեան մէջ, մի բան, որը սպառնում էր իմ խնամքին յանձնուած երկրամասը եւս առանց կռուի յանձնելու թշնամուն:

Գիտակ՝ ստեղծուած փափուկ դրութեան, յուլիս 12-ին, Առաջաձոր գիւղում հրաւիրում եմ Ղափանի երկրորդ արտակարգ ներկայացուցչական ժողովը, որին բոլոր գիւղերը մասնակցում են իրենց երկուական ներկայացուցիչներով: Ժողովը քննում է «կարմիր հրամանատարութիւնից ստացուած վերջնագիրը եւ ընդհանուր հրամանատար Նժդեհին արուելիք պատասխանը»:

Ժողովին եւս դիտմամբ չեմ մասնակցում, որպէսզի ժողովրդի ներկայացուցչութիւնը չնեղուի բարոյական եւ արտայայտուի ազատ: Ժողովը տեղի է ունենում բացօթեայ: Ժողովատեղից մի քանի քայլ հեռու համհարզիս հետ նստած սպասում ենք ժողովրդի վերջին խոսքին: Կռուելո՞ւ է Ղափանը թէ ոչ:

Այդ հարցին պիտի պատասխանէր ժողովրդի ներկայացուցչութիւնը եւ դժուարանում էր պատասխանել: «Այո»ի դէպքում նա գործ պիտի ունենար Ռուսիոյ եւ Ադրբեյջանի ծով ուժերի հետ. իսկ «ոչ»-ի դէպքում՝ «բարի ճանապարհ» պիտի ասէր ինձ, իր ղեկավարին:

Ծանր էր ժողովի, ասել է՝ ժողովրդի դրութիւնը: Ողբերգական լինելու աստիճան ծանր էր եւ իմ դրութիւնը: Բոլշեւիզմի եւ համիսլամութեան եղբայրացումից ես լաւ բան չէի սպասում հայ ժողովրդի համար: Ահա՛ թէ ինչու բարոյապէս ազատ չէի զգում ինձ, հանրապետական զօրքերը Զանգեզուրը լքելուց յետոյ, առանց կռուի Կապարգողթն էլ Խորհրդային Ադրբէյջանին յանձնելու:

Ժողովը շատ է երկարում: Գրեթէ այլեւս խօսողներ չկան: Նախագահը ունելիով է մի քանի կցկտուր եւ անորոշ խօսքեր դուրս քաշում այս կամ այն ներկայցուցչի բերնից: Ոչոք չէ ուզում պատասխանատուութիւնը իր վրայ վերցնել: Վաշտապետներիցս Գերասիմը տեղեկացնում է ժողովում ստեղծուած ծանր մթնոլորտի մասին: Իմ միջամտութիւնը անհրաժեշտ է դառնում:

Անցնում եմ ժողովատեղին:

-Ղափանցինե՛ր, եկայ, ձեր վերջին խօսքը լսելուց առաջ, իմ վերջին խօսքն ասելու ձեզ: Չէ, էլ ոչինչ չունեմ ասելու ձեզ: Միայն մի խնդիր ունիմ, որ չէք կարող չկատարել: Վաղուց է, ինչ կռւում եմ ձեր երկրում ձեզ համար: Որպէս բարոյական վարձատրութիւն, կ՛ուզէի, որ հանէիք իմ աչքերը. կուրացնէիք ինձ. որ անբաղդութիւն չունենայի ձեր գլխին գալիք աղէտը տեսնելու:

Այդ էր իմ վերջին խօսքը, որ ժողովին ասելուց յետոյ, դառնացած, բայց ոչ ընկճուած՝ ընդհանուր լռութեան մէջ հեռացայ ժողովատեղից: Մօտ կէս ժամ անց՝ ինձ ներկայացրին ժողովի արձանագրութիւնը, որի մի հատուածը բերում եմ ստորեւ.

«Թոյլ չտալ, ինչ գնով էլ ուզում է լինի, կարմիրներին ներխուժելու Ղափան: Ղափանի ներկայացուցիչները այս որոշումը կայացնում են իրենց պատգամաւորների զեկուցումը լսելուց յետոյ, որոնք 1920 թ. յուլիս 11-ին տեսնուել էին խորհրդային ներկայացուցչութեան հետ եւ վերջինիցս լսել հետեւեալը՝ Ա) Մենք եկել ենք Զանգեզուրն ու Ղարաբաղը կցելու Խորհրդային Ադրբէյջանին, Բ) Պիտի զինաթափենք ժողովուրդը, Գ) Զէնքերը յանձնելու ենք մեր կողմնակիցներին»:

Անմիջապէս վաշտերին հաղորդւում է Ղափանի որոշումը եւ իմ թշնամուն ուղղուած հետեւեալ հակավերջնագիրը.

«Խոտանանում գտնուող կարմիրների զօրամասի պետին: Կապարգողթի գիւղացիական ներկայացուցչական խորհուրդը, հրամայել է ինձ ուղարկելու ձեզ վերջնագիր՝ վաղը, ամսոյս 13-ին, մինչեւ ժամը 7-ը թողնել Ղափանի սահմանները, հակառակ դէպքում ստիպուած կը լինեմ անցնելու յարձակողականի եւ զինու ուժով վանելու ձեզ: ՆԺԴԵՀ, 12 Յուլիս, Ղափանի Հանքեր»:

Յուլիս 13-ի առաւօտեան, դեռ լոյսը չբացուած, թշնամին թողնում է Խոտանանը եւ նահանջում է դէպի Գորիս:

Այսպէս է առաջին անգամ փրկւում Կապարգողթը:

II

Թշնամու ամենակարողութիւնը

Կարմիրները շատ շուտ զգացնել տուին, որ իրենց ռազմավարութեան եւ ռազմական ուժերի դէմ կռուիլն աւելի հեշտ է, քան իրենց քարողութեան դէմ:

Մինչեւ օրս էլ խոստովանում եմ, ես առանց գլխապտոյտի չեմ կարողանում կարդալ խորհրդային թերթերն ու թռուցիկները: Կարմիրները չեն խօսում, չեն գրում համոզելու համար: Նրանք աղմկում են, միայն աղաղակում, սպառնալից ժեստեր կատարում, խոստումներ անում՝ միայն եւ միմիայն շշմեցնելու համար: Թերթելով խորհրդային օրգանները, մարդ ակամայից յիշում է լատինական ասութիւնը- «Լռէ՛ք նրանք աղմկում են»:

Այո՛, աղմկում են եւ գիտէն աղմկել:

«Ամբոխները ամէնից առաջ յոյսեր են փնտռում: Զուրկ կարելիութեան զգացումից եւ օժտուած ծայրայեղ թեթեւամտութեամբ, նրանք ընդունում են ամենաանհաւանական խոստումները»: Ֆրանսիական հռչակաւոր հոգեբանի այդ խօսքերից, թւում է, ոչ ոք է այնքան մեծ չափով օգտուել, որքան կարմիրները: Հազարաւոր թերթեր, թռուցիկներ, քարոզիչներ ու գործակալներ թափուած գիւղերը՝ աշխատաւոր զանգուածներին ասում էին, խօսում, հաւատացնում, թէ խորհրդային իշխանութիւնը սայլերով, ուր երկաթուղի կայ՝ վագոններով, ուր ծով՝ նաւերով՝ հաց, հանգիստ, ու ազատութիւն է բերում մարդկութեան ոսված ու տառապած մասի համար:

Խօսքից, սուտից, կեղծիքից զատ կար ե՛ւ ուրիշ միջոց, գուցէ եւ աւելի հրապուրիչ եւ զօրաւոր, քան առաջինները: Դրամն էր դա:

Պէտք է ասել, որ խոստումները կատարելու աստիճան թշնամին շռայլ եւ առատաձեռն էր նաեւ դրամի գործածութեան մէջ: Նա առաջանում էր դրամի դէզեր ցրելով, կաշառելով ազգաբնակութեան բոլոր տեսակի տականքներին: Թոյլատրելի էին համարուել բոլոր միջոցները: Չկար ազնիւն ու ստորը, սուրբն ու անսուրբը, մարդկայինն ու տմարդը: Ինչ որ հնարաւոր էր, ուրեմն, ապա եւ կարելի էր ու թոյլատրելի: Բարոյականութիւն, էտիկա, մարդկայնութիւն,- այդ բոլորը թքուած ու յանձնուած էր արխիւ:

Թոյլատրելի էր համարուել անգամ դասական բռնապետութիւնների ու բռնապետների բաժնէ, որ տիրես մաքիավելիական բարոյազուրկ միջոցը: Քաղաքական նոր նկատառումներով ոչ թէ միայն հայկական Ղարաբաղն էր յայտարարուած Խորհրդային Ադրբէյջանի անբաժան մասը, այլ եւ Զանգեզուրը:

Դատապարտելի ցեղամիջեան հակամարտութիւնն էլ օգտագործելի էր համարուել խորհրդային քաղաքականութեան կողմից: Գանձակում կարմիր հրամանատարութիւնը հայերի ձեռքով էր սանձահարել մուսաֆաթական մասսաներին, Զանգեզուրում՝ թուրք եւ տաճիկ ուժերով պաշարել Կապարագողթի հայութիւնը:

III

Մի անյաջող փորձ

Յուլիսի վերջին տեղի է ունենում Երեւանեան զօրամասի յարձակումը Զանգեզուրի վրայ, որը որոշ սխալների շնորհիւ, վերջանում է անյաջողութեամբ: Կռուի երկրորդ օրը հանրապետական զօրքը, տեղի տալով թշնամու ուժերի առաջ, վերստին լքում է Գորիսը:

Ղափանից օգնութեան հասած իմ զօրամասին այս անգամ էլ վիճակւում է ապահովել Երեւանեան ուժերի նահանջը: Դէպի Դարալագեազ քաշուող ուժերի անկարգ նահանջի շնորհիւ իմ ուժերից մի տասնեակ դժուարանում է ժամանակին դուրս գալ Գորիսի ձորերից եւ ընկնում է թշնամու կրակի տակ: Զինուորներիս փրկելու փորձի ժամանակ՝ վիրաւորուած՝ շարժւում եմ դէպի Ուչթափալար, ուր Դրօն առաջարկում է ինձ անցնել Երեւան բժշկուելու համար:

Պարզելով Զանգեզուրն անտէր թողնելու անպատեհութիւնները, բաժանւում եմ նրանից եւ անցնում Ղափան:

IV

Սպառնական դրութիին

«Հ. Հ. Զինուորական Նախարարին: Պատճէնը՝ Խորհրդարանին: Երկրորդ անգամ է, ինչ Ղափանը, Գենվազը, Բաղաբերդը եւ Գողթանը երեւանեան զօրամասի ռազմական անմիտ խաղերի շնորհիւ մնում են մենակ, պաշարուած, կտրուած աշխարհից: Մեր ժողովուրդը Գորիսի առաջին անկումից յետոյ, անհամբեր սպասում էր եւ ջերմօրէն հաւատում, որ իր կառավարութիւնը այօսր վաղը կը հասնի իրեն՝ կը վերագրաւի Զանգեզուրը:

Սակայն մեր մտքով անգամ չէր անցնում, որ տեղի կ՛ունենայ մի վտանգաւոր խաղ, մի անմիտ յարձակում, որ Երեւանեան զօրամսը կը վտանգի մեր դրութիւնը եւ երրորդ օրը վերստին կը լքի Զանգեզուրը եւ կը քաշուի Դարալագեազ: Այդ անմիտ խաղին մասնակցելու էին կանչուած նաեւ Ղափանի ուժերի մի մասը, որոնք վերադարձել են գազազած: Նրանք սպասելիս են եղել, որ Երեւանեան զօրքը չի կրկնի իր հին սխալը, որ նա կ’անցնի Ղափան-Գողթան, աւելի ուժեղացնելու այդ շրջանները, բայց դժբախտաբար կատաստրօֆիկ սխալը կատարուել է եւ Դրօն այսօր Զանգեզուրից դուրս է գտնւում:

Սրանից զատ, Զանգեզուրի նախկին հրամանատարութիւնը թոյլ է տուել մի աղաղակող անարդարութիւն: Նա իր թնդանօթները Ղափանին տալու փոխարէն, իր հետ Դարալագեազ է տարել Ղափանում եղած երկու թնդանօթները, պատճառաբանելով, որ ոչ մի թնդանօթաձիգ սպայ չէ համաձայնւում վարադառնալ Ղափան: Ի՞նչ, Դրօն եկել էր զինաթա՞փ անելու մեզ, թուլացնելու: Ի՞նչ է նշանակում սա:

Մենակ մնացած ժողովուրդը հազար ենթադրութիւններ է անում:

Վերջին անգամ դիմում ենք ձեզ եւ խնդրում արագացնել զօրքերի առաքումը Սիսեան: Մեր հրամանատարը գտնում է, որ կարիք չկայ կռուով վերագրաւելու Գորիսը եւ պահելու Զաբուղի ճակատը: Գրաւելով Սիսեանը մինչեւ Տաթեւ, մենք փաստօրէն տէր ենք դառնալու ամբողջ Զանգեզուրին: Ուչթափալար-Տաթեւ-Ինջաբէլ գիծը բռնելով, մենք կը ստիպենք բոլշեւիկներին թողնելու Գորիսը: Ղափանի գիւղացիական ներկայացուցչական խորհրդի նախագահութիւն:

1920 թ. 21 օգոստոս, Հանքեր»:

Մեզ վիճակուած չէր ստանալ լեռներով երթեւեկող սուրհանդակների միջոցով Երեւանին յղած այս գրութեան պատասխանը:

Ես գիտէի, որ այլեւս Երեւանը մեզ հետ կապուել չէր կարող Սիսեանի վրայով, բայց չէի սպասւում, որ նա երբ եւ իցէ կը հաշտուի Զանգեզուրից ընդմիշտ ձեռք քաշելու մտքի հետ: Նուազ յոյսեր ունէի նաեւ Շարուր-Նախիջեւանի գործողութիւնների յաջողութեան նկատմամբ:

Ես գիտէի Ղափանի թոյլ, խոցելի կողմը եւ անհանգիստ էի: Դրութիւնը շարունակում էր օրեցօր աւելի եւ աւելի բարդանալ:

Օգնութեան փոխարէն օգոստոս 15-ին ստացւում է հետեւեալ գրութիւնը.

«Ղափանի զօրամսի պէտ Նժդեհին.

Հաղորդում եմ ձեզ զինուորական նախարարի հրամանի պատճէնը՝ «Զինուորական Նախարարը հրամայում է Ձեզ, կապ պահելով Նժդեհի հետ, տեղեկացնել նրան, որպէսզի նա, համաձայն կնքուած զինադադարի, հաւաքէ իր զօրամասերը, նոյնպէս եւ բոլոր ցանկացողներին եւ նախազգուշական միջոցներ ձեռք առնելով անցնի մեր տերիտորիան, բերելով իր հետ ամբողջ զէնքերը: 10 օգոստ. 1920 թ. Զինուորական նախարարի համհարզ Գիւլազիզեան»:

Խոստովանում եմ, որ կեանքիս մէջ ոչինչ է ինձ այնպէս յանկարծակիի բերել, ինչպէս այդ դրութիւնը: Եթէ Հայաստանի զինուորական նախարարութիւնը ցանկութիւն ունենար գոնէ մի անգամ դիմելու Հայաստանի քարտէզի խորհրդին, անշուշտ պիտի համոզուէր, որ նման վերաբերմունքով ոչ թէ միայն Զանգեզուրն էր յանձւում կարմիրներին, այլ եւ Արարատեան Հայաստանը:

Օգոստ. 18-ին սուրհանդակները Երեւան տարան իմ հետեւեալ գրութիւնը՝ «Զինուորական Նախարարին, պատճէնը՝ Գեն. Նազարբեգովին: Դրօն զինուորական նախարարի անունից հրամայում է ինձ, համաձայն կնքուած զինադադարի, վերցնել իմ զօրամասը եւ անցնել մեր տերիտորիան: Ես չգիտեմ թէ՝

  • Ի՞նչ պայմաններով, ո՞ւմ հետ (Ադրբեյջանի թէ Սովետական Ռուսաստանի) եւ ո՞րքան ժամանակով է կնքուած զինադադարը:
  • Եթէ Կապարգողթի իմ ուժերը, համաձայն զինադադարի, պէտք է թողնեն իրենց երկիրը եւ քաշուին մեր տերիտորիան, ապա բոլշեւիկները եւ Ադրբէյջանեան բանտաները ե՞րբ եւ ո՞ւր են քաշուելու:
  • Ի՞նչ է լինելու Գողթանի դրութիւնը, որը վարչական տեսակէտից չէ մտնում Զանգեզուրի մէջ:
  • Չէ՞ք կասկածում, որ թշնամին կարող է դաւադրել,- այն է, որ մեր դուրս գալուց յետոյ, յանկարծակիի բերել անտէրացած ազգաբնակութիւնը եւ տէր դառնալ Կապարգողթի չորս ապստամբ շրջաններին:
  • Մեր խոր հետախուզութիւնը պարզել է, որ Այրի-Չարում կուտակուած են բաւականին մեծ ուժեր:

Չէ՞ք ենթադրում, որ եթէ ես Զանգեզուրը թողնեմ, այդ ուժերը հեշտութեամբ կարող են տէր դառնալ Երեւանին:

Սա ի՞նչ զինադադար է, որի ժամանակ բոլշեւիկները շարունակում են իրենց շահատակութիւնները, թալանը եւ զինաթափութիւնը Սիսիանում եւ բուն Զանգեզուրում:

ՆԺԴԵՀ. 1920 թ. 13 օգոստոսի, Հանքեր»:

V

Հերսական Զէյվան

Անկարելի է երեւակայել աւելի ծանր եւ անորոշ դրութիւն քան այն, որն ստեղծուեց մեզ համար Գորիսի երկրորդ անկումով: Զոհերի ամբողջ դէզը Զաբուղի ձորում, Խորենու, Շիրինեանի, Մալինցեանի եւ մի շարք հասարակական գործիչների գլխատումը Գորիսի պատերի տակ, խորհրդային նոր զօրքերի ժամանումը Զանգեզուր, սրանց սանձարձակութիւնները, յարուված հալածանքը, բռնագրաւումները, զինաթափութիւնը մահուան սպառնալիքի տակ, մեր կռուի համար ամենաանհրաժեշտ միջոցների՝ հացի, ռազմամթերքի, դրամի, կապի, հաղորդակցութեան բացարձակ բացակայութիւնը ստեղծել էին մի ծանր, մի խեղդիչ մթնոլորտ Կապարգողթի հայութեան համար:

Բայց եւ այնպէս պէտք էր մնալ, յամառել, շարունակել կռիւը, որովհետեւ այլեւս գաղտնիք չէր, որ 11-րդ կարմիր բանակը, հրահանգուելով Նարիմանովից եւ ընկերներից «խորհրդայնացնելու» փոխարէն մահ եւ աւերածութիւն էր տարածում իր գրաւած շրջաններում, ձգտելով հայկական կենդանի սեպի վերացումով իրագործել իր զինակից համիսլամութեան վաղեմի երազը:

Եւ շարունակուեց կռիւը ամենադժնդակ պայմաններում, մօտ 70 օր, մինչեւ որ հասան հունձքի օրերը, երբ քաղցած գիւղացիութիւնը, թողած զէնքը, դիմեց մանգաղին, երբ նա կամովին զինաթափութեամբ հնարաւորութիւն ընձեռնեց թշնամուն՝ աւելի մեծ վստահութեամբ շարժելու դէպի Ղափան:

Այդ շրջանի 38 գիւղերից կռուին մասնակցեց միայն մէկը՝ Զէյվան, եւ կռուեց արիաբար: Սեպաձեւ թաղուած լինելով Բարգիւշատի կրծքի մէջ, նա, Ղափանի առաջամարտիկի դերում, աւելի քան երկու ամիս դիմադրեց թշնամու բոլոր յարձակումներին եւ մարզուեց, թրծուեց կռիւների մէջ: Թշնամու հսկայական ուժերին, նրա «Զենիտ» թնդանօթներին, մեծաթիւ գնդացիրներին նա պատասխանեց իր քաջայանդուգն զինուորների տինամիտային գրոհներով:

Սեպտեմբեր 1-ից կռիւներն այդ ճակատում վերսկսում են ու շարունակւում մեծ չափակէտով ու շեշտուած կատաղութեամբ: Թշնամու կողմից գրեթէ միաժամանակ գործողութիւններ են սկսւում ե՛ւ Ինջաբելի, ե՛ւ Գեղուաձորի, ե՛ւ Գեազբելի կողմից: Կարմիր հրամանատարութիւնը ոտքի է հանել Բարգիւշատի, Խանլըղի, Հաքեառուի, Այրիչայի եւ Գեղուաձորի բովանդակ ուժերը: Օգնական ուժեր են հասել եւ Ջիբրայիլից: Կռուին իր մասնակցութիւնն է բերել եւ հայ ժողովրդի տականքը, սրիկաների մի ամբողջ լէգէօն:

Կռուի երրորդ օրն է:

Թշնամին, զգալով իր անճարութիւնը, պատրաստւում է վերստին յետ քաշուել Գորիս: Մեր հիւսիս –արեւելյան երեք գիւղերից մի խումբ անարիներ կապւում են թշնամու հետ եւ սկսում իրենց սեւ գործը: Թշնամին փոխում է իր մտադրութիւնը: Այժմ նա գիտէ, որ Ղափանի կռուող ուժերի գրեթէ ութսուն տոկոսը չէր մասնակցում եւ չի մասնակցելու կռիւներին, որովհետեւ ժողովուրդը, խոտհարքն ու հունձքը ընկած լինելու պատճառով, թողել է զէնքը եւ վերցրել մանգաղը: Թշնամին գիտէ եւ այն, որ ես պետական կանոնաւոր զորք չունիմ, որ՝ այդ օրերին ստանձնելով երկրի ինքնապաշտպանութիւնը՝ հնարաւորութիւն տար գիւղացիութեան աւարտելու իր դաշտային աշխատանքները: Այժմ թշնամին գիտէ այդ բոլոր եւ վճռականօրէն շարունակում է կռիւը:

Օրը տարաժամում է :

Թշնամու թնդանօթները լուռ են:

Լսւում է գնդացիրային «տա՛-տա՛-տան»:

Մի քանի ձիաւորներով շրջում եմ դիրքերը տղաներիս բարոյապէս գօտեպնդելու նպատակով: Յանկարծ «Բերդակ» կոչուած մեր դիրքերից լսւում է ուժեղ գնդացիրային հրացանաձգութիւն: Մենք գնդացիր չունինք, ասել է՝ թշնամին է առաջանում այդ ուղղութեամբ:

Սրարշաւ ձիս դարձնում եմ դէպի այդ կողմը:

-Գալի՜ս ենք, գալի՜ս,- բարձր կանչով առաջանում ենք անտառի միջով:

-Հասի՛ր, պարոն հրամանատար, հասի՛ր,- լսւում է «Բերդակից»:

-Գալի՜ս ենք, հասա՛նք, յառա՜ջ,- գոռում են ձիաւորներս:

-Ա՛յստեղ, պարոն հրամանատար, ա՛յս կողմը,-վերստին կանչում են «Բերդակ»ից:

Ես եւ հետս եղած երեք ձիաւորները նետւում ենք դէպի ձախ:

«Կրակ», լսւում է թշնամու ազդարարը եւ չգիտեմ, գնդացիրային թէ հրացանային կրակը, մօտ 30 քայլի վրայ, ցրում է ձիուս կուրծքը ու գլորում գետին:

Դաւադրութիւնը կատարեալ էր ու յաջող:

Նման օրհասական եւ գերագոյն վայրկեաններում կռուողը իր շարժումների մէջ լինում է տարրերայնօրէն արագ եւ վճռական սատանայի չափ:

Չգիտեմ, թէ ի՞նչու թշնամին չկարողացաւ օգտուել իմ նեղ վիճակից, բայց գիտեմ այն, որ իմ եւ թիկնապաներիս «անբաժան ընկեր» ուժանակային ռումբերը փրկարար գործ տեսան այդ վայրկեանում:

Իմ բացականչութիւնը՝ «Գենվազցինե՛ր, դէպի թշնամու թիկունքը, յառա՜ջ», խաբել էր եւ վայրկեանական վարանում պատճառելթշնամուն: Եւ մինչեւ որ թշնամին հասկացաւ իմ ռազմադաւը եւ փարատեց իր շուարումը, ես թիկնապաներիս հետ երկու մաուզերներ պարպելով արդէն բաւականին հեռացած էի կրակի գծից:

Հաւատացած, որ նման դէպքերում ինձ հետ առնուազն 50-100 ձիաւորներ կը լինեն, կարմիրները քիչ առաջ էին մատնել իրենց ներկայութիւնը այդ ճակատամասի վրայ: Նրանք կատարեալ հնարաւորութիւն ունէին օգտուելու իրենց խորամանկ ռազմադաւից, առանց մի գնդակ արձակելու: Խփելով ձիս, նրանք դիպուածով փրկեցին ինձ:

Ինչ խօսք, որ եթէ «կրա՛կ» ազդարարը մի ակնթարթ ուշ լսուէր, ես կուրօրէն նետուած պիտի լինէի թշնամու շարքերի մէջ:

Հրաշքով փրկուած՝ նետուեցի Ղզըլտաշ: Պարզուեց, որ Սեւքարի ու Արցեւանիկի կռուող ուժերը մօտ մի ժամ առաջ, ինչ որ մութ անհատների փսփսոցի ազդեցութեան տակ, լքել են Բերդակը եւ այսպիսով մերկացրել Զէյվայի թիկունքը:

Զէյվայի ուժերին մնում էր տեղի տալ:

Երեկոյան դէմ Հանքերից տեղապահաս հեռախօսագրում էր. «Թշնամին մեծ ուժերով Գեղուաձորից ու Ինջաբելից անարգել շարժւում է դէպի Հանքերը: Գիւղերը չեն դիմադրում: Ձեր ներկայութիւնը անհրաժեշտ է»:

Վերադառնում եմ Հանքերը:

Թշնամին մօտ է, մեր շտաբից օդային գծով մօտ երկու վերստի վրայ: Մեր կողմից կարմիրներին ցույց տուած դիմադրութիւնը շատ հեռու է այդպիսին լինելուց: Կռիւ չէ, այլ ժամանակ շահելու փորձեր՝ շտաբը, արխիւը եւ հիւանդներս տեղափոխելու համար:

Մի քանի ձիաւորներով շարժւում եմ դէպի Կավարտ: Ճանապարհին դէպի ճակատ վազող զինուորների փոխարէն հանդիպում եմ դաշտերից վերադարձող հնձաւորների միայն: Մի քանի հոգով ամրանում ենք Կավարտի լեռնանցքի վրայ: Մի քիչ անց՝ հասնում է եւ Գերասիմը մօտ մի տասնեակ տղաներով: Զալինգեօլ հասած կարմիրների հեծելագունդը՝ մեր դինամիտային ռումբերի պայթյուններից յանկարծակիի եկած՝ ընդունում է կռիւը իրեն համար շատ ծանր դրութեան մէջ եւ, ինչպէս ասում են, փետրահան լինում:

Տեղեկացնում եմ, թէ հիւանդների փոխադրութիւնը վերջացած է: Վերադառնում եմ Հանքերը: Վերջին անգամ հեռախօսի մօտ կանչում եմ Շիկահողի եւ Ուղուրչայի գիւղերի ներկայացուցիչներին, յայտնում յետագայ անելիքներիս մասին, հրաժեշտ տալիս եւ գիշերով հիւանդ Աշոտի եւ մի քանի սպաների ու վաշտապետների հետ քաշւում եմ Խուստուփի փեշին ընկած Վաչագան գիւղը:

VI

Մեր ուխտը

Իմ՝ ժողովուրդի ինքնապաշտպանութեան ղեկավարի հանգամանքը ինձ մոռացնել չէր տուել իմ յեղափոխական լինելը:

Ղափանի անկումից դեռ շաբաթներ առաջ, երկրի սպառնական դրութիւնից խթանուած, ես մթութեան մէջ ծնունդ էի տուել մի ստորերկրեայ կազմակերպութեան, որ ծաւալուելով եւ հզօրանալով, ժամանակին պիտի ուժասպառէր թուրք եւ ռուս հորդաններին Գենվազի ճակատներում, պիտի վերագրաւէր Ղափանը, Բաղաբերդը, Զանգեզուրը, Լեռնային Ղարաբաղը, Վայոց-Ձորը, պիտի ստեղծէր Ինքնավար Սիւնիքը, Անկախ Լեռնահայաստանը, եւ վերջապէս, հոգեբանօրէն պիտի կազմակերպէր ու հրահրէր Երեւանեան ապստամբութիւնը՝ փրկութեան կամուրջ հանդիսանալով հայ ժողովրդի մտաւորական ու մարտական տարրերի համար:

Միայն յեղափոխական խանդավառ ոգիով ուժեղ այդ ընկերութիւնը կոչւում էր Դաւիդբէկեան ուխտ: Զինուորները՝ Դաւիդբէկեան կամ Գեղուաձորեան:

Ուխտի մարտական ուժերը բաժանում էին թեթեւ միաւորների, որոնք կոչւում էին Գայլախմբեր:

Սրանք ունէին իրենց ահաբեկիչներն ու սուրհանդակները: Նորերն ընդունւում էին միայն հների երաշխաւորութեամբ:

Զինուորները իրար հանդիպելիս ասում էին՝

-Յիշի՛ր Գեղուաձորը.

-Նաեւ Դաւիդ բէգին,-լինում էր պատասխանը:

-Մեզ համար չկայ մահ,-ասում էին բաժանուելիս.

-Մահը՝ մեր թշնամուն,- լինում էր պատասխանը:

Անողոք կերպով հալածւում էին ընկերութեան կողմից հայազգի դաւաճանները եւ բոլորը, որոնք Զանգեզուրի ադրբեյջանացման տխուր գործում (որն այդ օրերին առաջ էր տարւում խորհրդային կեղծ դիմակի տակ) որեւէ ծառայութիւն էին ցոյց տալիս թշնամուն:

Ընկերութեան նշանաբանն էր՝ յանուն հայրենիքի Դաւիդբեգաբար:

VII

Խուստուպի վրայ

Խուստուպ լե՜ռը:

Այդ հպարտ հսկային էր վիճակուած մեր լեռնաշխարհի ազատութեան ու փառքի խորհրդանշանը լինելու:

Ինձ հետեւող մի բուռ ապստամբների հետ ապաստանելով այդ լեռան բարձրունքներին, մենք շարունակեցինք թշնամուն զգացնել տալ Դաւիդբէգեան ուխտի անպարտելիութիւնը:  Ղափանը թողնելուց ընդամէնը երեք օր անց՝ Խուստուպը պատրաստ էր արդէն չափուելու ամենաուժեղ թշնամու հետ: Նրա կատարից մինչեւ փեշերը, որոշ կէտերի վրայ, ժայռերի թէ մացառների տակ, ըստ կարմիրների «նստած էին ուխտուած Դաւիդբէգեանն ու մահաբեր տակառը»:

Նստած՝ թշնամու դէպի Գենվազ տանող ճանապարհի վրայ, այդ սրբազան լեռը սարսափի տակ եւ սահձահարուած պահեց սեւ ու կարմիր զինակցութեան հորդաններին, հնարաւորութիւն տալով ինձ կազմակերպել եւ վարել Գենվազի յետագայ կռիւները:

——-

Սեպ. 5-ի մօտ երեք տասնեակ ապստամբ Ղափանցիներին թողնելով Խուստուպի վրայ, Աշոտի հետ ինջում ենք դէպի Գենվազ՝ այդ շրջանը եւս կռուի տրամադրելու: Իսկ գիշերագնաց սուրհանդակները Ղափան են տանում իմ հետեւեալ կոչը.

«Ղափանցիներ, ես՝ Դաւիդ-բէգեան ուխտին հաւատարիմ, շարունակում եմ մնալ քո լեռներում, ամպերի տակ, մենակ, վիրաւոր ու աւելի հպարտ, քան էի: Այժմ ես լիզում եմ քո եւ թշնամուն ինձ հասցրած վէրքերը եւ սպասում քեզնից խնդրածս վարպետներին, որ գան, շուտ գան, կոպիտ գործիքներով հանելու իմ աչքերը, կուրացնելու ինձ, որ չտեսնեմ քո գլխին գալիք զուլումը, քո բարոյական անկումը: Դու արիր այն, ինչ որ ուզում էր թշնամին: Նա գոհ է քեզնից, անչափ գոհ, բայց գիտե՞ս, Ղափան, թէ որքա՜ն ուժեղ է նա ատում, արհամարում քեզ:

Դու քո վիրաւոր, սրտից զարնուած հրամանատարին ես դաւաճանել, լքել, մինակ թողել:

Գիտակցո՞ւմ ես, չափում կատարածդ տմարդութեան ու դաւաճանութեան անչափելի մեծութիւնը:

Ա՛ռ, յե՛տ առ քո ինձ տուած անունը, որով խաբեցիր ինձ, կաշառեցիր ինձ, որ այսօր ինձ միակ թողնես:

Տմադ ժողովուրդ, ինչո՞ւ են ուշանում քո դավաճանները, քո լրտեսները, քո ահաբեկիչները: Ադրբէյջանը յոգնեց իմ գլխին սպասելուց: Փոքրիկ գումար չէ երեք միլիոնը, ստացի՛ր եւ գործի անց: Նժդեհ, 7 սեպը., 1920 թ. Խուստուպեան լեռներ»:                                                                                                                                        VIII

Գենվազը մինակ, բայց հերոսական

Իմ օրագրութիւնը ասում է. «1920 թ. սեպտեմբեր 6-ին Կալեր գիւղում նշանակուած ժողովին հրաւիրուած ու ներկայ էին Գենվազի 13 գիւղերի երկուական ներկայացուցիչները: Օրակարգի հարցերն էին՝ ստեղծուած քաղաքական գրութիւնը եւ Գենվազի բռնելիք դիրքը:

Արտայայտւում էին գրեթէ բոլորը: Նախագահում էր ընկեր Աշոտը:

Վերջացնելով ժողովին ուղղուածս խօսքը, առաջարկում եմ պատասխանել ինձ՝ Գենվազը դիմադրելո՞ւ է թշնամուն թէ ոչ:

Ներկայացուցիչ Դանիէլեանը յայտարաում է, որ Գենվազը վաղուց է կայացրել իր որոշումը, տալով իր խոստումը իր հրամանատարին, որ ինքը որպէս մի մարդ կը ծառանայ թշնամու դէմ:

Գենվազի փրկութեան կոմիտէն յայտարարում է, թէ իր շրջանի հայութեան բռնելիք դիրքը որոշել է այսպէս,- Գենվազը իր ուժերը դնում է ռազմական դրութեան մէջ, բռնում է բոլոր դիրքերը, եւ սպասում Երեւանեան զօրքերի երեւալուն բուն Զանգեզուրում, որ միացած Ղափանի ուժերին, զարկէ թշնամուն թիկունքից:

Խօսքը, հերոսական ու անվերապահօրէն վճռական խօսքը ասուած էր արդէն:

Փոքրիկ, բայց մեծ Գենվազը, անգիտանալով իր հողի եւ ազատութեան թշնամիների թուական հազարապատիկ մեծութիւնը, պիտի շարունակէր անհաւասար կռիւը: Նրան՝ Գենվազին էր վերապահուած լինելու ազատութեան Բեթլէհեմը, ուր պիտի ծնուէր ու զարգանար Սիւնիքի ազատութիւնը…

Սեպտեմբեր 6-ին, երեկոյան դէմ, շրջանի ներկայացուցչութիւնը ցրւում է գիւղերը: Սուրհանդակները դէպի Խուստուպ են տանում Գենվազի հերոսական որոշումները, իսկ մենք, Ես, Աշոտը եւ Գենվազի հրամանատարը մեկնում ենք Շիվանիձոր:

Գենվազի վճռականութիւնը հպարտութեամբ էր լցրել բոլորիս հոգիները: Աշոտի յոգնաթախիծ դէմքի վրայ ժպիտ կար: Ուժասպառ եւ հիւանդ, նա մասնաւորապէս այդ օրը, Կալերի ժողովից յետոյ, իրեն, «աւելի քան հպարտ էր զգում իր հայ լինելու համար»:

Ուրախ էր եւ Արեւելքի ազգասէր ու արի հրամանատարը, որի մէջ այդ օրը խօսում էր մեր լեռների պաշտամունքը. Նա իմ ջահիլ զինակիցը գտնում էր, որ «չկայ աւելի մեծ դժբաղտութիւն քան հայրենի լեռներից հեռու մեռնելը»:

Մեզ ուղեկցող զինուորներից մէկի, դարդոտ երգը տխրօրէն արձագանգում էր մօտակայ ձոր ու ծմակներում:

Ես խորհում էի վաղուայ մասին:

Շարունակելի

Լուսանկարում՝ Ինքնավար Սյունիքի սպարապետության գլխավոր շտաբի կնիքը