Մենք պետք է կարողանանք ՄԱՐԴ մնալ. Թաթուլ Հակոբյանի և Շահին Ռզաևի համատեղ խոսքը

939

Լրագրողներ Թաթուլ Հակոբյանն ու Շահին Ռզաևը համատեղ հայտարարությամբ անդրադարձել են աշխարհի տարբեր երկներում վերջին օրերին տեղի ունեցող հայ-ադրբեջանական բախումներին՝ կոչ անելով աշխարհը «չվերածել ռազմի նոր դաշտի»։

Լրագրողներս իրավունք չունենք քաղաքական հայտարարություններ անել, սակայն չենք կարող լուռ մնալ, երբ աշխարհի տարբեր քաղաքներում տեղի են ունենում հայ-ադրբեջանական բախումներ:

Ծեծի, ստորացման ու անմարդկային վերաբերմունքի են արժանանում մարդիկ, որոնց միակ մեղքը հայ կամ ադրբեջանցի լինելն է:

Ցավ պատճառող այս տխուր ու ամոթալի դեպքերը պետք է դադարեցվեն, և ժամանակն է, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքական ու կրոնական ղեկավարությունները հանդարտության, ողջախոհության ու հանդուրժողականության կոչով դիմեն իրենց ժողովուրդներին:

Այս բախումները, անկախ նրանից ունեն թաքնված ձեռք թե ոչ, չեն բխում հայ և ադրբեջանցի ժողովուրդների երկարաժամկետ շահերից:

Անգամ 1991-1994 թվականների արյունալի պատերազմի տարիներին հակամարտությունը դուրս չեկավ Անդրկովկասի տարածքից:

Հակամարտության արտահանումը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ։ Հորդորում ենք աշխարհի երկրները չվերածել ռազմի նոր դաշտի։

Թաթուլ Հակոբյան, լրագրող, Հայաստան

Շահին Ռզաև, լրագրող, Ադրբեջան

24 հուլիս, 2020